Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը, Կոտայքի մարզի ոչ պաշտոնական ղեկավար և հայ սպորտսմենների ամենամեծ ընկեր Գագիկ Ծառուկյանը մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունի: Ամեն ինչից դատելով՝ կարելի է ասել, որ նա նաև մտադիր է կրկին գլխավորել ժամանակին իր իսկ ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նա իր ֆինանսական միջոցների ու նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից տրամադրած աշխատանքային ռեսուրսների շնորհիվ կարողացավ վերածել Հայաստանի երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական ուժը:
Հաշվի առնելով Ծառուկյանի դրամական միջոցները, նրա մոտ պահպանված ինֆորմացիոն («Կենտրոն» հեռուստաընկերություն) և աշխատանքային ռեսուրսները (հատկապես Կոտայքի մարզում), ինչպես նաև բարեգործի համբավը, դա իր էական ազդեցությունը կթողնի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա: Բացառված չէ, որ «Բարգավաճ Հայաստանին» կրկին կհաջողվի իշխող Հանրապետական կուսակցությունից հետո (ՀՀԿ) մանդատների քանակով զբաղեցնել երկրորդ տեղը խորհրդարանում:
Իրավիճակին հատուկ կծվություն է հաղորդում 2015 թվականի փետրվար ամսին «մեծ քաղաքականությունից» Ծառուկյանի հեռանալուն ուղեկցող աղմուկը: Ավելի ճիշտ կլինի ասել՝ վիրավորական այն արտահայտությունների բնորոշումը, որով նրան «պարգևատրեց» Հայաստանի նախագահ ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վերջինս կասկածներ հայտնեց Ծառուկյանի մտավոր ունակությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ «քաղաքական դաշտը հայկական ըմբշամարտի ֆեդերացիան չէ, և այստեղ այլ որակներ են անհրաժեշտ», որ «Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ, չարիք է երկրի համար», և որ «հայրենիքը մեզ նրա համար չէ տրված, որ այն կրկեսի վերածենք»:
Նախագահը նաև հայտարարեց, որ անհրաժեշտ է քաղաքական դաշտն ամբողջովին մաքրել ֆեոդալական տրամաբանությունից, և որ «եկել է ժամանակը՝ սրիկային՝ իր, տգետին՝ իր, մոլորվածին իր տեղը ցույց տալու համար», միաժամանակ հանձնարարելով պետական համապատասխան մարմիններին ճշտելու Ծառուկյանի՝միլիարդ դրամների չվճարած հարկերի ու բազմաթիվ քրեական հանցագործությունների քողարկման նպատակով պրոֆեսիոնալ համակարգ ստեղծելու մասին տարածված խոսակցությունները:
Ընդդիմական նրա խաղերին ու «հայկական Իվանիշվիլի» դառնալու անուրջներին տրված իշխանությունների կոշտ պատասխանը օլիգարխի համար իսկական ցնցում եղավ:
Իշխանությունների կողմից նետված մարտահրավերն ընդունելու ու իշխանափոխության համար ժողովրդին փողոց դուրս կանչելու բարձրագոչ հայտարարություններից ընդամենը մի քանի օր հետո Ծառուկյանն անձնատուր եղավ՝ միաժամանակ հարևանցիորեն հայտարարելով իրենից «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի ու նրա խորհրդարանական խմբակցության ղեկավարի պարտականությունները հանելու մասին: Իր անձնատրությունը Ծառուկյանը հիմնավորեց նրանով, որ ցանկանում է խուսափել Հայաստանում «մայդան» ու արյունահեղություն ստեղծելուց, դրանով իսկ հաստատելով հայ հայտնի քաղաքական խորհրդատու Կարեն Կարապետյանի իրավացիությունը, ով մեկնաբանելով Ծառուկյանի ընդդիմական ուղղվածությունը, իր ժամանակին ասաց, որ Հայաստանում գոյություն ունեցող քաղաքա-տնտեսական իրականության մեջ «ընդդիմադիր-օլիգարխը հավասար է հայտնի անեկդոտի հրեա-հավաքարարին»:
Հիմա, երբ Ծառուկյանը վերադառնում է, բավական անհարմար վիճակում են հայտնվում ինչպես Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ արած ՀՀԿ-ական, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանի» այն ներկայացուցիչները, ովքեր կուսակցության առաջորդի հեռանալուց հետո որոշեցին փախչել խորտակվող նավից:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ ներկայացուցիչներին, ապա Ծառուկյանը հոկտեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը բոլորին ներել է: «Ծառուկյանը նենգ չէ, նա բարի ու ներող է: Թող բոլորն իմանան, որ ես իրենց բոլորին ներել եմ»,- ասաց նա լրագրողներին:
Դրան ի պատասխան՝ ՀՀԿ մամլո-քարտուղար և Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն այնպիսի բան չի արել, որի համար նրան ներեն: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով Ծառուկյանի ներողամտության մասին խոսակցությունը, ասաց հետևյալը. «Ինչ վերաբերում է ներելու կամ չներելու հայտարարություններին, իհարկե դա քրիստոնեաբար է: Քրիստոնեական բարոյականությունը ավելի է առաջ գնացել՝ ստեղծելով «Ներիր, որ ներվես» սկզբունքը»:
Ընդ որում՝ հետաքրքիր է հենց Ծառուկյանի դիրքորոշումը՝ կապված իր վերադարձի հետ: Մինչ նրան հավատարիմ ուղեկիցները քարոզներ են իրականացնում՝ նախապատրաստելով հանրությանը «հաղթական» վերադարձին՝ԶԼՄ-ների մի շարք հարցազրույցների ու օլիգարխի տան շուրջ հավաքված միտինգների միջոցով, որտեղ ժողովուրդը «խնդրում է բարերարին վերադառնալ», ինքը՝ Ծառուկյանը, հանդես է գալիս հետևյալ տիպի հետաքրքիր հայտարարություններով՝ «ես ինքս քաղաքականություն վերադառնալ չեմ ցանկանում, ինձ դա հարկավոր չէ, բայց եթե դուք խնդրեք…»:
Հենց այսպես կարելի է գնահատել նրա վերջին հանդիպումը՝ լրագրողների հետ: Երբ Ծառուկյանին խնդրեցին մեկնաբանել երկու տարի առաջ փակած էջը կրկին բաց անելու պատրաստակամության մասին իր իսկ խոսքերը, նա ասաց. «Ծառուկյանը ողջ աշխարհում հարուստ ու հարգված անձնավորություն է, չի ապրում քաղաքականությամբ ու չի կարող իր ուսերին վերցնել այդ բեռը, որպեսզի օգնի ու աջակցություն ցույց տա, ինչն էլ ամեն օր անում է: Դա կարելի է անել նաև քաղաքականություն չվերադառնալով: Դեռ պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ բեռն իր վրա վերցնի»:.
Հետաքրքիր է նաև այն, որ «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում Ծառուկյանը մնալու է ընդդիմությունում՝ իշխանափոխության պահանջով: Եվ դա այն դեպքում, երբ Սարգսյանի ու Ծառուկյանի միջև հարաբերությունների կարգավորումն ակնհայտ է, որի ապացույցն էլ նախագահի մշտական մասնակցությունն է օլիգարխի խոշոր բիզնես-ծրագրերի բացման արարողություններին: Դժվար թե անցյալ տարվա իրադարձություններից հետո Ծառուկյանը որոշեր վերադառնալ՝ առանց Սերժ Սարգսյանի համաձայնությունն ստանալու:
Ամենայն հավանականությամբ, իշխանությունը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Բարգավաճ Հայաստանի» դիրքն ամրացնելու միջոցով մտադիր է ցրել ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածի ձայներն ու դրանով ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը, որը նրան հիանալի կերպով հաջողվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ավանդաբար ընդդիմադիր ուղղվածություն ունեցող Գյումրիում ու Վանաձորում:
Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստանի» շարքերը լքած կուսակցականներին, ապա նրանց համար Ծառուկյանի վերադարձը (որը նշանակում է նախկին կուսակցության դիրքերի լուրջ ամրապնդում) ավելի ցավոտ կլինի: Հատկապես, որ նրանց կողմից ստեղծված «Միասնություն» (Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան) և «Դաշինք» (Տիգրան Ուրիխանյան) կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցույց տվեցին վատ արդյունքներ՝ չկարողանալով հաղթահարել ընտրական շեմը՝ Գյումրիում ու Վանաձորում:
Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն հետաքրքիր է նաև այս տարի աշնանը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Այսպես, օրինակ՝ Ալեքսան Հարությունյանը Արգենտինայի դեսպանի իր պաշտոնը փոխեց նախագահ Սարգսյանի խորհրդատուի պաշտոնի հետ: Իսկ ժամանակին Քոչարյանի աշխատակազմի ղեկավար ու նախկին նախագահին ամենամոտ կանգնած մարդկանցից մեկը՝ Արմեն Գևորգյանը այս տարվա հոկտեմբերին նշանակվեց արդեն նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Ծառուկյանը նույնպես համարվում էր «Քոչարյանի մարդը», ում իշխանության օրոք դարձավ հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը, և որի ուղղորդմամբ մտավ քաղաքականություն՝ ստեղծելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Նշանակո՞ւմ է արդյոք, որ սա Քոչարյանի դիրքերի վերականգնման իրական ջանքեր են, թե՞ Սերժ Սարգսյանը նման քայլերի միջոցով վերջնականապես զրկեց նախկին նախագահին նրա թիմի ազդեցիկ անդամներից, դա էլ արդեն ցույց կտա ժամանակը…
Հայկ Խալաթյան