Բոլորովին վերջերս կայացավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան: Հայկական իշխանության ղեկավարը բանակցություններ վարեց իր վրաց կոլեգա Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, ինչպես նաև հանդիպում ունեցավ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, և Ամենայն Վրաց Սրբագույն Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Այն մասին, թե որքան մեծ նշանակություն է տալիս հայկական իշխանությունը Վրաստանի հետ իր հարաբերություններին, վկայում էր պատվիրակության կազմը, որում ընդգրկված էին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Վրացական իշխանության հետ Կարապետյանը քննարկեց հարցերի մի լայն շրջանակ, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մասին:
«Երկկողմանի փոխհարաբերություններում մենք համագործակցության մի նոր փուլ ենք այսօր բարձրացել: Հայ- վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում, ինչն էլ հանդիսանում է հետագա զարգացման ու մեր հարաբերությունների ամրապնդման երաշխիք: Մեր պատվիրակությունը պատրաստ է հանգամանորեն քննարկելու տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես երկկողմանի, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից, և մենք կփորձենք համագործակցության հետագա ակտիվացման նոր ուղիներ գտնել»,- Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կարապետյանը:
Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել են Հայաստանից դեպի Ռուսաստան Վրաստանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքների մասին խոսակցությունները, և այս հարցը գտնվում է երկու երկրների հանրային ուշադրության կիզակետում: Բնականաբար հայկական և վրացական իշխանությունները չէին կարող իրենց բանակցություններում շրջանցել այս հարցը, առավել ևս, որ վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետերի խնդիրները (այստեղ լինում են մշտական ձնհալներ ու սելավներ) էական ազդեցություն են թողնում դեպի Ռուսաստան հայկական բեռների տեղափոխման վրա:
Հաշվի առնելով այն, որ նոր տրանսպորտային միջանցքների բացմանը խանգարում են Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պատճառով Ռուսաստանի ու Վրաստանի մեջ գոյություն ունեցող բարդ քաղաքական հարաբերությունները, հայկական կողմը բավական զգուշորեն է մեկնաբանում այս հարցը: Եվ պատահական չէր, որ նոր տրանսպորտային միջանցքների շուտափույթ ի հայտ գալու մասին մեկնաբանելու լրագրողների խնդրանքին Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց այսպես. «Ռուս-վրացական հարաբերությունները բավական փխրուն են, այդ պատճառով էլ դրանց մասին բարձրագոչ խոսքեր ասել չի կարելի»:
Հարկ է նշել, որ փետրվարի 7-ին Պրահայում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև կայացած հանդիպման արդյունքներով հայկական կողմի համար բավական հուսադրող մի լուր կա՝ ՌԴ-ն և Վրաստանը որոշեցին գործել համաձայն 2011 թ. ստորագրված «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին Ռուսաստանի դաշնության իշխանության և Վրաստանի իշխանության միջև ստորագրված համաձայնագրի»: Այդ պայմանագիրը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել ու զարգացնել տրանսպորտային հաղորդակցման ուղիներ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով, միաժամանակ չդիպչելով երկու հանրապետությունների կարգավիճակի խնդրին, և դա շնորհիվ այն բանի, որ մաքսային կետերի օպերատորի դերը պատկանելու է շվեյցարական SGS ընկերությանը:
Եվ պետք է ասել, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած հունվարյան իր այցից հետո առաջին անգամ խոսելով դեպի Ռուսաստան Վերին Լարսի այլընտրանքային տրանսպորտային ուղիների մասին, վերջերս հայտնեց նաև վրաց իր կոլեգայի հետ այդ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Եթե ձեզ հետաքրքրում է այն հարցը, թե կլինի՞ արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այո, կլինի: Մնացածի մասին հետագայում, ես դեռևս փակագծերը չեմ բաց անում: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել կապված ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հետ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Կարապետյանը:
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածքային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հետ հարցերի փորձագետ Ջոննի Մելիքյանը հայկական իշխանության ղեկավարի այցը Վրաստան գնահատեց դրական. «Կարծում եմ, որ դա կլինի Հայաստանի ու Վրաստանի միջև եղբայրական, փոխշահավետ ու իրավահավասար հարաբերությունների խորացման հերթական մի քայլ: Այցը կարող է նաև դառնալ ինչպես արդեն գոյություն ունեցող տարածաշրջանային ենթակառուցվածքների ու էներգետիկ նախագծերի իրագործման ուրույն խթանիչ, այնպես էլ կարող է նորերի ստեղծման համար հիմք ծառայել»,- հայտնեց նա Dalma News-ին:
Ընդ որում՝ փորձագետը բավական սկեպտիկ վերաբերմունք է ցուցաբերում դեպի Ռուսաստան Աբխազիայաի ու Հարավային Օսեթիայի տարածքներով նոր տրանսպորտային միջանցքների ի հայտ գալու հնարավորության, առավել ևս կարճաժամկետ առաջընթացի հետ կապված:
«Իրական այլընտրանքներն այսօր գոյություն ունեցող երթուղիների շինարարության ու նորացման նախագծերն են, հատկապես՝ Կազբեգի- Վերին Լարս (դեպի ՌԴ ելքով) ուղղությամբ, ինչպես նաև նոր ուղիների վերակենդանացումը, որոնք ունեն իրականացման հեռանկար՝ համեմատաբար կարճ ժամկետում՝ ծովային երթևեկության հոսքերի ավելացում՝ Փոթիի նավահանգստից (Վրաստան) դեպի Կովկասի նավահանգիստ (ՌԴ): Բացի այդ՝ ինչպես ինձ է թվում, կա նաև նոր երթուղիների հնարավորություն, սակայն նրանց գործարկման ժամանակավոր դադարը ենթադրում է միջնաժամկետ հեռանկար, և այն կարող է վերաբերվել Ռուսաստան-Վրաստան միջանցքին՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքով: Վերջինս տեսականորեն իրականանալի է, սակայն նրանց իրագործումը մտնում է ռուս-վրացական հարաբերությունների իրավասության ու փոխադարձ համաձայնության շրջանակներում (օրինակ՝ՌԴ և Վրաստանի միջև կնքված 2011 թ. նոյեմբերի համաձայնագիրը)»,- նշեց Մելիքյանը:
Փորձագետը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրինակ բերելով Վերին Լարսի այլընտրանքային ուղիները, անձամբ է նշել ծովային ուղու մասին, որն ի դեպ ոչ մի կերպ չի բացառում նշված այլ ուղղությունների հետ կապված հարցերի զարգացումը:
Ամեն դեպքում հայկական իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն վրացական կողմի համար (ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի) նուրբ այս հարցերի նկատմամբ, որպեսզի իրենց անզգույշ հայտարարություններով չխանգարեն ռուսական ու վրացական իշխանությունների երկխոսությանը: Եվ, օգտագործելով իրենց բարեկամական հարաբերությունները երկու երկրների հետ, դիվանագիտական կապերով (ցանկալի է ոչ հրապարակավ) պետք է աջակցեն այս խնդրի լուծմանը:
Հարկավոր է նաև վրաց հասարակության գիտակցությանը հասցնել, որ նոր տրանսպորտային միջանցքները տնտեսապես շահավետ կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ հենց Վրաստանի համար, ինչպես որ իր ժամանակին եղավ Վերին Լարսի անցակետի հետ, որն ի ի սկզբանե կոչված էր ապահովելու հայկական բեռների տեղափոխումը դեպի ՌԴ: Իսկ հիմա դրանից եռանդուն կերպով օգտվում են վրաց տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև ռուս զբոսաշրջիկները՝ Վրաստանում հանգստանալիս:
Չի կարելի նաև մոռանալ, որ 2011 թ. տրանսպորտային միջանցքների համաձայնագիրը ստորագրել է Միխայիլ Սահակաշվիլին, որը դժվար թե դա աներ Ռուսաստանի հանդեպ ունեցած իր համակրանքից, իսկ հիմա նրա կողմնակիցները տվյալ համաձայնագրի իրագործման հնարավորության համար քննադատում են գործող իշխանությանը՝ ի դեմս «Վրացական երազանքի»:
Ռուսաստանն էլ իր հերթին այս միջանցքների գործարկման հետ կապված պետք է կարողանա ստանալ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի համաձայնությանը, այլապես ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ, երբ անվտանգության ու սոցիալական ոլորտի ֆինանսավորման հարցերով Ռուսաստանից բացառապես կախում ունեցող հանրապետությունները դեմ են կանգնում այն նախագծերին, որոնք Մոսկվայի համար ունեն կարևոր նշանակություն, ընդունելով երբեմն նույնիսկ ավելի կոշտ դիրքորոշում, քան վրաց իշխանությունները, ինչպես որ դա եղավ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային երթևեկության վերականգնման հարցում:
Պատրաստեց՝ Հայկ Խալաթյանը