Որոլոգիայի պրոֆեսոր Ռուբեն Բորոյանին մասնագետների շրջանում ներկայացնելու կարիք չկա, մնացածներին լուսավորելու համար, կարելի է ասել, որ Բորոյանը ղեկավարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Մալաթիա» Երևանյան բժշկական կենտրոնների ուրոլոգիական կլինիկաները, այժմ էլ լինելով Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի զարգացման գծով փոխտնօրեն, չի դադարում լինել նաև որպես գործող բժիշկ:

Նման մակարդակի մասնագետները գովազդի կարիք չունեն, և մեր խոսակցության թեման էլ ոչ թե կոնկրետ ուրոլոգիան էր, այլ ընդհանուր բժշկության վիճակը, որը, կարելի է համարել բարդ: Ստեղծված լճացումային իրավիճակից Ռ. Բորոյանը առաջարկում է որոշակի ելքեր՝ հույսերը մասնավորապես կապելով հայկական կառավարության աշխատաոճի փոփոխության հետ: Բորոյանն իր շահը, ինչպես նաև փիառ չի հետապնդում, նրա խոսքերով՝ կամավոր հիմունքներով պատրաստ է մասնակցություն ցուցաբերել բժշկության վերակենդանացման գործին:

Իսկ բժիշկը համեմատելու բան ունի, նա Եվրոպայի ու ԱՄՆ-ի լավագույն կլինիկաների աշխատանքային սկզբունքներին սեփական փորձով է ծանոթ: Ինչպես ասում է նա, աշխարհում առողջապահության ամենահավասարակշռված համակարգն ընդունված է համարել ֆրանսիականը, սակայն պատճենել այն մեզ համար հնարավոր չէ՝ չափազանց տարբեր են երկրների զարգացվածության մակարդակները՝ թե տեխնիկական ոլորտում, թե նյութական հնարավորությունների հարցում, և թե տվյալ առարկայի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով:

unnamed

Այդ պատճառով էլ Ռ. Բորոյանը գտնում է, որ Հայաստանին կարող էին օգնել ժամանակին Վրաստանում ընդունված միջոցները, այս երկու պետությունները միանգամայն համադրելի են: Խոսքը դարձյալ կույր կրկնօրինակման մասին չէ, մոտեցումը պետք է լինի գիտակցաբար՝ ուղեղի ու հաշվարկների հետ փոխադարձ ներդրմամբ: Պրոֆեսորը համոզված է, որ վրացական համակարգն աշխատում է, և արդյունավետ է թեկուզ միայն այն պատճառով, որ ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը, աղքատներին ու հարուստներին: Իսկ մեզ մոտ, եթե վերցնենք օրինակ պետպատվերը, ոչ բոլորին է բավականեցնում, և բժշկական ծառայությունների ֆինանսավորումն էլ կատարվում է ընդհանրապես անհայտ տեղից վերցված դրույքաչափերով, այնպես, որ հաստատություններին նման գներն ընդհանրապես ձեռնտու չեն: «Հետո էլ բժիշկներին կաշառակերության մեջ են մեղադրում»,- ասում է պրոֆեսորը:

Այնուամենայնիվ, ամեն ինչի մասին հերթով…

Առողջապահության ու փորձարկումների վտանգը

Տխուր իրականություն է այն, ասում է Ռուբեն Բորոյանը, որ առողջապահության սոցիալականացման փորձեր անող երկրները երբեմն ստանում են ծառայությունների ծայրահեղ ցածր որակ, կաշառակերության բարձր մակարդակ, դեֆիցիտային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում: Հիվանդները միշտ փորձելու են շրջանցել այդ համակարգը կամ վճարել մասնավոր կառուցներին: Դրա համար էլ մի շարք երկրներ մասնավոր սեկտորն ամրացնելու միջոցներ են կիրառում, ընդարձակում են ազատ ընտրության սահմաններն ու առողջապահություն ոլորտում մրցակցություն են թույլ տալիս: Արդյունքը դառնում է երկրի քաղաքացիներին մատուցված բժշկական ծառայությունների որակի ու հասանելության շոշափելի բարելավումը:

Հայաստանի առողջապահության ենթակառուցվածքը ծերացել է, ֆինանսավորման մոդելն էլ արդյունավետ չէ, կարգավորման համակարգն էլ ադեկվատ չէ: Ստեղծված իրավիճակից դժգոհ են բոլորը՝ և բժիշկները, և հիվանդները, և հասարակությունը:

Թեկուզ հենց սա՝ ի՞նչն է հանդիսանում առողջապահության  ապրանքը: Շատերը կպատասխանեն, որ այն որպես ծառայություն վաճառում է բուժումը: Դուք հիվանդանում եք, այցելում բժշկի, իսկ նա ձեզ օգնություն է ցույց տալիս: Սակայն դա ընդհանրապես սխալ հասկացություն է: Առողջապահությունը պետք է առողջ լինելու հնարավորությունը վաճառի: Ինչպե՞ս էր հին Չինաստանում, բժշկին վճարում էին բոլորը, յուրաքանչյուր ընտանիք, նրան տալիս էին օրինակ՝ հավեր, ձու, ինչ հնարավոր է, սակայն դա այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքում բոլորն առողջ են: Երբ ինչ-որ մեկը հիվանդանում էր, դադարում էին վճարել: Դրա համար էլ բժիշկը ոչ այդքան բուժելու, որքան հիվանդությունները կանխելու դրդապատճառներ ուներ: Հենց դա էլ հանդիսանում է առողջապահության ապրանք: Եվ հենց այստեղ է պետք բարելավել համակարգը, այն պետք է հենց այդ ապրանքը տա՝ առողջությունը:

Այս համակարգը երեք հենասյուն ունի՝ հիվանդը, սպասարկողն ու ապահովագրողը: Հիվանդը, ըստ էության, մասնավոր անձ է: Ենթադրենք՝ մեզ մոտ գոյություն ունեն և մասնավոր և պետական ֆինանսավորման հիվանդանոցներ, պետբյուջեի հոդվածներ, պետական կազմակերպություններ: Այս դեպքում երկու մասնավոր կողմերն անշուշտ համաձայնության կգան, որպեսզի խաբեն պետականին: Եթե կան ապահովագրական մասնավոր ընկերություններ ու բժշկական ծառայությունների պետական մատուցողներ, ապա արդյունքը էլի նույնն է՝ մեկ պետականի դեմ երկու մասնավոր կողմի անխուսափելի դավադրությունը: Դա անպայման լինելու է, և դա հարկավոր է հսկել ու կանխել, սակայն հսկումը թանկ է լինելու: Ուրեմն անհրաժեշտ է, որ բոլոր երեք կողմերը լինեն մասնավոր: Որովհետև մրցակցելով ռեսուրսների համար, նրանք տեղեկատվություն կփոխանակեն սեփական շահերից ելնելով, և մասնավոր շահերը կհավասարվեն: Ահա, թե որն է կարևոր:

Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ: Համընդհանուր ընդգրկում

Առողջապահությունը բիզնեսի մոդելով զարգանալ չի կարող, առավել, որ այստեղ անընդունելի է մենատիրությունը: Անխոս, զարգացումն առանց մասնավոր բժշկության հնարավոր չէ, հատկապես, որ պետությունը բավարար միջոցներ չունի, սակայն պետք է մրցակցային հավասար պայմաններ ապահովել, իսկ պետպատվերն էլ չպետք է օգտագործվի որպես «մերձավորներին» լրացուցիչ հնարավորության տրամադրման միջոց:

Բորոյանը համոզված է, որ համալսարանական հիվանդանոցները պետք է լինեն հասանելի և  նույնիսկ անվճար, դրանցում պետք է ուսանեն ուսանողներ ու բնակիչներ՝ հիվանդների ու անցկացվող վիրահատությունների մեծ թվաքանակի պայմաններում: Եվ այդ հարցը չպետք է լուծվի կլինիկաների սեփականատերերի հնարավորություններով ու ցանկություններով, և այստեղ մեծ է պետության դերը: Մեզ մոտ ամեն բան խառնված է՝ պետական, մասնավոր ու  կրթական առողջապահությունը՝ բոլորը մի կաթսայի մեջ են: Բժիշկները, պնդում է նա, պետք է բավարար մոտիվացված լինեն իրենց որակավորումը բարձրացնելու համար, իսկ մի կտոր հացը թույլ մոտիվացիա է: Այո, հարկավոր են գումարներ, այսօր դրանք Հայաստանում չկան, բայց պետությունը պետք է հակաճգնաժամային միջոցներ կիրառի:

Տնտեսական բոլոր ոլորտներին, այդ թվում նաև առողջապահության ոլորտին բաշխված միջոցները պետք է վերանայվեն արդյունավետության առարկայի տեսանկյունից: Եթե պետք է գոտի ձգել, ուրեմն պետք է ձգել բոլորինը: Ընդ որում ազգի առողջությունը, պետք է լինի գոնե ազգային առաջին երեք առաջնահերթությունների շարքում: «Եթե մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ պետությունը առողջապահությունը զարգացնելու փող չունի, ապա այդ գումարները չի կարելի քամել առանց այդ էլ անվճարունակ բնակչության գրպաններից»,- ասում է Ռ. Բորոյանը:.

Երկրորդ հերթին հարկավոր է՝ լրացուցիչ ֆինանսավորման համար համապատասխան ինստիտուտներ ստեղծել՝մասնավորապես ներդրումների ներգրավում արտերկրից: Բորոյանի խոսքերով՝ դրանք կարող են լինել առողջապահության զարգացման ֆոնդերը, որտեղ կարող են մուտք գործել օրինակ տեղացի ձեռնարկատերերի և արտաքին ներդրողների գումարները՝ հարկային որոշակի դրույքաչափերի դիմաց: Ֆոնդն արդեն ինքը կվորոշի ինչպես ծախսել այդ միջոցները՝բնակչության համար ապահովագրական վկայագրե՞ր գնել, թե՞ նորամուծական ներդրումներ անել: Այստեղ խոսքը տնտեսագետներինն է:

Հարկավոր է նաև հատուկ ուշադրություն դարձնել մարզային բժշկական կենտրոններին: Հայաստանի մի շարք տարածքներում այսօր բացված են լավ կահավորված բժշկական կենտրոններ, որոնք, սակայն աշխատում են իրենց հզորության 20-30 %-ի չափով միայն: Որպեսզի այդ հարցը լուծվի, հարկավոր է շահագրգռել երիտասարդ բժիշկներին, հարկավոր է մոտիվացնել նրանց այնպես, որ իրենց համար շահավետ ու հարմարավետ լինի իրենց կյանքի մի քանի տարին տվյալ մարզում անցկացնելը, գտնում է պրոֆեսորը:

Նրա խոսքերով, այստեղ էլ կարելի է օգտվել Վրաստանի օրինակից: Բնակչությանը տրված վկայականների շնորհիվ, Վրաստանի առողջապահությունը ակտիվ կերպով զարգացում է ապրում:

Ռեսուրսների տեղակայում: Վրացական փորձը

Վրաստանում բժշկության ֆինանսավորման բարեփոխումների շղթայի առաջին օղակը եղավ ապահովագրական վճարների չեղարկումը: Աշխատավարձից պահվող այդ գումարները ծածկում էին առողջապահության ընդհանուր ծախսերի 5%-ից էլ պակասը, բժշկական օգնությունը ֆինանսավորվում էր հիմնականում քաղաքացիների ուղղակի վճարումների հաշվին:

Գործազրկության բարձր մակարդակն ու փոքր աշխատավարձերը իջեցնում էին պետության եկամտային բազան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բնակչության զգալի մասը ոչ պաշտոնական աշխատանքային գործունեություն էր ծավալում: Այս գործոնների ազդեցությունն առավել էր խորանում պետական հատվածի համընդգրկուն կաշառակերության ու հարկերի թույլ հավաքման արդյունքում: Աշխատավարձերից պահվող գումարների հաշվին ֆինանսավորվող Պարտադիր բժշկական ապահովագրության ընդունումից ընդամենը 5 տարի անց պետությունը որոշեց, որ այդ համակարգի հետագա գոյությունը ոչ մի իմաստ չունի:

Բժշկական ապահովագրության մեջ պետական ներդրումներն ամբողջովին վերացան Հարկային օրենսգրքի ընդհանուր վերանայման շրջանակներում: Գործնական մթնոլորտը բարելավելու ու ներդրումների ներգրավման համար կտրուկ կրճատվեցին հարկերը: Հիմա միայն դրանցից վեցն են, որ գոյություն ունեն, և ընդամենը աշխարհի 3 երկրներում են հարկադրույքներն ավելի ցածր, քան Վրաստանում: Կաշառակերության հետ պայքարի ու տնտեսական աճի խթանման հարցում պետության ցուցաբերած ջանքերը արագորեն տվեցին իրենց արդյունքները: Առողջապահության ֆինանսավորման լճացումն ու պետական վճարների ուշացումները, որի պատճառով երկար տարիներ տառապում էր պետությունը, այլևս անցյալ դարձան:

Առողջապահության բարեփոխումները շարունակվեցին երաշխավորագրերի ներդրմամբ, որպես բժշկական ծառայությունների անհատական վճարման միջոց: Պետության կողմից ֆինանսավրվող առողջապահության հասանելիության գլխավոր գործիքը դարձավ ոչ թե նրանց բժշկական ծառայության անմիջական գնումը, այլ երաշխավորագրային ֆինանսավորումը: Բժշկական երաշխավորագիրը դա յուրաքանչյուր քաղաքացու նպատակային անհատական հաշիվն է՝ իրեն հասնող բժշկական ծառայությունների գնման համար:

Պետական միջոցների անբավարարության և առողջապահության պետական ծրագրերի կառավարման անարդյունավետության պատճառով չկարողացան կատարել գլխավոր հանձնարարությունը՝ թույլ տալ հիվանդներին խուսափել բժշկական անհանդուրժելի ծախսերից: Վրաստանի կառավարությունը աղքատ խավին ուղղված մի շարք բարեփոխումներ իրականացրեց: Առաջին հերթին նրա համար, որպեսզի բժշկության մեջ պետական դրամական օժանդակություններն ուղղվեն նրանց, ովքեր ավելի թույլ պաշտպանված են, իրականացվեց կարիքավորության գնահատման անուղղակի մեթոդ: Երկրորդ հերթին ծառայություն մատուցողների ավանդական սուբսիդավորումը  փոխարինվեց կարիքավորների ապահովագրական ներդրումների կրճատման միջոցով սպառողների սուբսիդավորմամբ: Եվ երրորդ՝ բժշկական ծառայությունների մատուցումը տրվեց մասնավոր հատվածին:

Ըստ վրացական օրենսդրության՝ ապահովագրական ընկերությունները պարտավոր են ապահովել շահառուների հավասար, առանց որևէ խտրականության ապահովագրության հասանելիություն:

Ապահովագրողները իրավունք չունեն վկայագրեր չձևակերպել՝ անկախ պատճառից, հրաժարվել երկարացնել ապահովագրական պայմանագիրը, դարձյալ անկախ պատճառից, դադարեցնել վկայագրի գործունեությունը, եթե պայմանագրի ժամկետը չի լրացել, ինչպես նաև իրավունք չունեն չկատարել իրենց պարտականությունները: Բարեփոխումների շնորհիվ նախկինում պետական բժշկական ծրագրերի «լվացված» խոստումները փոխարինվեցին հստակ օրենքներով, որոնք որոշակիացնում են, թե որն է ծածկում ապահովագրությունը, որը ոչ:

2012 թվականից կառավարությունը պետական բժշկական ապահովագրություն է տրամադրել ևս մեկ միլիոն քաղաքացու՝ թոշակառուներին, ուսանողներին, մինչև 6 տարեկան երեխաներին ու 18 տարին չլրացած հաշմանդամ երեխաներին: Նախկինում ապահովագրություն ստացածների հետ միասին պետական բժշկական ապահովագրություն ստացածների թիվը կազմում է Վրաստանի բնակչության 50%-ը:

Առողջապահության համակարգի տեսակները

Առհասարակ, կա ընտրության հնարավորություն, գտնում է Ռ. Բորոյանը: Առողջապահությունը աղոտ հասկացություն է, և ցանկացած երկրի առողջապահական համակարգը նրա յուրովի բնութագրի, պատմության ու ազգային առանձնահատկությունների  արդյունքն է: Մի որոշ ժամանակ առաջ առողջապահական կազմակերպությունների խնդիրներով մտահոգվող այլ երկրների փորձից Ռ. Բորոյանը կոչ է անում որոշ հիմնավոր դասեր քաղել:

Բժշկական համընդհանուր ապահովագրությունը չի նշանակում բժշկական ծառայությունների համընդհանուր հասանելիություն: Շատ երկրներում, որտեղ նման հասանելիության մասին հայտարարվում է, գոյություն են ունենում բժշկական նորմավորված ծառայություններ, կամ բուժման նպատակով կանգնած ծայրահեղ երկար հերթեր: Բացի այդ՝ առողջապահական պետական համակարգի գոյությունը պարտադիր չի նշանակում, թե բժշկական ապահովագրությամբ ապահովված են բոլոր քաղաքացիները:

Այն երկրները, որտեղ գործում է «մեկ վճարողի» համակարգը, կամ գոյություն ունի պետական հսկողության հզոր տարր, շատ հաճախ բախվում են բժշկական ծառայությունների նորմավորումներին, «սպասման թերթիկներին», հիվանդի՝ բժշկի ընտրության սահմանափակմանը, ինչպես և բուժօգնության հասանելիության անհաղթահարելի շեմերի ոլորտին: Իսկ այնտեղ, որտեղ առողջապահության համազգային համակարգերը տարբերվում են իրենց մեծ արդյունավետությամբ, օրինակ՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, այդ արդյունքն առաջին հերթին կապված է շուկայական մեխանիզմների կիրառման հետ, այնպիսի, ինչպիսիք են՝ մրցակցությունը, ֆինանսական կարգապահությունը, շուկայական գներն ու սպառողի ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև պետական կենտրոնացված հսկողության բացակայությունը:

Սեփական երկրի առողջապահական համակարգի նկատմամբ անբավարարություն ու դժգոհություն նկատվում է ամենուր: Անշուշտ, ամերիկացիներին դուր չի գալիս մեր բժշկության ներկա վիճակը. հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքացիների 82 %-ը գտնում է, որ այդ համակարգը կամ հիմնովին բարեփոխման, կամ ամբողջական վերակառուցման կարիք ունի: Նույնը նաև Նիդեռլանդներում ու Գերմանիայում, միայն տոկոսներն են տարբեր: Այլ երկրների հասարակական տրամադրվածությունը թերևս այդքան էլ արմատական չէ, ինչպես ԱՄՆ-ում, սակայն իրերի ներկա վիճակի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք այն իհարկե չես անվանի:

Չնայած համընդհանուր ապահովագրումով գործող ոչ մի երկիր մտադիր չէ հրաժարվել այդ համակարգից, նրանց բնորոշ է պետական կենտրոնացված հսկողությունից դուրս գալու ու շուկայական տարրերի օգտագործման ընդլայնման վառ արտահայտված ու ուժեղացված միտում: ԱՄՆ-ում քննարկվում է առողջապահական պետական համակարգին անցնելու հարցը, իսկ ահա այն երկրներում, որտեղ այն արդեն գոյություն ունի, խոսք է գնում հենց այն ամերիկյանին ավելի  մոտ դարձնելու մասին:

Հասնել համընդհանուր ընդգրկման

Բժշկական ծառայություններով ավելի մեծ թվով մարդկանց ապահովելու ձգտման հարցում ցանկացած երկրի կառավարություն բախվում է երեք հիմնական խնդիրների՝ «Ինչպե՞ս պետք է ֆինանսավորվի առողջապահական համակարգը», «Ինչպես կարելի  է մարդկանց պաշտպանել հիվանդության ֆինանսական հետևանքներից ու բժշկական ծառայությունների վճարման անհրաժեշտությունից», և «Ինչպե՞ս խթանել եղած միջոցների օպտիմալ օգտագործումը»:

Երեք միմյանց հետ փոխկապակցված այս խնդիրները կանգնած են դեպի համընդհանուր ընդգրկում գնացող երկրների ճանապարհին: Առաջին խնդիրը ռեսուրսների առկայությունն է: Ոչ մի երկիր, որքան էլ որ նա հարուստ լինի, մինչև հիմա չի կարողացել հասնել նրան, որ յուրաքանչյուր մարդ ցանկացած տեխնոլոգիայի կամ առողջությունը բարելավող ու կյանքը երկարացնող բժշկական միջամտության անուղղակի հասանելիություն ունենա: Ցանկի հակառակ կողմում ամենաաղքատ երկրներն են, որտեղ բոլորի համար հասանելի միայն շատ սահմանափակ թվով ծառայություններ կան:

Երկրորդ խոչընդոտը՝ անմիջական վճարումներից չափից դուրս մեծ կախվածությունն է այն պահին, երբ մարդն օգնության կարիք ունի. դեղատնային դեղերի ձեռքբերում սեփական հաշվից, բժշկի մոտ ընդունելության ու հետազոտությունների վճար: Նույնիսկ նրանք, ում մոտ բժշկական ապահովագրության որևէ ձև կա, երբեմն ստիպված են վճարել: Բժշկական ծառայությունների անմիջական վճարման անհրաժեշտությունը, երբ դրանց կարիքը կա, անկախ այն բանից վճարը կատարվում է օրենքով, թե գաղտնի՝ «ծրարով», խանգարում է միլիոնավոր մարդկանց բուժօգնություն ստանալուն: Նրանց մոտ, ովքեր դիմում են բուժման համար, բուժօգնությունը կարող է լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Ուղղակի վճարումներից կախվածության մակարդակն իջեցնելու միակ ճանապարհը կիրառվող մոտեցումներին ցուցաբերվող կառավարչական օգնությունն է՝ հիմնված ռիսկերի ու կանխավճարների միավորման սկզբունքին: Այսպիսի ճանապարհ ընտրել են մեծ թվով երկրներ՝քիչ թե շատ մոտենալով համընդհանուր ընդգրկման համակարգին: Այս մոտեցումները հիմնվում են մինչ հիվանդության ի հայտ գալը կատարվող վճարումների վրա, վճարումները այս կամ այն կերպով միավորվում ու օգտագործվում են ծառայությունների ֆինանսավորման համար (հիվանդների ու հաշմանդամենրի բուժում ու նրանց վերականգնումը, կյանքի առողջ ապրելակերպի ձևավորման պրոֆիլակտիկա ու միջոցառումներ):

Երրորդ՝ ռեսուրսների անարդյունավետ ու անարդարացի օգտագործումը: Նույնիսկ ամենալավատեսական գնահատանքի համանաձայն՝ առողջապահությանը տրամադրվող ռեսուրսների 20-40 %-ը սպառվում է հենց այնպես: Կորուստները կրճատելուն կօգներ մատուցվող որակյալ ծառայությունը: Արդյունավետության բարձրացումը հաճախ հեշտացնում է ֆինանսների նախարարության կողմից առողջապահության նախարարության լրացուցիչ միջոցներ ստանալու գործընթացը:

Առհասարակ, ցանկացած երկիր սեփական աղբյուրներից լրացուցիչ միջոցներ վերցնելու հնարավորություն ունի պայմանով, եթե բնակչությունն ու կառավարությունը հավանություն են տալիս նման գործունեությանը: Դրա համար գոյություն ունեն երեք հիմնական ճանապարհներ.

Առաջինը դա հավաքվող եկամուտների բարձրացումն է: Նույնիսկ բարձր եկամուտներ ունեցող երկրներում հարկերից խուսափումն ու հարկային վճարների ու ապահովագրական ներդրումների ոչ ամբողջական հավաքագրումը կարող է լուրջ խնդիր լինել: Եկամուտների հավաքման արդյունավետության բարձրացումը  կմեծացնի միջոցների ծավալը, որոնք կառավարությունը կարող է ուղղել ծառայությունների մատուցման կամ բնակչության անունից դրանց ձեռքբերման վրա:

Երկրորդ ուղին՝ բյուջետային առաջնահերթությունների փոփոխությունն է: Բյուջետային միջոցների տեղաբաշխման ժամանակ կառավարությունները ոչ միշտ են առողջապահության կարիքներն ընդունում որպես առաջնահերթություն:

Երրորդ՝ նորամուծական ֆինանսավորումը: Մինչև վերջերս հիմնական ուշադրությունը սևեռվում էր այն բանի վրա, թե ինչպես հարուստ երկրները աղքատների առողջապահության համար շատ միջոցներ հավաքեն:

Առողջապահության համակարգիմիջազգային նորամուծական ֆինանսավորման բարձր մակարդակի թիրախային խումբը ավիատոմսների հարկերը, արտասահմանյան արտարժույթի հետ կատարվող գործարքներն ու ծխախոտն ընդգրկեց գլոբալ մասշտաբով առողջապահության ֆինանսավորման համար տարեկան տրամադրվող լրացուցիչ 10 մլրդ դոլլար ստանալու հնարավոր աղբյուրների ցանկի մեջ:

Դրանցից բացի գոյություն ունի և չորրորդ ուղի, որը դիտարկում է առողջապահության զարգացման միջազգային օգնության ավելացումը:

Որպես վերջաբան

Առողջապահությունը կարող է «առաջնեկ» դառնալ՝ առհասարակ պետական գործընթացների արդյունավետության ու արդարացիության բարձրացման բնագավառում, գտնում է Ռուբեն Բորոյանը: Օրինակ՝ առողջապահական ոլորտում քաղաքականություն մշակողները շատ բան կարող են անել՝ ֆինանսական կորուստները կրճատելու համար, հատկապես գնումների ոլորտում: Նրանք կարող են նաև աջակցել բժշկա-սանիտարական ծառայությունների մատուցման որակի ու համակարգի արդյունավետության ամբողջական բարձրացմանը՝ նոր օրենքների ու սկզբունքների մշակման միջոցով: Իսկ մնացած ոլորտներն այդ փորձը կարող են օգտագործել իրենց համար:

Ռուբեն Գյուլմիսարյան