Օգոստոսի 21-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի «Մարականա» հայտնի մարզադաշտում կայացավ Ամառային 31-րդ Օլիմպիադայի փակման արարողությունը, որի բացման հանդիսավոր տոնակատարությունը կայացել էր օգոստոսի 5-ին՝ համանուն մարզադաշտում: Ռիո դե Ժանեյրոն հարավամերիկյան առաջին քաղաքն է, որտեղ անց են կացվում ամառային օլիմպիական խաղեր: Եվ ամբողջ Լատինական Ամերիկայում միայն մեկ անգամ՝ 1968 թվականին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում էր անցկացվել Ամառային օլիմպիադան:

Ռիոն մի քաղաք է, որտեղ կա ամեն ինչ, թե ծով, թե լեռներ, թե սպորտը սիրող հասարակություն… Բնությունից իրեն բաժին հասած այդ գեղեցկությունը տեսնելը շատերի համար է երազանք դարձել, և տեղացիներն էլ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սիրելի քաղաքի: Բայց այնուամենայնիվ, սպորտասեր մի հոծ հասարակություն խիստ կասկածում էր, որ երկրի ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամային պայմաններում արժեր նման պատասխանատվություն դնել Բրազիլիայի ուսերին: Որոշ փորձագետներ դեռևս մինչև Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումն արդեն կանխատեսում էին, որ անկախ արդյունքներից, Ռիո-2016 Օլիմպիական խաղերն աչքի են ընկնելու կազմակերպվածության ցածր մակարդակով: Բանն այն է, որ Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մեջ էր ներառված նաև ողջ քաղաքով իրականացվող շինարարական աշխատանքները՝ նոր ենթակառուցվածքների կառուցում, մետրոների գծերի ու երկաթգծերի վերանորոգում, ճանապարհաշինարարական աշխատանքներ և այլն: Բրազիլիայի կառավարությունը ցավոք չկարողացավ այդ աշխատանքները ժամանակին ավարտել, և շատ մարզիկներ ու լրագրողներ, խաղերի պաշտոնական բացումից առաջ բողոքում էին, որ քաղաքում ամեն տեղ շինարարական աղմուկ է: Իսկ Ավստրալիայի լողի հավաքականը նույնիսկ դադարեցրել է մարզումները՝ լողավազանի կեղտոտ լինելու պատճառով: Դրան ի պատասխան՝ պատասխանատու հանձնաժողովը հայտարարել է, որ մրցումների համար նախատեսված լողավազանը մաքուր է:

Օլիմպիական միջոցառումների հետ կապված երկրորդ կարևոր խնդիրը վերաբերվում է երկրի անվտանգությանը, որով մտահոգված էին ոչ միայն մարզիկներն ու լրագրողները, այլ նաև Օլիմպիական խաղերը դիտելու նպատակով Ռիո այցելած զբոսաշրջիկներն ու տեղի քաղաքացիները: Սակայն այդ մտահոգվածությունը չխանգարեց, որ Բրազիլիան իր գիրկն ընդունի բազմահազարանոց հանդիսատեսին:

2009 թվականին Բրազիլիայում ահաբեկիչների կողմից խոցվեց ոստիկանական մի ուղղաթիռ, որի օդաչուն տեղում մահացավ: Այդ դեպքից հետո երկրի կառավարությունը առավել ուժեղացրեց երկրի անվտանգությունը, իսկ ողջ Օլիմպիադայի ընթացքում, նախատեսված կարգով, քաղաքի անվտանգությունը հսկում էին 85 հազար ոստիկան: Դա երկու անգամ ավելի շատ էր 2012 թվականին Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիադայի ժամանակ քաղաքի անվտանգությունն ապահովող ոստիկանների թվից:

Այնուամենայնիվ Ռիոյում տիրող հանցավոր վիճակը «մեղմացնելու» համար թերևս այդ թիվն էլ շատ չէ, իսկ եթե այդ ամենին գումարենք նաև այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մինչ խաղերն սկսելը «խոստացել էր» խանգարել խաղերի բնականոն ընթացքին, բնականաբար պատկերն ավելի մուգ գույներ կստանա: Բարեբախտաբար, Օլիմպիական խաղերն ու դրանց թե փակման, թե բացման տոնակատարություններն ուղեկցվեցին առանց «ավելորդությունների»:

Եվ այնուամենայիվ, ոչ վատ կազմակերպվածությունը, ոչ շինարարական աղմուկը, ոչ էլ ահաբեկչությունների նկատմամբ վախը մարդկանց ոգևորվածությունը կոտրել չկարողացան: Մեկ ամիս շարունակ ողջ աշխարհը շունչը պահած սպասում էր խաղերի հանգուցալուծմանը: Արևային Ռիոն, չնայած ֆինանսաճգնաժամային վիճակին, իր հյուրընկալ դռները բաց արեց աշխարհի 205 պետությունների առաջ, որոնց ներկայացուցիչներն իրենց մասնագիտական ողջ ուժն ու համառությունը ներդրեցին նախատեսված 306 մեդալները նվաճելու համար: Խաղերի ողջ ընթացքում Ռիոյի օլիմպիական նորությունները լուսաբանում էին ավելի քան 6 հազար լուսանկարիչներ ու լրագրողներ, ովքեր իրենց աշխատանքայի գործունեությունը հիմնականում իրականացնում էին օլիմպիական զբոսայգու գլխավոր մեդիակենտրոնում:  Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա էին պետությունների ու կառավարությունների 45 ղեկավարներ, ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում էր պետքարտուղար Ջոն Քերին, իսկ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը խաղերի բացման տոնակատարությանը չմասնակցեց:

Օլիմպիական բաղձալի ոսկին…

Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում թվով 14 հայ մարզիկներ ոսկե մեդալներ են բերել Հայաստան: Սակայն նրանցից ընդամենը երկուսն են Հայաստանի անկախ հանրապետության չեմպիոններ դարձել: 1992 թվականին Հայաստանը միանգամից 3 օլիմպիական չեմպիոն է տվել, բայց ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության, այլ ԱՊՀ ընդհանուր հավաքականի ներկայացուցիչ, քանի որ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ հավաքականի կազմում: Մյուս 9-ն էլ Խորհրդային տարիներին են դարձել օլիմպիական չեմպիոններ, երբ Հայաստանի հավաքականը կազմում էր Խորհրդայն միության հավաքականի մի մասը: Այս տարի Հայաստանի անկախ հանրապետության 32 մարզիկներ  Ամառային օլիմպական խաղերին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին 7 մարզաձևերում:

Հայաստանի հանրապետության ողջ պատմության ընթացքում այս տարի երկրորդ անգամ (Առաջինը 1996 թվականին էր, երբ Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ մեր հայրենակից Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտում 52 կգ քաշային կազմում հաղթանակ է տանում ու դառնում Օլիմպիական չեմպիոն),  մեր  անկախ պետության քաղաքացին ու մարզիկը օվկիանոսից այն կողմ գտնվող օտար մայրցամաքում ցուցաբերելով փայլուն մասնակցություն, հաղթանակ է տանում, դառնում օլիմպիական չեմպիոն ու իր հետ միասին Հայաստան բերում բաղձալի մեդալը: Խոսքը գյումրեցի Արթուր Ալեքսանյանի մասին է, ով  հունահռոմեական ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում եզրափակիչ գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակ տարավ կուբացի Դանիել Լուգո Կաբրերայի նկատմամբ:

5e5a335d051483672015f8a2a9527d23

Մինչ Արթուրը կհասցներ ուշքի գալ, առաջինը, ով նրան շնորհավորելու  է նետվում՝ բառի ամենաիսկական իմաստով, նրա հայրն էր՝ Գևորգ Ալեքսանյանը:

«Հայրս այդ ժամանակ ամենաերջանիկ մարդն էր աշխարհում, ես միայն երկրորդն էի»,- ասում է Արթուր Ալեքսանյանը:

Իր հարազատ քաղաքում «Սպիտակ արջ» մականունով հայտնի Արթուրի խոսքերով՝ 18 տարվա մարզումների ողջ ընթացքում իր մեջ եղել է թե Օլիմպիական ոսկե մեդալին հասնելու անզուսպ ցանկությունը, թե վստահությունը, որ այդ մեդալը երկար տարիների ընդմիջումից հետո հենց ինքն է Հայաստան բերելու: Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում՝ Լոնդոնի Օլիմպիադայից հետո, նրան այդ միտքը ոչ մի օր հանգիստ չի տվել: Մինչ Արթուրի հայրենակիցներն ու հարազատ քաղաքի բնակիչները փորձում էին հասկանալ կատարվածն ու ընկալել վրա հասած բերկրանքը, Արթուր Ալեքսանյանն ի տես ողջ աշխարհի՝ ցույց է տալիս իր մարզական շապիկը՝ վրան Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս, անձնվեր մարտիկ, հազվագյուտ հայրենասեր Ռոբերտ Աբաջյանի նկարով…

…Ես մինչև այժմ փորձում եմ հասկանալ, թե որքան մեծ հայրենասիրություն ու հոգու ինչպիսի վեհություն պետք է ունենա մարդը, որպեսզի իր կյանքի ամենաերջանիկ պահին, որին սպասել էր 18 տարի և դեռ ավել, իր հաղթանակի հետ աշխարհին իր ազգի պատմությունն ու սերնդակից տղաների կատարած խիզախության մասին ասելու ցանկություն ունենա…

Արթուր Ալեքսանյանի խոսքերով՝ Ռոբերտ Աբաջյանի նկարում բոլոր այն տղաներն էին, որոնք առանց երկմտելու իրենց արյունը հանուն ազատ հայրենիքի պաշտպանության թափեցին: Դա ողջ աշխարհի առաջ թերևս հիշատակության ու հարգանքի եզակի մի տուրք էր…

c6aab5265f7d345d207465afcbe3e43f

Մեր մեկ այլ հայրենակիցը՝ Միհրան Հարությունյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կազմում մենամարտի դուրս եկավ սերբ Դավոր Շտեֆանեկի հետ: Առաջին մրցափուլում Միհրանը կարողացավ վաստակել 1 միավոր, սակայն երկրորդի ժամանակ, իբր թե ցուցաբերած պասիվության համար մրցավարը մեկ միավոր է գրանցում սերբ ըմբիշի օգտին, և հենց այդ մեկ միավորի հաշվին սերբ մարզիկը ճանաչվում է հաղթող՝ հաշիվը հավասարեցնել կարողանալու համար: Սակայն ողջ աշխարհի աչքի առաջ անհասկանալի պատճառներով այդ հաշիվը հավասարեցրեց ոչ թե մարզիկը այլ մրցավարը: Ակնհայն կողմնապահությունը հոգեպես կոտրեց մեր օլիմպիական փոխչեմպիոնին, ով առանց որևէ էմոցիա զսպելու, մեկնաբանեց, որ այդ ամբողջը պարզապես աղբ է, և իրեն այլևս ոչ սպորտը, ոչ էլ մեդալը հետաքրքիր չեն…

cb167a480f2f2407b12f92a4ec710d90

Բայց մեդալի թերևս միայն բաղադրությունն է հիմա խոսում այն մասին, որ Միհրանը ոչ թե չեմպիոն, այլ փոխչեմպիոն է, քանի որ նրա ցուցաբերած փայլուն խաղի ու տիրած անարդարության մասին այժմ ոչ միայն հայ ժողովուրդը, սփյուռքն ու մի շարք պաշտոնատար անձիք են խոսում, այլ այդ մասին գրում է նաև միջազգային մամուլը: Արտասահմանյան մի շարք փորձագետների կարծիքով, քանի որ ներկայումս Ըմբշամարտի միացյալ մրցաձևերի միջազգային ֆեդերացիան՝ FILA-ն, ղեկավարում է սերբ Նենադ Լալովիչը, ապա մրցավարներն ուղղակի նրան «ընծա անելու» ցանկություն են ունեցել՝ ոսկե մեդալի «արժանացնելով» նրա հայրենակցին:

Հուսանք սպասված ոսկե մեդալը Միհրանը Հայաստան կբերի 2020 թ.-ին՝ Տոկիոյից:

Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին Instagram-ի էջում իր շնորհավորանքն ու հիացմունքն է հայտնել հայտնի ռեփեր The Game-ը.

«Կյանքիս վերջին 10 տարիներին ապրում եմ Կալիֆոռնիական Գլենդելում, որտեղ բազմաթիվ հայեր են բնակություն հաստատել, և որտեղ ես իսկապես շատ լավ լավ հայ ընկերներ եմ ձեռք բերել: Այնպես որ պետք է բացականչեմ Արթուր Ալեքսանյանի անունը` 20 տարվա ընթացքում Հայաստանին առաջին ոսկե մեդալը բերելու կապակցությամբ: Եվ բացականչեմ Միհրան Հարությունյանի անունը՝ իր ջանքերի և արծաթե մեդալը նվաճելու համար, չնայած այն հանգամանքին, որ նրան զրկեցին իր ոսկե մեդալից»: Այստեղ անշուշտ, որևէ մեկնաբանություն անելն այլևս ավելորդ է:

Բրազիլական Օլիմպիադայում տիրող կողմնակալ վերաբերմունքի մասին ոչ միայն հայ սպորտասերներն ու Միհրանի երկրպագուներն են բողոքում, այլ գրեթե այն բոլոր երկրները, որոնք իրենց մասնակցությունն են ցուցաբերել:

Եվս երկու արծաթե մեդալ ստացան 19-ամյա ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, ով օգոստոսի 15-ին 105 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ Հայաստանին բերելով Ռիո 2016-ի առաջին մեդալը, և գերծանր քաշային կարգում մենամարտի դուրս եկած Գոռ Մինասյանը:

Minasyan-170816 (1) d609643ce6026edd78abf4d555e2ca5f

2016 թվականի օգոստոսի 21-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցավ 31-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողությունը: Օլիմպիական կրակը մարեց ու հաջորդ անգամ կվառվի միայն 4 տարի անց՝ 2020 թվականին՝ Տոկիոյում: Լեգենդար «Մարականա» մարզադաշտում 2 ժամից ավել տևած տոնակատարությունից հետո Ռիոյի քաղաքապետը Օլիմպիական դրոշը հանձնեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն փոխանցեց Տոկիոյի քաղաքապետին:

1042278409

Տոնակատարության ժամանակ որպես Հայաստանի դրոշակակիր հանդես էր գալիս Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

4702252

…Չնայած նրան, որ բոլոր սպորտային լրատվամիջոցները այսօր գրում են, որ Հայաստանը մեդալային հաշվարկում ընդամենը 42-րդ է, միևնույն է, մենք որպես այս ազգի ներկայացուցիչներ, կարող ենք հպարտ լինել, որ Ռիո- 2016 Օլիմպիական խաղերում պատվանդանի 1-ին հարթակին կանգնել է հայ մարզիկը, բարձրացող բոլոր 4 դրոշներից ամենաբարձրը հենց մեր եռագույնն էր, և միլիոնանոց հանդիսատեսի, 45 երկրների ղեկավարների, առնվազն 6 հազար լրագրողի և 3 մլրդ-ից ավել սպորտասեր հասարակության համար հնչեց մեր անկախ հանրապետության հիմնը…

…Պատվանդանի ամենաբարձր հարթակին կանգնած Արթուր Ալեքսանյանը մենակ չէր…  Նրա հետ միասին պատվանդանին բարձրացան ու հայկական եռագույնի տակ ի տես ողջ աշխարհի կանգնեցին այն բոլոր հերոս-տղաները, որոնց խիզախությունն ու քաջությունը, որոնց ցուցաբերած անձնվիրությունը ապրիլյան 4-օրյա, բայց և այնպես դաժան պատերազմի ընթացքում իրեն հավասարը չուներ… Եվ այդ եզակի քաջությունը շատ սերունդների համար է կյանքի դաս դառնալու ու դեռ շատ հաղթանակներ է ոգեկոչելու…

Սյուզի Գրիգորյան