Երբ թատերական նկարչի ու դրամատիկական դերասանուհու ընտանիքում որդի է ծնվում, այն էլ այն դեպքում, երբ պապիկն էլ հայտնի երգահան է, ապա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նրա կյանքը կապված կլինի արվեստի հետ: Տվյալ դեպքում հենց այդպես էլ եղավ, սակայն ոչ-ոք պատկերացնել չէր կարող, թե տղան ինչ բարձունքների կհասնի և որքան անսահման կլինի երկրպագուների սերը:

Դժվար ժամանակներում ծնվածը…

Տղան, ում Մուսլիմ անունը տվեցին, լույս աշխարհ եկավ ահեղ ու սարսափազդու 1942 թ., Բաքվում իհարկե՝ բոցավառվող պատերազմից հեռու: Հորն ընդհանրապես չէր հիշում, որդու ծնունդից գրեթե անմիջապես հետո Մահոմետ Մագոմաևին զորացրում են, իսկ ճակատագիրը նրա հետ վատ խաղ է խաղում՝ նա մահանում է Բեռլինի պարիսպների մոտ, երբ հաղթանակին մնացել էր հաշված օրեր: Բավական հայտնի դերասանուհի մայրը՝ Այշետը (Կինժալովա բեմական կեղծանունով), մահվան ծանուցագիրը ստանալով, Բաքվից հեռանում է Մայկոպ, իսկ հետո էլ՝ Վիշնի Վոլոչյոկ:
uzn_1471423762Մուսլիմը մնում է Մահոմետի եղբոր՝ Ջամալի խնամակալության տակ, ով, չնայաց իր խստակյացությանը, եղբոր որդուն ազնվորեն դաստիարակում է: Նրան հաջողվում է անել այնպես, որ Մՙուսլիմն իրեն որբ չզգա: Չնայած հորեղբայր Ջամալը երաժշտական կրթություն չուներ, այնուամենայնիվ դաշնամուր և ռոյալ լավ էր նվագում, և նա զգում է, որ Մուսլիմն անսովոր տաղանդի տեր է, իսկ այդ տաղանդը հարկավոր էր զարգացնել: Հորեղբոր զգոն խնամալակության հովանու ներքո, Մուսլիմը, ունենալով փայլուն լսողություն և ձայնի երկնային մաքրություն, ընդունվում է Բաքվի կոնսերվատորիայի երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարան:

Հենց այդ ժամանակ որդու հանդեպ կարոտ է զգում Այշետն ու Մուսլիմն ուրախությամբ նետվում է դեպի մայրը՝ փոքրիկ Վիշնի՝ մեծ Բաքվից հետո բոլորովին մի այլ աշխարհ: Այստեղ նրան սպասվում էր արվեստի մեկ այլ տեսակի՝ թատրոնի հետ շփում, ընդ որում՝ ներսից, ոչ թե պարտերից: Դրանք և թատերական փորձերն էին, և երգչախմբի կողմից կառավարվող գործիքների կախարդական հնչյունները, և կուլիսների այն չկրկնվող ու հեքիաթային հոտը…

Մեկ տարի անց մայրը նրան կրկին Բաքու է ուղարկում: Այստեղ, ինչ ասել կուզե, երաժշտական պարապմուքներով զբաղվելու համար ավելի լուրջ հնարավորություններ կան, քան Վոլոչյոկում: Մուսլիմն ընդունվում է Բաքվի երաժշտական քոլեջ, որտեղ դասավանդում էին փորձառու վոկալիստներ: Իր ողջ կյանքի ընթացքում երգիչն անսահման երախտագիտությամբ էր լցված կոնցերտմաստեր Թամարա Կրետինգենի նկատմամբ, ով հավանաբար անմիջապես բացահայտելով բացառիկ կատարողին՝ մեծ եռանդով իր ազատ ժամանակը տրամադրում էր նրա հետ պարապմունքներին՝ Մուսլիմի համար գտնելով քիչ հայտնի երգահանների հազվագյուտ ստեղծագործություններ, որպեսզի ոչ թե կրկնվի մեկ անգամ երգվածը, այլ ստեղծվի սեփական ոճը: Մուսլիմին հաջողվում է խուսափել ձայնային պատանեկան մուտացիայից, ու մնում էր միայն մեկ բան՝ գնալ առաջ:

Անմահություն տանող առաջին քայլը

Հավանաբար հանրության առաջ ամենանշանակալի ելույթը, առաջին հերթին հենց իր համար, եղավ Բաքվի Ծովայինների տանը կայացած համերգին նրա ինքնակամ ներկայությունը. Մուսլիմին հրավիրել էին՝ սեփական համարով ելույթ ունենալու: Ինչու ինքնակամ, որովհետև 15-ամյա պատանուն ընտանիքը արգելել էր առայժմ հանրության առաջ ելույթ ունենալ՝ վախենալով, որ նա կարող է կորցնել ձայնը: Պատանին սակայն գտնում է, որ իր ձայնն արդեն հասունացած է, և որոշում է ելույթ ունենալ: Թե ինչպիսի հաջողություն ունեցավ այդ ելույթը, հիմա արդեն դժվար է ասել, բայց տրամաբանական է ենթադրելը, որ երիտասարդ տաղանդը պակաս ոգևորիչ չի եղել:

Անկասկած, ոգևորիչ էլ եղել է, քանի որ արդեն 1961 թ. Մուսլիմ Մագոմաևը Բաքվի ռազմական շրջանի երգի և պարի անսամբլի մեներգիչն էր: Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցան երգչի առաջին հյուրախաղերը՝ դեռ միայն Անդրկովկասում: Դրանից հետո երգչի նրա կարիերան միայն վերելք ապրեց:

magomaev_201431

19-ամյա Մագոմաևն իսկապես հանրահայտ դարձավ, և դա Հելսինկիում կայացած երիտասարդական փառատոնին հայտնի «Бухенвальдский набат» երգի շշմեցուցիչ կատարման արդյունքում: Այդ նույն «նաբաթը» 1963 թ. մարտին Կրեմլյան պալատի բեմից ցնցեց խորհրդային հեռուստատեսության եթերը և 20-ամյա Մուսլիմը հսկա այդ երկրում ակնթարթորեն դարձավ հանրահայտ: Հաջողությունն այնքան անասելի էր, որ մենահամերգները միմյանց հերթ չէին տալիս, և ոչ թե որտեղ պատահեր, այլ օրինակ՝ Լուժնիկների Սպորտի պալատում կամ Չայկովսկու անվան համերգասրահում: Կոպտության հասնող պահանջկոտությամբ հայտնի անձնավորություն Կլավդիա Շուլժենկոն մի անգամ ասել է. «Հենց Մագոմաևը հայտնվեց, այդ պահը դարձավ հայտնություն: Նա բոլոր երիտասարդներից մեկ գլուխ բարձր էր, և բոլորին անսահման դուր էր գալիս»:

Մագոմաևը դառնում է Ադրբեջանի Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչը՝ շարունակելով լցնել համերգասրահները՝ էստրադային համերգների ժամանակ: Ակնհայտ էր, որ հաջորդ քայլը համաշխարհային մասշտաբի բեմերն էին: Եվ ամեն բան շատ արագ ստացվեց:

Միլան: «Լա Սկալան» և մնացածը

1964 թ.-ն ու դրան հաջորդող տարին Մագոմաևը անցկացրեց Իտալիայում՝ փորձաշրջան անցնելով միլանյան հայտնի՝ «Լա Սկալա» թատրոնում: Արդյո՞ք կար նման բան, թե պարզապես ժամանակի լեգենդն էր դա, ըստ որի երիտասարդ մեներգիչը միլանյան երգչախումբ ընդունվելու հրապուրիչ առաջարկ է ստանում: Բայց Մագոմաևի սերը էստրադային երաժշտությանն էր պատկանում: Առաջարկ հավանաբար եղել է, սակայն Մագոմաևի հրաժարվելու պատճառը հաստատ այլ բան էր…

1966 և 1969 թթ. Մագոմաևի մենահամերգները մեծ հաջողությամբ անցկացվեցին Փարիզյան «Օլիմպիայում»: «Օլիմպիայի» տնօրինությունը երգչին մեկ տարվա համագործակցություն է առաջարկում (սա արդեն հաստատված տեղեկություն է), սակայն այստեղ միջամտում է խորհրդային մշակույթի նախարարությունը՝ փարիզցիներին մերժելով այն դրդապատճառով, որ Մագոմաևը պետք է ելույթ ունենա կառավարական համերգներին: Որոշ ժամանակ մշակույթի նախարարությունն առհասարակ Մագոմաևին արգելում է ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրան չենթարկվել հնարավոր չէր, քանի որ դա լուրջ տհաճությունների տեղիք կարող էր տալ՝ ընդհուպ մինչև հայրենիքի դավաճանություն:

Վերադառնալով Մոսկվա՝ Մագոմաևը Մեծ թատրոնին միանալու առաջարկ է ստանում, ինչից երգիչը վճռականորեն հրաժարվում է՝ կամ խուսափելով իրեն թատրոնային խաղացանկին կապելուց, կամ էլ սկզբունքորեն՝ ընդդիմանալու համար: Նրա երգացանկն այդ տարիներին անհավատալի մեծ էր՝ օպերային արիաներից մինչև հիթեր, որոնք իր կատարումից հետո անմիջապես հայտնի էին դառնում, էստրադային երգեր ( Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նրա կատարմամբ հնչեց հանրահռչակ Beatles-ի Yesterday երգը), ռուսական ռոմանսներ, դե իհարկե նաև հայրենասիրական պաթետիկան՝ ո՞ւր պիտի փախչես դրանից: Խորհրդային պետական պարգևատրումներն ու մրցանակները կանգ չէին առնում, դրանց միանում էին նաև միջազգայինները: Սոպոտի առաջին մրցանակը, Կաննից բերված «Ոսկե ձայնասկավառակը» և շատ այլ ուրիշներ… Տոնական ոչ մի հեռուստահաղորդում առանց Մուսլիմ Մագոմաևի չէր ընթանում:

23

Սակայն, բոլոր ժամանակներում փորձված բան է՝ ոչ մի մեծություն առանց նախանձների չի ապրում, որոնց թվում և այնպիսիները կան, որոնք ամեն ստորության պատրաստ են: Իսկ է՞լ ինչպես, եթե ոչ ինչ-որ մեկի ստորությամբ կարելի է բացատրել 1960-ականների վերջին կատարված պատմությունը:

Ելքի իրավունքի սահմանափակում… Ադրբեջանից

1960-ական թթ. ինչ-որ կերպով Մուսլիմ Մոգամաևը իմանում է, որ Ռոստովյան ֆիլհարմոնիան ֆինանսական դժվարություններ ունի, Դոնյան կազակների երգի և պարի անսամբլը նույնիսկ պատկառելի հագուստներ չուներ՝ Մոսկվայում կայանալիք համերգին հյուրախաղով այցելելու: Մագոմաևը խոստանում է համերգով օգնել՝ ելույթ ունենալով Դոնի Ռոստովի լեփլեցում մարզադաշտում, որն այդ ժամանակ տեղավորում էր 45 հազար մարդու: Նախատեսված էր, որ Մագոմաևը միայն մեկ հատվածում պետք է ելույթ ունենա, սակայն նա դաշտում անցկացնում է ավելի քան երկու ժամ, հանրությունը ոչ մի կերպ չէր ցանկանում բաց թողնել իր կուռքին: Ելույթի համար նրան վճարում են 606 ռուբլի՝ 202 ռուբլու փոխարեն, որն այդ ժամանակ համերգի մեկ հատվածում ելույթ ունենալու համար օրենքով սահմանված գումար էր: Միջոցառման կազմակերպիչները նրան հավաստիացնում են, որ այդ գումարը օրինական է, սակայն պարզվում է՝ դա բոլորովին էլ այդպես չէր: Տարօրինակ այդ պատմությունը դառնում է Հակակոռուպցիոն ջոկատի կողմից քրեական գործ հարուցելու առիթ:

0_97eb0_2f69d067_XL

Երբ այդ մասին հայտնում են Փարիզի «Օլիմպիայում» ելույթ ունեցող Մագոմաևին, նա հանկարծակիությունից իրեն կորցնում է: Էմիգրանտային շրջանակները երգչին առաջարկում են մնալ Փարիզում ու խաչ քաշել ամեն ինչի վրա, սակայն Մագոմաևը գերադասում է վերադառնալ ԽՍՀՄ՝ ոչ մի կերպ չպատկերացնելով իր կյանքը հայրենի հողից հեռու, և անշուշտ, հստակ պատկերացնելով, թե իր արտագաղթն ինչ վիճակի մեջ կդներ ԽՍՀՄ-ում մնացած իր հարազատներին:

Չնայած գործի քննությունը ոչ մի մեղադրանք չառաջադրեց Մագոմաևին, ով պաշտոնական տեղեկագրում ստորագրել էր՝ գումարը ստանալու համար, այնուամենայնիվ ԽՍՀՄ-ի մշակույթի նախարարությունը արգելում է երգչին՝ Ադրբեջանի սահմաններից դուրս հյուրախաղերով ելույթ ունենալ: Օգտագործելով իր ողջ ազատ ժամանակը, Մագոմաևը հանձնում է բոլոր քննություններն ու միայն 1968 թ. ավարտում Բաքվի կոնսերվատորիայի երգեցողության բաժինը՝ Շովկետ Մամեդովայի ղեկավարությամբ: Մագոմաևի շուրջ ծնունդ առած «խայտառակությունն» ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Յուրի Անդրոպովը անձամբ զանգահարում է այն ժամանակվա մշակույթի հայտնի նախարարուհի Եկատերինա Ֆուրցեվային և պահանջում՝ ինչ գնով էլ լինի ապահովել Մագոմաևի ելույթը՝ ԿԳԲ-ի հոբելյանական համերգին, քանի որ ԿԳԲ-ի հատվածով՝ Մագոմաևի մոտ ամեն բան մաքուր է:

magomaev_85

«Ես մասնակցել եմ բազմաթիվ համերգների, որտեղ ելույթ է ունեցել Մուսլիմ Մագոմաևը, և չի եղել մի դեպք, երբ հաղորդավարը կարողանա մինչև վերջ հայտնել արտիստի անուն-ազգանունը: Սովորաբար արդեն «Մուսլիմ» անունը հնչելուց հետո այնպիսի ծափահարություններ են հնչել, որ չնայած ամենահզոր խոսափողներին ու հաղորդավարի ջանքերին, ազգանունն ուղղակի ընկղմվել է հիացական բացականչությունների աղմուկի մեջ: Մարդիկ ընտելացել են դրան: Ինչպես որ ընտելացել են այն հանգամանքին, որ նրա միայն անունը մեր արվեստի յուրահատուկ մի արժանիք է: Նաև նրա համար, որ նրա կատարմամբ ցանկացած օպերետային արիա ու ցանկացած երգ մշտապես ինչ-որ հրաշքի սպասում է ենթադրում»,- գրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկին, ում բանաստեղծությունների հիման վրա գրված բազմաթիվ երգեր է կատարել Մագոմաևը, այդ թվում և այնպիսիներ, որոնք հեղինակել է հենց ինքը:

Ռուբեն Գյուլմիսարյան