Celebration of Bun Barekendan, Armenian national festival on the eve of the Great Lent. Yerevan, Armenia

Այս կիրակին յուրահատուկ էր հայության համար: Եվ եթե տեսնեիք, որ մարդկային փոխհարաբերություններում ինչ-որ բան խախտվել է և, օրինակ, սկեսուրները սկսել են ենթարկվել հարսներին, իշխանավորներն էլ իրենց ենթականերին, ապա չկարծեք, թե աշխարհի վերջն է, այլ, պարզապես, հայերը տոնում էին Բուն Բարեկենդանը: Այն հայոց հնագույն տոներից է, որը հայ եկեղեցու սահմանած կարգի համաձայն, տոնվում է Զատիկից յոթ շաբաթ առաջ՝ Մեծ պահքի առաջին կիրակին:

Տոնն ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը, որի ժամանակ եկեղեցու զավակները՝ զարդարված աստվածային օրենքներով և ճաշակելով Աստծո պատվիրանները, ցնծում են ու հոգևոր օրհնությամբ լցվում՝ այս ամենը համեմելով աշխարհիկ ուրախություններով:

Ցավոք, այսօր տոնը ոչ բոլորն են նշում և միայն վերջին մի քանի տարիներին է, որ մեծ ուշադրություն է դարձվում Բուն Բարեկենդանին: Մինչդեռ հնում այն համարվում էր ժողովրդական ամենասիրված ու սպասված տոներից մեկը ու ոչ պակաս կարևոր էր, քան Ամանորը կամ ինչպես հնում են կոչել՝ Նավասարդը:

Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյան

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը նշում է, որ տոնը նաեւ այն մասին է, թե ինչպես էին մեր նախամայրն ու նախահայրը վայելում դրախտում Աստծո ներկայությունը:

«Այս տոնի մեջ կա հիշեցում առաջին պահքի մասին, որ Աստված Եվային ու Ադամին ասաց` ամեն ծառի պտղից կարող են օգտվել, բացի բարու-չարի ծառից: Սակայն Ադամն ու Եվան կերան այդ ծառի պտղից ու արդյունքում կորցրին անմահությունն ու արտաքսվեցին դրախտից», – ասաց նա:

Illustration qahana.am

Ի դեպ, Բուն Բարեկենդանի օրը կազմակերպվում է ժողովրդական խաղեր: Ավելին՝ երեկ մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ տեղի ունեցավ երթ, որի ընթացքում էլ ներկաներին սպասվում էր բազում անակնկալներ: Ինչպես հոգևորականն է ընդգծում, սրանով մենք մեր ազգայինն ու քրիստոնեականն ենք շեշտում և ոչ ասում, օրինակ, հելոինին։

Սակայն, Բուն Բարեկենդանն էլ ունի իր ինտրիգային դրվագները, և նույնիսկ համարվել է բողոքական տոն` բաղկացած փոքր թատերական ներկայացումներից, որոնք խաղացել են հրապարակներում ու բակերում։

«Ոստան» ավանդական երգի, պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գայանե Աբելյան-Բադալյանը պատմեց, որ այդ ներկայացումների ժամանակ բեմականացվել են կյանքի սոցիալական անհավասարությունները։

«Օրինակ` ներկայացվել է սուտ ամուսնություն, որը բողոք էր իրենց ծնողներին, որ առանց զույգերի շփման, միմյանց ճանաչելու, ամուսնացրել են։ Ընդ որում՝ ներկայացումները լինում էին դիմակներով, ասենք, շատակեր պաշտոնյային խոզի դիմակով են պատկերել, անօրեն իշխանավորին` ավանակի դիմակով», – ընդգծում է ազգագրագետը։

Գայանե Աբելյան-Բադալյան

Առհասարակ դիմակավորումը Բարեկենդանի անբաժանելի մասն է: Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու, անգամ կանայք հագնում էին տղամարդու հագուստներ, տղամարդիկ՝ կանացի:

Բարեկենդանին մարդիկ շատ են կերել կաթնային, յուղային կերակուրներ, որ հաջորդ օրն անցնեն Պահքի։ Ու ոչ միայն կերակուրի նկատմամբ է եղել, այսպես ասած, ոչ զսպվածությունը, այլ նաեւ փոխհարաբերություններում:

«Բարեկենդանը նաեւ ասում են արձակման օր է. եթե մինչ այդ օրը հարսը զուսպ է եղել, այդ օրը սկսում է նմանակել սկեսուրին, ծառաներն իրենց տերերին չեն ենթարկվում՝ առաջնորդվելով հետևյալ նշանաբանով՝ «խելքներս գլխներիցս տարել են»», – ասում է Գայանե Աբելյան-Բադալյանը:

Այս առումով ուշագրավ մանրամասներ է թվում նաև միջազգայնագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ շեշտելով, որ տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը՝ մեծից փոքր:

Մուշեղ Խուդավերդյան

«Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիները առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին՝ «գնդակ» խաղալու: Երիտասարդները «Սուրմագիլի» կամ «Կունդի» էին խաղում», -նշում է միջազգայնագետը:

Բարեկենդանի օրը վանքերում կոչվում էր նաև Աբեղաթող, այսինքն՝ արձակում վանական խիստ կյանքի կանոններից: Ըստ Մ. Խուդավերդյանի, ազգային հինավուրց այս տոնը այդպես է փոխվել քրիստոնեության հաստատումից հետո, որով հայ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար սահմանել է որոշ ազատություններ: Արդյունքում այդ օրն անգամ հոգևոր կյանքում մուտք էր գործում բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Ուտիս տատը և Պաս պապը

Չմոռանանք նշել, որ Բարեկենդանի խորհրդանիշներն են տիկնիկներ Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը: Ուտիս տատը համարվում է Բարեկենդանի հովանավոր տիկնիկը և հրապարակ է բերվում՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Իսկ երեկոն ավարտվում է Ուտիս տատին դուրս վռնդելու արարողությամբ, որով էլ ազդարարվում է տոնակատարության ավարտը: Այնուհետև բերվում է Պաս պապին կամ Ակլատիզին, որ կախեն տան առաստաղից: Այն պատրաստում են սոխից կամ կարտոֆիլից՝ մեջը խրելով յոթ փետուր, ապա՝ զգեստավորելով:

Դե ինչ, եթե այս կիրակի չեք հասցրել պատրաստել տիկնիկներն ու համեղ ուտեստները և մի լավ քեֆ անել, հոգ չէ, դրան կպատրաստվեք հաջորդ տարի: Իսկ մեզ մնում է, ինչպես այս տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս են ասում, ամենքին մաղթել՝ բարի կենդանություն:

 

Պատրաստեց Հայկ Սամսոնյանը