Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, կարելի է ասել՝ նվեր արեց թոշակառուների բազմամարդ բանակին, որոնց թիվն ընթացիկ տարում հասել է 713 հազար մարդու: 2016 թ. հուլիսի 1-ից թոշակն ավելացել է 20 լարիով (8.5 $) և այժմ կազմում է ամսական 180 լարի, որը մոտավորապես համեմատական է 77 ԱՄՆ $-ին: Հասկանալի է, որ զարգացած երկրներում թոշակի ամսական նման մակարդակը  կարող է ժպիտ կամ զարմանք, կամ էլ գուցե սարսափ առաջացնել, սակայն սա ներկայիս Վրաստանի վիճակն է ու իրականությունից փախչել հնարավոր չէ:

Ի պատիվ կառավարության՝ խոսենք նաև գովեստի արժանի նրա տարբերիչ քաղաքականության մասին՝ շրջանային առանձնահատկություններով պայմանավորված թոշակների տարբերությունները: Լեռնային շրջաններում ապրող ծեր թոշակառուները կստանան 216 լարի (92$):

Վրաստանում ըստ վիճակագրական տվյալների՝ աշխատունակ տղամարդու նվազագույն կենսամակարդակը կազմում է 160 լարի (68.5$): Համարվում է, որ սա լրիվ բավական է՝ օրական 2300 կկալ ստանալու, ինչպես նաև առաջին անհրաժեշտության՝ հիգիենայի, տրանսպորտի, կոմունալ վճարումների, մշակութային և այլ պահանջմունքների ծախսերը հոգալու համար: Չնայած այսօր վիճակագրությունն էլ գիտության նման հացի տեր է դարձնում բոլոր երկրների ազգերի հումորիստներին, ամեն դեպքում այն ամեն կերպ ցանկանում է ապացուցել, որ այդ հացը հենց այնպես չեն ուտում:

C3BC33D3-2EDD-456C-AFA1-174D003ABB94_cx0_cy7_cw0_w987_r1_s_r1

Առհասարակ՝ նվազագույն կենսամակարդակը բաժանվում է երկու մասի՝ սպառողական զամբյուղ և մնացած ծախսեր: Զամբյուղում գրամի ճշգրտությամբ  հաշվարկվում է գոյության համար ամեն անհրաժեշտը: Եվ ահա այդ զամբյուղի մեջ մտնում են 40 անուն արտադրանք, որոնք կազմում են նվազագույն կենսամակարդակի հազիվ 70 %-ը: Իսկ դա նշանակում է, որ թոշակառուն կարող է ուտելիքի վրա ծախսել ամսական 112 լարի (48$) ընդամենը:

Որպես գաղտնիքի բացահայտում, նշենք, որ նման գումարով առհասարակ ապրել հնարավոր չէ, բայց գոյություն քարշ տալ՝ միգուցե: Հաշվի առնելով ապրանքների, տրանսպորտի, էլեկտրոէներգիայի, գազի, ջրի, աղբահանման կոմունալ վճարումների գները,  հատուկ հոդվածով պետք է առանձնացնել բուժօգնության ծառայության ու դեղերի գները: Դեղատներում գործող գներն առհասարակ չափազանց բարձր են, և չնայած գործող նպաստային համակարգին՝ իրավիճակը, միևնույն է, մնում է բավական ծանր: Իսկ թոշակառուները, տարիքից ելնելով, բնակչության հենց այն խավն են, որը հասկանալի պատճառներով դեղատների ու բուժօգնության ծառայությունների հետ ամենաշատը կապ ունի:

Առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սարգեենկոն հպարտանում է նրանով, որ 2012 թ.-ից սկսած, երբ «Վրացական երազանքը» իշխանության եկավ, թոշակի գումարային բյուջեն զգալիորեն ավելացավ:

«Ծերության թոշակների գումարային բյուջեն  2012 թ. կազմել է 1,045 մլրդ. լարի, իսկ ահա այս տարի՝ կազմում է  1.570 մլրդ, այսինքն թոշակային ապահովումը գրեթե կեսմիլիարդով ավելացել է»,- հայտնում է Դավիթ Սերգեենկոն:

Այս թվերով իսկապես կարելի է հպարտանալ: Կառավարությունը նաև թոշակային բարեփոխումներ կատարելու հայեցակարգ է մշակել, որը կլինի բաղկացած երկու մասից: Ներկայիս թոշակառուների համար պիտի մշակվի մի համակարգ՝ թոշակային ինդեքսավորումը՝ ընթացիկ ինֆլյացիայի հետ հաշվարկած: Բայց երկրորդ մասը վերաբերում է ապագա թոշակառուներին ու ենթադրում է մասնավոր կուտակային համակարգ: Դա նշանակում է, որ Վրաստանի ցանկացած աշխատող քաղաքացի ամեն ամիս թոշակային ֆոնդ է փոխամցելու իր աշխատավարձի 6 %-ը, ընդ որում՝ անձամբ ինքը փոխանցելու է 2 %-ը, իսկ ևս 2-ական %՝ նրա համար փոխանցելու են պետությունն ու գործատուն:

Թոշակային ֆոնդը ներդրումներ է կատարելու երկրի տնտեսության մեջ, և դրանց հաշվին շահույթ է կուտակվելու: Թոշակի անցնելիս՝ Վրաստանի քաղաքացին կարող է ստանալ թե կուտակված թոշակը, թե կուտակված շահույթը: Այսօր Վրաստանի 3.7 մլն. բնակչության 20 %-ը թոշակառուներ են: Կանխատեսումներ կան, որ 2050 թ. այդ թիվը կհասնի 25 %-ի:

Չի կարելի չնշել, որ բնակչության մեծ մասը թոշակի կուտակային համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք է ցուցաբերում: Ով և ինչպես պետք է թոշակային ներդրումները կատարի, ով կարող է երաշխավորել կայուն շահույթի ստացումը, և հատկապես՝ ի՞նչ է լինելու, երբ ներդրումները անարդյունավետ դուրս գան ու սնանկացմամբ ավարտվեն: Ցավոք բնակչությունը բավական մեծ ու հարուստ փորձ ունի ֆինանսական նման ցնցումների և ուղղակի խաբեությունների հարցում: Երկար տարիների ընթացքում, հատկապես երբ երկրի տնտեսությունն անկայուն վիճակում է գտնվում, շատ բան կարող է պատահել: Իմաստուն Խոջա Նասրեդդինը հենց այնպես չէր ասում, որ 20 տարվա ընթացքում կամ էշը կմահանա, կամ դրա տերը: Այս պատկերի վրա պարզից էլ պարզ է, որ վրացական կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական երկարաժամկետ կայունություն:

Քաջ հայտնի է նաև, որ ոչ հարուստ երկրների համար բյուջետային կարևոր բաղադրիչ համարվում են այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումները: Եթե տվյալ երկրում չկա զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, ապա բյուջեն, իրենց քրտնաջան աշխատանքով «լցնում են» միգրանտները: Չնայած ընդունված բան է այդ երևույթը ստրկության հետ համեմատելը, բայց հենց դա էլ օգնում է մեծ թվով ընտանիքների  գոյատևել:

Վրացական կոմերցիոն բանկերում փոխանցումների էլեկտրոնային համակարգում առաջատար երկրի դերը ստանձնում է Ռուսաստանը: Միայն հունիս ամսին այդ երկրից Վրաստան է փոխանցվել 36 մլն $, կամ, կարելի է ասել, դրամական ընդհանուր ծավալի 34 %-ը: 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումներն արդեն կազմել են 173.4 մլն. $: Բացի այդ, պետք է հաշվի առնենք այն, որ ոչ բոլոր գումարներն են բանկերով փոխանցվում, դրանք իրենց հետ են տեղափոխում նաև բարեկամները, ընկերներն ու ծանոթները:

Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը Հունաստանն է, որտեղից ընթացիկ տարվա հունիս ամսին փոխանցվել է 13 մլն. $, Իտալիայից՝ 11.5 մլն. $, ԱՄՆ-ից՝ 10.7 մլն. $, Թուրքիայից՝ 7.8 մլն. $, Իսրայելից՝ ավելի քան 5 մլն. $: Հենց Թուրքիայում ու Հունաստանում են աշխատանք որոնում երկրից հեռացածների մեծամասնությունը: Քիչ չեն նաև ԱՄՆ մեկնածները: Այստեղից բարդ չէ հետևություն անելը, որ աշխատանքի պայմաններն այդտեղ ավելի վատ են, կյանքը թանկ է, իսկ աշխատավարձը՝ ցածր:

 

235195395

Վրաստանի առևտրաշրջանառության բացասական հավասարակշռությունը հասնում է մոտ 4 մլրդ $-ի: Այնուամենայնիվ՝ Ռուսաստանը մնում է Վրաստանի առևտրա-տնտեսական  կարևոր գործընկերներից մեկը: Եվ ահա այս պատկերին՝ Վրաստանը միանում է ԵՄ հակառուսական տնտեսական պատժամիջոցներից մեկին՝ կապված Ղրիմում ու Սևաստոպոլում արտադրվող ապրանքների հետ: Սա տնտեսական այն պատժամիջոցներից մեկն է, որը Արևմուտքում սթափ ուղեղ ունեցող բոլոր քաղաքական գործիչները անվանեցին «Կրակոց՝ սեփական ոտքին»:

Ռուսաստանի Պետական դուման անմիջապես արձագանքեց պաշտոնական Թբիլիսիին՝ արգելք դնելով Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանվող խմիչքի և «Բորժոմիի» վրա: Որպես արգելքի նախաձեռնող՝ հանդես եկավ պատգամավոր Յան Զելինսկին:

«Մենք առանց նրանց գինու էլ կարող ենք: Եվ առանց հանքային ջրի էլ:Մենք ինքներս էլ բազմաթիվ աղբյուրներ ունենք: Ղրիմում անհրաժեշտ է զարգացնել գինու արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը: Խոսքս վերաբերվում է առանց քիմիայի իսկական գինուն՝ ի տարբերություն այն նույն վրացականի»:

Փոխարենը Վրաստանի ու այլ մի շարք երկրների հասցեին գովեստի խոսքեր ասաց Ֆեդերիկա Մոգերինին:

«Նրանք ԵՄ խորհրդի այս որոշման հետ կապված՝ կապահովեն ազգային համապատասխան քաղաքականություն»:

Մնում է միայն հարցնել տիկին Մոգերինիից, թե հատկապես որտեղ պետք է ձևավորվի ազգային քաղաքականությունը, և եթե այն թելադրում է ԵՄ խորհուրդը, ապա ինչի՞ համար է այն ազգային անվանվում: Եվ ինչո՞ւ է հարկավոր միանալ պատժամիջոցների իրականացման քաղաքականությանը, եթե Եվրոպայում ամեն օր նոր թափ են առնում ընդդիմադիր բողոքները, և քիչ թե շատ զարգացած մի շարք շրջաններ պաշտոնական մակարդակով հայտարարում են իրենց ընտրողների՝ Բրյուսելյան բյուրոկրատիայի հրամանները չկատարելու մասին:

Հ.Գ. Հանուն եվրոպացի պաշտոնյաների հակառուսական ցանկությունների բավարարման, որոնցից, ի դեպ, Վրաստանը մինչև այժմ, բացի սին խոստումներից ոչ մի ուրիշ բան չի տեսել, քանի՞ անգամ է հնարավոր կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես:

Իրակլի Չխեիձե, հատուկ Dalma News-ի համար