Թեթև թմրադեղերի կողմնակիցները Վրաստանում առաջին անգամը չէ, որ դրանց օգտագործման պատիժը վերացնելու նպատակով բողոքի ցույցեր են կազմակերպում: Ավելի վաղ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրը «Սպիտակ աղմուկի շարժում» վրացական հասարակական կազմակերպությունը հերթական դեմարշը կազմակերպեց Թբիլիսիի խորհրդարանի մոտ: Այս անգամ ընդվզողները փորձեցին փակել բանուկ ճանապարհը, որի պատճառով ոստիկանության հետ տեղի ունեցավ ծեծկռտուք, ինչի արդյունքում ձերբակալվեցին ակցիայի մի քանի մասնակիցներ:

«Սպիտակ աղմուկի շարժումը» ցույցի ժամանակ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանից պահանջում էր սկսել թեթև թմրանյութերի ազատականացման գործընթացը՝ դրանց օգտագործումն ապաքրեականացնելու ճանապարհով, ներառելով նաև թեթև տիպի թմրանյութերի ձեռք բերման ու օգտագործման ադմինիստրատիվ պատժի վերջնական վերացումը:

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ վրաց հասարակությունն արդեն վաղուց համաձայն է մարիխուանայի ապաքրեականացման գաղափարի հետ: Բացի այդ՝ «Սպիտակ աղմուկի շարժումը», համագործակցելով ավելի քան 40 ոչ կառավարական կազմակերպությունների հետ, պատրաստում են այսպես կոչված «Թմրանյութերի ազգային հարթակը», որը, նրանց  կարծիքով կդառնա թմրանյութերի օգտագործման նկատմամբ կիրառվող պատժիչ քաղաքականություն այլընտրանքը:

Ինչ վերաբերվում է ակցիայի անցկացման օրվա ընտրությանը, այն խորհրդանշական էր ու պետք է գրվեր պատմության էջերում, որպես թմրանյութ պարունակող հաբերի օգտագործման նկատմամբ կիրառվող ճնշման վերջին օր՝ Վրաստանում: Ինչպես հայտնում են «Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդները, արդեն վաղուց ետևում են մնացել այն ժամանակները, երբ մարդիկ թմրանյութ օգտագործելու համար պետության կողմից պետք է ենթարկվեն բռնության:

Իսկ եթե…

cms-image-000009242

«Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնի»  ղեկավար Լաշա Քիլաձեն գտնում է, որ մարիխուանայի ազատականացման դեպքում Վրաստանում կտրուկ կմեծանա այն օգտագործողների թիվը: Նրա կարծիքով՝ թմրանյութերի ապաքրեականացման գործընթացը երկրի համար լուրջ հետևանքներ կբերի, և բնակչությունն այդ ռիսկերի մասին պետք է լինի տեղեկացված:

«Կշեռքի մի նժարին մենք ունենում ենք թմրամոլությունից տառապող մարդու, մյուսին՝ այն սպառնալիքը, որի առաջ հայտնվելու է պետությունը՝ թմրամոլության տարածման դեպքում: Դժվար է լինելու գծել այն սահմանը, որը զատելու է թմրանյութերի օգտագործման անձնական ազատությունը թմրանյութ պարունակող նյութերի տարածման ռիսկից: Այս հարցում համընդհանուր մոտեցում լինել չի կարող»,- ասում է Քիլաձեն:

Եթե Քիլաձեի համար լիովին հասկանելի է մարիխուանայի ապաքրեականացումը պաշտպանող ոչ կառավարական կազմակերպությունների ընդվզումը, ապա, իր խոսքերով, բոլորովին հասկանալի չէ նման պահանջներ առաջ քաշելու քաղաքական կուսակցությունների գաղափարները:

cfbc2056284cff9Ինչպես գիտական, այնպես էլ հասարակական լայն շրջանակներում  այս հարցի հետ կապված հստակ կարծիքներ դեռևս չեն ձևավորվել: Վրաց երգիչ Կախի Ցիսկարիձեն, ավելի հայտնի Կախուչելա կեղծանունով, հակառակը, կարծում է, որ մարիխուանայի ազատականացումը երկրին զգալի եկամուտ կբերի, որը կարող է օգտագործվել կրթության համակարգի ու սոցիալական ապահովագրության ոլորտներում:

«Ես կառավարությանն առաջարկում եմ հեշտ ու արագ փող աշխատելու միջոց: Ինչպես նաև  ստացված միջոցների ճիշտ օգտագործման ճանապարհ: Պետք չէ թմրադեղեր վաճառել գիշերային ակումբներում, թող այն կառավարությունն ինքը վաճառի»,- խորհուրդ է տալիս երգիչը:

zurab-japaridzeՎրացական «Գիրչի» նոր քաղաքական կենտրոն ընդդիմադիր կուսակցության հիմնադիր-առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն, գտնում է, որ կառավարությունը դիտավորյալ է հարցի լուծումը հետաձգում՝ միաժամանակ գումարներ շորթելով հարյուրավոր հեռակա կարգով դատապարտված քաղաքացիներից: Քաղաքականի կարծիքով՝ մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն ընդունել իրենց առողջությանն ու սեփական մարմնին վերաբերվող որոշումներ: Նա հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ մարդու մարմինը նրա սեփականությունն է, և թե ինչ կանի նա այդ մարմնի հետ, դա պետությանը չի վերաբերում, իսկ թմրանյութերի հասանելիության սահմանափակումը կարելի է դնել տարիքային շեմի և ակցիզների օգտագործման միջոցով:

«Հարցն այստեղ մարդու առողջության վրա մարիխուանայի օգուտը կամ վնասը չէ: Վրաստանում վաղուց ազատականացված են ծխախոտն ու ալկոհոլը, դրա համար էլ մենք վախենալու ոչինչ չունենք»,- պնդում է Ջափարիձեն:

15826594_1451033288281459_6558077347301822889_n

Ի նշան բողոքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Զուրաբ Ջափարիձեն ու իր կողմնակիցները  մարիխուանա ցանեցին «Գիրչի» կուսակցության գրասենյակում, անվանելով այն որպես կառավարությանը ներկայացված վերջնագիր: Բողոքի նման յուրահատուկ գործողությունը ուղիղ եթերով ցուցադրվեց վրացական մի քանի հեռուստաալիքներով:

Դրանից մի քանի օր անց կուսակցության Facebook-յան պաշտոնական էջում տեղադրվեցին ցանած «բերքի» նկարներ: Եվ, չնայած Վրաստանի գործող օրենսդրության ակնհայտ խախտմանը, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 10-ը ՆԳՆ աշխատակիցները կուսակցության գրասենյակ չայցելեցին:

Վրաստանի ՆԳՆ-ում կատարված այդ քայլն անվանեցին ընդդիմադիր գործողություն, ավելացնելով, որ վարչությունն արդեն սկսել է հետաքննությունը՝ Վրաստանի ՔՕ 265 հոդվածով՝ «Թմրանյութեր պարունակող բույսերի անօրինական տնկում, աճեցում կամ մշակում»: Օրենքի այս խախտումը սպառնում է ազատազրկում՝ 2-5 տարի: Որպես հետաքննության ընթացք, հունվարի 11-ին «Գիրչի» կուսակցության գրասենյակ ժամանեցին օրինապահ մարմինների աշխատակիցները:

«Ինչո՞ւ են նրանք հենց հիմա ժամանել, ի՞նչ էր նրանց խանգարում դա անել դեկտեմբերի 31-ին, կամ հունվարի 1, 2-ին: Նրանք ունեն հետախուզության իրավունք ու ասում են, որ մտադիր են հետաքննության շրջանակներում գրասենյակում իրականացնել որոշակի գործողություններ: Ամենայն հավանականությամբ դա մարիխուանայի տնկիների տարաների ստուգումներն են լինելու, ուզում են համոզվել, արդյո՞ք մենք մարիխուանա ենք տնկել այդտեղ, թե ոչ»,- հայտարարեց Ջափարիձեն՝ «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Եվ ի՞նչ է այդ ամենի մասին մտածում գործող «Վրացական երազանք» իշխանությունը

sazog-2-deSov

Թեմային մեկնաբանություն տալով՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն նշեց, որ կառավարությունը պատրաստ է վերանայել թեթև թմրանյութերի օգտագործման հարցը: Նրա խոսքերով՝ շահագրգիռ անձանց հետ հանդիպումներն ու խորհրդակցություններ իրականացվել են ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ դրանցից հետո: Խորհրդարանի նախագահը կարծում է, որ այս հարցի հետ կապված օրենքն ունի վերանայման կարիք:

Խորհրդարանի Առողջապահական հանձնաժողովի ներկայացուցիչ Դմիտրի Խունդաձեն իր հերթին գտնում է, որ մարիխուանա օգտագործողների 30 %-ը հետագայում անցնում է ավելի ծանր թմրանյութերի: Եվ հենց մարիխուանան էլ այնքան անվնաս չէ, որպեսզի թույլատրվի դրա ազատ վաճառքը:

233538123Խուդաիձեն նաև կառավարությանը խորհուրդ է տալիս որոշում ընդունելուց առաջ գործի գցել անհրաժեշտ բոլոր զսպող լծակները, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի թեթև թմրանյութեր օգտագործողների թվի աճ:

«Իմ կարծիքով մարդիկ մարիխուանա օգտագործելու համար չպետք է ձերբակալվեն: Անշուշտ, որոշակի ազատականացում անհրաժեշտ է, սակայն ինչ-որ փոփոխություններ կատարելուց առաջ պետությունը պետք է պատրաստ լինի անցանկալի հետևանքներ կրելուն: Մենք չպետք է ռիսկի ենթարկենք բնակչությանն ու մեր հաջորդ սերնդին»,- զգուշացնում է Դմիտրի Խունդաձեն:

234237261

Ի՞նչ է ասում վիճակագրությունը

Վրացական մարզերի շարքում մարիխուանա օգտագործող լիդեր- մարզը Գուրիան է: Նրան հաջորդում է Մցխեթա-Մթիանեթին: Բացի այդ՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզում մարիխուանան առավել տարածված է կանանց շրջանում, իսկ Ռաչա-Լեչխումիում «խոտ» ծխում են բացառապես թույլ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Այդպիսին են «Ալտերնատիվա Ջորջիա» թմրանյութերից կախվածության կենտրոնի և Ազգային առողջության ու հիվանդությունների վերահսկման կենտրոնի համատեղ անցկացված հետազոտության արդյունքները: Այս նախագիծը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) և Չեխական զարգացման գործակալության  (CzDA) ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հետազոտությունն ավելի մասշտաբային էր և իրականացված էր ալկոհոլի ու այլ հոգեմետ նյութերի կտրվածքով: Այսպես, հետազոտական դաշտային աշխատանքների ընթացքում, որոնք իրականացվեցին 2015 թվականի դեկտեմբեր ամսին, հետազոտողների կողմից հարցման ենթարկվեցին 4, 805  հազար մարդ, որոնց 55,7 %-ը կանայք էին: Հարցվողների տարիքային կազմը 18-65 էր:

Ինչպես պարզվեց հարցումների արդյունքում՝ միջինում հարցվողների 15,9 %-ը կյանքում գոնե մեկ անգամ ծխել էր մարիխուանա: Մարիխուանա օգտագործողների միջին տարիքը տղամարդկանց շրջանում կազմում էր 19-22, իսկ կանանց՝ 20-22: Տղամարդկանց շրջանում նվազագույն տարիքը 12-ն էր, կանանցը՝ 17-ը:

Համաձայն արդյունքների՝ մարիխուանա կամ կանեփ ծխելն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում: Իսկ Վրաստանի որոշ մարզերում «խոտ» ծխել իրենց կյանքում գոնե մեկ անգամ փորձել են տղամարդկանց շուրջ 70 %-ը: Միևնույն ժամանակ, անանուն հարցման ընթացքում հարցվողների 0.6 %-ը խոստովանեց, որ կյանքում գոնե մեկ անգամ ներերակային թմրանյութեր են ընդունել:

«Չնայած հետազոտության արդյունքները բնակչության շրջանում հոգեխթանիչ նյութերի օգտագործման մասին որոշակի պատկերացումներ տալիս են, այնուամենայնիվ տվյալների ամբողջական նկարագիրը դարձյալ բացակայում է»,- հայտնում են «Ալտերնատիվա Ջորջիա» կազմակերպությունում:

Հետազոտության նախաձեռնողների կարծիքով՝թմրանյութերի օգտագործման տվյալների առկայությունը նախապայման է հանդիսանում հարցի լուծման ընտրության համար, ինչպես նաև թույլ է տալիս ընտրել ճիշտ ռազմավարություն՝ տվյալ երևույթի դեմ պայքարի հարցում: Առաջներում երբեք Վրաստանում նման հետազոտություն չէր իրականացվել: Իսկ այսօր Մոնիթորինգի ու թմրանյութերի իրավիճակի ինֆորմացիոն կենտրոնին երկիրը (EMCDDA) անհրաժեշտ տվյալներն ունի ներկայացնելու:

Հ.Գ. Թեպետ հետազոտություններից ստացված տվյալները մխիթարական կոչվելուց բավական հեռու են, այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, Վրաստանի բնակչության 70 %-ը կողմ է քվեարկում մարիխուանայի ապաքրեականացմանը՝ չմտածելով առաջին հայացքից անմեղ այդ քայլի հնարավոր հետևանքների մասին…

Շ. Կարչավա

Լուսանկարները՝ Sputnik Грузия