Անցած շաբաթվա ընթացքում հաստատվեց այն տեղեկությունը, որ առաջիկա ընտրությունները՝ մասնավորապես սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, կընթանան առանց այն փոփոխությունների, որոնք իշխանությունը խոստացել էր ընդգրկել Ընտրական նոր օրենսգրքում:

Իշխանությունների խոստումը

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև ընթացող 4+4+4 ձևաչափի բանակցությունների արդյունքում հունիս ամսին ստորագրվել էր փոխհամաձայնեցված պայմանագիր՝ ընտրական գործընթացի օրինականության վրա վերահսկողության նպատակով  կիրառվող տեխնիկական մեխանիզմների կազմակերպման հարցի շուրջ: Իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են գտնել ընդդիմության և քաղաքացիական հասարակության պահանջների 4-ից 5 լուծումներ ու դրանք ընդգրկել Ընտրական օրենսգրքում: Մասնավորապես՝ կուսակցություններին խոստացվել էր ընտրությանը մասնակցող անձանց ցուցակին հետևելու թույլտվություն տալ նույնիսկ այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամներ չունեն: Ընտրողները ընտրությանը պետք է մասնակցեին միայն նույնականացման քարտերով, որոնք մինչ ընտրությունները սկսվելը՝ պետությունն անվճար պետք է բաժաներ:

Եվ ամենակարևորը՝ ընտրություններից առաջ պետք է նաև վերցնեին ընտրողների տասը մատների մատնահետքերը, իսկ բոլոր 2000 ընտրատեղամասերում տեղադրվեին տեսախցիկներ: Նախատեսված էր նաև բուն ընտրական գործընթացի ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպում:

Սակայն Ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները իշխանությունը խոստացավ կատարել միայն վերը նշված դիտարկումների իրականացման համար նախատեսված 16 մլն. դոլլարի առկայության դեպքում: Ընդ որում՝ միջազգային դոնոր կազմակերպությունները խոստացան տրամադրել պահանջվող դրամական միջոցները, բայց միայն Հայաստանի իշխանությունների հետ համատեղ ֆինանսավորման դեպքում:

Եվ պատահական չէ, որ դեռևս հունիս ամսին՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության ժամանակ, ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ուշադրության արժանացրին փոփոխությունների իրականացման անորոշության հարցը: «Ես միշտ կողմ եմ եղել ընտրական գործընթացների փոփոխություններին, սակայն չեմ կարող կողմ լինել «եթե»-ով պայմանավորված օրինական նախագծին»: Ես դեմ եմ քվեարկելու»,- հայտարարեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Որտե՞ղ են խոստացված գումարները

Ընտրությունների վրա իրականացվող վերահսկողության մեխանիզմների ֆինանսավորման հետ կապված Հայաստանի իշխանություններն առհասարակ բավական տարօրինակ դիրքորոշում են ընդունել: «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ միջազգային դոնոր-կազմակերպությունները կարող են տրամադրել 11.5 մլն. դոլլար, և Հայաստանի կառավարությունից պահանջվում ընդամենը 4.5 մլն. դոլլար՝ փոփոխությունների իրականացման համար:

Եվ եթե Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն՝անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը դեռևս հունիսի վերջին հայտարարեց, որ կառավարությունը նման գումարներ չունի:

naira-zohrabyan-634x445

Նաիրա Զոհրաբյանը անցյալ շաբաթվա ընթացքում առաջինը խոսեց այն մասին, որ  մի քանի ամիս շարունակ իշխանությունների ու ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափով հաստատված վերահսկողության մեխանիզմները կարող են անվավեր հայտարարվել, և ողջ մեղքը բարդեց իշխանությունների վրա: Նրա կարծիքով՝ իշխանությունները դիտմամբ տապալեցին գործընթացը, քանի որ դա հնարավոր է կանխեր ընտրությունների ընթացքում կատարվող խարդախությունները, մասնավորապես՝ վերաքվեարկության միջոցով:

Նա նաև նշեց, որ իշխանությունների գործելակերպի պատճառով շատ հավանական է, որ դոնորները նախագծի իրականացման համար մինչ այդ խոստացած գումարներն այլևս չտրամադրեն: «Եթե 4+4+4 ձևաչափով մոդելը համարվի անվավեր, և հաստատվի ընտրողների ցուցակի հրապարակման տարբերակը, ապա, կարծում եմ, որ գումարները չեն տրամադրվի»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Իշխանությունները կառչում են տեխնիկական խնդիրներից

Իշխանությունները նախապես համաձայնեցված վերահսկման մեխանիզմների ընդգրկման հետ կապված խնդիրները բացատրում են տեխնիկական պատճառներով: Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ մատնահետքերով պայմանավորված վերահսկման մեխանիզմը դժվար թե կարողանա առաջիկա ընտրություններին իրականացվել, քանի որ ընտրատեղամասերի անհրաժեշտ սարքավորումների համար միջոցները կտրամադրվեն միայն հունվար ամսին:

1012215194

«Փաստացի միջոցներ չկան, բայց կան խոստումներ: Ասում են, որ միջոցներ կտրամադրվեն, բայց միայն հունվարին: Եթե հունվարին տրամադրեն, բնականաբար մենք այդ տեխնիկայով չենք կարող իրականացնել ընտրությունները»,- հայտարարեց Սահակյանը:

Նա նաև նշեց, որ արդեն ընդունված Ընտրական օրենսգիրքը ընտրական գործընթացի վերահսկման ու խարդախություններ թույլ չտալու համար բավական լայն հնարավորություններ է ընձեռում: Ամեն դեպքում ընդդիմությունը դժգոհ է լինելու ընտրությունների արդյունքներով: «Ինչպիսի մեխանիզմ էլ այսօր Հայաստանում  ներդրվի, միևնույն է՝ պարտվող կողմը նույնն է կրկնելու՝ խաբեցին, գցեցին, Ընտրական օրենսգիրքը խախտեցին»,- ասաց նա:

Իր հերթին՝ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանությունները կշարունակեն ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունները, որոնք ստորագրվել են հունիսյան համաձայնագրում:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտարարեցին, որ այժմ ավելի վաղ համաձայնեցված գործընթացի տապալման հետ կապված իրենց հետագա քայլերն են քննարկում: «Չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, բայց մինչ սեպտեմբեր մենք կամ պետք է տարբերակների հետ կապված մեկ ընդհանուր հայտարարի հանգենք, կամ էլ մեծ դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը համարենք անվավեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև հայտարարեց, որ իշխանությունների կողմից հնչել է մի քանի առաջարկ, մասնավորապես՝ ընտրողների ցուցակների հրապարակման հետ կապված  ընդդիմության պահանջի վերաբերյալ: Ընդ որում նա գտնում է, որ ընտրողների ցուցակները հրապարակելն իմաստ ունի միայն մեկ դեպքում, եթե հայտնաբերված խախտումները ավելի խիստ պատժվեն (այժմ մեղավորներին միայն տուգանում են):

Բայց հետաքրքիրն այն է, որ համաձայնագիրը ստորագրել են ընդդիմադիր այն քաղաքական ուժերը («Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր»), որոնք «Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված ոստիկանության զավթման ժամանակ աջակցում էին գործող իշխանությանը:

Արդյո՞ք Արևմուտքը մեզ կօգնի

Այս ողջ գործընթացի ընթացքում բավական հետաքրքիր էր արևմտամետ այն քաղաքացիական ակտիվիստների արձագանքը, որոնք մասնակցություն էին ցուցաբերում 4+4+4 ձևաչափի քննարկումներին: Հատկապես նրանց վստահությունը նրանում, որ Արևմուտքը բավական բացասական կընդունի այս հարցի շուրջ ծավալվող հայկական իշխանությունների գործունեությունը:

Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ ընտրությունների վերահսկման մեխանիզմների ներդրման գործընթացի տապալման դեպքում Արևմուտքի հիասթափությունը համեմատելի կլինի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու գործընթացի տապալման արձագանքի հետ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ ակտիվիստները մոռանում են, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դրական է գնահատել իշխանությունների կողմից առաջարկված նոր Ընտրական օրենսգիրքը, նույնիսկ 100 %-անոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում իշխող ՀՀկ կուսակցության կայուն մեծամասնասնական վիճակն ապահովելու կասկածին:

Կամ օրինակ՝ Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների արդյունքների ընդունումը՝ արևմտյան երկրների և եվրոպական կառույցների կողմից ՝անկախ դրանցում առկա խախտումների թվից: Սա արդեն հերթական անգամ ապացուցում է, որ երկրի վիճակի բարելավման հարցում և ոչ միայն ընտրական  օրենսդրության բնագավառում, այլ ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ուժերը պետք է իրենց հույսը դնեն միայն իրենց ու հայ հասարակության վրա, այլ ոչ թե արևմուտքի բարի քեռիների, որոնք իրենց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի համար պատրաստ են աչք փակել ժողովրդավարական նորմի ու մարդու իրավունքների ցանկացած խախտումի վրա:

Եվ հերթական անգամ իշխանությունների կողմից խաբված չզգալու համար, ինչպես դա տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, պարզապես չարժե նրանց հետ կասկածելի համաձայնագրեր կնքել: Այն, որ իշխանությունները  կյանքի կկոչեն կնքված համաձայնագիրը, հստակ կասկածներ կային դեռևս համաձայնագրի ստորագրման պահին: Չէ՞ որ դա առաջիկա ընտրություններին կսպառնար բարդացնել ՀՀԿ–ի հաղթանակը:

 Հայկ Խալաթյան