Անդրկովկասին միշտ էլ հատուկ է եղել էթնիկ- կրոնական վառ պատկերը: Այստեղ ավանդաբար միահյուսվել են տարբեր մշակույթներ ու տարբեր ավանդույթներ: Սակայն Խորհրդային միության փլուզումն ու բնակչության արմատականացումը ի վերջո հանգեցրին միազգ պետությունների ձևավորմանը: Ընդ որում էթնո-ժողովրդագրական փոփոխություններից տուժեցին նաև տարածաշրջանի հեղինակավոր ազգերը: Միմյանց հաջորդող կոնֆլիկտները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արտագաղթը, ազգերի միաձուլումը, ծնելիության անկումն ու մահացության ցուցանիշի բարձրացումը բացասաբար անդրադարձան Անդրկովկասի գրեթե բոլոր երկրների վրա:

Հայաստան

Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն, որտեղ էթնիկ փոքրամասնությունը կազմում է բնակչության 2 % -ից էլ պակասը: Սակայն մինչ Խորհրդային միության փլուզումը Երևանում բնակվում էին տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ 1989թ. հայոց  մայրաքաղաքում գոյություն ունեին օսեթների, թաթարների, մոլդովացիների, ֆինների, ղազախների, ինգուշների, դարղինների ու այլ ազգերի համայնքներ: Էթնիկական այդ խճանկարը վերացավ 1990-ականներին, երբ Հայաստանի բնակչությունը բախվեց սոցիալական արհավիրքների հետ՝ պայմանավորված հիմնականում Ղարաբաղյան պատերազմով:

Արտագաղթի արդյունքում Հայաստանի բնակչությունը կտրուկ կրճատվեց: Արտագաղթի պետական կենտրոնի փորձագիտական տվյալների ու սոցիալական հետազոտությունների համաձայն՝ 1988-2001թթ. Հայաստանը լքել է 1.1 մլն. մարդ: 2002-2007թթ. երկրից տարեկան հեռացել է 25 հազ. մարդ, գրեթե 60 հազ. մարդ համարվում է սեզոնային արտագաղթող: 2007թ.-ից հետո այդ ցուցանիշը հասավ տարեկան համարյա 30 հազ.-ի: Պաշտոնական տվյալներով երկրի բնակչությունը 2016թ. դրությամբ կազմել է 2,998,600 մարդ: Միջազգային կազմակերպություններն ու փորձագիտական հանրությունն ավելի իրատեսական տվյալներ են ներկայացնում, համաձայն որոնց երկրում ապրում է շուրջ 2,500,000 մարդ:

Եզդիական վանք, գյուղ Ավշեն, Հայաստան
Եզդիական վանք, գյուղ Ավշեն, Հայաստան

Էթնիկ փոքրամասնությունների մեջ գերակշռում են եզդիները, որոնցով խիտ բնակեցված են հատկապես երկրի արևմտյան հատվածները, նրանք առանձին խմբերով նաև ապրում են հանրապետության բոլոր շրջաններում ու Երևանում: Հարկ է նշել, որ եզդիական հասարակական կազմակերպությունները վիճարկում են պաշտոնական տվյալները, համաձայն որոնց երկրում ապրում է ընդամենը 35 հազ. եզդի: Եզդիական համայնքի ներկայացուցիչներն այլ ցուցանիշներ են ներկայացնում: Մի շարք դաշտային հետազոտությունների տվյալներով հանրապետությունում ապրում է ավելի քան 50 հազ. եզդի:

Անցյալում տասնյակ ռուսական գյուղեր էին տեղաբաշխված երկրի հյուսիսային այն հատվածներում, որոնք ենթարկվեցին կործանարար երկրաշարժի արհավիրքին: 1988թ.-ից հետո սկսվեց ռուսների արտահոսքը այդ տարածաշրջաններից: Ներկայումս Հայաստանի ռուսական բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Երևանում: Կրոնական փոքրամասնություն համարվող մոլոկաններով (նրանք, ովքեր չեն ընդունում ու չեն հետևում ուղղափառ եկեղեցու կանոններին) խիտ բնակեցված է Լոռու մարզը՝ Ֆիոլետովի ու Լերմոնտովի գյուղերը: Բացի դրանից՝ զգալի մեծությամբ ռուսական համայնք գոյություն ունի  Տաշիրում, Վանաձորում, Ստեփանավանում: Ռուսներով խիտ բնակեցված շրջաններից մեկը՝ Կրասնոսելսկի շրջանը (այժմ՝ Ճամբարակ) Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում ամբողջովին դատարկվեց սլավոնական բնակչությունից: Եթե 1989թ. հանրապետությունում ապրում էր 52 հազար ռուս, ապա հիմա այդ ցուցանիշը 12 հազ.-ից էլ պակաս է:

Հայաստանի ասորիները կենտրոնացած են 4 գյուղերում՝ Արզնիում, Դիմիտրովում, Նոր-Արտագերսում ու Վերին Դվինում: Ընդ որում Արզնին ու Վերին Դվինը հանդիսանում են ամենախոշոր ասորիական գյուղերը ոչ միայն  Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի մասշտաբով: Միայն Վերին Դվինում ապրում է 1,400 ասորիական ընտանիք: Նոր-Արտագերս գյուղում ասորիները ապրում են հայերի ու եզդիների հետ համատեղ: Դիմիտրովում նրանք միայն հայերի հետ են ապրում: Բացի դա, ասորիների զգալի խմբեր ապրում են Երևանում, Աբովյանում, Բյուրականում, Արտաշատում, Արմավիրում, Արարատում ու Վանաձորում:

Առաջներում հույները Հայաստանում զբաղեցնում էին ավելի քան 10 բնակավայրեր: Սակայն հետո, հայրենիք հայրենադարձվելու ալիքի տակ Հայաստանի հույների թվաքանակը կտրուկ նվազեց: Դատարկվեցին այնպիսի հունական գյուղեր, ինչպիսիք են Մադանը, Հանքավանը, Շամլուգը, Տանձուտը, Բենդիկը, Սիսիմադանը: Անցյալում ապրող 10 հազ. Էթնիկ հույներից Հայաստանում մնացին ընդամենը 900 հոգի, որոնք տեղաբաշխված են Ալավերդի քաղաքում, Յագդան գյուղում, ինչպես նաև Երևանում ու Ախթալայում: Բացի այդ՝ հույների փոքր թվաքանակ ապրում է Ղարաբաղյան Մեխմանա գյուղում: Բայց Հայաստանում գործող հունական կազմակերպությունները նույնպես վիճարկում են իրենց բնակչության թվաքանակի պաշտոնական տվյալները: Հայաստանում հունական դեսպանատան տվյալներով երկրում ապրում է շուրջ 3 հազ. հույն:

Հունական եկեղեցի, Կավարտ, Կապանի մարզ, Հայաստան
Հունական եկեղեցի, Կավարտ, Կապանի մարզ, Հայաստան

Հայաստանի 9 գյուղեր խիտ բնակեցված են քրդերով, իսկ Երևանից ոչ հեռու գտնվող 6 գյուղեր բնակեցված են խառը՝ քրդերով, հայերով ու եզդիներով: Նախկինում գրեթե բոլոր արդյունաբերական քաղաքներում ապրում էին ուկրաինացիներ, բայց նրանց հիմնական մասը հիմա Երևանում է բնակվում: Հայաստանի հյուսիսում՝ Նիկոլաևկա գյուղում, պահպանվել են ուկրաինական ղազախների սերունդներ, որոնց զգալի մասը Սպիտակի երկրաշարժից հետո երկրից հեռացավ:

Հրեաների, վրացիների, բելոռուսների, լեհերի, գերմանացիների փոքր թվաքանակ ապրում է հիմնականում Երևանում: Լեհական մի քանի հայտնի ընտանիքներ ապրում են Լոռու մարզում գտնվող Ստեփանավան քաղաքում ու Գյուլագարակ գյուղում: Իսկ ահա գերմանացիների սերունդներն ապրում են Նոյեմբերյան քաղաքում: Մորդվաները՝ Սևանա լճի շրջակայքում են հաստատվել՝ Շորժա գյուղում: Նոյեմբերյանում, ինչպես նաև Բագրատաշենի ու Դեբեդավանի գյուղերում ապրում են ուդինները, որոնք հայերի հետ միասին դուրս են վռնդվել Ադրբեջանից: Երկրում ապրում են նաև աբխազ-աբազիններ: Այս համայնքի հիմնումը Հայաստանում դեռևս մնում է առեղծված, բայց հայտնի է, որ աբխազների որոշ ընտանիքներ Հայաստանում հայտնվեցին վրաց-աբխազական կոնֆլիկտից հետո: Աբխազական սփյուռքի կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում բնակվում են գրեթե 1000 աբխազ-աբազին:

Ուկրաինական ղազախների կողմից XIX դարում հիմնված Նիկոլայ Հրաշագործի վանքը, Լոռու մարզ, Հայաստան
Ուկրաինական ղազախների կողմից XIX դարում հիմնված Նիկոլայ Հրաշագործի վանքը, Լոռու մարզ, Հայաստան

Տաշիրից ու Ստեփանավանից ոչ հեռու գտնվող որոշ գյուղերում, ինչպես նաև Արարատյան հարթավայրում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ: Երևանում ու Գյումրիում պահպանվել է հայացված բոշա-գնչուական ինքնատիպ խումբ: Վերջիններս պահպանել են իրենց լեզուն՝ լոմավերենը: Իսկ Աշտարակ քաղաքից ոչ հեռու Ադրբեջանի հայ-թաթերի սերունդների մի գյուղ կա:

Պետք է նշենք, որ առաջներում Հայաստանում ապրող շատ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ առավելապես ռուսախոս էին, սակայն վերջին 10 տարիների ընթացքում նրանց միջժողովրդական խոսակցական լեզուն դարձավ հայերենը:

Անդրկովկասն ապրում է իսկական ժողովրդագրական ճգնաժամ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը շուտով հայտնվելու են ծերացող երկրների շարքերում, իսկ դա ոչ միայն կանդրադառնա էթնո-ժողովրդագրական ցուցանիշների վրա, այլ կբերի նաև երկրի բնակչության դեպոպուլյացիային, որն էլ ի վերջո վտանգի տակ կդնի տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությունը:

Պատրաստեց Արման Հակոբյանը