Համաշխարհային ճանաչում ունեցող վրացուհի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Նինո Սուրգուլաձեն մանուկ ժամանակ ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից: Բայց նրա աչքերի յուրահատուկ կրակն ու ձայնի արտասովոր հնչերանգը դեռ այն ժամանակներից էին վկայում երգչուհու արտիստիկ բնույթի մասին:
Իր մասնագիտական կարիերան Նինոն սկսեց Անաստասիա Վիրսալաձեի անվան Թբիլիսիի արվեստի դպրոցից: Տարիներ անց նա արդեն խաղում էր մյուզիքլներում ու ելույթ էր ունենում մենահամերգներով: Նինոն հասցրել է նաև նկարահանվել «Մետիչարա», «Սովորական փասիանս», «Վալսը՝ Պեչորայում» ֆիլմերում: Ստանձնած դերերից մեկի համար նա նույնիսկ արժանացել է Ժնևյան կինոփառատոնի հատուկ մրցանակին: Չնայած իր բազմակողմանի զարգացվածությանն ու հետաքրքրասիրություններին՝ Նինոն որոշեց իրեն նվիրել երգին, և օպերայի երկնքում բոցավառվեց համաշխարհային մեծության մի նոր աստղ… Այս տարվա ապրիլ ամսին Նինոն արժանացավ օպերայի միջազգային՝ «International Opera Award» պատվավոր մրցանակին, կարելի է ասել՝ օպերային «Օսկարին»:
1990-ական թթ.՝ Վրաստանի լճացման տարիներին, Նինոն որոշում է լողալ հոսանքին հակառակ ու հասնել հաջողության՝ ինչ գնով էլ որ լինի: 2001 թվականին Թբիլիսյան կոնսերվատորիան ավարտելուց հետո նա մեկնում է Իտալիա՝ Լա-Սկալա ակադեմիայում ուսումը շարունակելու: Արդեն այդ ժամանակ երգչուհին ուներ երկու մրցանակ, ինչպես և երեք հատուկ մրցանակ՝ Բարսելոնայում անցկացվող Վենիաս միջազգային մրցույթից: Այդ ամենի համար, սակայն, Նինոն թանկ է վճարել: Սկսած19 տարեկանից նա մենակյացի կյանք է վարում՝ իրեն ամբողջությամբ նվիրելով աշխատանքին: Իհարկե երգչուհու ջանքերն անհետ չեն կորչում: 2002 թ. երիտասարդ վրաց երգչուհին մենահամերգի իր սեզոնն է բացում միլանյան հռչակավոր Լա-Սկալա բեմում: Իր իսկ խոսքերով՝ երբեք ձեռք բերածով չի բավարարվում, ու իր կարիերային հաջողությունների համար անսահման շնորհակալ է ծնողներին, ովքեր հանուն դստեր շատ զոհողությունների են գնացել:
Նինո Սուրգուլաձեի դրական հատկանիշների մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել: Հնարավոր է նույնիսկ, որ ես փոքր-ինչ սուբյեկտիվ եմ դատում, քանի որ միշտ եղել եմ իմ տաղանդավոր ու գեղեցիկ համերկրացու երկրպագուն: Այսօր նա համերգներով հանդես է գալիս աշխարհի մի շարք քաղաքներում՝ Հռոմում, Լոնդոնում, Ջենովայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Միլանում, Համբուրգում, Պարմայում, Նեապոլում, Նյու-Յորքում, Գրացում, Վերոնայում, Չիկագոյում, Թել-Ավիվում, Ֆրանկֆուրտում, Թուրինում, Զալցբուրգում, Սեուլում… և սա ամբողջական ցուցակը չէ: Խաղացանկը նրա չափազանց բազմազան է՝ գլխավոր դերեր՝ Բիզեի, Վերդու, Շոստակովիչի, Օֆֆենբախի, Մոցարտի, Չայկովսկու, Բելլինիի օպերաներում:
«Ռոմեո և Ջուլիետ». 1830 թ. իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին Շեքսպիրի հայտնի ստեղծագործության հիման վրա ստեղծում է «Մոնթեքքի և Քոփուլեթթի» օպերան: Օպերայի տարբերիչ առանձնահատկությունն այն էր, որ Ռոմեոի դերը խաղում էր կին-արտիստ: Այն ժամանակ՝ 1830 թ. մեցցո-սոպրանո Ջուդիտտի Գրիզին այդ դերի համար ամենահամապատասխանը գտնվեց: Դժբախտ սիրահարների երիտասարդ ձայները գրեթե նույն տեմբրն ու ռեգիստրն ունեին, ինչն էլ խորհրդանշում էր նրանց ճակատագրերի նմանությունը: Խոսակցություններին էին տարածված, որ կոմպոզիտորը հատուկ է սիրահարված երիտասարդի դերում կին ներկայացրել, քանի որ Ջուդիտտի Գրիզին սիրային կապի մեջ էր Բելլինիի հետ, և որ իբր դրանով կոմպոզիտորը ցանկանում էր հաճելի բան անել երգչուհու համար:
Այսօր՝ Բելլինիի օպերայի պրեմիերիայից գրեթե մեկուկես դար անց, Նորվեգիայի ազգային թատրոնի բեմում Ռոմեի դերում հանդես է գալիս Նինո Սուրգուլաձեն… Նորվեգական մամուլը հետևյալ հրապարակումն է արել.
«Ձայնային ցածր տեմպն ու Ռոմեոյի ձայնի յուրահատուկ ջերմությունը բոլոր դետալներով համընկնում էր Ջուլիետտայի դերը կատարող Քրիստինա Մխիթարյանի ձայնի հետ: Օպերային երգչուհիներին այնքան բնական էին երգում, ասես մեկ ամբողջության տարբեր մասերն են կազմում»:
Այն մասին, թե ինչպես նրան տղամարդու դեր առաջարկեցին, պատրաստվո՞ւմ է արդյոք երգչուհին կինոմատոգրաֆիա վերադառնալ, թե ոչ, նա պատմեց Dalma News-ի թղթակցի հետ ունեցած էքսքլյուզիվ հարցազրույցի ժամանակ:
Նինո, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ տղամարդու դեր առաջարկեցին:
Երկու տարի առաջ ես մասնակցում էի Վերդիի «Աիդա» բեմադրությանը՝ Նորվեգիայում: Հենց այդտեղ էլ ինձ տեսան: Ընդհանրապես մեցցո-սոպրանոներին հաճախ են տղամարդու դերեր առաջարկում, սակայն Ռոմեոյի դեր ես անցյալում չէի կատարել: Դա աննկարագրելի մի փորձ էր ինձ համար: Այդ բեմադրությունում ամեն բան համընկնում էր՝ Բելլինիի շքեղ երաժշտությունը, իմ զուգընկերուհու՝ Քրիստինա Մխիթարյանի հիանալի ձայնը…
Ինչպե՞ս էին անցնում փորձերը:
Բեմադրությունը վստահեցին գերմանացի ռեժիսոր Նիկոլ Ռաաբիմին, ով հայտնի էր բեմում իր օրիգինալ վարվեցողությամբ: Նրա հետ աշխատելը հետաքրքիր, սակայն բարդ էր: Ռաաբիմը հանդիսատեսին հրամցրեց Շեքսպիրյան ողբերգության ժամանակակից տեսլականը, ընդ որում՝ ներկայացման ռեժիսուրան դրանից չտուժեց: Մոնթեքքին ու Կոպուլեթթին ներկայացվում են որպես սև ու սպիտակ աշխարհների երկու հակապատկերներ:
Որքա՞ն ժամանակում պատրաստ եղավ ներկայացումը:
Փորձերը երկար տևեցին: 6 շաբաթ, օրական 8 ժամ: Վոկալի համար դա ծանր բան է: Ռոմեոյի դերը կատարման տեսանկյունից բավական բարդ է, ընդ որում, այդ դերը խաղալիս, ստիպված ես անընդհատ շարժման մեջ գտնվել, թռչել ու դրա հետ մեկտեղ նաև երգել: Բայց դահլիճը բավական ջերմ ընդունեց ներկայացումը, և նորվեգացի հանդիսատեսին ես էլ ավելի շատ սիրեցի:
Բայց Ռոմեոն Ձեր առաջին տղամարդկային դերը չէ, ճի՞շտ է:
Ճիշտ է, Մոցարտի «Տիտություն» օպերայում, Հոֆմանի հեքիաթներում ես խաղում եմ Սեքսթուսի դերը: Եվ մեկ այլ տղամարդկային դեր եմ խաղացել մեկ ուրիշ «Ռոմեո և Ջուլիետտա» բեմադրությունում՝ Ռոմեոյի ընկերոջ՝ Ռոմեո-Ստեփանոսի դերը: Դա էլ շատ օգտակար ու հետաքրքիր փորձ էր ինձ համար:
Ինչպիսի՞ հոգեվիճակ եք ունենում տղամարդու դեր ստանձնելիս:
Փորձերի ընթացքում հաճախ էի հիշում «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը: Այդ ֆիլմում կնոջ հագուստներ հագած տղամարդը հաճախ էր կրկնում «ես կին եմ» արտահայտությունը: Իսկ ես պետք է կրկնեի հակառակը՝ «ես տղամարդ եմ»: Այդպես ահա գլխովի մտա խաղի մեջ: Առհասարակ, ես հաճախ եմ յուրացնում իմ խաղացած դերերի որոշ հատկանիշներ: Եվ այս անգամ իմ մեջ կարծես թե տղամարդկային որոշ կեցվածք մնաց: Չէ՞ որ կարևոր է ամեն մանրուքը: Հանդիսատեսը հիմար չէ… խաղացածդ դերն այն աստիճան ճշմարտամոտ ու համոզիչ պետք է լինի, որ նա քեզ հավատա: Սակայն չափն անցնելն էլ պետք չէ, քանի որ բնականն ավելի պակաս կարևոր չէ:
Սուսերամարտի վարժությունները փորձերի ժամանա՞կ եք սովորել, թե՞ առաջներում զբաղվել եք եղել այդ սպորտաձևով:
Ես առաջ էլ եմ սուսերամարտով զբաղվել, սակայն ծնված օրվանից իսկական սուր ձեռքս երբեք չեմ վերցրել: Իսկ ահա Ռոմեոյի դերը կատարելու համար ողջ սուսերամարտին պիտի տիրապետեի: Ներկայացմանը պատրաստվելիս մեներգիչներն ու դերասանները սուսերամարտի դասեր էին առնում հատուկ հրավիրված պրոֆեսիոնալից: Այնպես որ սուսերամարտին հատուկ ժամեր էին տրամադրված: Համարձակորեն կարող եմ ասել, որ այդ դերը ֆիզիկական ու հոգևոր մեծ պատրաստվածություն պահանջեց: Բելլինու Ռոմեոն Շեքսպիրյան Ռոմեոյից շատ է տարբեր: Նա իսկական մարտիկ է, ով սովոր չէ պարտվելուն: Եվ այդ մարտիկը մինչև վերջին շունչը մարտնչում է հանուն իր սիրո…
Փորձերին զուգահեռ՝ բավական հետաքրքիր լուսանկարների շարք եք արել…
Այո, ես հասկացել եմ, որ Եվրոպայում փիառին հատուկ ուշադրություն են դարձնում: Եվ այդ ֆոտոշարքը փիառ-ընկերության մի մասն էր: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնելը, թե ինչպես են տեսահոլովակներ պատրաստում: Մեզ նկարահանում էին 12 տեսախցիկներով, որպեսզի բեմում կատարվող գործողությունները կարողանան տեսնել ոչ միայն Նորվեգիայում, այլ ամբողջ աշխարհում: Ողբերգության վերջին ներկայացումը ֆեյսբուքով ուղիղ եթե դուրս եկավ:
Հաճելիորեն զարմացած էի նաև այն փաստից, որ դահլիճում 15-16 տարեկան բազմաթիվ երիտասարդներ կային՝ գրեթե 750 հոգի: Դա իմ հոգում վառեց այն լույսը, որ օպերան ու դասական երաժշտությունը ապագա ունեն…
Ինչպե՞ս օպերան Ձեր կյանք մտավ:
Մանուկ հասակում երգչուհու կարիերայի մասին ես չեմ երազել, ավելի շատ թեքվում էի դեպի կինոն ու թատրոնը: Խոստովանում եմ, որ նույնիսկ կոնսերվատորիայում սովորելու տարիներին չէի մտածում, թե երգչուհի եմ դառնալու: Հայրս հաճախ էր լսում դասական երաժշտություն ու օպերային հայտնի ստեղծագործություններ, այնպես որ, կամա, թե ակամա երաժշտությունն իմ կյանք մտավ:
Անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է:
Շատ քիչ, որովհետև չափազանց մեծ ուժեր եմ ներդնում աշխատանքի մեջ: Այդ ամենին գումարած նաև ֆոնդում իմ աշխատանքը: Սակայն ապագայի պլաններ կազմելուն դա չի խանգարում:
Կընդունե՞ք ֆիլմում նկարահանվելու առաջարկ:
Եթե սյուժեն հետաքրքրի, ինչո՞ւ ոչ: Ես բավական հագեցած գրաֆիկ ունեմ, չնայած կարծում եմ, որ վատ չէր լինի համատեղել: Իրականում թատրոնը, օպերան և կինոն բոլորովին տարբեր սպեցիֆիկա ունեն: Ես իմ ոչ մի դերը չեմ խաղում, ես այդ դերերով ապրում եմ, զգում եմ այն ամենը, ինչ պիտի զգա հերոսը: Իսկ ֆիլմում դա չէ գլխավոր գործոնը:
Որքա՞ն հաճախ եք Թբիլիսիում լինում:
Աշխատում եմ լինել հնարավորինս հաճախ: Հայրենիքից հեռու՝ ես շատ եմ կարոտում հայրենիքս: Վրաստանում են ապրում եղբայրս, զարմիկներս, ծնողներս, որոնք արդեն պատկառելի տարիք ունեն, և բնականաբար ուշադրության կարիք: Այստեղ են ապրում իմ լավ ընկերները… Այդ ամենն ինչ կապում է Վրաստանին: Ես ապագայի բազմաթիվ պլաններ ունեմ, ուզում եմ ամեն լավն անել ինչպես իմ, այնպես էլ ուրիշների համար: Հիմա երկար ժամանակ եմ ստիպված անցկացնել արտասահմանում:
Ձեր՝ «Ցանկությունների ծառ» ֆոնդն օգնում է բազմաթիվ երեխաների կյանքեր փրկել: Ձեզ նման երիտասարդ կնոջ համար, ով նույնիսկ մայրության բերկրանքը դեռ չի ապրել, ի՞նչն է դարձել պատճառ՝ զբաղվել նման բարեգործությամբ:
Ես վաղուց արդեն երեխա չեմ, և դա անելու համար բավարար փորձ ու էներգիա ունեմ: Եվ քանի դեռ սեփական ընտանիքս չունեմ, կարող եմ ինձ թույլ տալ այլ երեխաների մասին հոգ տանել: Չնայած չեմ կարծում, թե ընտանիք ստեղծելով կփոխեմ իմ աշխարհայացքը: Բնականաբար ընտանիքը հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում կյանքի իր ուղին ու իր առաջ կենսական առաջնահերթություններ սահմանում: Փաստացի մեր ֆոնդը 4 մարդուց է բաղկացած: Մենք դիտավորյալ աշխատողների թիվը չենք ավելացնում՝ դրանով կրճատելով ծախսերը: Ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ բարեգործական համերգներ անցկացնել՝ միաժամանակ փրկելով ինչ-որ մեկի կյանքը:
Միջոցառումներից ստացված առյուծի բաժինը պատկանում է «Սոկար» ընկերությանը, Թբիլիսիի քաղաքապատերանին ու Վրաստանի մշակույթի նախարարությանը:
Որո՞նք են ապագայի պլանները:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20:30-ին նախատեսվում է «Ցանկությունների ծառ» ֆոնդի հերթական միջոցառումը՝ թբիլիսյան Ֆիլհարմոնիայում: «Սոկար» ընկերությունը, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերությունը կազմակերպում են Նոր տարվան նվիրված գալա-համերգ, որի ժամանակ հանդիսատեսին բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Կփորձենք էլի մի քանի կյանքեր փրկել ու ավելի երջանիկ դիմավորել 2017 թ.-ը:
Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել Ամանորը:
Օրենքով այդ ժամին ես պետք է լինեմ ինքնաթիռում: Չնայած որ շատ կուզենայի այդ տոնը ընտանիքիս հետ դիմավորել, բայց… ինչպես կստացվի: Ասում են՝ «Ինչպես դիմավորես Նոր տարին, այդպես էլ այն կանցկացնես», իսկ իմ կյանքը անվերջ թռիչքներ ու ճանապարհորդություններ են…
Այս Նոր տարվանից հատուկ ինչ-որ բան սպասո՞ւմ եք:
Մանկությունից մինչև օրս Նոր տարին իմ ամենասիրած տոներից մեկն է, որն ինձ վերադարձնում է մանկություն: Բազմաթիվ անգամներ եմ ես Նոր տարին հիանալի մարդկանց շրջապատում անցկացրել՝ աշխարհի լավագույն վայրերում, սակայն ես ամենաշատը կուզենայի Նոր տարին դիմավորել տանը:
Պատրաստեց՝ Շորենա Պապաշվիլին:
Լուսանկարները վերցված են Նինո Սուրգուլաձեի Ֆեյսբուքյան անձնական էջից: