Թբիլիսիի ցուցասրահներից մեկում՝ Black & White Gallery թանգարանում կայացավ հայտնի հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Թբիլիսիի դեմքերը» խորագրով: Առաջին հայացքից նրա աշխատանքներում ոչ մի արտասովոր բան չկա՝ սև ու սպիտակ լուսանկարներ, սովորական դեմքեր: Բայց նույնիսկ ցուցահանդեսի անիրազեկ այցելուն միանգամից կարող է հասկանալ բուն գաղափարը՝ բազմազգ այս քաղաքի պատմությունը պատմել նրա բնակիչների լուսանկարների միջոցով:

… Հայ լուսանկարիչը ծնվել է Վրաստանում, բայց միայն 4 տարի ապրել Թբիլիսիում: Գերմանի  հայրը զինծառայող էր, այդ պատճառով տղան մինչև 12 տարեկան ստիպված էր ապրել է Թելավիի զինվորական կայազորում: 7 տարի առաջ աշխատանքի բերումով Գերման Ավագյանն առաջին անգամ եկավ Թբիլիսի ու սիրահարվեց այս քաղաքին: Դատարկ ձեռքերով հարազատ Երևան գնալ նա չէր ցանկանում, ու այդպես ստեծվեց «Թբիլիսիի դեմքերը» նախագիծը:

«Քաղաքով զբոսնելիս՝ ես նկատեցի գեղեցիկ փողոցներ, տներ… Եվ այդ ամենը լուսանկարների, նույնիսկ բջջային հեռախոսների միջոցով տեսնել հիմա կարող է ամեն ոք: Ու ես հասկացա մի բան՝ Թբիլիսիի ամենամեծ արժանիքը նրա բնակիչների դեմքերն են: Միանգամից ես տեսա բազմաթիվ դեմքեր ու նույնքան էլ մշակույթ: Հասկացա, որ այստեղ մարդիկ միայն միմյանց հարևան չեն դառնում, այլ մեկը մյուսից վերցնում ու մեկը մյուսին տալիս են: Թբիլիսիում ես հնարավորություն ունեմ շփվելու ադրբեջանցիների, վրացիների, հրեաների, ռուսների հետ… Ես ամենաիսկական մշակութային շոկն ապրեցի: Ինչ-որ նոր բան վերցրեցի ու փոխարենը ինձանից մի մասնիկ տվեցի նրանց…»,- Dalma News-ի հետ իր զրույցում նշեց Գերման Ավագյանը:

Մեզ հետ ունեցած հարցազրույցում Գերմանը կիսվեց այն մասին, որ Թբիլիսիում ցանկացած եղանակի լուսանկարներ անելու ցանկություն կա, ինչը չես կարող ասել գուցե այլ քաղաքների մասին. «Թբիլիսին ես կարող եմ լուսանկարել ցանկացած եղանակի: Հենց այդ պատճառով էլ ինձ թվում է, որ Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր հարստությունն այստեղ ապրող մարդիկ են»,- ասում է լուսանկարիչը:

16487284_376419026049470_4680044022686995328_o

Ընկերների, ծանոթ ու անծանոթ մարդկանց լուսանկարներից հայ լուսանկարիչը ստեղծել է փոքրիկ, սակայն հագեցած մի պատմություն: Նա ցանկացել է անմահացնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, սակայն ադրբեջանցիներին լուսանկարելու հարցում որոշ կասկածներ է ունեցել: Բայց բարդագույն այդ հարցի լուծումը չափազանց հեշտ գտնվեց. Ինքը գտնվում է Թբիլիսիում, մի քաղաք, որտեղ էթնիկ կոնֆլիկտներ գոյություն չունեն, այստեղ իշխում են համերաշխությունն ու հյուրընկալությունը:

«Ես լուսանկարել եմ գրեթե բոլորին, բայց ադրբեջանցիների հետ չգիտեի ինչպես հաղորդակցվել: Դիմեցի ընկերոջս, իսկ նա անմիջապես զանգահարեց շեյխ Վագիֆ Ակպերովին: Նա ինձ կանչեց մզկիթ ու ասաց. «Լուսնկարիր ում ուզում ես»,- հիշում է Ավագյանը:

Նրա խոսքերով՝ լուսանկարների մեծ մասն արված են ռուսական ու հայկական եկեղեցիների մոտ, սակայն շինությունները չեն երևում, որպեսզի դրանք իրենց գեղեցկությամբ չշեղեն դիտողին: Այս ընտրությունը լուսանկարիչը բացատրում է նրանով, որ եթե ինքը մարդկանց նկարեր Marriott հյուրանոցի մոտ, ապա բոլորը կնայեին միայն հյուրանոցին:

«Չէի ուզում ցույց տալ լուսանկարում մի բան, որը կխանգարեր տեսնել մարդկանց դեմքերը: Անձամբ ինձ այդ լուսանկարները մեծագույն էմոցիոնալ հաճույք են պարգևել: Ինձ մոտենում էին մարդիկ ու ասում, որ իմ լուսանկարներում իրենք տեսել են իրենց հարազատ մարդկանց, ովքեր այլևս ողջ չեն»,- ավելացրեց Ավագյանը:

Լուսանկարների մեծ մասն արվել է 2010 թ.-ին: Միջոցառման հյուրերից մեկը լուսանկարներից մեկում գտավ իր հորը, ով մահացել է երկու տարի առաջ: Գերման Ավագյանն ակամա անմահացրել է պատմությունը, առանձին մարդկանց ու ողջ քաղաքը: Ավագյանն իրեն պրոֆեսիոնալ չի համարում, բայց գտնում է, որ լուսանկարչությունն իր կյանքի մի մասն է, և այնպես, ինչպես մարդուն չի կարելի հարցնել, թե նա ինչպես է շնչում, նույն սկզբունքով էլ չի կարելի հարցնել, թե ինչու է նա տարվել լուսանկարչությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Վրաստանի մահմեդականների ղեկավարության նախկին ղեկավար շեյխ Վագիֆ Ակպերովը, ով Dalma News-ի հետ կիսվեց իր տպավորություններով:

16426124_376422712715768_3983459102689694124_n

«Մի անգամ Գերմանը եկավ մեզ մոտ՝ մզկիթ, ու մեզ իր նախագծին ծանոթացրեց: Որքան ես գիտեմ, Գերմանն ապրել է ԱՄՆ-ում, ու իրեն արևմտյան արժեքների մարդ է համարում: Այդ ժամանակ ես էի շեյխը, և Գերմանն ինձանից օգնություն խնդրեց: Դա ինձ համար մեծ պատիվ էր: Այդ լուսանկարներում ես բազմաթիվ ծանոթ մարդկանց տեսա: Նրանց մեջ էին նաև Թուրքիայի քաղաքացի, կրոնական մի կազմակերպության անդամ Էմի Շակաշը, մոլլա Յասինը, միխոսքով հավատացյալ մարդիկ: Սկզբում նա հենց ինձ նկարեց»,- ասաց Վագիֆ Ակպերովը:

Կրոնական գործչի խոսքերով՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ոչ մի կերպ չի անդրադարձել Գերման Ավագյանի հետ իր ընկերության վրա: «Ես Վրաստանի քաղաքացի եմ, և իմ պարտքն է կապ հաստատել ցանկացած էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի հետ: Ցուցահանդեսն ինձ դուր եկավ: Այստեղ իսկական Թբիլիսյան խառնվածք կա: Եվ այս քաղաքը յուրահատուկ է նրանով, որ նրանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են միասին տարբեր նախագծեր ու այլ բարի գործեր իրականացնել»,- եզրափակեց Ակպերովը:

16299544_211648262641523_8919890430746986835_n

Թբիլիսյան հայտնի լուսանկարչի, մեծն Սերգեյ Փարաջանովի աշակերտ ու կենսագիր Յուրի Մեչիտովի խոսքերով «Թբիլիսիի դեմքերը» ցուցահանդեսը այն մեծ սիրո արտահայտումն է, որը Գերման Ավագյանը տածում է Վրաստանի մայրաքաղաքի հանդեպ:

«Նրան միշտ հետաքրքրել է Թբիլիսյան ֆենոմենը, այն որ սրանք միայն կառույցներ չեն, որոնք իհարկե քաղաքին նույնպես արտաքին տեսք են հաղորդում: Նա փորձել է հասկանալ այստեղ ապրող մարդկանց, նայել նրանց հոգուց ներս: Սա հեշտ չէ, և հանդիսատեսը պետք է գնահատի, թե որքանով է դա նրան հաջողվել: Քաղաքը փոխվում է, իսկ Թբիլիսյան խառնվածքը՝ մնում: Ընդհանրապես վրաց մարդու ֆենոմենի էությունը նրանում է, որ նա երջանիկ է, երբ տալիս է: Մշակութային այս կոդն ընդունված է Թբիլիսիում ապրող բոլոր ազգերի կողմից, և այդ կոդի ներքո միավորվելն էլ հենց թբիլիսցիների գլխավոր հատկանիշն է: Իսկ այս դեպքում արդեն ազգությունը, ինչպես նաև կրոնը կորցնում են իրենց նշանակությունը: Այլապես այսօր մենք բոլորս էլ կարող ենք լուսանկարել: Նկարիչ-լուսանկարիչը նպատակադրված հայտարարում է այդ մասին, ինչով էլ տարբերվում է սովորական, սիրողական բնույթի լուսանկարչից»,- ասում է Յուրի Մեչիտովը:

16602193_376418306049542_786101674100721690_o

Ցուցահանդեսի կազմակերպումն ու անցկացումն անհնարին կլիներ առանց Երևանում ընթացիկ տարվա սկզբում ստեղծված «Կովկասյան համագործակցություն» հասարակական կազմակերպության աջակցության, որի հիմնադիրն ու ղեկավարը հանդիսանում է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը (2011-2014թթ.):

«Նրանք իրենց արմատներով Թբիլիսիի հետ կապված մարդիկ են: Մենք ցուցադրումը հենց այս քաղաքում իրականացրինք, քանի որ հենց այստեղ են ապրում բազմաթիվ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Եվ այդ ներկայացուցիչները լրացնում են միմյանց՝ ստեղծելով ընդհանուր կոլորիտ ու հարստացնելով միասնական մշակույթը»,- հայտարարեց նա:

Մնում է հուսալ, որ շուտով հայ հանդիսատեսը նույնպես հայտնի լուսանկարչի աշխատանքները տեսնելու, դրանք գնահատելու ու զգացմունքային բերկրանք ապրելու հնարավորություն կունենա:

Պատրաստեց՝ Շ. Կարչավան

Լուսանկարները՝ Յուրի Ակուլյանի և Նինի Դեիսաձեի