Ողջ աշխարհում գործող ու ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ամերիկյան կենսալաբորատորիաների շուրջ ծավալված աղմուկը նոր թափ է հավաքում: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այն մասին, որ արտասահմանյան լաբորատորիաները ռուսաստանցիների կենսանյութերն են հավաքում, դրան հաջորդեց Պենտագոնի պաշտոնական արձագանքը, որը, փաստացի հաստատեց ռուսական պետության ղեկավարի խոսքերը:
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի առաջնորդի ու իրավապաշտպանների հանդիպման ժամանակ Ընտրական իրավունքի ռուսական հասարակական ինստիտուտի տնօրեն Իգոր Բորիսովը հարց բարձրացրեց այն մասին, որ անհայտ անձիք տեսաձայնագրությունների միջոցով հավաքում են ռուս քաղաքացիների տեսողական պատկերները:
Դրան ի պատասխան, Վլադիմիր Պուտինը պատմեց, որ արտասահմանցիները ՌԴ քաղաքացիների բիոնյութեր են հավաքում ողջ երկրով մեկ, ու նրանց հատկապես հետաքրքրում են Ռուսաստանի տարբեր ազգերի կենսանյութերը: Այն ժամանակ ներկաներից շատերը սկեպտիկորեն վերաբերվեցին այդ հայտարարությանը, այնպես, ինչպես ժամանակին հայկական իրավական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնիսկ չցանկացան քննարկումներ անել հնարավոր վտանգի մասին, որն իր մեջ կրում է ռեֆերանս- լաբորատորիաների գործունեությունը, որոնք, ի դեպ, Հայաստանում գործում են Երևանի խիտ բնակեցված շրջան համարվող կենտրոնում ու մանկապարտեզների ու դպրոցների հարևանությամբ: Տվյալ լաբորատորիան նույնպես ֆինանսավորվում է ԱՄՆ ռազմական վարչության՝ Պենտագոնի կողմից, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում գործող Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնները (անգլ.- Centers for Disease Control and Prevention, CDC) հանդիսանում են ԱՄՆ-ի Առողջապահության նախարարության դաշնային գոծակալություն:
Վերջին 10-ամյակի ընթացքում ԱՄՆ-ն ողջ աշխարհով մեկ 400-ից ավել լաբորատորիա է կառուցել: Միայն Ուկրաինայում հաշվվում է 13 բիոլոգիական լաբորատորիա, Վրաստանում դրանք դեռևս 4-ն են, իսկ Ղազախստանում՝ 2-ը: Պենտագոնը տարեկան ավելի քան 500 մլն. դոլլար է հատկացնում տվյալ լաբորատորիաների սպասարկման ու շահագործման համար: Միայն ուկրանական լաբորատորիաների տարեկան բյուջեն կազմում է 175 մլն.դոլլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ մինչև հիմա չկա պարզ և հասկանալի տեղեկություն այն մասին, թե հատկապես ինչով են զբաղվում այդ լաբորատորիաները: Վերոնշված երկրների իշխանությունները այդ մասին համառորեն լռում են: Ամեն ինչից դատելով՝ առանձին դեպքերում նրանք իրավասու չեն վերահսկել այդ լաբորատորիաների աշխատանքը:
Պենտագոնի ինչի՞ն է հարկավոր աշխարհով մեկ իր լաբորատորիաները «ցանել»: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նախագիծը: Մի՞թե ԱՄՆ-ի ռազմական վարչությունն այնքան է մտահոգված այլ ազգերի նկատմամբ տարածված վիրուսների հարցի ուսումնասիրմամբ ու կանխարգելմամբ (ինչպես որ ներկայացնում են հաճախ), որ պատրաստ է այդ բարի նպատակների համար ծախսել իր բյուջեից միլիարդ դոլլարներ, փոխանակ այդպիսի միջոցները ուղղի օրինակ սեփական տարածքի պաշտպանությանը: Ի՞նչ երաշխիք, որ այդ լաբորատորիաները չեն հանդիսանում ռազմա-կենսաբանական օբյեկտներ, որոնք աշխատում են նոր սերնդի բիոլոգիական զենք ստեղծելու ուղղությամբ, ինչն ի վիճակի կլինի անվրեպ հարված հասցնել, այսինքն վարակել կոնկրետ մի ազգի ներկայացուցիչների:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանում նման 4 հարկանի լաբորատորիա է գործում, որի մոդեռնիզացումը կատարվել է 2 տարի առաջ՝ 1965 թվականից գործող Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի հիմքի վրա: Միայն թե մոդեռնիզացման այդ նախագծի վրա ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ներդրեց 9,6 մլն. դոլլար՝ ապահովելով շինության սեյսմակայունությունն ու ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք: Լաբորատորիայում պահվում են վտանգավոր վիրուսների ախտածիններ ու հարուցիչներ: Հատկանշական է այն, որ լաբորատորիայի շինությունը տեղակայված է Երևանի խիտ բնակեցած շրջաններից մեկում՝ մանկապարտեզի ու դպրոցի հարևանությամբ: Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հավաստիացնում է, որ լաբորատորիան չափազանց վտանգավոր վիրուսների հարուցիչների արտահոսքի ու մարդկանց վարակվածության հնարավորություն չունի, և որ այդտեղ արտասահմանցի մասնագետներ չեն աշխատում:
Հայտնի է, որ միայն Երևանում ռեֆերանս- լաբորատորիաների ստեղծման համար Պենտագոնը ընդհանուր առմամբ հատկացրել է 18 մլն.դոլլար, ընդ որում արդեն հայտարարված է, որ մտադրություն կա նման լաբորատորիաներ բացել Հայաստանի բոլոր շրջաններում:
Ինչպիսի՞ն է քաղաքացիական նշանակություն ունեցող կենսալաբորատորիաների շինարարությանը վերաբերող ծախսերի համաշխարհային պրակտիկան: Նշենք, որ Տաջիկստանում Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ակտիվ աջակցության ու Համաշխարհային ֆոնդի ֆինանսական աջակցության շնորհիվ ստեղծվել է կենսաբանական անվտանգության լաբորատորիա, որի ստեղծման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 3 մլն. դոլլար, դա այն դեպքում, որ տվյալ լաբորատորիայի ստեղծման ու նոր տեխնոլոգիաների տեղադրման հետ կապված ներգրավվել են «Ֆոնդա Մարյե» -ի ֆրանսիացի մասնագետներ: Շինությունում տեղադրված են անվտանգության 2-րդ և 3-րդ մակարդակի 2-ական լաբորատորիաներ: Կենսալաբորատորիան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով՝ թոքաբորբի, ՁԻԱՀ-ի, մալարիայի, հեպատիտի, հեմոռագիկ տենդի և այլ ամենավտանգավոր ախտորոշված ինֆեկցիաների կենսաբանական ու մուլեկուլյար-գենետիկական հետազոտությունների անցկացման համար:
Ինչո՞ւ Տաջիկստանում քաղաքացիական նշանակության կենսալաբորատորիա կառուցելու ու զինելու համար ՄԱԿ-ը ծախսել է 3 մլն. դոլլար, իսկ Հայաստանում Պենտագոնը ծախսում է 6 անգամ ավել:
Ամեն դեպքում արդեն կա ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հաստատումն այն մասին, որ նա հավաքում է ռուսների կենսանյութերը: Համաձայն պաշտոնական տարբերակի՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը անց են կացրել տենդեր, նախատեսելով ձեռք բերել անհրաժեշտ կենսանյութերը՝ հենաշարժային ապարատի հետազոտություն իրականացնելու համար, և ռուսների կենսանյութերը միայն բժշկական տեսանկյունից են նրանց հետաքրքրում:
Սակայն, ո՞րն է երաշխիքը, որ խաղաղ նպատակներով անցկացվող հետազոտությունը ապագայում մարդկության համար չարիքի չի վերածվի, ինչպես ժամանակին եղավ ատոմային ռումբի հետ:
Ծովինար Կոստանյան