Dalma News-ը ներկայացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի հետ ունեցած հարցազրույցը:

Կցանկանայի խոսել Ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար- կազմում կատարված վերջին փոփոխությունների մասին: Ինչպե՞ս դա անդրադարձավ Ֆեդերացիայի աշխատանքի վրա:

Իհարկե այդ ամենը չի կարող դրականորեն անդրադառնալ աշխատանքային ընդհանուր իրավիճակի վրա, քանի որ աշխատանքը լավագույնս ընթանում է կայուն պայմաններում, երբ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Իսկ մեզ մոտ ոչ ստանդարտ իրավիճակ ստեղծվեց. ինձ անհայտ ինչ-որ պատճառներով Ֆեդերացիայի ողջ ղեկավարությունը հեռացավ ու հրաժարվեց որևէ գործ անելուց: Դրա համար էլ եղավ մի այնպիսի ծայրահեղ պահ, երբ մենք ստիպված եղանք Ֆեդերացիայի ներսում կառավարչական ու կազմակերպչական խնդիրների պայմանական բաժանում անել: Բայց մենք ունենք սպորտային ըմբշամարտի ընդհանուր ֆեդերացիա, պաշտոնապես երկու մասի՝ հունա-հռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի բաժանված չենք, սակայն ներքին կարգով որոշեցինք իրավասությունները բաժանել գոնե մի որոշ ժամանակով:

Թեպետ անձամբ ինձ այդպես հարմար է: Ես միշտ եմ ասել, որ «դասականների» համար դժվար է ղեկավարել «ազատներին» և հակառակը: Բայց իհարկե առավել բարդ է, երբ Ֆեդերացիան ղեկավարում են մարդիկ, ովքեր ըմբշամարտի հետ ոչ մի կապ չունեն:

Որքա՞ն պիտի այդ իրավիճակն իշխի՝ օլիմպիական ողջ ցիկլի ընթացքո՞ւմ, թե՞ արդեն որոնվում է Ֆեդերացիայի նոր ղեկավարություն:

Կարծում եմ, որ եթե այս համակարգն իրեն արդարացնի ու պտուղներ տա, ապա ինչ-որ մի բան փոխելն ուղղակի իմաստ չի ունենա: Խոշոր հաշվով Ֆեդերացիան ղեկավարում է Օլիմպիական կոմիտետը: Օլիմպիական ցիկլի համար դա միգուցե և լավ է, իսկ հետո արդեն պարզ կդառնա: Այստեղ ամենամեծ խնդիրը հենց ըմբշամարտի ներսում է՝ սկզբունքների փոփոխություն և այլն:

Երբ հեռանում է այնպիսի մարդ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է («Տաշիր» գրուպ-ընկերություն), դա կարող է անդրադառնալ ֆինանսավորման վրա: ֆինանսավորման մեջ կա՞ն արդյոք որոշակի փոփոխություններ: Եվ արդյո՞ք Կարապետյանը, հեռանալով ղեկավարությունից, կշարունակի աջակցություն ցույց տալ Ֆեդերացիային:

Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանը, չլինելով ղեկավարության ղեկին, կշարունակի աջակցել: Սակայն Օլիմպիական կոմիտետը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ իր վրա է վերցրել ֆինանսավորման պարտականությունը, գումարած այդ ամենին այն, որ մենք ունենք նաև պետական ֆինանսավորում: Կփորձենք գլուխ հանել այդ ամենից, հիմա դեռևս վաղ է խոսելը, որովհետև ես դեռ նոր եմ մտել գործի մեջ: Աշխարհի չեմպիոնատից հետո՝ մոտակա ամիսներին ամեն բան իր տեղը կընկնի:

Арсен Бадалян с Генрихом Мхитаряном
Арсен Бадалян с Генрихом Мхитаряном

Ե՞րբ է աշխարհի չեմպիոնատը մեկնարկում:

Օգոստոսի 21-ից 27-ը:

Խոսակցություններ կան, որ ըմբիշների ու մարզիչների աշխատավարձերը խիստ ուշացվում են:

Նման խոսակցություններ կային նաև այն ժամանակ, երբ Ֆեդերացիան Սամվել Կարապետյանն էր ղեկավարում: Չգիտեմ՝ ճիշտ է դա թե ոչ, բայց ես հիշում եմ, որ այն ժամանակ գլխավոր մարզիչները հավաքվեցին, մամլո-ասուլիս տվեցին ու հայտարարեցին, որ ոչ մի ուշացում չի լինում: Հիմա այդ ուշացումները օբյեկտիվ պատճառներով են տեղի ունենում, դեռևս փաստաթղթերի, կնիքի ընդունման-հանձնման փուլը լրիվությամբ չի ավարտվել, մենք դեռ գլխովի չենք մտել գործի մեջ: Չեմ կարող դա ուշացում համարել, քանի որ որոշակի ժամանակ է պետք բյուրոկրատական գործընթացները կարգավորելու համար: Մոտավորապես մեկ ամիս պետք է, որպեսզի ամեն ինչ հունի մեջ ընկնի:

Նախատեսո՞ւմ է Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի մեջ ընդգրկել այլ երկրների ազգությամբ հայ ըմբիշ-լեգիոներների:

Դա ինձ համար շատ ցավոտ թեմա է, որովհետև սրանից 20 տարի առաջ մենք շատերին կորցրինք, տղաները ստիպված եղան հեռանալ ու ուրիշ երկրների համար մեդալներ նվաճել: Հիմա իրավիճակը ավելի լավ է, անհամեմատ ավելի լավ: Սակայն այդ տղաներն արդեն վերադառնալ չեն ուզում ու նրանք դրա համար իրենց օբյեկտիվ պատճառներն ունեն: Իսկ ինչ վերաբերվում է լեգիոներներին՝ մի հարց է, երբ մենք ներգրավում ենք մեր համերկրացիներին՝ նույն Միհրան Հարությունյանին, դա մեդալի մի կողմն է, մեկ այլ հարց է, երբ մենք ներգրավում ենք այնպիսի ըմբիշների, ինչպիսին Յուրա Պատրիկեևն է: Նա մեր լավ ընկերն է, երիտասարդ տարիներին մենք նրա հետ մարզվել ենք, սակայն ինձ թվում է, որ ավելի լավ կլինի մեր ֆինանսներն ու ուժերն ուղղենք մեր տղաներին:

Այստեղ ուղղակի պետք է հասկանալ, որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ ու ուշադրություն հատկացնել մեր երիտասարդներին: Պետք է սկսենք նախապատրաստել կադրեր, որոնք նախ կլինեն երիտասարդական հավաքականների կազմում, իսկ հետո արդեն երկրի գլխավոր հավաքականի կազմում: Մենք այնպես չենք զարգանում, ինչպես հարկն է, չէ՞ որ նախ անհրաժեշտ է ցանել, հետո հնձել, իսկ հետո միայն պտուղները հավաքել: Ժամանակ ու համբերություն է պետք:

 

Շարունակելով լեգիոներների թեման՝ Ռուսաստանի հավաքականների ձևավորման վեճերի հետ կապված՝ ռուս հայտնի ըմբիշներից մեկը՝ Ստեփան Մարանյանը ժամանակին ցանկություն հայտնեց տեղափոխվել Հայաստանի հավաքական: Այս հարցով կա՞որևէ նորություն:

Ամենայն հավանականությամբ՝ կա: Ի ուրախություն Ստեփան Մարանյանի երկրպագուների ու մեզ՝ հայերիս, նա այս տարի դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Եվ նա արդեն Ռուսաստանի հավաքականի անդամ է: Հայաստանի հավաքականի կազմ տեղափոխվելու նրա ցանկության մասին, անկեղծ ասած, ես տեղյակ չեմ: Աչքի տակով անցկացրել եմ հարցազրույցը: Ես չգիտեմ, մեզ մոտ նման խոսակցություններ չեն եղել, առավել ևս հիմա, երբ նա Ռուսաստանի հավաքականում իր կշռային կազմում առաջինն է:

Ռիոյի օլիմպիադայում հայ դասական-ըմբիշների հաջող ելույթից հետո արդյո՞ք մեծացել է Հայաստանի ըմբշամարտի հանդեպ հետաքրքրությունը: Թե՞ այն միշտ էլ բարձր է եղել:

Մենք մեկ օլիմպիական ոսկի և, ինչպես ես եմ ասում, մեկ ոսկե արծաթ ունենք (Միհրան Հարությունյան): Ինչ վերաբերում է հետաքրքրությանը, ապա սպորտի այս ձևը մեզ մոտ միշտ առաջին տեղում է եղել: Մեզ մոտ ամենից լավ հենց դա է ստացվում: Թե սպորտի այդ ձևի, թե սպորտսմենների հանդեպ ժողովրդի հետաքրքրությունը մեծ է:

Հայաստանում կա նման մի տենդենց, երբ որևէ սպորտաձևում հայ սպորտսմենների աղմկահարույց հաջողությունից հետո ծնողներն իրենց երեխաներին սկսում են ուղարկել համապատասխան սեկցիաներ: Արդյո՞ք հունա-հռոմեական ըմբշամարտում նկատվում է նույն տենդենցը:

Դա շատ լավ է, պետք է ավելի հաճախ հաղթել, որպեսզի ծնողները չմոռանան երեխաներին ըմբշամարտի ուղարկել: Հարկավոր է հաճախ հաղթել, հաճախ դիմավորել հերոսներին, այնպես, ինչպես մենք դիմավորեցինք Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, մեր ծանր ատլետներ Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին: Ժողովրդական, ազգային սերն անբացատրելի բան է:

Մամուլում Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային դպրոցի վատ վիճակի մասին տեղեկություններ կար տարածված: Արդյո՞ք այդ հարցով առաջխաղացում կա: Սկսվե՞լ է վերանորոգումը:

Կար վատ դպրոց, որը մնացել էր դեռ այն ժամանակներից: Օլիմպիադայից հետո այն անվանեցին Արթուրի անունով, ու որքան ես գիտեմ, շուտով պետք է սկսվեն շինարարական աշխատանքերը, վերակառուցումը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանն ու մնացածին, Ֆեդերացիան դրանով չի զբաղվել:

til_vs

Վերջերս Թբիլիսիում կայացած մրցաշարի ժամանակ Արթուր Ալեքսանյանի հանդեպ իրականացված անարդար մրցավարության աղմուկ բարձրացավ: Այնպիսի տպավորություն է, որ մրցավարները կողմնակալ վերաբերմունք ունեն հայ ըմբիշների նկատմամբ: Ինչպե՞ս պետք է այդ խնդրին լուծում տալ:

Անարդար մրցավարություն իրականացնում են հավանաբար բոլորի նկատմամբ, պարզապես մենք միգուցե ավելի բարձր ենք այդ մասին ասում, որովհետև մենք մեր ցավոտ կողմերն ու հիշողություններն ունենք, թեկուզ Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի, Վաղինակ Գալստյանի ու նույն Միհրան Հարությունյանի հետ կապված: Միգուցե նրա համար, որ մերն է, մենք ավելի այլ կերպ ենք վերաբերվում դրան: Դրա համար էլ երբ մեզ թվում է, որ մեր ըմբիշին մի փոքր անարդար են վերաբերվել, մեզ համար դա դառնում է իսկական ողբերգություն: Մենք այդպես ենք ընդունում ու դա բնական է, ահա այդպիսի ազգ ենք մենք: Բայց չեմ կարող հաստատ ասել, թե մեզ հատուկ են այդպես անարդար դատում, այդպիսի բան չկա: Դա բոլորի հետ է պատահում, մեկի մոտ մի քիչ ավել, մեկի մոտ մի քիչ պակաս: Իսկ մրցավարը նույնպես մարդ է ու նույնպես կարող է սխալվել:

Ինչպե՞ս կարելի է սուբյեկտիվության գործոնը մրցավարության մեջ հասցնել նվազագույնի:

Օրենքները հաճախ են փոխվում, չկա հարձակման նկատմամբ վերահսկողության այն համակարգը, որը կա, օրինակ, ֆուտբոլում: Ֆուտբոլում այդ ամենը զարգացում է ապրում, հայտնվում են տեսակրկնություններ, հնչում են կողմնային գլխավոր մրցավարի խորհուրդները: Ըմբշամարտում այդ մեխանիզմներն այդքան էլ լավ մշակված չեն: Թեպետ իհարկե կան որոշակի օրենքներ, որոնք թույլ են տալիս վերանայել որոշումը: Դեռևս սպասում ենք, 2018 թվականին պետք է փոխեն օրենքները, որովհետև դրանցով կորչում է նախ հետաքրքրությունը, և հետո սպորտսմենը չի կարողանում իր ողջ տաղանդը ցուցադրել: Օրինակ՝ հանել են պարտերը, հարկավոր է կանգնած հնարքներ անել: Սակայն հաշվի առնելով օլիմպիական խաղերին ու աշխարհի չեմպիոնատներում սպորտսմենների բարձր մակարդակը, շատ դժվար է կանգնած վիճակում հնարք անել այնպիսի ուժեղ մրցակցի նկատմամբ, ինչպիսին դու ես: Չնայած ես կարծում եմ, որ ըմբշամարտիկը պետք է կարողանա հնարք ցույց տալ ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ պարտերի վրա:

Հայկական Ֆեդերացիան կո՞ղմ է այդ օրենքների փոփոխություններին: Արդյո՞ք հին համակարգն ավելի լավն էր:

Այն ուղղակի ավելի հետաքրքիր էր ու հանդիսատեսի համար էլ՝ ավելի գրավիչ: Ըմբշամարտի նրբություններից այդքան էլ շատ գլուխ չհանող հանդիսատեսին պարզապես հետաքրքիր չի լինի մարտը դիտել նոր կանոններով: Եթե ազատ ոճի ըմբշամարտում ոտքից  հնարքներ կան, և հնարքների քանակն ավելի մեծ է, ապա մեզ մոտ սահմանափակումներն ավելի շատ են: Հենց դրա համար էլ հունա-հռոմեական ըմբշամարտում առանց պարտերի հետաքրքրությունն անհետանում է: Թե հանդիսատեսն է քչանում, թե հետաքրքրությունն է կորչում: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման տեմպերով կարելի է նաև օլիմպիական ընթացքից դուրս մնալ, ինչպես դա եղավ մեզ հետ ժամանակին: Դրա համար էլ ես կողմ եմ պարտերին:

Արդեն խոսեցի Թբիլիսիի մրցաշարի մասին: Ադրբեջանում պարբերաբար խոշոր մրցաշարեր են իրականացվում: Ե՞րբ կարելի է նման մրցաշարեր սպասել նաև Հայաստանում:

2001-2006 թթ. ընթացքում, երբ ես Երևան քաղաքում Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ էի, մենք Երևանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Գևորգյանի հետ Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային մրցաշարեր էինք կազմակերպում: Դրանք անցկացվեցին գրեթե 5-6 տարի, ընդ որում բավական բարձր մակարդակով: Հետո դադարեցվեցին, չգիտեմ՝ ինչ պատճառով, այդ ժամանակ ես արդեն Ֆեդերացիայում չէի:

Սակայն կարծում եմ, որ Հայաստանին միջազգային մրցաշար է անհրաժեշտ, ու մենք պլանավորում ենք անել դա, պատրաստվում ենք չեմպիոնների մրցաշարի: Ամեն տարի մրցաշարը կիրականացվի մեր հայտնի ըմբշամարտիկներից մեկի անունով, ու ամեն տարի կլինեն նոր անուններ, գուցեև հասարակության կողմից մոռացված, սակայն մեր հիշողություններում թարմ մնացած անուններ:

Իսկ ի՞նչ կասեք պաշտոնական խոշոր մրցաշարերի՝ Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատների, Աշխարհի գավաթի մասին: Հայաստանում դրանք անցկացնելու հնարավորություն կա՞ արդյոք:

Հնարավորություն իհարկե կա, մենք Աշխարհի գավաթ ենք իրականացրել: Միայն թե այստեղ պետք է շատ գործոններ համընկնեն, որովհետև աշխատանքը պետք է շատ բարձր մակարդակով կազմակերպել: Բայց այս հարցով ավելի շուտ պետք է Սպորտի նախարարությանը դիմել: Ֆեդերացիայից նույնպես շատ բան է կախված, սակայն այս դեպքում երկիրը պետք է իր վրա վերցնի նման խոշոր մրցաշարերի կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը:

Զրուցեց Հայկ Խալաթյանը