Լուրն այն մասին է, որ ոմն մեկը Հայաստանում հայտնաբերել է Հիսուսի պատկերով լավաշներ, արդեն երկու ամիս է իրարանցում է առաջացրել ինտերնետ հարթակում: Ֆեյսբուքի օգտատերերը ակտիվորեն քննարկում են այդ լուրը, ինչպես նաև ցուցահանդեսը, որն իբրև թե շուտով անցկացվելու է Երևանում: Ո՞վ է այդ երջանիկը, ով ի վերուստ պատվի է արժանացել սովորական լավաշի վրա տեսնել մեր Փրկչի պատկերը: Պարզվեց, որ լավաշի «կտավի» վրա Քահանայապետի պատկերը «սքանավորել» և բացահայտել է ոչ այլ ոք, քան հայտնի կինոռեժիսոր, կլիպմեյքեր և պրոդյուսեր Արթուր Վարդանյանը:

Հանդիսատեսը ճանաչում է Արթուրին բազմաթիվ կլիպների շնորհիվ, նրա խնայատուփում են ավելի քան 200 աշխատանքներ, այդ թվում նաև Ինգա և Անուշ Արշակյանների հայտնի «Թամզարան»՝ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մասնակցությամբ: Նա նաև հայտնի է կինոաշխարհին, նրա «Կշեռք» ուսանողական աշխատանքը, որտեղ նկարահանվել է դրամատուրգիայի դասախոս Կարեն Քալանթարը, մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, իսկ մոսկովյան «Սուրբ Աննա» փառատոնին ստացել է դիպլոմ, որն ուղեգիր դարձավ դեպի Կանն՝ երիտասարդական ֆիլմերի փառատոն: Ցուցադրությունը հաջողություն ունեցավ, և բառացիորեն հաջորդիվ Վարդանյանը նկարահանեց ևս մի զույգ կարճամետրաժ ֆիլմեր՝ «Գիշերային մարդիկ» և «Լույս»-ը: Երկու աշխատանքներն էլ ճանաչում ստացան: Սակայն ժամանակի ընթացքում հանդիսատեսի առաջնահերթությունները փոփոխվեցին, և այժմ ռեժիսորն ավելի հաճախ զբաղվում է պրոդյուսինգով՝ հիմնականում սերիալներով: Նրա հերթական աշխատանքը՝ «Չորրորդ հարկ» սերիալն է, շուտով եթեր կհեռարձակվի «Երկիր մեդիա» հեռուստաալիքով: Ինչ վերաբերում է ցուցահանդեսների կազմակերպմանը, ապա դա լինելու է երևի թե նրա առաջին փորձը: Թեպետ, եթե նրա կյանքում չլիներ երջանիկ դեպքը, մշակութային կյանքի տվյալ ոլորտը դժվար թե նա յուրացներ: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

– Այս ամենը տեղի ունեցավ Հանրապետության հեռավոր գյուղերից մեկում, որտեղ մենք ֆիլմ էինք նկարահանում՝ հաց թխելու արվեստի, թոնրի մասին: Տեսախցիկը սահուն հետևում էր կանանց ձեռքերին, որոնք խմորն էին գրտնակում, մխրճում թոնրի սրտի մեջ, իսկ հետո այնտեղից դուրս էին բերում արդեն պատրաստի լավաշը: Եվ մի պահ ինձ հանկարծակի թվաց, որ թխված «թերթերից» մեկի վրայից ինձ է նայում Քրիստոսը: Ոչ, դա Ամենափրկչի հստակ դրոշմված պատկերը չէր, սակայն ես ամեն դեպքում զգոնացա: Որքան շատ էր իմ զարմանքը, երբ ուշադիր նայելով լավաշին՝ իմ կողմից ցուցված հազիվ նշմարվող ուրվագծերով նույն բանը տեսան նաև նկարահանման խմբի անդամները: Ոմանք միանգամից, մյուսները՝ մի փոքր ուշ երևակայությունը կիրառելով: Մենք ստուգեցինք գրեթե բոլոր թխված լավաշները և հասկացանք, որ մի քիչ շատ, մի քիչ քիչ, սակայն թխված լավաշների ամբողջ կույտի վրա մեր Փրկչի պատկերը նշմարվում է:

Սկզբում տղաները ծիծաղում էին ինձ վրա. ասում էին, թե միշտ Արթուրը ինչ-որ բան կտեսնի և կհորինի: Իսկապես իմ մասնագիտական հմտությունների պատճառով ես սովորություն ունեմ ուշադիր նայել բառացիորեն ամեն ինչին. ամպերին, ծառերին, և նմանություններ գտնել: Սակայն շուտով կատակները դադարեցին: Եվ մենք լրջորեն զբաղվեցինք թոնրի զննությամբ: Խնդրեցինք սառեցնել այն, ստուգեցինք պատերը: Ոչ մի յուրահատուկ բան: Թոնիրը, ինչպես թոնիր: Միայն մեկ պատի վրա ժամանակին ընթացիկ վերանորոգում էր իրականացվել, և թոնրի այդ հատվածը մակերեսի տարբեր շիկացումների հաշվին Հիսուսի պատկերով լավաշ էր թխում: Մի խոսքով նկարահանումներից մեկ շաբաթ անց, հավաքելով մի քանի այդպիսի լավաշներ, մենք վերադարձանք տուն: Եվ գնաց…

– Նույն րոպեին շտապեցի՞ք Մշակույթի նախարարություն՝ այդ ոչ ձեռակերտ նմուշները ցուցադրելու գաղափարով:

– Ոչ, ինչ եք ասում: Մշակույթի նախարարության նախկին ղեկավարության հետ շփման փորձը տարբեր հարցերի շուրջ բավականին ցավալի էր: Եվ չէինք ցանկանում նույն փոցխի վրա կանգնել: Բացի այդ, այն ինչ այժմ ստացել է նմուշի տեսք, այն ժամանակ դեռ դժվար կլիներ այդպես անվանել: Չէ որ այն, ինչ դուրս էր գալիս կանանց գրտնակների տակից այն գյուղում, շատ քչերին էր հիշեցնում Սուրբ պատկերը: Եվ որպեսզի այն ավելի վառ արտահայտվի, ես ներգրավեցի իմ դիզայներ-նկարիչ ընկերոջը, ով էլ իմ ոգեշնչման արգասիքը հասցրեց արդյունքի: Նա գործի դրեց հատուկ տեխնոլոգիա, որի արդյունքում ստացվեց ոչ միայն մեր Փրկչի վառ արտահայտված պատկերը, այլև նրա տարբեր տրամադրությունները «լավաշ-կտավների» վրա: Ընդհանուր առմամբ, մենք այդկերպ ձևավորեցինք 33 նմուշ՝ ըստ Քրիստոսի տարիքի: Իսկ նախքան կսկսենք գաղափարը կյանքի կոչել, խորհրդակցեցինք և ստացանք Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հավանությունը:

– Բայց, եթե չեմ սխալվում թոնրի մասին ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ: Ինչո՞ւ այդ դեպքում ոչ մի առաջընթաց չկա ցուցահանդեսի կազմակերպման գործում:

– Այո, այն ժամանակվանից անցել է երկու տարի: Սակայն, ինչպես պարզվեց նման տեսակի միջոցառում կազմակերպելը հեշտ չէ: Սկզբում մշակվում էր պատկերի մշակման մեթոդաբանությունը, հետո մենք այն կյանքի էինք կոչում, աշխատում էինք «լավաշի կտավների» վրա, հետո մտածում էինք այն մասին, թե ինչպես դրանք պահպանենք երկար ժամանակ: Չէ որ անհրաժեշտ է, որպեսզի լավաշները չփշրվեն, չբորբոսեն… Եվ վերջապես գտանք այդ տեխնոլոգիան: Սակայն ժամանակ էր պահանջվում, որպեսզի համոզվեինք դրա արդյունավետության մեջ: Այսօր մենք արդեն կարող ենք փաստել, որ ամենաառաջին պոտենցիալ ցուցանմուշը, որը ձևավորվել է մեր որդեգրված տեխնոլոգիայով երկու տարի առաջ, ընդհուպ այսօր մնացել է առանց որևէ փոփոխությունների: Այնպես որ այժմ բոլոր 33 «կտավները» տեղադրված են ապակու տակ, փայտե շրջանակի մեջ, դրանց համար պատվիրվել են հատուկ պայուսակներ տեղափոխման համար: Եվ ըստ էության մենք պատրաստ ենք ներկայացմանը:

– Սակայն ե՞րբ սպասենք այդ իրադարձությանը:

– Հստակ օր ասել չեմ կարող: Ո՛չ ես, ո՛չ թիմի անդամները, ովքեր աշխատել են գաղափարի շուրջ, չենք ցանկանում, որպեսզի դա հերթական իրադարձությունը դառնա: Իսկ, որպեսզի նմուշների սովորական ցուցադրությունն ավելի վեր բարձրանա, անհրաժեշտ է ժամանակ, և բնականաբար միջոցներ: Չէ որ այդ ցուցահանդեսի մուտքը անվճար է լինելու, իսկ վճարել դահլիճի վարձակալության համար մենք ստիպված ենք լինելու: Չհաշված ծախսերը գովազդի վրա, այս ոչ ստանդարտ ցուցադրության բացման համար մենք ցանկանում ենք, որպեսզի ցուցադրության ընթացքում դահլիճում հնչի եկեղեցական երգչախմբի կենդանի երաժշտություն, ամբողջ դահլիճը հագեցած լինի խունկի բույրով, իսկ միջոցառման ընթացքում ցուցադրվի մի ֆիլմ, որը կպատմի հացի խորհրդի մասին (որի վրա, ի դեպ, ես այժմ աշխատում եմ): Բացի այդ միջոցառման բացման ֆուրշետն էլ ցանկանում ենք համապատասխան լինի. սեղանի վրա ոչ մի շքեղություն՝ միայն հաց, գինի, լավաշ… Մի խոսքով հույս ունեմ, որ գաղափարը իր գագաթնակետին հասցնել կհաջողվի արդեն մինչև սեպտեմբեր:

– Իսկ արդյո՞ք հետաքրքրություն կա միջոցառման նկատմամբ:

-Դուք չեք էլ պատկերացնի, թե որքան մեծ: Ես միայն երկու ամիս է, ինչ հրապարակել եմ զարմանահրաշ լավաշների մասին պատմությունը, և այդ օրվանից ինձ ֆեյսբուքով բավականին շատ օգտատերեր են գրում: Ընդ որում, ոչ միայն հայեր և Հայաստանի բնակիչներ: Գրում են Ռուսաստանից, Իտալիայից… Դիմում են ինչպես շարքային օգտատերեր, այնպես էլ գալերիստներ: Բոլորը հարցնում են. «Իսկ հնարավո՞ր է, որ ցուցահանդեսը տեղի ունենա նաև մեզ մոտ»: Սակայն դեռ շուտ է այդ մասին խոսել, չէ որ հեռավոր տարածություններ փոխադրումը թանկարժեք հաճույք է: Կարծում եմ, ցուցահանդեսից հետո, որը տեղի կունենա Երևանում, մեկնարկելով մեր նմուշների ցուցահանդեսային կյանքը, Աստծո հաջողությամբ կյանքի կկոչվեն նաև մեր այլ գաղափարներ:

– Սակայն հայտնի է, թե ինչպիսի ակնածանքով են վերաբերում տարբեր տեսակի կերակուրներին, հացին և լավաշին տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները: Արդյո՞ք որևէ խնդիրներ չեն առաջանա այդ կապակցությամբ արտագնա ցուցահանդեսների ժամանակ:

-Կարծում եմ՝ դժվար թե: Քանի որ հայտնի է, որ դեռևս 2014 թ․ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է լավաշը՝ որպես Հայաստանի ոչ նյութական ժառանգություն: Եվ դժվար թե այս կապակցությամբ կարող են որևէ հարցեր առաջանալ:

– Այն ժամանակվանից, երբ ձեզ ի վերուստ տրվեց, իսկ այլ կերպ հնարավոր չէ դա անվանել, տվյալ հնարավորությունը՝ նոր թխված հացի մակերեսին տեսնել Սուրբ պատկերը, արդյո՞ք որևէ բան փոխվեց ձեր կյանքում:

-Անշուշտ: Ես թարմ ուժեր եմ զգում, ինչ-որ ահռելի էներգիա, որը սնում է ինձ գլխավորապես բարի արձագանքների միջոցով, որոնք հնչում են այն մարդկանց շուրթերից, ովքեր տեղեկացել են իմ մտադրության մասին: Թեպետ չեմ թաքցնի՝ կան նաև չարախոսներ: Բլոգերներից մեկը հաջողացրել էր հրապարակում տեղադրել, որի մեջ հայտարարում էր, որ իբր թե հայկական գյուղում ինչ-որ մեկը թոնիր է սարքել, որտեղ վաճառքի համար լավաշներ են թխվում Քրիստոսի պատկերով: Մեր արձագանքից հետո՝ մեկնաբանությունների, թեմատիկ հրապարակումների և այլն, ամեն ինչ հանդարտվեց, մարդիկ հասկացան, որ սա բացարձակ անհեթեթություն է: Այնպես որ էմոցիաների դրական հոսքը անկասկած ավելի մեծ է: Մնում է միայն սպասել, թե երբ համընդհանուր սպասումը կվերածվի մինչ այժմ նախադեպը չունեցող ցուցահանդեսի:

– Ի դեպ, աստղային ժամի մասին: Իսկ արդյո՞ք հռչակում ձեռք բերելու ցանկությունը չէ, որ խթան հանդիսացավ այս ամբողջ պատմության համար:

– Գիտեք ես դասվում եմ ռեժիսորների այն սերունդին, որոնք չնայած այն բանի, որ մնում էին կադրի ետևում, այնուամենայնիվ ճանաչում են ստացել: Այդ պատճառով հարցն այստեղ ամենևին ճանաչում ձեռք բերելու, հայտնության մեջ չէ, այլ՝ այլ բանում է: Որոշակի հոգևոր բավարարվածության մեջ է: Չէ որ այն, ինչ մենք մտադրված ենք կազմակերպել, այն ցուցադրությունը, որի մասին գաղափարը մենք կրում ենք մեր մեջ՝ դա յուրօրինակ տոն է: Հոգու տոն է … Մի անգամ քահանաներից մեկն ասաց ինձ, որ շփվելով Աստծո հետ, մենք շփվում ենք մեկս մյուսի հետ: Քանի որ Աստված մեր մեջ է, մեր հոգիներում: Այսպիսով, մեր ցուցադրությունը նույնպես պետք է առիթ հանդիսանա Աստծո հետ մտերմանալու համար, ինչը նշանակում է նաև միմյանց հետ: Այդ պատճառով ես հրավիրում եմ բոլոր ցանկացողներին այդ մեծ տոնին, հոգու և շփման տոնին: Տոն՝ «Ես եմ կյանքի հացը» անվամբ:

 

 

Իրինա Գրիգորյան