Փառատոնների անցկացումը, որպես կանոն, ուղեկցվում է կոմերցիոն նպատակներով՝ միաժամանակ ցուցադրելով երկրի տուրիստական ողջ պոտենցիալը: Փառատոնների կազմակերպիչներն ամեն կերպ փորձում են միջոցառմանը մասնակից դարձենլ համաշխարհային մասշտաբի աստղերին, և քչերին է հուզում նոր տաղանդների հայտնությունը: Սակայն դա Kavkaz Jazz Festival Թբիլիսյան ջազի փառատոնի մասին չէ, որը երիտասարդ կատարողներին հնարավորություն է տալիս ոչ միայն իրենց ներկայացնելու, այլ նաև փորձ ձեռք բերելու համար: Միջոցառումն արդեն 7-րդ անգամն է անցկացվում Թբիլիսիում: Վրաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Հայաստանի, Իրանի Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցներին:
Հայկական ջազային երաժշտության կայքի խմբագիր Արմեն Մանուկյանը, արդեն 3-րդ անգամ անընդմեջ մասնակցություն ցուցաբերելով այդ փառատոնին, կարծում է, որ նման միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է՝ առնվազն երկու պատճառով: Առաջինը՝ երաժշտության տեսակետից, քանի որ միշտ էլ հետաքրքիր է լսել ու հասկանալ, թե որքան ինքնաբավ է կովկասյան երաժշտությունը:Երկրորդը՝ ինչպես նշեց պարոն Մանուկյանը, Անդրկովկասյան մի շարք պետություններում քաղաքական իրավիճակը չափազանց լարված է, իսկ փառատոնի անցկացման ժամանակ թշնամի երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեն հանդես գալու միևնույն բեմի վրա, կողք-կողքի զբաղեցնել հանդիսատեսի աթոռներն ու միավորել իրենց սերը երաժշտության նկատմամբ:
Այս տարի ջազային փառատոնի բացման արարողությունը մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում: Իվանե Սարաջիշվիլին, կոնսերվատորիայի ռեկտոր Ռեզո Կիկնաձեն ամերիկյան երաժիշտների հետ միասին սաքսաֆոնի վրա մի քանի հիանալի ստեղծագործություններ կատարեցին: Կուլիսների ետևում գտնվելով՝ պարոն Կիկնաձեն հասցրեց զրուցել Dalma News-ի թղթակցի հետ, պատմելով այն մասին, թե ինչպես է երաժշտությունն իր մոգական հատկանիշի շնորհիվ մտերմացնում թշնամի ազգերին:
«Կովկասյան ջազային փառատոնը հավաքում է տարբեր երկրների երաժիշտների: Հնարավոր է՝ այստեղ հայտնի անուններ չեն հնչում, սակայն մասնակիցները լավ են հասկանում իրենց գործը, շփումից հաճույք են ստանում մտերմիկ շրջապատում, ինչն էլ հիմք է հանդիսանում հետագա համագործակցության համար»,- ասաց Ռեզո Կիկնաձեն:
Նրա խոսքերով՝ Կովկասյան ջազի փառատոնի հմայքը նրանում է, որ երաժիշտները միմյանց հետ ծանոթանալու, հարաբերություններ ստեղծելու, վարպետության դասեր, խորհրդակցություններ անցկացնելու և սեփական փորձով կիսվելու հնարավորություն ունեն:
«Իմ կարծիքով Կովկասյան ջազային փառատոնի հիմնական դրական առանձնահատկությունն այն է, որ տարբեր երկրներից ժամանած երաժիշտները, այդ թվում այնպիսի երկրներից, որոնք գտնվում են բարրիկադի տարբեր կողմերում, մի պահ մոռանում են իրենց պետությունների քաղաքական հարաբերությունների մասին և քաղաքական տարաձայնությունները չեն համարում միմյանց հետ ջազ չնվագելու պատճառ: Հավանաբար Վրաստանին պատմականորեն տրված է խաղաղասերի և քաղաքական հակամարտությունների կարգավորման դերը»,- ասաց պարոն Կիկնաձեն:
Նրա տեսակետը կիսում է քննադատ Արմեն Մանուկյանը: Իհարկե հյուրը ափսոսանք է հայտնում, որ տարեց տարի փառատոնը ժամանակային առումով դառնում է ավելի սահմանափակ՝ հայկական, վրացական, ադրբեջանական երիտասարդությանն ավելի քիչ ժամանակ է մնում միմյանց հավուր պատշաճի ճանաչելու համար:
«Նախկինում մենք միասին էինք և միմյանց հետ մշտապես ինֆորմացիա էինք փոխանակում, հիմա գրեթե բոլոր կապերը խզված են: Ամեն տարի ես այստեղ նորանոր հայկական խմբեր եմ բերում, երկրորդ անգամ եմ տեսնում այստեղ թուրքերին: Մշակույթի և երաժշտության առումով՝ շփման ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան հետագայի համար կարող է շատ հետաքրքիր ու օգտակար լինել: Մենք երախտապարտ ենք փառատոնի կազմակերպիչներին նման մեծ ու օգտակար գործի համար: Թբիլիսի ժամանած երաժիշտները նվագում են միևնույն տարածության մեջ, օգնում են միմյանց, սակայն կենդանի շփման համար շատ ժամանակ չի մնում»,- ասում է Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ երբ առաջին անգամ 6 տարի առաջ փառատոնն անցկացվեց Կովկասում, կազմակերպիչները միայն երեք երկրների մասնակիցների էին հրավիրել և բոլորին տեղավորել մեկ հյուրանոցում: Այդպես երիտասարդները միասին էին անցկացնում իրենց ժամանակը, միասին էին փորձեր անում ՝ հաղորդակցվելով միևնույն տարածության մեջ: Վերջին անգամ նման հարաբերությունները ավելի քիչ էին հասանելի մասնակիցներին:
Փառատոնի օրագիրը
Փառատոնի բացումն իրականացավ հունիսի 8-ին՝Թբիլիսիի Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում: Կովկասյան ջազային փառատոնի մասնակիցների ու հյուրերի համար հաճելի անակնկալ եղավ ամերիկյան երկու երաժշտի և մանկավարժի՝ Մայքլ Թրեյսի (սաքսաֆոն) և Կրեյգ Վագների (կիթառ) ներկայությունը: ԱՄՆ- ի ջազմենները երկու շաբաթ անցկացրին ուսուցման ինտենսիվ ծրագրի դասավանդմամբ՝ կիսելով իրենց փորձը երիտասարդների հետ:
Ուղղակի հիանալի կլիներ, եթե փառատոնը մի փոքր երկար տևեր: Փառատոնի շատ մասնակիցներ Թբիլիսիի մշտական հյուրերի թվում են: Օրինակ J.E.F. Experiment խմբի բաքվի կատարողները, զրուցելով Dalma News-ի թղթակցի հետ, չթաքցրեցին իրենց բացահայտ համակրանքը Վրաստանի մայրաքաղաքի նկատմամբ:
Փառատոնին Հայաստանը ներկայացրեց THE BIRDS խումբը (Նորայր Գափոյան, Լևոն Սիմոնյան, Կարեն Մամիկոնյան, Մովսես Էբեջյան, Գուրգեն Էբեջյան), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը (Միքայել Ոսկանյան, Արման Փեշթմալջյան, Դավիթ Մելքոնյան, Գուրգեն և Մովսես Ղազարյաններ), Իրանի իսլամական հանրապետությունը ներկացրին ARTE MUSIC GROUP խումբը (Սանամ Փաշա, Ֆարզին Թեհրանիյան, Մեհրադ Նաջաֆիյան, Օրֆան Հաթայի):
Համերգային ներկայացման մեջ իր մասնակցությունն ունեցավ թուրքական TUlUG TIRPAN QUARTET քառյակը: Թուրք կոմպոզիտոր և դաշնակահար Տուլուգ Տիրպանը փառատոնին իր հետ միասին բերել էր նաև իր ջազ-խումբը (Սերդար Բարչինի, Էյլիմ Ֆելիթ և Օկան Դուման): Նրա ստեղծագործություններում թևածում է թուրքական և բալկանյան ժողովուրդների ազգային ստեղծագործությունների միասնականությունը: Միաժամանակ նաև ավանդական ամերկյան ջազը համադրվում է եվրոպական դասական երաժշտության հետ: Տուլուգ Տիրպանն աշխատում է այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Ալ Դի Մեոլան, Տրիլոկ Գուրտուն, Անտոնիո Սանչեսը և ուրիշներ: Երաժիշտն իր նվագադարանում ունի արդեն 10 ձայնասկավառակ:
Փառատոնի վրաց մասնակիցներին էին՝ HULEMENT խումբը՝ Սանդրո Կվաչաձեի մասնակցությամբ, Զուկա Սիմոնիշվիլին, Իրակլի Չոլաձեն, ինչպես նաև KANUDOS խումբը՝ հետևյալ կազմով՝ Թեո Լոմսաձե, Նիկոլոե Գվինիաշվիլի, Ռամազ Նաձիրաձե, Գիա Դալակիշվիլի, Թորնիկե Լոմսաձե և Միխայիլ Ջինիսյան:
Ինչպես վերը նշվեց, Թբիլիսի էր այցելել «ջազի դեսպան» Մայքլ Թրեյսին, ամերիկացի հայտնի մանկավարժը, ում կատարողական և մանկավարժական գործունեությունն ընդգրկում է 40 տարի՝ ավելի քան 20 երկիր այցելություններով: Մայքլ Թրեյսին բեմ է բարձրացել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Էլլա Ֆիտցջերալդը, Բադդի Ռիչը, Ջոն Մեյսին, «Temptations», խումբը, Դեյվիդ Լիբմանը, Դեյվիդ Բեյքերը, Բոբբի Շոուն, Ջերրի Կոկերը: Երաժիշտն ունի 6 ձայնասկավառակ:
Գրեյգ Վագները, ով հայտնի է որպես Ամերիկայի ամենաերիտասարդ, բազմակողմանի կիթառիստ, իր Java-Men խմբի հետ ձայնագրել է 3 ձայնասկավառակ: Ունի նաև մենակատարում՝ Color of a Mirror (1999), ինչպես նաև ձայնագրություն՝ Նորա Ջոնսի հետ՝ — Invisible House (2013):
Փառատոնը երկրորդ օրը կլոր սեղանի շուրջ հավաքեց վրաց, հայ, ադրբեջանցի, ամերիկացի երաժշտական փորձագետներին: Dalma News –ի թղթակցի հետ կողք-կողքի աշխատում էր նաև ամերիկացի լրագրող Մարտի Ռոզենը՝ լուսաբանելով փառատոնի իրադարձությունները սոցցանցերի հատուկ բացված էջերում: Կլոր սեղանը ղեկավարում էր գրող Զուրաբ Կարումիձեն:
Երաժշտության փորձագետները քննարկում էին երաժշտական շուկայի ներկա վիճակը: Նման քննարկում փառատոնի շրջանակներում իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Ադրբեջանը ներկայացրեց հայտնի թղթակից Ուլվի Մեխտին, ինչպես նաև դասախոս, երաժշտական քննադատ Թուրան Մամեդալիևան: Հայաստանը ներկայացրեց ջազի մասին գիրք հեղինակած Արմեն Մանուկյանը:
Պատվիրակները պատմեցին, թե ինչպես են իրենց երկրներում դրվել ջազային երաժշտության առաջին հիմքերը: Չէ՞ որ ջազը զուգահեռաբար ընդգրկում է նաև այլ երաժշտական ուղղություններ՝ մասնավորապես՝ էթնո-ջազ, ջազ-մոդերն, պանկ, փոփ և այլն: Հյուրերը հիշեցին նաև անցյալ տարիների փառատոնները, որոնք անց են կացվել վրացական երկու քաղաքներում՝ Թբիլիսիում և Բաթումիում՝ միմյանցից տարբերվող կլիմայական պայմաններով, սակայն նման միջոցառման բարձր մակարդակի ապահովման համար կատարելապես միանման:
«Մեզ մոտ նվագում են իսկական ջազ: Ես երջանիկ եմ, որ Վրացական պետական տեխնիկական համալսարանում գոյություն ունի ջազ-բենդ, ով մասնակցություն է ունենում գրեթե բոլոր արտասահմանյան փառատոններին և համերգներին»,- ասաց Զուրաբ Կորումիձեն՝ իր շնորհակալությունը հայտնելով Կովկասյան ջազի փառատոնի բոլոր հյուրերին:
Հունիսի 9-ին «Շարժումների թատրոն»-ում տեղի ունեցավ վրաց, հայ, ադրբեջանցի կատարողների մասնակցությամբ համերգը:
Ինչպիսի՞ն է կովկասյան ջազը
Ջազն ամերիկյան երաժշտական արվեստի մի յուրահատուկ ձև է, որը ծնունդ է առել 1920-ական թթ.՝ Նոր Օռլեանում: Այն հիմնված է արևմտյան երաժշտության տեխնոլոգիայի և թեորիայի վրա: Նրա զարգացման մեջ ամենամեծ ներդրումը կատարել է աֆրո-ամերիկյան ավանդական մշակույթը: Ջազին բնորոշ են փափուկ նոտաները, համադրումը, ռիթմը, իմպրովիզացիան: Այն հաճախ անվանում են նաև «ամերիկյան դասական երաժշտություն»:
Բաքվեցի Էլջան Ջաբրաիլովը գտնում է, որ կովկասյան ջազը ամերիկյանից տարբերվում է իր հոգևոր վիճակով: Այն ավելի շատ էթնիկ արևելյան երաժշտություն է, որը կարելի է միայն մեր տարածաշրջանում լսել: Նրա կարծիքով՝ ջազը ազատ երաժշտություն է, որը նաև ինքնուրույն ստեղծագործելու հնարավորություն է տալիս:
«Կարելի է հետաքրքիր համադրում ստանալ: Մի քանի երաժիշտներ այն փորձարկում են տարբեր ազգային ժանրերի հետ՝ անկախ նրանից այն վրացական, հայկական, թե ադրբեջանական երաժշտություն է»,- ասում է նա:
Էլջան Ջաբրաիլովը ավելացրեց նաև, որ հաճախ է այցելում տարբեր փառատոններ, քանի որ բարձր է գնահատում մարդկային հարաբերություննրը, որոնք հիմնված են երաժշտության նկատմամբ եղած անսահման սիրո վրա:
«Թբիլիսիում ուղղակի հիանալի մթնոլորտ է: Ինձ այստեղ դուր է գալիս: Անկախ նրանից, որ երիտասարդությունն այսօր ավելի շատ հակված է դեպի էլեկտրոնային երաժշտության, մենք ունենք ավագ սերունդ, ով դեռ նվագում է ջազ-նվագախմբում: Նրանց տված ուսմունքի շնորհիվ, երիտասարդ երաժիշտները կարող են այնպիսի պրակտիկա անցնել, ինչպես որ ես եմ անցել: Մենք մեծ պոտենցիալ ունենք»,- ասաց Էլջանը:
Kavkaz Jazz Festival 2016 փառատոնը գալա-համերգով ավարտվեց հունիսի 11-ին՝ միջնադարյան Ռաբաթ ամրոցում, որը գտնվում է Ախալցխե քաղաքում (Սամցխե-Ջավախեթիի շրջան): Փառատոնի կազմակերպիչն էր անկուսակցական Art Bridge կազմակերպությունը՝ մշակույթի նախարարության և Վրաստանի հուշարձանների պահպանման, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետի աջակցությամբ: Kavkaz Jazz Festival 2016 -ի գործընկեր է համարվում նաև Թուրքական մշակույթի կենտրոն Yunus Emre-ն, Սարաջիշվիլու անվան Թբիլիսյան պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտն ու Իրանի իսլամական հանրապետության դեսպանատունը՝ Վրաստանում:
Հ.Գ. Կովկասում ավարտվել են ջազի օրերը, բայց երաժշտությունը դեռ հնչում է ամենուրեք, որտեղ նրան տեղ են հատկացնում: Կովկասյան ջազը դա մի փոքր տխուր, սակայն միաժամանակ խենթ մի ուղղություն է, որը դեռ իր խոսքը կասի ապագա սերունդներին:
Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար