Ի սկզբանէ էր Բանն՝ ասված «Խալդի աստծո մեծությամբ», երբ «Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց այն Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների…»:

Ամրոց: Բնակավայր: Քաղաք: Մայրաքաղաք… Հազվադեպ է պատահում, երբ նման էվոլյուցիան տեղի է ունենում երկու-երեք սերնդի ընթացքում: Երևանի դեպքը հենց այդպիսիններից է: Դեռևս ապրում են մարդիկ, որոնց հիշողություններում պահպանված է մայրաքաղաքի կառուցումը՝ «մանանեխային ամայությունից»: Նրանց աչքերի առջև կոշտ ու երբեմն էլ դաժան հողից վեր խոյացավ մի քաղաք, որի անունով մենք երդվում ենք, ուշագնացության աստիճան սիրում ենք ու անպայման վերադառնում ենք նրա գիրկն այնտեղից, ուր շպրտել էր մեզ ճակատագիրը:

Գրեթե երեք հազար տարի… Տիեզերքի համար այն ակնթարթ է, սակայն մարդկային հիշողության համար՝ ժամանակի անդունդ, և այդ անդունդի եզրին մաշկդ սառչում է… Ծնվել ու մեռել են ազգեր, քաղաքներ ու երկրի երեսին թափառող քամիներից քշված կայսրություններ, և քամիներն այդ բազմիցս վերադարձել են ի շրջանս յուր: Երկրի երեսին ոչինչ հավերժ չէ, սակայն հնագույն թագավորի դարեր անցած ամրոցը նշում է իր ծննդյան երկու հազար յոթ հարյուր իննսունութերորդ տարեդարձը: Նրան վիճակված էր դառնալու հայկական պետության թվով 12-րդ մայրաքաղաքը:

***

Առաջին հանրապետության հռչակումից ու դրան հաջորդած խորհրդայնացումից հետո, քաղաք, որպես այդպիսին, գոյություն չուներ: Հազիվ 30 հազարի հասնող բնակչություն, փոշոտ փողոցներ… Որպես Էրիվանի խանության ու Ցեղասպանության ժառանգություն՝ ընդամենը մի քանի շրջանների ու փողոցների հայկական անվանումներ, մնացածը ռուսական էին (Աստաֆյան, Կոմենդաթյան): Դիզենտերիան ու համաճարակը՝ ինչպես այսօր գրիպը, ջրի հետ՝ բարդ էր, իսկ կլիման բոլորովին էլ կուրորտային չէր: Մի քանի եկեղեցի ու մզկիթ, տներ՝ հիմնականում կավաշեն, ահա և այն ժամանակվա ողջ Էրիվանը: Շահումյանի արձանի փոխարեն Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին էր, իսկ հրապարակն այն ժամանակ կոչվում էր Տաճարի հրապարակ, հետո տաճարը բավական հետաքրքիր թանգարանի վերածվեց` Անտանտի զավթած տեխնիկայով, իսկ 1931 թ. այն փլուզեցին:

krepostnaya_ul_nikolskiy_sobor
Крепостная улица. Никольский собор. Ереван

Այնպես որ, քաղաքը երկար ժամանակ որևէ նշանակալի շինություն, բացի սեփական ամրոցից, չուներ: 1920-ականների սկզբին Երևանի կառուցապատումն սկսեցին ֆինանսավորել հարուստները, առաջին հերթին՝ գործարաններ ու ընկերություններ ունեցող Աֆրիկյանների ընտանիքը, Եսայի Ջանփոլադովը՝ ստեղծելով առաջին թատրոնը հետագայում Սպայի տուն անվանումը ստացած հայտնի շինությունում (հիմա այն չկա), վաճառական Ալեքսանդր Ազիզյանը, որի տղան դարձավ Ռադիոտան հիմնադիրը, ինչպես և կաշեգործ Գաբրիելյանները:

Իսկ քաղաքի կառուցումը սկսեցին Վասիլի Միրզոևն ու Բորիս Մեհրաբյանը: Առաջինը ուսանել էր Թիֆլիսում, Մոսկվայում, Պետերբուրգում: Ֆինլանդիայում անցկացրած պրակտիկայից հետո Միրզոևը Հայաստանում աշխատելու խնդրագիր է ներկայացնում, ու այդպիսով էլ հայտնվում Էրիվանի նահանգի կառավարչությունում՝ լինելով միակ հայ-մասնագետը: 1903 թվականին նա նախագծեց ջրային ցանց, որը գործի դրվեց միայն դրանից 7 տարի անց: Բանը նրանում էր, որ նա երկու տարվա ընթացքում պետք է նախագծեր ու կառուցեր ձիաքարշային տրամվայ, տարօրինակ է, բայց այն ժամանակ տրամվայի ներկայությունը պարտադիր պայման էր քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման համար: Միրզոևը հասարակական ու բնակելի մի շարք կարևոր շինություններ ստեղծեց, որոնք փոխեցին քաղաքի ձևը: Խորհրդային տարիներին նա պետական տարբեր պաշտոններում աշխատեց, ստեղծեց «Հայկական տեխնիկական հասարակությունը», որը միավորում էր Երևանյան տեխնիկներին:

prokladka_tramvaynyh_liniy
Прокладка травмайных линий. 1928 год

Մեհրաբյանը կառուցեց Քաղաքային դուման, բանկեր, խաղատներ և այն ժամանակվա հայտնի լիմոնադի Գիլանյանց գործարանը: Սակայն նրա ամենակարևոր աշխատանքը թերևս դարձավ քաղաքի հատակագիծը՝ 1911 թ. դրությամբ նշված բոլոր շինություններով, ինչն էլ մեկ տասնամյակ անց դարձավ թամանյանական գլխավոր հատակագծի համար հիմք:

Երկու «Մ»-երի՝ Միրզոևի ու Մեհրաբյանի գլխավոր ձեռքբերումը քաղաքի քաղաքային ենթակառուցվածքի ստեղծումն էր, տնտեսական ու կենցաղային հաղորդակցության միջոցները, հատկապես ջրամատակարարման համակարգը: Այս մարդկանց հուշարձաններն են դարձել երևանյան հայտնի «պուլպուլակները»՝ խմելու ցայտաղբյուրները՝ ամենահամեղ սառը ջրով՝ ամեն քայլափոխի ջրով ու զովությամբ տկար այդ հողին ի հակառակ: Վերջերս թվում էր, թե շուտով դրանք առհասարակ կվերանան, բայց փառք Աստծո, ավանդույթները շարունակվում են…

***

Ալեքսանդր Թամանյան– մարդ, ում մասին արդեն ասվել ու գրվել է այնքան, որ կրկնվելու կարիք չկա: Թամանյանը հանճար է՝ չխուսանաված լիովին հասկանալի ու նույնքան հանճարեղ մարդկային սխալներից, եթե հաշվի առնենք անձի մեծությունը: Թամանյանի երազանքը 150 հազար բնակիչ ունեցող այգե-քաղաքն էր: Երևանի կլիման յուրահատուկ է, հողն էլ, այստեղ ոչ բոլոր բույսերը կարող են գոյատևել: Այն միտեսակ տարայի մեջ ասես լինի՝ բոլոր կողմից շրջապատված լեռներով, օդն այստեղ վատ է շրջապտույտ կատարում, կրկին ջրի հետ կապված տխրահռչակ խնդիրները: Թամանյանին խորհուրդ տվեցին մայրաքաղաքը կառուցել ներկայիս Աբովյան քաղաքի տեղում, այնտեղ կլիման ավելի լավն է, օդը թարմ է, տեղն ավելի մեծ է, ժայռեր էլ կան՝ իջնող, Երևանյան ագահ սողանքներով հողերի փոխարեն, Չերեմուշկայի տխուր փորձը՝ որպես օրինակ: Թամանյանը սակայն համառ էր, ու կարիք չկա հիմա կռահելու, թե ինչ կստացվեր այն բանից, եթե նա հետևեր այդ խորհուրդներին: Նա ստեղծեց այն, ինչ ստեղծեց, ու հիմա մենք առանց նրա ստեղծագործության ինքներս մեզ չենք պատկերացնում:

627cbc9b856de548ff618126a27261d4
Ալեքսանդր Թամանյան

Թամանյանի նպատակը քաղաքի ընդարձակումն էր այնպես, որպեսզի կողմնորոշվելը այդտեղ հեշտ լիներ. քաղաքի կենտրոնում փողոցների շառավիղները միավորվում են մեկ օղակում: Այդ կենտրոնում պետք է լիներ ներկայիս Օղակաձև այգու նման՝ հետիոտնային, զբոսանքային տարածք: Եվ այդ ամենն անշուշտ պետք է արմատապես կանաչապատված լիներ:

Թամանյանական քաղաքը պետք է ունենար գլխավոր մայրուղիներ, առաջին հերթին՝ Ստալինյան պողոտան (նույն ինքը՝ Լենինյանը, ներկայումս՝ նույն ինքը՝ Մաշտոցինը), նրան հատող Գլխավոր պողոտան, ինչպես նաև՝ Հյուսիսային պողոտան՝ ծայրահեղ տարբեր նրանից, ինչի վերածել են նրան այսօր: Այն պետք է հասներ Հանրապետության Հրապարակ, և այդտեղ պետք է տեղակայվեին միայն կառավարական շինությունները: Ի դեպ, տարօրինակ չթվա՝ Թամանյանը նույնպես նախագծել էր քսանհարկանի բարձրաշենքեր:

***

Բարեբախտաբար, Թամանյանը հիանալի շարունակողներ ունեցավ: Նա ավարտին հասցրեց հատակագիծը, սակայն երբ սկսեցին կառուցել նոր շինությունները՝ օրինակ՝ նույն Օպերան, Թամանյանն այլևս ողջ չէր: Նրա գործը շարունակեցին որդիները՝ Յուրին ու Գևորգը: Թամանյանի ընկեր-գործընկերն էր Կարո Հալաբյանը՝ հայտնի իր մոդեռնիզմով, մասնավորապես՝ Նալբանդյան փողոցի վրա գտնվող տունը՝ Հրշեջ ծառայության դիմաց: Նիկոլայ Բունիաթյանը ստեղծեց «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը, «Երևան» ու «Սևան» հյուրանոցների շենքերը (վերջինս նույնպես չկա), Թումանյան ու Նալբանդյան խաչմերուկներին գտնվող երկու հիանալի առանձնատները: Սամվել Սաֆարյանը իրականացրեց գլխավոր հրապարակի նախարարությունների համալիրի շինարարությունը, Գիտությունների ակադեմիայի շինությունների ողջ համալիրը: Կարելի է նաև Միքայել Մազմանյանի անունը հիշատակել, ինչպես նաև Քոչարինը, բնականաբար…

Ելնելով իր ռելիեֆի առանձնահատկություններից՝ Երևանը դարձավ եռամակարդակ մի քաղաք. դեռևս տասնյակ տարիներ առաջ գերմանացի մասնագետները այդ երևույթը նշել են համաշխարհային քաղաքաշինության մեջ:

Այդ մարդկանց կենդանության օրոք Երևանի բնակչությունը մոտեցավ կես միլիոնի…

***

Քաղաք ասվածը միայն շինություններն ու դրա բաղադրիչ տարրերը չեն: Այն դրանում ապրող մարդիկ են՝ ովքեր նրան մշակութային ու մարդասիրական մակարդակ են հաղորդում: Այս իմաստով Երևանի համար կարևոր դերակատարություն են ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանն ու Ասքանազ Մռավյանը՝ երկուսն էլ բոլշևիկ, հասարակական գործիչ, սակայն այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Շատ դեպքերում հենց նրանց ջանքերի շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերից հայրենիք կանչվեցին հայ մշակութային գործիչները: Դա հայրենադարձության առաջին ալիքն էր՝ իր հետ բերող նույն Թամանյանին ու Հալաբյանին, Սարյանին ու Սպենդիարյանին:

Նախ հարկավոր էր կրթության համակարգ ստեղծել, ընդ որում՝ նախադպրոցականից: Ամերիկայի Վուդրո Վիլսոն նախագահի օրոք, ում այդպես սիրում են Հայաստանում՝ իբր թե հայերի համար բարեխոսում էր, բացվեցին այսպես կոչված՝ Ամերկոմները: Նրանք, իհարկե կրթում էին անկիրթ ու հաճախ էլ՝ մուրացիկ երեխաներին, սակայն ամբողջությամբ ետին պլան էին մղում ազգային մշակույթն ու հայ ավանդական դաստիարակության առանձնահատկությունները: Այդ պայմաններում անգնահատելի եղան առաջին մանկապարտեզներն ու դպրոցները, որտեղ կողք-կողքի սովորում էին հայ, ռուս, քուրդ ու ադրբեջանցի երեխաները:

1921 թվականը նշանավորվեց նրանով, որ նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Սեդրակ Առաքելյանը երեքով կազմավորեցին գեղարվեստական առաջին ուսումնարանը, որն այժմ դարձել է ակադեմիա: Օպերայի ու բալետի առաջին գեղարվեստական ղեկավար Ռոմանոս Մելիքյանը հիմնեց երաժշտական ստուդիա, որը երկու տարվա ընթացքում վերածվեց կոնսերվատորիայի: 1924 թվականին Երևան այցելեց մեծն Ալեքսանդր Սպենդիարյանը, ով իր երաժշտության մեջ միավորում էր հայերի, ռուսների, ուկրանացիների ու ղրիմի թաթարների ավանդույթները: Գունավոր հեռուստատեսության գյուտարար Հովհաննես Ադամյանի հարազատ եղբոր՝ Արշակ Ադամյանի հետ միասին նա 1925 թվականին ձևավորեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

***

Կառուցվեցին գործարաններ, օդանավակայաններ, ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից լիարժեք քաղաքին: Մինչ մեզ հասած ծանոթ Երևանի ուրվագիծը մնաց անելու վրձնի մի քանի հարված: 1950-60 թթ. փայլեց ճարտարապետ Մարկ Գրիգորյանի աստղը: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, ներկայումս՝ Ազգային ժողովի շենքը, Լենինի հրապարակի կապի և միությունների տան աշխատանքի ավարտը, «Արմենիա» հյուրանոցն ու իհարկե Մատենադարանը՝ ճարտարապետական ստեղծագործության գագաթնակետը և ժամանակակից հայ ճարտարապետության գլուխգործոցը:

1970-ականների կեսեին գլուխ բարձրացրեց մետրոպոլիտենի կառուցման հարցը: ԽՍՀՄ-ում անհեթեթ մի օրենք կար՝ մետրո կարելի է կառուցել միայն այն քաղաքներում, որտեղ բնակչության թիվը միլիոնից ավել է: Երևանն այդ ժամանակ դեռ «միլիոնատեր» չէր, դրա համար էլ մետրո սկսեցին կառուցել՝ «ստորգետնյա տրամվայ» ծածկանվամբ, հավանաբար որ ոչ-ոք գլխի չընկներ: Շահագրգիռ անձիք հասկանում էին, որ երկար չի հաջողվի միութենական ղեկավարության գլուխը տանել, և ողջ ուժով սկսեցին քաղաքի բնակեցման երկրորդ ալիքը՝ նման 20-ականներին թթ. թամանյանական նախագծի իրականացման համար կատարվածին: Միայն թե մասշտաբների տարբերություն կար՝ քաղաքը վերաբնակեցվում էր ամբողջ գյուղերով: Երևանը բախվեց նախկինում գոյություն չունեցող խնդիրներին՝ ընդ որում՝ հոգեբանական, ադապտիվ բնույթ կրող, սակայն դա արդեն այլ թեմա է…

Այսպես Երևանի բնակչությունն անցավ միլիոնից, շարժվեցին մետրոի գնացքները, բլրի վրա ձգվեց Մարզահամերգային համալիրը: Ամառային երեկոներին վերջապես փչեց երկար սպասված քամին՝ զովություն բերելով բաց երկնքի տակ գտնվող լեփ-լեցուն սրճարաններին, որոնցից մեկում խռպոտ ձայնով մորաքույր Հռիփսիկը երեկ սեղան զբաղեցրածներին աղաչում էր այսօր ազատ թողնել դրանք՝ հապա, թե ինչպիսի հերթ է: «Հրազդան» ստադիոնը քաղաքի կենտրոնում երկրպագուների ցնծության ալիքներն էր ծփում, իսկ դասախոսությունների ժամանակ ձանձրացող ուսանողները սուրճ ու պաղպաղակ էին վայելում երկրորդ հարկում գտնվող սրճարանում՝ դրսից չի երևում: Թվում էր, թե կյանքը ստացվել է…

Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ…

Քաղաքի ապագայի հետ կապված հարցը դեռ մնում է բաց: Ժամանակը թող դատի: Ժամանակին Օպերայի թատրոնի հետ կապված քիչ կրկնօրինակներ չոչնչացվեցին՝ շատերը գտնում էին, որ այն ընդհանրապես համահունչ չէ սիրելի քաղաքի պատկերին…

Ծիծաղելի է, այնպես չէ՞…

Ռուբեն Գյուլմիսարյան