Հուլիսի կեսերին Երևանում ավարտվեց կինոյի երևի թե ամենասիրելի տոնը՝ «Ոսկե ծիրան» փառատոնը: Արդեն 15 տարի է Հայաստանը ամռանը ծիրանով բուրող և հուլիսյան զեփյուռով այս ժամանակահատվածում, կենտրոն է դառնում որակյալ և գեղեցիկ կինոյի սիրահարների համար՝ երևանցիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով տեսնելու համաշխարհային կինեմատոգրաֆիայի կենդանի լեգենդներին:

Անցած տասնհինգ տարիների ընթացքում Երևան են այցելել կապույտ էկրանի այնպիսի համաշխարհային նշանավոր անձիք, ինչպես Տոնինո Գուէրան, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Նաստասյա Կինսկին, Օրնելա Մուտին, Ժակլին Բիսսետը, Սամալ Կումար Սասիդխարան, իսկ այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին դարձել համաշխարհային հայտնի ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյկերը:

Ինչո՞վ կհիշի հոբելյանական «Ոսկե ծիրան»-ը մեր հանդիսատեսին: Առաջին հերթին նոր անուններ և նոր կինո, որը ինչպես և ցանկացած փառատոնային կինո իրենից հետո հաճելի համ է թողնում՝ դու անընդհատ վերադառնում ես սյուժեին, նորից վերապրում ես այն, պատասխաններ ես փնտրում և ինքնուրույն գտնում՝ փորձելով համեմատել այն պատասխանների հետ, որոնք մեկ ու կես ժամվա ընթացքում քեզ էր մատուցում ռեժիսորը:

Այս տարի բաղձալի «Ոսկե ծիրան»-ը լավագույն փաստավավերագրական ֆիլմի համար ստացավ Շեվաուն Միզրախին (ԱՄՆ/Թուրքիա/Նիդերլանդներ), իսկ լիամետրաժ «Հրաբուխ» ֆիլմի համար ոսկե մրցանակը իր հետ տարավ Ռոման Բոնդարչուկը (Ուկրաինա/Գերմանիա): Արժեքավոր մրցանակներ են գնացել նաև Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, հարևան Իրան և այլ երկրներ և դա ուրախալի է՝ փառատոնի աշխարհագրությունը ամեն տարի ընդլայնվում է: Իսկ չէ որ ճանապարհի ամենասկզբին հոռետեսները վաղ ավարտ էին կանխատեսում այս գեղեցիկ նախաձեռնության համար:

«Հրաբուխ» ֆիլմից

Հատուկ մրցանակի արժանացավ նաև հայտնի հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Մաստեր կլաս շեֆից

Ըստ ավանդույթի, փառատոնը հնարավորություն է տալիս ոչ միայն լավ կինո դիտելու, այլև ծանոթանալու անվանի հյուրերի հետ: Այս անգամ հանդիսատեսը ոչ միայն կարողացավ հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու երեք ֆիլմ դիտել («Շատրվան», «Սև կարապը», «Մայրիկ»), այլև շփվել նրա հետ մաստեր կլասի շրջանակներում՝ երիտասարդ ռեժիսորների և դերասանների համար։

Դարեն Արոնոֆսկի

Արոնոֆսկին խոստովանեց, որ դա միայն այդպես թվում է, որ իր ստեղծագործությունները ծնվել են հենց այդպես՝ մեկ շնչով, իսկ իրականում կուլիսների հետևում կատարվել է կորպորատիվ աշխատանք, առավել ևս, որ բոլոր նկարահանումները ունեն իրենց յուրահատկությունը: Արոնոֆսկու ֆիրմային խաղաքարտերից մեկն է ձեռքի տեսախցիկի հաճախակի օգտագործումը. թվում է թե ժամանակակից կինեմատոգրաֆիայի համար մոռացված ատրիբուտ է: Սակայն նա առանց դրա չի կարողանա.

«Ես հաճախակի եմ դիմում ձեռքի տեսախցիկի օգտագործմանը, երբեմն նույնիսկ ամրացնում եմ այն դերասանի մարմնին: Նաև ես շատ եմ սիրում դինամիկ նկարահանումը հերոսի մեջքի հետևից, և չեմ վախենում փորձարկումներից, միայն այդպես կարելի է ստիպել հանդիսատեսին մտածել և պատասխան ռեակցիա առաջացնել»,- հայտնեց նա իր ունկնդիրներին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ռեժիսորը խոստովանեց՝ երկիրը իրեն դուր է եկել: Արոնոֆսկին աշխարհին հայտնի է նաև որպես մեծ աթեիստ, և դա չնայած այն բանին, որ իր աշխատանքներում առկա է աստվածաշնչյան սյուժեն: Եվ թեպետ նա երկար չխոսեց կրոնի մասին մի երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, այնուամենայնիվ չբացառեց, որ ապագա ֆիլմերի նկարահանումները կարող են կազմակերպվել նաև Հայաստանում։

Մշտապես դժգոհ Զայդլը և նրա «Սաֆարին»

Անցած փառատոնի վառ պահերից մեկն էր համաշխարհային հայտնի ավստրիացի ռեժիսոր Ուլրիխա Զայդլի «Սաֆարի» ֆիլմը: Փաստավավերական դրամա այն մասին, թե ինչպես են որսորդ-զբոսաշրջիկները դաժանաբար սպանում հանուն «սպորտային հետաքրքրության», որն էկրաններ բարձրացավ 2016թ․։ Ֆիլմը հաճախ անվանում են «սարսափելի ցնցում»: Ինքը՝ հոգեվերլուծության վարպետը՝ Երևանում հանդիսատեսի, երիտասարդ դերասանների և ռեժիսորների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ իր նպատակն է այնպիսի ֆիլմերի ստեղծումը, որոնցում մարդիկ կկարողանան տեսնել իրենք իրենց.

«Եթե քո առաջ նպատակ դնես պարզապես որոշակի կլիշեով ֆիլմ նկարելու, ապա կստացվի միջին, ոչնչով աչքի չընկնող ֆիլմ։ Մինչդեռ պետք է այնպիսի ֆիլմ նկարել, որին առաջին հերթին ինքդ ես հավատում»,- հայտնեց նա:

Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» ֆիլմից

Ռեժիսորը սովոր է մեղադրանքներին, որոնք հնչում են իր հասցեին, որ իր ֆիլմերը մարգինալ են: Սակայն նա այդպես չի կարծում և նրա բոլոր հերոսները սովորական մարդիկ են, իսկ ֆիլմերի թեմաները վերցրած են իրական կյանքից: Ամեն անգամ նա հույս ունի ստեղծելու մի ֆիլմ, որը ազդեցություն կունենա մարդկանց վրա: Միաժամանակ ընդունում է, որ երբեք հնարավոր չէ ամեն ինչ ճիշտ անել և նա մշտապես դժգոհ է ինքն իրենից… գուցե նրա հաջողության և նրա ֆիլմերից հետո մնացած սուր համի գաղտնիքը հենց դրանո՞ւմ է:

Ինչպե՞ս «Եվա»-ն մնաց առանց «Օսկարի», սակայն ոչ առանց հանդիսատեսի սիրո

Հոբելյանական փառատոնին Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» հատուկ մրցանակին արժանացավ իրանական ծագում ունեցող ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» տեսանկարը: Ֆիլմը հայտնի է լայն հանդիսատեսին ոչ միայն այն փաստով, որ 2017թ․ սեպտեմբերին ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի 90-րդ նախնական ցուցակի մեջ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, այլև նրանով, որ հալածանքների արժանացավ թուրքական իշխանությունների կողմից և հանվել էր Ստամբուլյան կինոփառատոնի ցուցադրությունից: Երևանյան մամուլի ասուլիսի ընթացքում Անահիտ Աբադին հայտարարեց, որ դեռևս հույսը չի կորցնում, որ «Եվա»-ն կցուցադրվի թուրք հանդիսատեսին:

Անահիտ Աբադիի «Եվա» ֆիլմից

Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցելու համար գրանցվել էին 600 հայտեր 83 երկրներից, մրցանակային և ոչ մրցանակային ծրագրերում ներառվել էին 110 ֆիլմեր: Նաև հանդիսատեսի դատին իր «Իրական Կուբան» և «Հայաստանի հնագույն տաճարները» փաստավավերագրական ֆիլմերն էր ներկայացրել հայտնի ռուս երգահան և ռեժիսոր Ստաս Նամինը:

 

Լինա Մակարյան