Վերջին օրերին հայ հասարակության ուշադրությունը սևեռված է Սիրիայում կատարվող իրադարձություններին: Հալեպի շուրջ իրավիճակի սրացման հետ կապված՝սկսել են ավելի հաճախակի բնույթ կրել ահաբեկչական խմբավորումների կողմից քաղաքի հայկական թաղամասերի ռմբակոծությունները, որոնց պատճառով վախճանվել են հայ համայնքի մի շարք ներկայաուցիչներ:
Հայաստանի Սփյուռքի նախարարության տվյալների համաձայն՝ օգոստոս- սեպտեմբեր ամիսներին սպանվել են 8, վիրավորվել 11 մարդ: Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» հայկական թերթը հաղորդել է հոկտեմբեր ամսին ևս 5 զոհվածի մասին, որոնց թվում են Սիրիայի լողի չեմպիոն Միրեյ Հինթոյանն ու նրա 12-ամյա եղբայրը:
Ստեղծված իրավիճակը հանգեցրեց նրան, որ հայկական ԶԼՄ-ներում ու սոցիալական կայքերում ակտիվորեն սկսվեց դեպի պատմական հայրենիք սիրիահայերի հայրենադարձության կոչերը՝ նրանց հետագա ռմբակոծությունից փրկելու համար: Եվ հարկ է նշել, որ հակամարտության հենց սկզբից Սփյուռքի կառույցները (եկեղեցին ու հայկական ավանդական կուսակցությունները) ամեն բան արեցին՝ Սիրիայի հայ համայնքի պահպանման համար:
Սիրիայի հայկական համայնքը աշխարհի բազմամարդ ու հզոր համայնքներից մեկն էր: Մինչ պատերազմը Սիրիայում ապրում էին 110 հազար հայ, որից գրեթե 60 հազարն ապրում էին երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում, իսկ մնացածը՝ հիմնականում Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Էլ–Քամիշլիում:
Սփյուռքի նախարարության տվյալներով՝ Սիրիայի հակամարտության հենց սկզբից Հայաստան են տեղափոխվել 20 հազար սիրիահայ, որոնցից հանրապետությունում մնացել են 17 հազարը, և նրանցից 13 հազարը դարձել են Հայաստանի քաղաքացիներ, 5 հազար սիրիահայ ապահովված է մշտական աշխատանքով, իսկ հանրապետության դպրոցներում ու ԲՈՒՀ-երում ուսանում են շուրջ 1000 հոգի:
Ընդ որում՝ The Economist ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը սիրիացի փախստականների հյուրընկալմամբ Եվրոպայում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիային ու Շվեյցարիային: Այս հարցը հայ դիվանագետները բարձրացնում են նաև համապատասխան միջազգային կառույցների մոտ, նշելով, որ հաշվի առնելով Հայաստանի բնակչությունը, 20 հազար փախստականը երկրի համար չափազանց մեծ թիվ է: Այնուամենայնիվ՝ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը դեռ չի ստացել փախստականների վերաբնակեցման համար անհրաժեշտ ֆինանսական օգնությունը:
Ինչ վերաբերվում է Սիրիայում մնացած հայերի թվին, ապա հստակ տվյալներ չկան: Սփյուռքի նախարարության տվյալներով՝ Սիրիայի110 հազարանոց հայ համայնքը կրճատվել, հասել է 14 հազարի, որի կեսն էլ գտնվում է Հալեպում:
Ինչպես օրերս ԶԼՄ-ներին հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանը պատրաստ է աջակցել Հալեպից հայերի պատմական հայրենիք տեղափոխվել ցանկացողներին: Սակայն, նրա խոսքերով, այս պահի դրությամբ քչերն են Հայաստանում վերաբնակվելու ցանկություն արտահայտել: Նրանց մեծամասնությունը տեղափոխվում է կամ Հալեպի այլ շրջաններ, կամ ծովափնյա քաղաքներ: Նախարարը նաև նշեց, որ հիմա հայկական կողմը զբաղված է Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ հոկտեմբերի 4-ին ու 5-ին Սիրիա են ուղարկվել 2 ինքնաթիռ՝ 40 տոննա հումանիտար օգնությամբ (ուտելիք և հագուստ), որը բաժանվել է ոչ միայն հայերին, այլ բոլոր նրանց մեջ, ովքեր ունեն դրա կարիքը:
Հարկ է նշել, որ բեռի տեղափոխման մեջ մեծ օգնություն է ցուցաբերել Ռուսաստանը: Ռուսական Ավիացիոն ուժերի Իլ-76 2 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ հումանիտար օգնությունը հասցրել են Հմեյմիմի ավիաբազա, որտեղից ռուս զինվորականները այն ուղարկել են Հալեպ, Լաթաքիա, Քեսաբ և այլ քաղաքներ:
Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել Սիրիային հումանիտար օգնության տրամադրման գործընթացը և արդեն որոշում է ընդունել «Հայաստան» համահայկական ֆոնդի պահուստային բաժնից 46 մլն. դրամ (մոտ 100 հազար դոլլար) տրամադրել անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման համար:
Չնայած Սփյուռքի նախարարի հայտարարությանը՝ «Հալեպ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները իրենց հերթին նշում են, որ շատ սիրիահայեր կցանկանային տեղափոխվել Հայաստան, սակայն նրանք նույնիսկ ավիատոմս գնելու տարրական հնարավորություն չունեն: Ինչպես հայտարարում են նույն «Հալեպ» կազմակերպության ներկայացուցիչները, իրենց արդեն հարյուրավոր քաղաքացիներ են դիմել՝ պատմական հայրենիք հայրենադարձվելու աջակցության տրամադրման խնդրանքով:
Սիրիահայերի օգնության կոչերին առաջինը արձագանքեց ռուս հայտնի բիզնեսմեն ու բարերար Ռուբեն Վարդանյանի IDeA ֆոնդը: «Հետևելով Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, շարունակվող բռնություններին, մենք մեր պարտականությունն ենք համարում դեպի Հայաստան սիրիահայերի տեղափոխման կազմակերպման նպատակով առաջարկել ֆինանսական օգնություն: Այդ առիթով մենք մտադիր ենք միավորել մեր ուժերը այլ կազմակերպությունների ու մարդկանց հետ՝ ողջ աշխարհում: Սրանով հենց հիմա է անհրաժեշտ զբաղվել: Մենք ցավակցում ու կարեկցում ենք բոլորին, ով այս պահին գտնվում է պատերազմական գործողությունների գոտում: Նույնիսկ նրանք, ովքեր, չնայած ռազմական գործողություններին, վերջին տարիներին շարունակեցին մնալ Հալեպում, այսօր ապաստարան են փնտրում: Լինելով հայ՝ մենք պարտավոր ենք օգնել նրանց»,- ասվում է ֆոնդի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ IDeA –ն մի քանի մասնավոր ֆոնդերի հետ միասին Հայաստանի կառավարության հետ աշխատում է այն խնդրի շուրջ, որ Հայաստան տեղափոխվող սիրիահայերն ստանան անհրաժեշտ աջակցությունն ու կարողանան օրենքով սահմանված կարգով հավակնել ապաստարան ունենալուն:
Սիրիահայերին օգնելու Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը մեկնաբանեց արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Մանուկյանը. «Վարդանյանն իհարկե շատ ապրի, բայց իմ կարծիքով այդ մասին առաջին հերթին պետք է զբաղվի պետությունը, իսկ երկրորդ՝ դա հարկավոր էր ավելի վաղ անել»,- հայտնեց նա Dalma News-ի հետ ունեցած զրույցում:
Մանուկյանը նշեց, որ հիմա դժվար է ասելը, թե քանի մարդ է մնացել Սիրիայում: «Կարծում եմ՝ ոչ-ոք չգիտի: Հայտարարված թվերը սովորական շահարկումներ են: Ում տվյալ պահին ինչպես հարկավոր է, այդքան էլ ասում է: Շատերը կարճ «ուղևորություններ» են կատարում Հայաստանից դեպի Սիրիա՝ եղանակը ստուգելու նպատակով, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում իրենց ակտիվների՝ տների, ունեցվածքի, բանկային հաշիվների հետ: Սակայն դա հիմնականում նրանց ընտրությունն է եղել, նրանք, ովքեր ցանկացել են մեկնել, մեծամասամբ մեկնել են»,- ասաց նա:
Փորձագետը նաև ավելացրեց, որ չի հավատում, թե մոտ ապագայում պատերազմը կարող է ավարտվել, նույնիսկ եթե զավթվեն Հալեպի կառավարական զորքերը: «Հալեպը եզրափակիչ ճակատամարտն է: Սակայն արագ հանգուցալուծման հնարավորություն ստանալու համար այն բավական մեծ քաղաք է: Դա հսկա մի պատմական քաղաք է, որտեղ հնարավոր չէ ճակատամարտ իրականացնել՝ բառի դասական իմաստով: Կարելի է միայն քամել հակառակորդին»,- նշեց նա:
Իր հերթին՝ արաբագետ, պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ նման հայտարարությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում վտանգի մեջ գտնվող հայերի համար: «Նրանք զգում են հայրենիքի ու հայության աջակցությունը: Սակայն նման որոշումներ միակողմանիորեն ընդունել չի կարելի: Անհրաժեշտ է նախ հաշվի առնել Սիրիայում ապրող հայերի, եկեղեցական համայնքի ղեկավարության կարծիքները: Սիրիահայերի հայ ինքնությունը պահպանելու հիմնական բեռը եկեղեցական համայնքի ղեկավարության ուսերին է»,- հայտնեց նա Dalma News-ին:
Փորձագետը նաև ավելացրեց, որ չի կարծում, թե արմատական իսլամիստները կարող են Սիրիայում իրենց իշխանությունը հաստատել, ինչի դեպքում ազգային ու կրոնական փոքրամասնություններին վտանգ կսպառնի: «Սակայն հակամարտության այս փուլում արմատական իսլամիստները բավական ակտիվ են, ինչը դառնում է փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների բնաջնջման պատճառ»,- նշեց Գրիգորյանը:
Ամեն դեպքում հայկական կառավարությունն ու ազդեցիկ կազմակերպությունները պետք է մտածեն, թե ինչպես ապահովել Սիրիայի հայկական համայնքի ֆիզիկական անվտանգությունը: Տվյալ պահին լավագույն ելքը Հայաստանում նրանց վերաբնակեցումն է:
Այս հարցում Հայաստանին զգալի օգնություն կարող է տրամադրել նրա դաշնակից Ռուսաստանը, ում ռազմա-տրանսպորտային ինքնթիռները կարող են ոչ միայն Հայաստանից Սիրիա տեղափոխել հումանիտար օգնությունը, այլ նաև աջակցել Հալեպի հայերի էվակուացման հարցում: Ի դեպ՝ վերջերս բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմեց տվյալ հարցի լուծման գործընթացի մասին:
Հայկ Խալաթյան