Հայաստանի ազգային գրադարանի կիսանկուղային հարկում գտնվող իր արվեստանոցում նստած՝«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, նկարչական պատգարակին ձգված բնական մետաքսի վրա թատերական շարժուձևով արագորեն նկարում է հայկական այբուբենի տառերը։ Կտորի վրա, որը հետագայում պետք է դառնար շարֆ, հատուկ կտորի համար նախատեսված ներկերով հաճույքով պատկերվում են դեռևս անհասկանալի ուրվագծերը։ Առանց աշխատանքից կտրվելու՝ Լիլիթը պատմում է կենտրոնի պատմությունը՝ ընդգծելով, որ, իսկապես, ամեն նորը լավ մոռացված հինն է։
Սկիզբ․․․
«Մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարն ինձ չի պատկանում, այն մեր նախագահ-արվեստաբան, «Տերյանաբան» Առուշան Հակոբյանի մտահաղացումն է եղել։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ կենտրոնն անվանակոչվեց հայ մեծագույն պոետ Վահան Տերյանի անունով»,- պատմում է Լիլիթը։ Սկզբնական շրջանում կենտրոնի գործունեությունը սերտ կապված էր պոետի ստեղծագործական կյանքի հետ, և մինչև օրս էլ անցկացվում են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում նաև Ջավախքում (Վրաստան) և Գանձակ գյուղում, որտեղ ծնվել է Տերյանը՝ փորձելով հրատարակել իրենց ունեցածը։ Սակայն երբ կենտրոնի ղեկավար դարձավ Լիլիթ Մելիքյանը, աշխատանքային գործունեության մեջ ընդգրկվեցին նաև նրա նախասիրությունների պատառիկները․կենտրոնում սկսեցին զարգանալ նոր ուղղություններ՝ դիզայնն ու դեկորատիվ կիրառական արվեստը։ Ներկայումս սա մի վայր է, որտեղ մարդիկ զբաղվում են այն ամենով, ինչը կապ ունի հայ ազգի ու մշակույթի հետ․այստեղ վերստեղծում են ազգային հագուստներ, զբաղվում են ազգագրությամբ, ուսանում են հայ ազգի ու ազգային հագուստի պատմությունները, չէ՞որ դրանք սերտորեն կապված են միմյանց հետ։ Եվ քանի որ ազգային հագուստի հետ կապված գործունեությունն ավելի ուժեղ է աչքի զարնում, հետևաբար մենք էլ այն նկատեցինք առաջին հերթին։
«Ինձ թվում է հասարակության մեջ այսօր արդեն հասունացել է ազգային հագուստի նկատմամբ պահանջարկը, և ոչ թե որպես թանգարանային նմուշի կամ բեմական հագուստի, այլ հենց այն կրելու մշակույթի ու առօրյա կյանքում կիրառելու պահանջարկն է հասունացել, օրինակ, այնպիսի հատուկ տոների ժամանակ, ինչպիսին է հարսանիքը։ Այսօր կոմերցիոն տրամադրվածություն ունեցող շատ ու շատ մարդիկ ինձ ասում են, որ ես ուղղակի բռնել եմ «տենդենցն» ու ճիշտ եմ հասկացել, թե հատկապես ինչով է հարկավոր զբաղվել։ Իսկ իրականում
13 տարվա ուսում
Լիլիթը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, և շատ է սիրում ամեն տեսակ հինը, ազգայինը՝ լինի դա սպասք, զարդեղեն, հագուստ, թե կահույք։ 13 տարի առաջ, երբ ինքն ու իր խումբը սկսեցին ուսումնասիրել ազգային հագուստն այն մակարդակում, որը հետագայում նրանց պետք է թույլ տար ճիշտ մոտեցում ցուցաբերել ոճաստեղծմանը՝ հաշվի առնելով հագուստի ու ասեղնագործության մասին իրական գիտելիքները, օգնության համար դիմում են Սարդարապատի թանգարանի ազգագետ Սվետլանա Պողոսյանին։ Կարդում են գրքեր, ուսումնասիրում հագուստներ, այցելում թանգարաններ, ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան՝ համեմատելով հայկական ազգային հագուստն այլ հագուստների հետ։ Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես ընդառաջ է գնում՝ երիտասարդ էնտուզիաստներին թույլ տալով մտնել երկրի թանգարանների արխիվներ։
«Բազմամյա այդ գիտական գործունեության արդյունքում մենք հանգիստ կարող էինք գրել ու հրատարակել գիրք ու այդ ամենի վրա էլ կանգ առնել։ Սակայն դա ինձ չէր հետաքրքրում։ Տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք այնպիսի պահուստային գիտելիքներ կուտակեցինք, որոնք մեզ թույլ տվեցին ամենամանր դետալները հաշվի առնելով՝ ամբողջությամբ վերստեղծել պատմական Հայաստանի 8 տարածաշրջանների ազգային հագուստները։ Որևէ կոմերցիոն նպատակ չհետապնդելով՝ մեր խումբը որոշում է կայացրել ստեղծել ազգային հագուստների սեփական հավաքածու, բայց շուտով մեզ սկսեցին դիմել ստեղծագործական կոլեկտիվներ, երգիչներ, պարային խմբեր։ Իսկ արտասահմանում հավաքածուն ցուցադրելուց հետո որոշ երկրներում հայ համայնքները մեր ստեղծած հագուստների կրկնօրինակներն ունենալու ցանկություն հայտնեցին։
Ազգային հագուստի մասին խոսելիս՝ պետք է հստակ իմանալ, որ մի փոքրիկ իրն անգամ քո և քո ազգի մասին չափազանց շատ բան կարող է պատմել, և ես դրանից շատ եմ վախենում, որովհետև ասեղնագործության մեջ կոդավորված են տարբեր թալիսմաններ, մաղթանքներ, և ամեն մի նմուշն իր մեջ պատմություն է պարունակում, ամեն մի ասեղնագործություն պատմում է ոչ միայն լեզվային խորհրդանիշների, այլ նաև ասեղնագործելու մեթոդների մասին»,- կիսվում է Լիլիթը։
Այսօր «Տերյան» կենտրոնը զբաղվում է 21-րդ դարում ազգային հագուստի վերածնունդով, այսինքն ստեղծում է ժամանակակից հագուստ, որտեղ առկա են հայ ազգային հագուստի տարրեր։ Վերջին հավաքածուներից մեկը նվիրված է եղել գորգագործական պատկերներին, իսկ մյուսը՝ հայկական խաչքարի զարդանախշերին։ Եվ, ինչպես մեր հերոսուհին է ասում, չնայած հայերի համար խաչքարը անդրշիրիմյան հուշարձան է, ու դրան մարդիկ վերաբերվում են որոշակի վերապահումով, այնուամենայնիվ իրենք փորձեր են իրականացրել նաև այս ուղղությամբ։
«Անցյալն ու ներկան» հավաքածուն
«Նորաձևության մեջ ազգային ոճի խնդիր դրվել է սրանից 30 տարի առաջ, և ես ինձ վատ էի զգում, երբ տեսնում էի, որ հայկական ազգային գորգերի զարդանախշերն իրենց հավաքածուներում օգտագործում են համաշխարհային մեծության դիզայներները, սակայն այդ մասին ոչ մի տեղ չի հիշատակվում։ Օրինակ՝ Ավստրալիայում կան երկու քույրեր, որոնք հավաքածուներ են ստեղծում հենց մեր գորգերի զարդանախշերի օգտագործմամբ՝ դրանք թուրքականի տեղ ներկայացնելով։ Այդ ամենն ինձ համար նոր հավաքածու ստեղծելու առիթ դարձավ, ինչը հայկական գորգերը «փրկելու» ինքնատիպ մի փորձ էր։ Ես հասկանում եմ, որ նման մեծ առաքելությունն իմ ուժի բանը չէ, քանի որ ես չափազանց փոքր մարդ եմ, բայց ամեն դեպքում ՝ փորձը փորձանք չէ»։
Այստեղ Լիլիթ Մելիքյանը մի նոր խնդրի է բախվում․ Հայաստանում տեքստիլի գործարան չկա, իսկ տեղում քո իսկ նկարով ինչ-որ բան պատվիրելը ֆիզիկապես անհնար է։ Բայց որոշումը շուտով գտնվեց։ Հայկական գորգերը վերածեցին գրաֆիկական ֆայլերի և սկսեցին դրանք դաջել կտորներին։ Արդյունքում ստացվեց թանկ, բայց սեփական արտադրանք։ Դա թույլ տվեց ստեղծելու բոլորովին այլ հագուստ՝ չկառչելով կառուցումների վրա, քանի որ այդ ամենի հիմնական նպատակը դա չէր։ «Ես փորձում վերստեղծել այն ամենը, ինչը թանկ է հայերի համար»,- ասում է Լիլիթը։
Ծրագրերի մասին
Այժմ «Տերյան» կենտրոնի ստեղծագործական անձնակազմը միանգամից երկու հավաքածու է պատրաստում։ Առաջինը կոչվում է՝ «Հնդկաստան», իսկ երկրորդը՝ «Հայկական 12 թագուհիներն ու թագավորները»։ Ողջ փետրվար ամիսը Լիլիթ Մելիքյանն անցկացրեց Հնդկաստանում, որտեղ ոչ միայն մասնակցեց Ֆարիդաբադ քաղաքում կայացած մեծ ցուցահանդեսին, այլ նաև Մարաշի շրջանի ոճով արված հայկական ասեղնագործության մի ձև գտավ։
«Պարզվում է՝ հայերն ու հնդկաստանցիներն աշխարհում միակ ազգերն են, ովքեր տիրապետում են ասեղնագործության այդ տեխնիկային։ Եվ այն փաստը, որ, ըստ իս, Հնդկաստանը հայերի համար մեծ նշանակություն ունի, ոգեշնչեց ինձ՝ ստեղծելու այդ հավաքածուն։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդին՝ ապա, հաշվի առնելով հայերի հետաքրքրվածությունը սեփական պատմության, ավանդական կենցաղի և հայկական այն թագուհիների ու թագավորների տիրապետությունների նկատմամբ, որոնց մասին մենք այնքան շատ ենք կարդացել պատմության դասագրքերում, ապա դա անխուսափելի էր։ Այս հավաքածուի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպիսին նրանք կարող էին լինել»։
Այսօր Լիլիթը զբաղվում է անհատական արտադրանքներով։ «Ես մեկ հագուստի առավելագույնը 50 կրկնօրինակ կարող եմ անել, զանգվածային արտադրության համար հարկավոր է, որ ինչ-որ մի օլիգարխ դրա համար համապատասխան գործարան բաց անի, որպես գեղարվեստական ղեկավար վարձի ինձ, և որ պակաս կարևոր չէ, զբաղվի ապրանքի զանգվածային իրացմամբ։ Մենք ծնունդ ենք տալիս նոր գաղափարների ու դրանք դեպի կյանք են շպրտում։ Ինձ՝ 40-ամյա անձնավորությանս, ով արդեն ապագա 200 տարիների համար ծրագրեր ունի, դժվար թե ուժերը բավականեցնեն նաև իրացման հարցերով զբաղվելու։ Կոմերցիոն անձանց ես կարող եմ իմ էսքիզներն առաջարկել, բայց սեփական նկուղիցս հեռանալու հարցը չի քննարկվում, այստեղ ես ինձ հարմար եմ զգում։ Ես պարզապես սովորել եմ ինքս իմ տերը լինել ու զբաղվեմ այն ամենով, ինչով ուզում եմ»։
Եվ վերջում….
Ես կուսակցական մարդ չեմ, ես արվեստի մարդ եմ, բայց այն ամենն ինչ կատարվում է մեր երկրում, այս կամ այն կերպ անդրադառնում է իմ արվեստի ու այն ամենի վրա, ինչն ինձ դարձրել է Լիլիթ Մանուկյան՝ կապված իմ երկրի, կենցաղի և այն մարդկանց հետ, ովքեր շրջապատում են ինձ։ Որոշ ժամանակ ես ապրել եմ Հայաստանից դուրս, և հիմա էլ ես միշտ որևէ մեկ այլ երկրում մնալու հնարավորություն ունեմ, ինչ-որ մի այլ տեղ կրկին սովորելու կամ աշխատելու։ Սակայն այս պահին ես վստահ եմ, որ այլևս չեմ հեռանա, որովհետև երբ արդեն գտնում ես քո տեղը, էլ չի կարելի հեռանալ։ Իմ կարծիքով՝ իրեն հարգող ցանկացած մարդ պետք է Հայաստանում մի բան անի։ Միայն այդպես է հնարավոր առաջ շարժվել ու դրանով իսկ արժևորել «Ստեղծված է Հայաստանում» հասկացությանը։
Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները՝ Maram-ի