Վերջապես Ռուսաստանում արգելք դրվեց ամենաբազմամարդ՝ «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությանը: ՌԴ Գերագույն դատարանը, համարելով այն ծայրահեղական կազմակերպություն, հանձնարարեց լուծարել «Ռուսաստանի Եհովայի վկաները» կառավարման կենտրոնն ու նրա 395 տեղական կազմակերպությունները:
Այս աղանդի տարածումն իր հետ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում: Աղանդավորները հրաժարվում են արյան փոխներարկումից, որևէ հասարակական, պետական ինստիտուտի ու դրանց հետ կապված ամեն տեսակ կառույցի ենթարկվելուց՝ մերժելով այն, հրաժարվում են բանակում ծառայելուց, չեն ընդունում պետական տոները և այլն: Այժմ տվյալ կազմակերպության ողջ ունեցվածքը պատկանում է պետությանը: Նշենք, որ Ռուսաստանում հաշվվում է 175 000-ից ավել աղանդի հետնորդ:
Ի՞նչ է լինելու նրանց հետ ընդունված արգելքից հետո: «Վկաները» լավատեսորեն են տրամադրված, ու հայտարարում են՝ «Միևնույն է, մենք չենք վերանա, եթե նույնիսկ սերունդ փոխվի»: Պետք է խոստովանենք, որ նրանք իսկապես ստվերային աշխատանք անելու մեծ վարպետ են, այնպես, որ նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակներում են կարողացել ողջ մնալ… Ամեն դեպքում ժամանակները փոխվում են, ու ինչքան էլ «եհովականները» աքլորանան, միևնույն է՝ արգելքը մնում է արգելք: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կազմակերպությունը ակտիվորեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ է որոնելու:
Աճող թվաքանակը
Կդառնա՞ արդյոք Հայաստանը նրանց համար հանգրվան: Արդյո՞ք մենք անհանգստանալու առիթ ունենք: Նախքան այդ հարցերին պատասխանելը, նախ եկեք պարզենք, թե ինչպես են ապրում «վկաները» մեր հանրապետությունում:
«Եհովայի վկաներ» (ինչպես իրենք են իրենց կոչում) աղանդը Հայաստանում գործում է 1975թ.-ից: Պաշտոնապես գրանցվել են 2004թ.՝ նախկինում ունեցած 15 մերժումից հետո: ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր հաշվետվություններում ու զեկույցներում պարբերաբար քննադատում է Հայաստանին՝ իրենց կարծիքով կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու համար: «Եհովականները» ավանդաբար գլխավորում են «հալածվածների» տասնյակը: Բայց հետաքրքիր մի պատկեր է ստացվում՝ նրանց հալածում են, իսկ թվաքանակն ավելանում է: Եթե 1980-ականներին աղանդն ուներ 100 հետևորդ, 90-ականների կեսերին՝ 8000, ապա մեր օրերում նրանց թիվը 11 000-ից ավել է:
Պատճառված «անախորժությունների» փոխհատուցում
Աղանդավորների «հետապնդումների ժամանակագրությունում» հատկապես նշվում է, որ 1985թ. մինչև 2013թ. հունիսը, այսինքն մինչ այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուղղումները, «եհովականները», որոնք հրաժարվում էին բանակում ծառայելուց, ենթարկվում էին քրեական հետապնդման ու փակվում էին բանտերում: Հայաստանում ազատազրկման են դատապարտվել ավելի քան 450 հետևորդ, որոնք հրաժարվել են բանակում ծառայել: 2013թ. բոլոր «բանտարկյալները» հայտնվեցին ազատության մեջ:
Բայց այն, որ հետագայում պետությունը ստիպված է «հավատի բանտարկյալներին» բանտում անցկացրած տարիների համար փոխհատուցում վճարել, այն էլ բավական կլորիկ գումար, այ դա նորություն էր:
Հիշեցնենք, որ միայն 2012թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անդրադառնալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 հետևորդներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հարցին, ընդունեց, որ «Եհովայի վկաների» 19 հետևորդներին հասցվել է բարոյական վնաս ու որոշում կայացրեց պարտավորեցնել պետությանը որպես փոխհատուցում նրանց վճարել… 134.000 եվրո:
Բայց միևնույն է, «Աստվածապետական պետության» քաղաքացիները հավերժ դժգոհ են: Ինչ էլ անես նրանց համար, միևնույն է բավարարել չես կարող: Նույնիսկ լիբերալ օրենքների առկայության դեպքում էլ նրանք շարունակում են պնդել, թե իբր իրենց հանդեպ կոշտ պետական հսկողություն է իրականացվում:
Թեպետ իրականում ամեն ինչ այլ պատկեր ունի: Մի փոքր պարզաբանում՝ ցանկացած հրապարակում, որը հոտի մեծացման նրանց մեթոդների կամ աշխատելաոճի քննադատություն է պարունակում, հետևորդների կողմից ընկալվում է որպես թշնամանք՝ «միակ ճշմարիտ հավատի» նկատմամբ: Ասել է, թե երկու կարծիք գոյություն ունի՝ եհովական ու սխալ: Ու այդ հոդվածներն անմիջապես որակավորվում են որպես «կրոնական փոքրամասնության հանդեպ խտրականություն», և սկսվում է ինտենսիվ հարձակում դեպի տվյալ հրապարակումը: Որպես արդյունք՝ մի շարք հրատարակչություններ հրաժարվում են նման նյութեր տպելուց, այսպես ասած՝ շառից, փորձանքից հեռու:
Ղարաբաղը՝ նշանառության տակ
Հայաստանում «եհովականները» ձեռքները ծալած չեն նստում: Այժմ էլ նրանք մոլեռանդորեն պայքարում են Ղարաբաղում ապրող իրենց եղբայրների ու քույրերի իրավունքների համար: Հիմա արդեն Ղարաբաղի աղանդավորները փորձում են միջազգային կազմակերպություններին հասցնել առհասարակ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եհովականների իրավունքների խախտման սարսափելի փաստեր, ովքեր իրենց համոզմունքների համաձայն, հրաժարվում են ծառայել բանակում: Ու այդ ամենը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ չթուլացող լարվածության ֆոնին:
Նշենք, որ ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Ղարաբաղում «Եհովայի վկաների» կողմնակիցների թիվը 2009թ. կազմել է 500 մարդ, իսկ 2010թ.՝800: Ցավոք ավելի թարմ տվյալներ չունենք:
Ակտիվ քարոզչություն
Գարնանը, ճիշտ այն ժամանակ, երբ Ռուսաստանում սկսվեց «վկաների» վրա հարձակումները, երևանցիները մայրաքաղաքի փողոցներում նկատեցին աղանդի կողմնակիցներին՝ շարժական վահանակներով ու համապատասխան գրականությամբ: Կազմակերպվել էր մեծամասշտաբ քարոզչություն: Ու ի տարբերություն անցյալ տարիների՝ հիմա նույն փողոցում կարող ես նկատել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի վահանակ:
Ու երբ տեղական ԶԼՄ-ներում այս թեմայով նյութեր հայտնվեցին, վահանակներն ասես գետնի տակն անցան: Բայց կարծում եմ, որ շուտով պարտիզանական քարոզչամեքենան նորից գործի կգցվի, քանի որ այս կրոնական կազմակերպության առանձնահատկությունը (որն էլ ի դեպ նրանց հայտնի է դարձնում) ակտիվ (ագրեսիվ) քարոզչական գործունեությունն է (այցելություններ տներ, փողոցում մարդկանցից կառչել, թերթիկներ ու լրագրեր պարտադրել և այլն):
Պաշտպանում ագրեսիվ փոքրամասնությունից
Արդյո՞ք Հայաստանին «Եհովայի վկաների» ներխուժում է սպասվում: Եվ այո, եվ ոչ:
Այսինքն ներխուժում՝ ուղիղ իմաստով՝ ճամպրուկ-կայարան-Հայաստան, սպասել պետք չէ: Տեսանելի ապագայում մենք գուցե դառնանք ականատեսն այն բանի, թե ինչպես է տվյալ կրոնական կազմակերպությունը ամրապնդում իր դիրքերը Հայաստանում՝ դրանից բխած բոլոր հետևանքներով հանդերձ: Դրված առաջադրանքի կատարմանը կուղղվեն հսկայական ռեսուրսներ: Բայց շատերը կարող են իրենց պաշտպանել այդ ագրեսիվ փոքրամասնություններից: Այստեղ Ռուսաստանի անփոխարինելի փորձը կա: Իսկ այն, որ դեռ երեկ էր հարկավոր մշակել իրավական համակարգեր կրոնական կազմակերպությունների գործունեության վերացման կամ հսկողության իրականացման համար, արդեն ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում:
Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը