Վրացական ժողովրդական պարն ունի բազմադարյան պատմություն։ Մեզ հասած հին հնագիտական ու գրական հուշարձանների համաձայն, վրաց ժողովրդական պարի պատմական նախատիպը եղել է «Խորովոդ որսորդական պարը», որը նմանվում է պտղաբերության աստվածներին զոհաբերություն մատուցելու արարողությանը։ Ժամանակի հետ խորովոդը դառնում է այնպիսի պարերի ստեղծման հիմքը, ինչպիսիք են՝ «Քարթուլին» (Վրացական), «Խորովոդնի», «Խորումի», «Սվանուրի» (Սվանական), «Խեվսուրուլի» (Խեվսուրական), «Աջարուլի» (Աջարական) և այլն։
Հայտնի են 100-ավոր վրացական պարեր՝ արագ տեմպով, բովանդակալից, հոգեցունց ու անհավանական տարրերով հագեցած, ճիշտ ու ճիշտ վրացական մշակույթի պես՝ հարուստ ու յուրահատուկ։
Ի լրումն արական սուսերով պարերի՝ կան նաև ռոմանտիկ պարեր՝ սիրահար զույգերի համար։ Վրաց ժողովրդական պարի մեծագույն հայտնությունը ընդունված է համարել «Քարթուլին»՝ ռոմանտիկասիրային նոտաներով հանդիսավոր պարը։ Թատերականացված այս ներկայացումը ծնունդ է առել XI–XII դարերում։ Պարի իգական կեսը կատարում է կարապային սահուն թռիչքներ՝ ասես ջրի վրա, իսկ արական հատվածը աչքի է ընկնում բազմաձև, կտրուկ թռիչքներով։
Վրացական պարերն աչքի են ընկնում կատարողական հատուկ արագությամբ, վառ արտահայտված դիմախաղով, ինքնավստահությամբ ու ներդաշնակ շարժումներով՝ միաժամանակ ուղեկցվելով բացականչություններով ու կոչերով (ինչպես օրինակ՝ «տաշի՜»-ն)։ Աշխարհի բոլոր պարերի մեջ թերևս հենց վրացականն է, որն ուղեկցվում մեծ զգացմունքայնությամբ։ Հենց այդ պատճառով են նրանք կարողանում հաճախ ապշեցնել ու հմայել արտասահմանցիներին։ Ժամանակի ընթացքում վրացական պարերը սկսեցին կրել թատերական ներկայացման բնույթ ու բարձրացվեցին մինչև դասականության մակարդակի։ Նրանք քայլում են ժամանակին համընթաց ու համալրվում նոր տարրերով, որոնք ամեն ինչով էապես համապատասխանում են ավանդական շարժուձևերին։
Յուրաքանչյուր նոր պար ստեղծելիս՝ վրաց պարուսույցները ջանում են իրենց ստեղծածի մեջ ազգային ավանդույթներ ու բնութագրական տարրեր ընդգրկել։ Սակայն միաժամանակ նաև պարը պետք է հասկանալի լինի այլազգի հանդիսատեսի համար։
Կանացի պարերին բնորոշ է գրավիչ անմեղությունը, համեստությունն ու ազնիվ շնորհալիությունը։
Իսկ ահա արական պարերին բնորոշ են եռանդուն կենսունակությունն ու զգացմունքային տեմպը, որոնց միջոցով էլ ճշտորեն արտահայտում են լեռնագնացների խառնվածքը։ Վրաց ազգային պարերի բնորոշ հատկանիշը համարվում է կյանքի ու ավանդույթների բազմակողմանիության արտացոլման հստակությանը։
Սակայն մի պահ կանգ առնենք վրաց ռաչայական պարերից մեկի՝ (Ռաչա՝ լեռնային շրջան Վրաստանում) «Տաշի բոշո Գիորգունա»-ի վրա։ Մեկ անգամ այդ երգը լսելուց հետո, բավական է այն հետագայում կրկին հնչի Ձեր ներսում, միանգամից կհայտնվեք Ռաչայում։
Ռաչան պատմա-աշխարհագրական շրջան է արևմտյան Վրաստանի հյուսիս-արևելքում՝ փռված Ռիոնի գետի ու նրա վտակների հովիտներում։ «Տաշի բոշո Գիորգունա» երգի տեքստն ու պարը հենց այս շրջաններում են առաջացել՝ Խիմի գյուղի բնակիչներ Սխիրթլաձեների ընտանիքում, ու աստիճանաբար դրանք դարձել են այս շրջանների կարևորագույն մի մասնիկը։ Երգի տեքստը պատկանում է Գիգի Սխիրթլաձեի գրչին և շատերի կողմից ընկալվում է որպես ազգային բանահյուսություն։ Պարի պարուսույցը համարվում է Դավիթ Սխիրթլաձեն (նրա որդին)։
«Մեր ընտանիքը Ռաչայում փոքր-ինչ տարբերվում է մնացածից։ Հենց մեր ընտանիքի ջանքերով է այստեղ ծնունդ առել ռաչայական պարի տվյալ տարբերակը, որը հայտնի է ողջ Վրաստանում։ Ի դեպ, այդ երգը մեկ այլ մեկնաբանություն էլ ունի։ Երբ սկսեցի մտորել պարի թեմայի շուրջ, ցանկություն առաջացավ նրա համար այնպիսի շարժուձևեր գտնել, որոնք իրենց յուրահատկությամբ կբնորոշեին մեր շրջանը։ Ինձանից տարիքով մեծ մարդիկ ավելի լավ գիտեն պարային այդ շարժումների մասին, մասնավորապես, թե ինչպես է այն սկսվել ու ինչպես է ավարտվել հեռավոր անցյալում։ Նման տարրերն անհրաժեշտ են ամեն նոր պար ստեղծելու համար»,- պատմում է պարուսույց Դավիթ Սխիրթլաձեն։
Պարի բազմաթիվ տարբերակների մասին խորհելու ու տեղեկություններ որոնելու օրերի մեջ մի օր մեր հերոսի ձեռքը պատահաբար հոր հավաքածուն է հայտնվում, որտեղ էլ նա հայտնաբերում է «Տաշի բոշո Գիորգունա» բանաստեղծությունը։
Ինքը՝ Դավիթը, հանդիսանում է վրաց հայտնի «Սուխիշվիլի» պարի անսամբլի անդամ։ Նա միշտ էլ երազել է հարազատ Ռաչայի պատմության մեջ սեփական լուման ունենալու մասին։ Տարիների ընթացքում նրա կուտակած գիտելիքներն ու կարողությունները օգնեցին ի կատար ածել երազանքն ու հանրահայտ դարձնել հարազատ շրջանի մշակույթը։
«Այդ պարն ստեղծելու գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս։ «Տաշի բոշո Գիորգունա»-ն մարդկանց վրա մեծ ազդեցություն է ունեցել, և ահա արդեն 15 տարի շարունակ այն ուրախությամբ է լցնում նրանց սրտերը։ Նույնիսկ մտածել եմ նրա տարեդարձը տոնելու մասին։ Մեր ընտանիքը բազմակողմանի զարգացած է։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ քայլում եմ փողոցով, իսկ երիտասարդությունը ինձ անընդհատ կանգնեցնում ու խնդրում է լուսանկարվել»,- Dalma News-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Սխիրթլաձեն։
Նրա կարծիքով՝ ռաչայական ու առհասարակ վրացական բանահյուսությունը խրախճանքային, շատ հյուրասեր ու տոնական տրամադրություն ունի։ Տվյալ թեմայով բավական շատ երգեր են ստեղծվել։ Ինչպես ասում են Ռաչայի ամենալավ ընտանիքներում՝
¸¸Գինեգործարան տանող դուռը միշտ բաց է ¸¸
Շ․Կարչավա, հատուկ Dalma News-ի համար։