Իրանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, հայաստանյան քաղաքական խմորումներն ու աշխարհաքաղաքական իրավիճակը մի վայրկյանում ի չիք կդառնան, քանի որ առջեւում հարցերի հարցն է՝ ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին: Չէ՞ որ այս տարիներին ապացուցվել է, որ ինչ-ինչ, բայց այս հարցը մեր հանրությանը խիստ հուզում է ու հնարավոր է դրանով երկար ժամանակ զբաղեցնել նույն հասարակությանն ու շեղել ավելի կարեւոր թեմաներից:

Եվ այսպես՝ Հայաստանն այս տարի, ինչպես եւ նախորդ տարի էր, կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրային հեռուստաընկերությունը արդեն տեղեկացրել է, թե ովքեր են մասնակիցները, որոնք նախագծի շրջանակում կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու դեպքում տվյալ ստեղծագործությունն էլ կհնչեցնեն «Եվրատեսիլ 2018»-ին:

Բայց արի ու տես, որ այս տարի բավական բարդ ընտրություն է սպասվում, քանի որ դժվար է ասել, թե որքանո՞վ էին կազմակերպիչները նախատեսել, որ բավական լուրջ հայտեր կլինեն ներկայացված: Եվ թեպետ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ո՞վ է գնալու «Եվրատեսիլ» հարցի պատասխանը որոշվում է վերեւներում եւ կուլիսներում, այլ ոչ թե «Դեպի Եվրատեսիլի» նման շոուների ժամանակ, բայց, միեւնույն է, անգամ այս դեպքում իրավիճակը ամենեւին էլ հեշտ չէ:

Խնդիրն այն է, որ ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը՝ նույն ինքը Մգեր Արմենիան, եթե համոզված չլիներ իր հաղթանակի մեջ, ապա ամենեւին էլ չէր մտնի նման պայքարի մեջ, որտեղ մասնակցում են նաեւ հանրությանը անհայտ դեմքեր, օրինակ՝ սկսնակ երգիչ Սուրեն Պողոսյանը, Ռոբերտ Քոլոյանը կամ Տյոմը (հենց այսպես է նրա բեմական անունը):

93728261_n
Մգեր Արմենիա

Մինչդեռ Մգեր Արմենիայի գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել, երբ այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների թվում հայտնվեց Սեւակ Խանաղյանը: Այո՛, նույն Սեւակ Խանաղյանը, որը ռուսական «Գլխավոր բեմ» եւ «Ձայն» նախագծերում հուզել է ռուս հանդիսատեսին եւ ժյուրիին ու փայլուն հաղթանակի հասել ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի ժամանակ: Ուստի՝ նրա հավանական պարտությունը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, առնվազն՝ զավեշտալի կլինի հենց Հայաստանի համար:

Светлана Лобода и Севак Ханагян на проекте X фактор-7
Սվետլանա Լոբոդան և Սևակ Խանաղյանը «X ֆակտոր-7» նախագծում

Դեռ այսքանն էլ քիչ էր, մի կողմից էլ Գերմանիայից Հայաստան է ժամանել ու «Դեպի Եվրատեսիլին» է մասնակցում երգիչ Հայկ Կասպարովը, ընդ որում՝ բավական լրջորեն պատրաստված: Նա ներկայանալու է իսպանացի երգահաններ Ռաֆայել Արտեսերոնի եւ Խոսե Խուան Սանտանայի հեղինակած երգով, որոնց գրած երգերը տարբեր տարիներին տարբեր երկրների մասնակիցներ ներկայացրել են «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Մհերի, Սեւակի ու Հայկի համար պակաս մրցակից չեն նաեւ մասնակից աղջիկները, օրինակ՝ Ուկրաինայից ժամանած Հասմիկ Շիրոյանը, ԱՄՆ-ից ժամանած  Թամար Կապրելիանը, Մարիամը: Միեւնույն ժամանակ, կան մարդիկ, որոնց համար մասնակցությունն արդեն իսկ կարելի է հաղթանակ համարել, ասենք, Ժաննա Դավթյանը, Գեւորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը,  Ամալիյա Մարգարյանը,  Լուսինե Մարդանյանը, Անգելը:

Ու այս ողջ խառնաշփոթի մեջ, որպես սրտի մխիթարանք, «Դեպի Եվրատեսիլին» մասնակցում են կայացած խմբեր «Նեմրան», «Ալտերնատիվը» և «Գաթա բենդը», որոնք թերեւս մասնակցությունից միայն կշահեն այն, որ էլ ավելի հանրահայտ կդառնան ու կսիրվեն, ինչը վատ չէ։

Рок-группа "Немра"
Նեմրա խումբը

Բայց արի ու տես, որ այս տարի մրցակցությունն ամենեւին էլ ուժեղների ու թույլերի մեջ չէ, այլ թե որքանով ենք լուրջ վերաբերում «Եվրատեսիլին», ինչի պատասխանը գտնելու համար էլ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցում է դերասան Արսեն Գրիգորյանը, ավելի ճիշտ՝ այս դեպքում բլոգեր Կամիլը՝ իր Վեռկա Սերդուչկայի հորքուրի աղջկա կերպարով:

Այս ամենն, իհարկե, բավական զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, որովհետեւ եվրատեսիլյան Կոնչիտայի կերպարից հետո՝ հենց Կամիլն է հավակնում դառնալ 2018 թվականի «Եվրատեսիլի» ամենահիշվող դեմքը:  Ընդ որում՝ նրան արդեն իսկ սկսել է անդրադառնալ միջազգային մամուլը:

Կամիլի հաղթանակի դեպքում, սա մեզ պատիվ կբերի՞, թե հակառակը, կարծիքները կարող են իրարամերժ լինել, բայց փաստ է, որ Եվրամիության հետ դեռ նոր-նոր Համապարփակ եւ ընդլայնված պայմանագիր ստորագրած Հայաստանի համար տրանսվիստիտի կերպարով եվրագենդեռ ներկայացնելը «Եվրատեսիլում» առնվազն կփաստի, որ Հայաստանը կամաց-կամաց սկսել է ինտեգրվել եվրաընտանիքում:

Блогер Камиль
Բլոգեր Կամիլը

Այնպես որ, Մգեր Արմենիա, թե Կամիլ ընտրության դեպքում, չի բացառվում, որ ընտրվի հենց Կամիլը, ուստի՝ Մգեր Արմեինային մնում է բավարարվել արդեն իսկ ստացած մրցանակներով, մենահամերգներով ու կոչումներով: Իսկ Կամիլին ուղարկել հորքուրի աղջիկ Վեռկա Սիրդուչկայի հետքերով՝ դեպի կոնչիտազգիների գիրկը:

Ի դեպ, հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։ Իսկ թե ո՞ւմ կտեսնենք լիսաբոնյան վոյաժներում, այդուհանդերձ ցույց կտա ժամանակը:

 

Հայկ Սամսոնյան