Նախօրեին Հայաստանի կառավարությունում տեղի ունեցան առաջին նշանակումները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարների ու իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նշանակման արտոնությունը պատկանում է նախագահին, ողջ ուշադրությունը սևեռվեց տնտեսական բլոկի վրա:
Տեխնոկրատներ՝ օլիգարխների փոխարեն
Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն ու իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հայտնի գործիչները շեշտում էին, որ նոր վարչապետին տրված է կառավարության կազմի ձևավորման քարտ-բլանշի իրավունք, հետաքրքիր էր՝ արդյո՞ք այդ հանրահայտ գործիչների փոփոխությունները կդիպչեն նաև իշխող համակարգին: Ու թեպետ ԶԼՄ-ները հավաստիացնում էին, որ նախարարների նշանակումները տեղի կունենան սեպտեմբերի 21-ից (Անկախության օրը) հետո, արդեն երեքշաբթի օրը նախարարների նշանակումների նախագահական հրամանը հրապարակված էր:
Փաստացի, Կարեն Կարապետյանը փոխեց կառավարության ողջ տնտեսական բլոկը՝ բացառության Էկոնոմիկայի նախարարին, որը, համաձայն կոալիցիոն հուշագրի, գլխավորում է ՀՅԴ «Դաշնակցության» ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Իրենց պորտֆելներից զրկվեցին Ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանը, Կապի ու տրանսպորտի նախարար՝ Գագիկ Բեգլարյանը, Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Նրանց փոխարինեցին Վարդան Արամյանը (ֆինանսների նախարար), Վահան Մարտիրոսյանը (Տրանսպորտի նախարար), Իգնատի Առաքելյանը (Գյուղնախարար) և Աշոտ Մանուկյանը (Էներգետիկայի նախարար):
Նոր կառավարությունում իրենց դիրքերը պահպանում են փոխվարչապետը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարկ է նշել, որ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանը հանդիսանում են հսկա կարողությունների սեփականատերեր: Այսպիսով, համաձայն ասեկոսեների ու ԶԼՄ-ների հրապարակումների, Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը (եթե ոչ ամենահարուստը): Հասարակության համար այդպես էլ չբացահայտված մնաց նախարարի ու նրա կնոջ հաշվին եղող միլիոնների առեղծվածը, ովքեր, համաձայն իրենց հարկային հաշվետվությունների՝ ապրում էին միայն աշխատավարձով: Նման հարցեր առաջանում են նաև բիզնեսի բնագավառում նրանց երեխաների ֆենոմենալ հաջողությունների հետ կապված:
Գագիկ Բեգլարյանը, ով Երևանի կենտրոնական շրջաններից մեկի ոչ պաշտոնական սեփականատերն էր, պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ների էջերում՝ իր թիկնապահների կողմից ծեծվող մարդկանց հետ կապված սկանդալային պատմություններով:
Ինչ վերաբերվում է Սերգո Կարապետյանին, ապա նախարարական պորտֆելը նա իր ժամանակին ստացավ «Օրինաց երկրի» կոալիցիոն քվոտայով: Նախարարը լքեց կուսակցությունն այն ժամանակ, երբ վերջինս դուրս եկավ ՀՀԿ-ի հետ դաշինքից ու դարձավ ընդդիմություն: Ընդ որում՝ նախարարի քննադատները վստահեցնում էին, որ նա ավելի շատ մտածում էր իրեն պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի (ARTFOOD ապրանքանիշով), քան հանրապետության գյուղատնտեսության զարգացման մասին:
Ի տարբերություն տնտեսական բլոկի հին նախարարների՝ նոր նախարարներն ունեն տեխնոկրատի գործելաոճ: Նրանք, գրեթե բոլորը, բացառությամբ Ֆինանսների նախարար Արամյանի, անկուսակցական են և աշխատանքային հարուստ փորձ են ձեռք բերել ներկայումս իրենց ենթակայության տակ գտնվող ոլորտներում:
Կլինե՞ն արդյոք իրական փոփոխություններ
Այնուամենայնիվ, ի լրումն կառավարության անդամների փոփոխությունների, նոր վարչապետից սպասում են իրական փոփոխություններ՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Նոր կառավարությունից իր սպասումների մասին նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է բազմիցս խոսել: «Նրանց առջև դրված խնդիրն է՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նոր ազդակ հաղորդել, բարձրացնել տնտեսական աճը, շարունակել մեծացնել հայկական ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալը»,- վերջերս Բիշքեքում կայացած հանդիպման ժամանակ նա այդ մասին հայտնեց ԱՊՀ երկրների իր գործընկերներին:
Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Կարապետյանի թեկնածության հաստատման հետ կապված նա հայտարարեց, որ երկրին տնտեսական ու քաղաքական փոփոխություններ են սպասվում, և նոր վարչապետն էլ կարող է դառնալ դրա խորհրդանիշը:
Ինքը՝ Կարապետյանը, խորհրդարանում կառավարչական իր առաջին այցի ընթացքում հանրապետության տնտեսության վիճակը բնորոշեց «ծայրահեղ ծանր»: Նա նաև նշեց, որ հենց հայկական տնտեսության վիճակի հետ կապված անհանգստությունն է իրեն դրդել վերադառնալ Հայաստան ու ղեկավարել կառավարությունը:
Վարչապետի խոսքերով՝ նոր կառավարության ծրագիրը նպատակաուղղված կլինի տնտեսության զարգացմանն ու բաղկացած կլինի երկու փուլից՝ առաջին փուլն ընդգրկելու է հնարավոր արագ փոփոխությունները, որոնք կոչված են լինելու ծրագրի հանդեպ վստահության ներշնչման ապահովմանը, իսկ երկրորդը՝ երկրի զարգացման երկարաժամկետ տեսլականներ են լինելու:
Այնուամենայնիվ, իրական փոփոխությունների համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգի ներկա վիճակի հետ կապված կտրուկ գործողություններ իրականացնել: Իսկ տվյալ քայլերը ենթադրում են հարված՝ գործող կառավարության հետ սերտ կապեր ունեցող անձանց շահերին: Մարդիկ, որոնց շնորհիվ էլ հիմնականում իշխանությունն ապահովում է իր հաղթանակը ընտրություններում: Մեծ կասկած կա նաև, որ իշխանությունը կոտնահարի հենց իր սեփական շահերը, առավել ևս, որ նրա համար կարևոր նշանակություն ունեցող 2017 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ:
Դրա հետ մեկտեղ՝ Կարապետյանին բարեփոխումներ իրականացնելու համար բավական քիչ ժամանակ է մնացել: 2017 թ. խորհրդարանական ընտրություններից ու ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն անցնելու է «թոշակի» և նոր գումարված խորհրդարանը ձևավորելու է նոր կառավարություն: Բացառված չէ, որ այն ղեկավարելու է հենց Կարապետյանը, առավել ևս, որ 2018 թ. ապրիլ ամսին լրանում է գործող նախագահի իրավասությունների ժամկետն ու երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին:
Իսկ առայժմ Կարապետյանը անում է առաջին քայլերը՝ իր կառավարության նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով. Նա նախարարական պորտֆելներից զրկեց ոչ ժողովրդավար ու սկանդալային նախարարներին, հայտարարեց գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին, անթաքույց կոպտությամբ ու խստապահանջորեն անցկացրեց կառավարության առաջին նիստը: Սակայն արդյո՞ք այդ ամենին կհաջորդեն իրական փոփոխությունները, թե՞ ամեն բան կավարտվի փիառ-ակցիաներով, դա էլ արդեն ցույց կտա ժամանակը:
Այս ամենի հետ կապված՝ հիշենք հետևալը. Իր ժամանակին Տիգրան Սարգսյանի կառավարությունը անկուսակցական նախարարների իր մեծ թվով նույնպես կրում էր «տեխնոկրատական կառավարություն» անունը: Արդյունքում՝ Սարգսյանը դարձավ Հայաստանի ամենաքննադատելի ու ոչ ժողովրդավար վարչապետը, որի օրոք երկրի սոցիալ-տնտեսական համակարգը էականորեն վատացավ:
Հայկ Խալաթյան