Мартирос Сарьян "Армения"

Անկասկած, ցանկացած երկիր օտարազգիների մեջ ունի իր երկրագուները՝ նրանք, ովքեր պահպանել են ամենաջերմ հուշերը, և նրանք, ովքեր սիրահարվել են դրան ընդմիշտ: Հայաստանը բացառություն չէ:

Հիշել բոլորին, ովքեր սիրով և իմացությամբ են խոսել ու գրել Հայաստանի մասին, առավել ևս թվարկել նրանց նույն է, ինչ փորձել գրկել անգրկելին: Այդ պատճառով մենք չենք գրի անունների երկար ցանկ, քանզի այն նման կլինի Հոմերոսի նավերի ցանկին, այլ պարզապես կընտրենք, գրեթե պատահականության սկզբունքով, նրանցից մի քանիսին:

Սերգեյ Գորոդեցկի

Առաջինը թող լինի բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին՝ մարդ, ով քաջաբար ներխուժեց աննկարագրելի տաղանդավոր, ընդհուպ մինչև հանճարեղության հասնող, Արծաթե դարի ռուս բանաստեղծների կազմում: Շփումը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ՝ դրդեց նրան այցելել Հայաստան: Թումանյանն այդ ժամանակ ասաց նրան.

«Դուք բանաստեղծ եք: Պոեզիան հենց կյանքի ճանաչումն է: Այլապես այն հարկավոր չէ: Դուք կտեսնեք սարսափելի կյանք, մահվան շեմին կանգնած ժողովրդի կյանք: Գրեք այն մասին, ինչ կտեսնեք, այն հենց կլինի պոեզիա»:

Գորոդեցկին գնաց և տեսավ: Դրանից հետո նա կհրատարակի «Հայաստանի հրեշտակ» հավաքածուն` նվիրված հենց Թումանյանին: Սակայն այն կլինի 1918 թվին, արդեն հեղափոխությունից հետո, իսկ հենց ճամփորդության և դրա թեժ հետքերի ժամանակ գրում է «Սեմիրամիդայի այգիները» վեպը, որը, ճիշտ է, անավարտ մնաց, բայց գիրք էր՝ դատարկված Արևմտյան Հայաստանի ողբերգության մասին:

Հիանալի էին 1916-17 թթ.-ի նրա հոդվածները և ակնարկները «Ռուսական խոսք» և «Կովկասյան խոսք» պարբերականներում. հետագայում դրանք միավորվեցին «Գետակների և հրաբուխների երկրում» շարքի մեջ: Գորոդեցկին, որն առանց հիմնավորման, իրեն համարում էր Վալերի Բրյուսովի ստեղծագործական ժառանգորդը, մի անգամ ասել է, թե Բրյուսովն էլ ավելի է մտերմացրել Հայաստանին և Ռուսաստանին, իսկ ինքը «ամրապնդել է այդ ընկերությունը բանաստեղծություններով և ռազմաճակատում իր աշխատանքով»:

“Հայաստանի պոեզիան” գիրքը Վալերի Բրյուսովի աշխատանքային սեղանին

Եվ ոչ միայն ռազմաճակատում, մասնավորապես Գորոդեցկին ճանաչեց Հայաստանը ներսից՝ Վանի հերոսական պաշտպանության ժամանակ աշխատելով հայկական մանկատանը, և այդ շրջանը համարում է իր կյանքի ամենակարևորներից մեկը: Տարիներ անց նա հասկացավ. «տեսնելով չքավորությունը և կործանումը, հավաքելով ծնողազուրկ երեխաներին փողոցներից, որտեղ սպիտակում ու փոշիանում էին հայ ժողովրդի տրորված ոսկորները»՝ նա, որպես մարդ և գրող, ազատվեց պատրանքներից, հասկացավ փոքր ժողովուրդների հանդեպ մեծ տիրությունների խորամանկությունը և ստորությունը:

***

Երբ Օսիպ Մանդելշտամը Չարենցի համար ընթերցեց իր առաջին բանաստեղծությունները Հայաստանի մասին, վերջինս ասաց. «Ձեզնից, կարծես թե, գիրք է հորդում»: Այդպես էլ պատահեց, և Մանդելշտամի բանաստեղծությունների ժողովածուի, ու նրա «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» արձակ ստեղծագործության մեջբերումներով մինչ այժմ նկարագրում են Արարատի շուրջ սփռված երկիրը:

«Միայն հնագույն հայկական մշակութային միջավայրում, Հայաստանի կյանքի, պատմության, մակույթի մեջ ընկղմվելով կարող է վերջ դրվել ստեղծագործական անտարբերությանը: Վերադարձը Մոսկվա ընդհանրապես բացառվում է», – ասաց Օսիպ Մանդելշտամը և շտապեց ճանաչել Հայաստանը:

Երևի թե, առաջինը, ինչ նա գիտակցեց, երկրի միայնությունն էր: Մշակութային, քաղաքական և կրոնական միայնությունը:

Օսիպ Մանդելշտամ

Մանդելշտամը չեր սիրում Բյուզանդիան, իսկ դրա հակադրումը Հայաստանին նրան շատ հոգեհարազատ էր: Ձայնի վարպետը և բանաստեղծության հանճարը՝ Մանդելշտամը, չէր կարող չնշել այն փաստը, որ նույնիսկ լեզվաբանական առումով Հայաստանը միայնակ է մնացել` հայերենն այդպես էլ չմիավորվեց այլ լեզուների հետ մեկ ընտանիքի մեջ, որքան էլ փորձեցին: Այդպես էլ թողեցին իր հպարտ միայնության մեջ:

«Տեսողության ատամները փշրվում և կոտրվում են, երբ առաջին անգամ նայում ես հայկական եկեղեցիներին:

Հայոց լեզուն չի մաշվում՝ այն քարե կոշիկներ ունի: Դե, իհարկե, հաստապատ բառ է, օդի շերտավորումներ կիսաձայնավորներում: Սակայն մի՞թե ամբողջ հմայքը դրանում է: Ոʹչ: Ապա որտեղի՞ց է ձգողականությունը: Ինչպե՞ս բացատրել: Իմաստավորե՞լ: Ես ուրախություն ապրեցի այն հնչյունները արտասանելիս, որոնք արգելված են ռուս բերանի համար, գաղտնի են, մերժված, և, հնարավոր է, նույնիսկ, որոշակի խորության վրա ամոթալի», – հիանում էր նա: Արձակը կարծես (ավելի շուտ՝ պարզվեց) քիչ էր, և նա արտասանեց իր հայտնի խոսքերը. «Վայրի կատու է հայոց լեզուն, այն տանջում է ինձ և ճանկռում ականջս»:

Այս ճամփորդությունը տեղի ունեցավ 1930 թվականին, մի քանի ամիս անց ստեղծագործությունները լույս տեսան «Նոր աշխարհում»: Նադեժդա Մանդելշտամը՝ բանաստեղծի կինը, խոսում էր ամուսնու աննկարագրելի ոգևորության մասին, որը տիրել էր նրան ողջ ճամփորդության ընթացքում: Ոգեշնչումը երկար պահպանվեց, և մեկ անգամ նա նույնիսկ ակնարկեց` եթե Օսիպ Էմիլևիչի մտքով անցներ տեղափոխվել Հայաստան, ինչ իմանաս, միգուցե նա անհայտ չկորեր հեռավոր արևելյան ճամբարներում…

Ինչ դուրեկան է ինձ քո լեզուն չարագուշակ,

Քո երիտասարդ գերեզմանները,

Որտեղ տառերը` դարբնու աքցան են,

Եվ յուրաքանչյուր բառ` երկաթակապ…

Այս տողերը բանաստեղծի սիրո խոստովանությունն է լեզվի և երկրի նկատմամբ: Սեր, որը նա փոխանցեց մեկ այլ մեծագույն ռուս բանաստեղծի` Աննա Ախմատովային:

Այո, հենց բանաստեղծի` Աննա Անդրևնան տանել չէր կարողանում «բանաստեղծուհի» բառը և խիստ պահանջում էր երբեք իրեն այդպես չկոչել:

Մ. Սարյան, Աննա Ախմատովայի դիմանկար, 1946

Նադեժդա Մանդելշտամը հետագայում կգրի իր հուշերում.

«Մենք վերադարձանք Հայաստանից և առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Բոլոր նախկին անունները մեզ անհամ թվացին` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրևնա: Նոր անուն ներաճեց նրա մեջ, մինչև ամենավերջին օրերը ես նրան անվանում էի այդ նոր անունով, նա այդպես էլ ստորագրում էր նամակներում` Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանի մասին»:

Ախմատովան հետաքրքրվեց Թումանյանով և Չարենցով, սկսեց թարգմանություններ կատարել, գրել իր բանաստեղծությունները հայ բանաստեղծների ստեղծագործությունների մոտիվներով: Չարենցի թարգմանությունները Ախմատովայի գրչով մինչ այսօր համարվում են, եթե ոչ ամենահաջողվածները, ապա առավել հաջողվածներից: Ի դեպ, ոչ այնքան հայտնի փաստ է, որ այդ ժամանակներից իր նամակները Նադեժդա Մանդելշտամին Ախմատովան ստորագրում էր «Անուշ» անվամբ:

1936 թվականին «Աստղ» ամսագրում հրատարակվեց «Առաջին մեղքը» բանաստեղծությունը` Ախմատովայի թարգմանությունը Դանիել Վարուժանից: Միայն արևմտահայ այդ բանաստեղծի անվան հիշատակումն այն ժամանակներում հավասարազոր էր հանցագործության: Նրա ճակատագիրը անխզելիորեն կապված էր Հայոց ցեղասպանության հետ:

Դանիել Վարուժանը ձերբակալվել էր Թուրքիայում 1915 թվի ապրիլին և բառացիորեն երկու օր անց սպանվեց՝ իհարկե, առանց դատի ու հետաքննության, պարզապես վերցրել և քարերով ջախջախել էին նրա գլուխը:

Ամենայն հավանականությամբ, այդ թարգմանությունը պատրաստված էր «Հայկական պոեզիայի անթոլոգիայի» մեջ ներառելու համար, որը պատրաստվում էր լույս տեսնել 1936 թվականին Մակսիմ Գորկու ընդհանուր խմբագրությամբ: Ձեռագիրը լիովին պատրաստ էր տպագրության, ներառյալ ձևավորումը, որը կատարել էր հայտնի գրաֆիկական և գեղարվեստական նկարիչ Հակոբ Կոջոյանի կողմից:

Տպագրությունից անմիջապես առաջ ձեռնարկը կասեցվեց, և այն տպագրեցին միայն 1940 թվականին` առատորեն լրացված բանաստեղծություններով ի փառաբանումն Ստալինի և առանց ախմատովայական թարգմանությունների: Այդ թարգմանությունները լույս տեսան միայն 1979 թվին: Պարզ է, որ ախմատովայական թարգմանությունները Չարենցից, որը ճնշումների ենթարկվեց 1937 թվին, նույնպես տպագրվել են շատ ավելի ուշ:

 «Ոմանք, ինչպես Պաստերնակը, նվիրվում են Վրաստանին, իսկ ես միշտ ընկերություն եմ արել Հայաստանի հետ», – իր օրագրում գրել է Աննա Ախմատովան:

Իսկ այդ ընկերության ակունքները, հնարավոր է՝ թաքնված են Թումանյանի ստեղծագործությունների հետ ծանոթության մեջ: Ախմատովան մի անգամ ասել է. «Մեկ հույս պակասել է, մեկ երգ կավելանա: Պարզ է, թե ինչու էր երգը հույս հայի համար՝ դարերի ընթացքում ազատության, կորցրած և նորովի վերագտած Հայրենիքի խորհրդանիշ»:

 

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը