Սահուն քայլերով նա ընդմիշտ իր տեղը գրավեց գիտության պատմության մեջ, որպես մաթեմատիկ, և ոչ միայն զուտ գիտության պատմության: Նրա կազմակերպչական աշխատանքը, իր ժամանակին գեղեցիկ քայլերթով առաջ շարժվող գիտա-տեխնոլոգիական նրա ինտուիցիան ամբողջությամբ արդարացնում են գերազանցած այն հարթությունները, որտեղ նրա մասին միշտ խոսվել է, հատկապես նրա պատանեության ու երիտասարդության տարիներին: Երբ իրեն հանճար էին անվանում, Սերգեյ Մերգելյանը փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն զգում կաշկանդված: Միգուցե պատճառը նաև այդ համեստությունն էր, ինչպես որ ամենակուլ նախանձի դեմ դուրս գալու նրա ներքին հմտության բացակայությունը, որ չկարողացավ հասնել բոլոր այն բարձունքներին, որոնք անհամբեր իրեն էին սպասում՝ հանձնվելու համար:
Առանց մանկության մեծացածը
Ի՞նչ մանկություն պետք է ունենար երեխան, ով 18 տարեկան հասակում հայտնվել է Նարիմի «զտիչ» ճամբարում: 1936 թ. նրա հորը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատը տարավ՝ աստված գիտե միայն, թե ինչի համար, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչնչի համար, տարավ հենց այնպես, ինչպես սովորաբար: Ու ամենայն հավանականությամբ տարավ իսկապես ոչ մի բանի համար, որովհետև երկու-երեք տարի անց (այն ժամանակների համար դա ակնթարթային տևողություն էր) Նիկիտա Մերգելովին բաց թողեցին, իսկ պատերազմը սկսվելուց առաջ ընտանիքը Սիմֆերոպոլից Երևան տեղափոխվեց, որը, կասկածելի Թուրքիային մոտ գտնվելու պատճառով, զանգվածային էվակուացիայի ենթարկվող տարածք չէր: Եվ ահա այստեղ, Մերգելովին, որպես լավ մասնագետի, ստվարաթղթի գործարանը ոտքի կանգնեցնելու նպատակով իր մոտ է կանչում Հայաստանի կոոպերատիվների կոմիսարիատը:
Այստեղ ողջ ընտանիքը տեղավորվեց բակային հարմարություններ ունեցող մեկ սենյականոց տանը: Իհարկե սիբիրյան ճամբարից հետո սա իսկական առանձնատուն էր: Կահույքից Սերգեյին բաժին հասավ ընդամենը գրասեղանի մի հատվածը՝ դասերն անելու համար: Մերգելյանի կենսագիր, լրագրող Գրիգոր Ափոյանը հանգում է նրան, որ կար ժամանակ, երբ բոլոր առարկաներից Մերգելյանը միայն մաթեմատիկայից էր ետ մնում: Անհավանական է հնչում, բայց, ով գիտե, գուցե հենց այդ ետ մնալն էր, որ ապագա գիտնականի մեջ սպորտսմենին բնորոշ նախանձախնդրություն առաջացրեց, և այն էլ այնպիսի, որ 1943 թվականին նա միանգամից կարողացավ հանձնել թե 9-րդ դասարանի, թե 10-րդ՝ ավարտական դասարանի քննություններն ու դարձավ Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող:
Մերգելյանի առաջընթացն արդեն կատակ բան չէր, նրան էլ կանգնեցնել հնարավոր չէր: Համալսարանական 5 տարին նա ավարտում է 3 տարում, և 1946 թվականին դառնում դիպլոմակիր: Ի դեպ, հենց առաջին կուրսում նա ոչ լրիվ ամիս սովորելուց հետո դիմում է գրում՝ էքստերն քննություններ հանձնելու ու երկրորդ կուրս տեղափոխվելու խնդրանքով: Իսկ առջևում Մոսկվայում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան էր… Այդտեղ նույնպես պատանին ժամանակ վատնել չցանկացավ, գործնական կերպով հանձնեց թեկնածուական մինիմումները ընդամենը 1.5 տարում ու գրեց անհավանական մի դիսերտացիա, որի գիտական ղեկավարը ոչ այլ ոք էր, քան Մստիսլավ Վսեվոլոդովիչը: Այո, այո, խոսքը Կելդիշի մասին է…
Մերգելյանի դիսերտացիայի թեման այստեղ կարելի է նաև չնշել, որպեսզի գոնե մաթեմատիկներին չվախեցնենք, միայն անհրաժեշտ է ասել, որ ողջ աշխատանքը բաղկացած էր տասնյակ տարիների ընթացքում կուտակված «սպիտակ հետքերից» ու գիտական հանելուկների անվանական լուծումներից:
Սերգեյ Մերգելյանը, հավանաբար արդեն նյարդային խանգարման եզրին, սպասում էր գիտական խորհրդի որոշմանը, և իհարկե ինքն էլ նման դատավճիռ չէր սպասում: Ակադեմիայի թղթակից-անդամները, պրոֆեսորները միաձայն քննարկման դրեցին ինչպես դոկտորական թեկնածությունը, այնպես էլ, որպես բացառություն, գիտհետազոտողին մաթեմատիկական դոկտորի կոչում շնորհելու հարցը: Այսպես ահա, Մերգելյանը, որի 21 տարին էլ դեռ չէր լրացել, ի դեպ, որոշ երկրների չափորոշիչներով դեռևս անչափահաս, դառնում է խորհրդային գիտության ամենաերիտասարդ դոկտորը:
Ինչ-որ մի անգամ գերմանացի մաթեմատիկ Դավիթ Գիլբերտը գիտությունը թողած ու լավ պոետ դարձած իր աշակերտներից մեկի մասին այսպես է խոսել. «Ճիշտ վարվեց, մաթեմատիկայի համար նա քիչ երևակայություն ուներ»: Ակնհայտ է, որ աստված Մերգելյանին երևակայությունից չէր զրկել, և կարիերայի ընթացքում՝ 1952 թվականին, նա ստանում է Ստալինյան մրցանակ (այն ժամանակների համար հսկայական գումարներ), իսկ 1953 թ. խփում է ևս մեկ ռեկորդ՝ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ թղթակից-անդամը:
Մերգելյանի անվան ինստիտուտը և այլն…
Ոչ մի երևանցու մտքով չի անցնի Մաթեմատիկական մեքենաների Երևանյան գիտահետազոտական ինստիտուտն այդպես երկար անվանել, ընդամենը «Մերգելյանի ինստիտուտ» և վերջ, ամեն ինչ դառնում է հասկանալի: Իսկ «Մերգելյանը» այստեղ ոչ միայն ազգանուն է, այլ այդ նույն ինստիտուտի շուրջ գտնվող տարածքի ժողովրդական անվանումը, և այն էլ՝ բավական ընդարձակ տարածքի: Գործից տեղյակ մարդիկ վկայում են, որ 1956 թվականին այդ ինստիտուտի կառուցման նախաձեռնողները կարողացան իրենց գաղափարով «վարակել» Խրուշովին, ու ինստիտուտը Երևանում բացվեց միայն Մերգելյանի հեղինակության շնորհիվ: Այն տարիներին նման ինստիտուտներ (եթե իհարկե կային) Միության հարավային տարածաշրջաններում չէին կառուցվում: Ու Հայաստանը մինչև օրս հպարտանում է գիտության այդ բնագավառում ունեցած իր գերազանց հիմքով: Ու միշտ է պետք հիշել, որ այդ հաջողությունները դժվար թե իրականանալի դառնային առանց Սերգեյ Մերգելյան անունի:
30 տարեկանը չբոլորած Սերգեյ Նիկիտովիչը սկսում է ղեկավարել ինստիտուտը՝ լրացուցիչ դառնալով նաև Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի անդամ-թղթակից, ու իր ճանապարհին նա, կարելի է ասել, «ձեռքի հետ» կարողանում է ավարտել նաև Կոնսերվատորիայի վոկալի բաժինը: Սա արդեն սովորելու բան չէ…
Մաթեմատիկական իր վերլուծություններում նման տաղանդի առկայությունը թերևս մեծ օգնություն էր: Եվ նա չդարձավ «խցում փակված գիտնական», չդարձավ կաբինետային պրոֆեսոր, այլ ապրեց իր լիարժեք կյանքով՝ ընկերություն անելով գրողների, պոետների, կինոռեժիսորների, Ինդիրա Գանդիի ու Ջավախարլալ Ներուի հետ: Նման մարդիկ միայն իրենց գոյությամբ նույնիսկ շատերին են նյարդայնացնում, ընդ որում խոսքը ոչ միայն նախանձ-անհաջողակներին է վերաբերվում, այլ նաև միջազգային ճանաչման հասած բավական հաջողակ գիտնականների: Խանդը, ամեն դեպքում, թեկուզև իռացիոնալ, բայց չմեռնող երևույթ է…
Եվ ահա, ճաշակելով խորհրդային բավական ազդեցիկ գիտական հաստատության ղեկավարության բոլոր բարիքները, նա թողնում է տնօրինությունն ու հեռանում Մոսկվա՝ աշխատելու Վ. Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքսային անալիզի բաժնում, միաժամանակ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի բաժնի ակադեմիկ-քարտուղարի փոխտնօրեն: Ու հավանաբար, ամեն բան կարգին էլ կլիներ, եթե նա հենց այդտեղ մնար, բայց, ահա, Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահին հաջողվում է Մերգելյանին համոզել վերադառնալ Երևան:
Ստեղծագործող անձին ու գիտնականին ադմինիստրատիվ աշխատանքը հակացուցված բան է, առավել ևս այնպիսի մի աշխատանք, որը լի է ֆինանսական բախումների խարդախություններով: Զարմանալի ոչինչ չկա, որ նրա հոգեկան մաքրության ու նման գործերում փորձի պակասի պատճառով այստեղ ոչինչ չստացվեց, ինչից էլ որոշ շահագրգիռ կողմեր օգտվել չզլացան:
Այստեղ մենք Մերգելյանին նախանձողներին անուններ չենք տալու, նախ որովհետև խոսքը նրանց մասին չէ, և հետո էլ, գոյություն ունի այսպես ասած՝ անմեղության կանխավարկած, առավել ևս, որ հավանական չկամեցողներն արդեն լքել են մեղսավոր այս աշխարհը: Ու դա առհասարակ առանձին, կոմպետենտ զրույցի թեմա է: Ինչ էլ որ եղած լինի, ակնհայտն այն է, որ Սերգեյ Նիկիտովիչը զբաղվեց ոչ իր գործով: Նա ստեղծագործելու համար էր, իսկ ադմինիստրատիվ աշխատանքն այլ մարդկանց տարերքն է, մարդիկ, ովքեր գիտակ են այս գործում, ու նաև շնորհված են խորհրդային կառավարչական դաշտում գլուխ հանելու ունակություններով:
Սերգեյ Մերգելյանին Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում նշանակելն իհարկե գիտնականին նվաստացնելու մի փորձ էր: ԲՈՒՀ-ը բոլոր առումներով էր անհույս, և նրա վերջնական փլուզումը կգրեին Սերգեյ Նիկիտովիչի անվան տակ, բայց այստեղ, ահա, վերցրեց ու փլուզվեց ողջ Խորհրդային Միությունը: 1990 թվականին Մերգելյանը հեռացավ ԱՄՆ: Նա երկար տարիներ, միայն Մոսկվա այցելության փոքր ընդմիջումներով, դասավանդեց Կորնելյան հեղինակավոր համալսարանում:
Վերջին տարիներին Մոսկվա կամ Երևան այցելություն թույլ չէր տալիս առողջությունը, ու այդպես էլ ահա մնաց նա Ամերիկայում մինչև իր կյանքի վերջին օրերը: Մահից քիչ առաջ նրան շնորհվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ: Հեռավոր հայրենիքը վերջապես հիշեց, որ օվկիանոսից անդին ինքը գիտնական ունի, ով թևակոխել է իր կյանքի 8-րդ տասնամյակը: Նա կտակի մեջ գրել էր, որ իրեն թաղեն Մոսկվայում՝ կնոջ կողքին, ու մոխիրը նրա Ամերիկայից Մոսկվա բերվեց:
Փականագործ, սպորտսմեն, թե գիտնական, ոչ բոլորն են ի վիճակի խոստովանել դիմացինի առավելությունը սեփական անձի նկատմամբ: Դա միայն յուրահատուկներին է տրված, ու այդ հատկանիշի համար դատելը նույնն է, ինչ մեղադրել կոլորատուրային սոպրանո երգելու անկարողունակության մեջ: Միայն թե փոս փորել այն մարդու ոտքերի տակ, ով պետք է գերազանցի քեզ, ստոր նախանձի դրսևորում է, ու դա չունի ներում: Առավել ևս, որ մարդը այդ չի կարող դրան պատասխանել: Եվ դա էլ միայն այն պատճառով, որ նրա մտքով անգամ չի անցնի, որ իր ոտքերի տակ կարող են փոս փորել…
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը