Վերջերս լրացավ երեք տարին այն պահից, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց հանրապետությունը Եվրասիական ինտեգրման ուղղությամբ տանելու քաղաքականությունը։ Այս երեք տարվա ընթացքում տեղի ունեցավ և Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵվրԱզես), և եվրոպական պաշտոնյաների հրաժարումը՝ Հայաստանի հետ Համապարփակ ազատ առևտրային գոտու ասոցացիա՝ առանց պայմանագրի համաձայնագիրը (ԽՀԱԱԳ) կնքելու գործընթացից։
Առաջընթաց՝ անկախ խնդիրների առկայությունից
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ու երկրի ներդրումային հնարավորությունները նույնպես իրենց ազդեցությունն ունեցան ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության արդյունքների վրա՝ էականորեն իջեցնելով ռուսաստանցիների վճարունակության ցուցանիշները (ինչն էլ անդրադարձավ հայկական արտադրանքի գնման վրա)։
Ընդ որում՝ ռուսական տնտեսական որոշակի կայունացման ֆոնին՝ նկատելի եղան նաև երկկողմանի տնտեսական համագործակցության առաջխաղացումներ, ինչը օգոստոսին կայացած հանդիպման ժամանակ նշեցին երկու երկրների նախագահները․ «Գոհունակությամբ ուզում եմ հաստատել, որ, չնայած տարածաշրջանային տնտեսական ու գլոբալ խնդիրներին, 6 ամսվա ընթացքում մեր ապրանքաշրջանառությունն ավելացել է 12 %- ով, իսկ հայկական ապրանքի արտահանումը Ռուսաստան՝ մոտ 90 %- ով, և կես տարվա ընթացքում հասել է գրեթե իր պատմական առավելագույնին։ Դա նաև շնորհիվ այն հնարավորությունների, որը մեզ տալիս է ԵվրԱզեսը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինը ընդգծեց, որ հարկավոր է պահել երկու երկրների տնտեսական համագործակցության դրական տենդենցը․«Հատկանշական է, որ Հայաստանից առաքվող գյուղատնտեսական մթերքների ու սննդամթերքի քանակը 86 %- ով ավելացել է։ Ամրապնդվում է ներդրումային համագործակցությունը, Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ռուսական ներդրումների կուտակային շրջանառությունը հասել է 4 մլրդ․ դոլլարի։ Դա Հայաստանում կատարված արտասահմանյան ներդրումների 40 տոկոսն է կազմում։
Հայաստանում աշխատում են շուրջ 1,3 հազ․ ռուսական ընկերություններ, որը կազմում է արտասահմանյան կապիտալի ներդրումով աշխատող բոլոր համատեղ ձեռնարկությունների 1/3-ը։ Նրանք գործում են տնտեսության հիմնական ոլորտներում՝ գազային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, ֆինանսական»,- նշեց նա։
Հայաստանի ֆինանսական աջակցությունը
Հարկ է նշել, որ ռուսական տնտեսական գերատեսչությունների տվյալներով՝ Ռուսաստանն ու եվրասիական կառույցները տնտեսական զարգացման հարցերում Հայաստանին համալիր աջակցություն են ցուցաբերում։ Մասնավորապես՝ տնտեսության տարբեր ուղղությունների զարգացման նպատակով 2015 թ․տրամադրված վարկային ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ․ դոլլար (այդ գումարների մեջ է ներառված 200 մլն․ դոլլար արժողությամբ ռուսական զենքի առաքման համար տրամադրված արտոնյալ վարկերը), այդ թվում նաև Ռուսաստանի և եվրասիական կառույցների կողմից տրամադրված 100 մլն․դոլլարի անհատույց օգնությունը։
Ինչպես «Կոմերսանտ» հրատարակչությանը տված հարցազրույցում հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը, Եվրասիական ֆոնդի միջոցով կայունացման ու զարգացման նպատակով Հայաստանին տրամադրված բանկի վարկային ներդրումները կազմել են 515 մլն․ դոլլար։ Իսկ հաստատված վարկերի տոկոսադրույքները Հայաստանի համար կազմում են 1,5-2,1%: Սա այն դեպքում, երբ Հայաստանը կանոնադրական կապիտալի մեջ կատարել է ընդամենը 100 հազ․ դոլլարի ներդրում (Ռուսաստանը՝ 1 մլրդ․, Ղազախստանը՝ 500 մլն, Բելառուսը՝ 15 մլն․, իսկ Ղրղզստանը՝ 100 հազ․)։
Իսկ համաձայն Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուգազյանի հայտարարության՝ հանրապետությունը կարող է հավակնել ԵվրԱզեսի Հակաճգնաժամային ֆոնդի կողմից տրվելիք 1,1 մլրդ դոլլար վարկային ռեսուրսին (Հայաստանը ԵվրԱզեսի Հակաճգնաժամային ֆոնդին անդամակցում է 1 մլն․ դոլլար մասնաբաժնով)։
«Հայաստանի համար արդեն հաստատված են համարվում հետևյալ երեք վարկերը՝ 2015-17 թթ․ բյուջետային համագործակցության վարկը՝ 300 մլն․ դոլլար արժողությամբ, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ծրագրի իրականացման նպատակով տրվելիք վարկը՝ 150 մլն․ դոլլարի չափով, և ոռոգման համար տրամադրվելիք 40 մլն․ վարկը»,- խորհրդարանում հայտնեց Ջանջուգազյանը։
Նա ավելացրեց, որ կան նաև այլ ծրագրեր, որոնք ներկայացված են կամ կներկայացվեն ֆոնդի զննությանը։
Զուգահեռներ՝ Վրաստանի հետ
Հայաստանում մշտապես տեղի է ունենում Եվրասիական և Եվրոպական միություններին ինտեգրման հարցերի քննարկում, թե ինտեգրման որ ուղղությունն ավելի շահավետ կլիներ Հայաստանի տնտեսության համար։
Այս առումով հետաքրքիր են «Արևելյան գործընկերության» այն երկրների փորձը, որոնք ասոցացիայի համաձայնագրեր են կնքել ԵՄ–ի հետ, խոսքը Ուկրաինայի,Վրաստանի, Մոլդովայի մասին է։ Բավական շատ խոսվեց այն մասին, որ ասոցացիայի համաձայնագրերը հավասարազոր չեն։ Եվրոպացիներն այդ համաձայնագրերում միակողմանի փոփոխություններ կատարելու իրավունք ունեն (ներկայացնել մաքսատուրքեր, փոխել քվոտաների չափերը և այլն), իսկ Կիևը, Թբիլիսին և Քիշնևը զրկված են այդ հնարավորությունից։ Եվ ամենագլխավորն այն է, որ այդ երկրներն այդպես էլ չստացան այն բազմամիլիոնանոց ֆինանսական օգնությունն ու վիզային ռեժիմի վերացումը, որոնք խոստացվել էին։ Իսկ նրանց արտադրողներն այդպես էլ չկարողացան տեղ զբաղեցնել եվրոպական շուկայում և փոխհատուցել ավանդական՝ ռուսական շուկայի կորուստը։
Պարզվեց, որ ասոցացիայի համաձայնագրի շրջանակներում նշված երկրներից արտահանման քվոտաները չափազանց փոքր են, նրանց ապրանքը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին և այլն։ Իսկ ինչ վերաբերվում է կաշառակերության ու օլիգարխների կողմից քաղաքականության վրա ազդեցության մակարդակին, ապա այն նույնիսկ ավելացել է (Ուկրաինա, Մոլդովա)։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա-մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հաշվարկներով՝ ԵվրԱզեսին Հայաստանի չանդամակցության վնասը կկազմեր մոտ 1 մլրդ․ դոլլար։ Նրա խոսքերով՝ նման գումար կկուտակվեր Ռուսաստանի կողմից գազի արտահանման մաքսատուրքերի 30 %-ը չհանելու, հայկական էմիգրանտների ունեցած դժվարությունների, ինչպես նաև ՌԴ ապրանքների արտահանման ու այլ ծախսերի արդյունքում։
Իր հերթին՝ քաղաքագետ, Կովկասյան համալսարանի գիտաշխատող Հրանտ Միքաելյանը գտնում է, որ ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության առումով արդյունքների ամփոփման համար դեռևս վաղ է։ «Դեռ այդքան էլ շատ ժամանակ չի անցել, և բացի դա էլ՝այդ ամենը համընկավ տնտեսական ճգնաժամի հետ։ Իմ կարծիքով՝ միջանկյալ արդյունքները հետևյալ տեսքն ունեն․ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցությունը թույլ տվեց պահպանել արտաքին տնտեսական կապերը՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գազի գինն ու աշխատողների համար նախատեսված սեզոնային աշխատանքների շուկան։ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն թողեց Հայաստանի վրա, սակայն, եթե Հայաստանը չմիանար ԵվրԱզեսին, հավանաբար ավելի ծանր պայմաններում կգտնվեր»,- հայտնում է նա Dalma News-ին։
Նրա խոսքերով՝ թվարկված գործոնները էական նշանակություն չեն ունեցել երկրի միկրոէկոնոմիկայի վրա։ «Ներկա պահին տնտեսական զգալի առավելություններ Վրաստանը նույնպես չունեցավ, չնայած, որ այն Եվրոմիության հետ ասոցացիայի համաձայնագիր էր ստորագրել։ Վրաստանը չկարողացավ օգտվել եվրոպական շուկայի մասնակի բացումից, նույն կերպ էլ Հայաստանը օգտվել չէր կարող, եթե ստորագրեր այդ համաձայնագիրը։ Միևնույն ժամանակ Վրաստանը հեղեղվեց եվրոպական ներդրումներով, այն դեպքում, երբ ռուսական ներդրումները Հայաստանում տվյալ պահին հավասարվել էին զրոյի»,- ավելացրեց նա։
Քաղաքագետը շոշափեց շատ կարևոր մի հարց՝ Հայաստանում նվազել են արտասահմանյան ներդրումները։ Եթե միայն արտասահմանյան ներդրումները Վրաստանում 2015 թ․ արդյունքներով կազմել են 1,56 մլրդ․ դոլլար (դրանցից 40 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին ու Թուրքիային), ապա Հայաստանում այդ թիվը կազմել է ընդամենը 180,5 մլն․ դոլլար։ Տարբերությունը հսկայական է, եթե նույնիսկ հաշվի առնենք այն առավելությունները, որոնք ունի Վրաստանը՝ Հայաստանի հետ համեմատած (տրանզիտային հնարավորություններ, ելք դեպի ծով և այլն)։
Ահա այս ֆոնի վրա Ռուսաստանին հարկավոր է ջանքեր գործադրել՝ Հայաստանի օրինակով ցույց տալով Եվրասիական միությանն ինտեգրման առավելությունները։ Իսկ դրա համար հարկավոր է հայկական տնտեսությունում զգալի ներդրումներ կատարել։
Իրենց հերթին՝ հայկական իշխանությունները պետք է կարողանան ավելի արդյունավետ կերպով օգտագործել ԵվրԱզեսին անդամակցության ու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների արդյունքում ստեղծված հնարավորությունները։ Մասնավորապես՝ հանրապետության արտահանման պոտենցիալն ավելի ակտիվորեն զարգացնելու։
Հուսանք՝ Հայաստանի նոր կառավարությունը, որը կգլխավորի արդյունավետ մենեջերի ու տեխնոկրատի համբավ ունեցող Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը լուծում կտա այս խնդրին։
Եվ Հայաստանին տնտեսական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի ու եվրասիական կառույցների պատրաստակամությունը կօգտագործվի երկրի տնտեսության զարգացման, այլ ոչ թե կասկածելի գործարքների վնասների հատուցումը ծածկելու համար, ինչպես որ եղավ օրինակ «Նաիրիտ» քիմիական գործարանի դեպքում։
Հայկ Խալաթյան