Քանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը Համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայաստան են տեղափոխել 1.4 միլիոն դոլարի դեղորայք և այլ պարագաներ: Այդ մասին փոխանցում է «Арменпресс»-ը՝ հղում անելով Armenianweekly.com-ին:
Այդ կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը համատապատասխան գրառում է կատարել Facebook-ում:
«Դեռևս 2014թ.-ի ամռանը մեկնարկած համագործակցությունը շարունակվում է: Քանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը Գլենդեյլի Համահայկական հիմնադրամի հետ համագործակցելով Հայաստանին հումանիտար օգնություն են տրամադրել: Direct Relief International կազմակերպությունը՝ Գլենդեյլի Համահայկական հիմնադրամի գործընկերը 1.4 միլիոն դոլարի դեղորայք և այլ պարագաներ է նվիրել, որոնք Երևան են տեղափոխվել Քանզասի Տոպիկա քաղաքից: Դա որոշ չափով կօգնի բարելավել կյանքի պայմանները Հայաստանում»,-նշված է հաղոդրագրության մեջ:
Նախորդ տարի Քանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի և Գլենդեյլի Համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայաստան է տեղափոխվել 4.1 միլիոն դոլարի դեղորայք:
«Մենք բարձր ենք գնահատում Քանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի և Հայաստանի միջև կապերը: Մենք նույնպես շնորհակալ ենք Direct Relief International-ը, որը 1988թ.-ի երկրաշարժից սկսած Համահայկական հիմնադրամի օգնությամբ տասնյակ միլիոնավոր դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին»,-նշել է հայկական հիմնադրամի ղեկավար Հարութ Սասունյանը:
Վերջին 26 տարվա ընթացքում Համահայկական հիմնադրամը Հայաստանի ու Ղարաբաղին 712 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել: Մասնավորապես, Հայաստան ծովով տեղափոխվել է 2252 կոնտեյներ և 159 հումանիտար օգնությամբ չվերթ է իրականացվել: