Նախօրեին Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում` Որոտանի կիրճում, անցավ BASE Fest բեյսջամփինգի Հայաստանում առաջին փառատոնը: BASE Fest փառատոնը կազմակերպել էր Go2Armenia տուրիստական ընկերությունը: Հովանավորներն էին Pepsi ընկերությունը, IdeA Foundation բարեգործական ֆոնդը, «Ավրորա» ռադիոկայանը և Gold’s Gym պրեմիում դասի ֆիտնես ակումբների ցանցը:
Բեյսջամփինգը փորձարարական սպորտաձև է, որը արագ տարածում է գտնում ողջ աշխարհում: Հատուկ պարաշյուտի օգնությամբ բեյսջամփերները թռիչք են կատարում ֆիքսված օբյեկտներից:
Փառատոնին մասնակցեցին մի քանի տասնյակ փորձառու սպորտսմեններ Ռուսաստանից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Փառատոնի համար հարթակ հանդիսացավ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված «Տաթևի Թևեր» ճոպանուղին: BASE Fest փառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ բեյսջամփինգի մարզիկները թռիչք էին կատարում «Տաթևի Թևեր» ճոպանուղու խցիկից` 320մ. բարձրությունից:
BASE Fest-ի ընթացքում ճոպանուղու հարակից տարածքում կազմակերպվեցին տարատեսակ ակտիվ սպորտաձևերի մաստեր-կլասներ: Ներկաների լավ տրամադրությունը ապահովում էր հատուկ հրավիրված DJ-ը:
Բեյսջամփերների տպավորիչ թռիչնքերին հետևել ցանկացողներ համար Go2Armenia կազմակերպությունը կատարում էր տրանսֆերներ Երևանից դեպի Տաթև և հակառակը:
BASE Fest-ի կազմակերպիչներից մեկը` Գլեբ Վորեվոդինը Dalma News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Տաթևի Թևեր» ճոպանուղին իդեալական վայր է բեյսփառատոնն անցկացնելու համար:
«Թռիչքային գոտում խանգարող օբյեկտներ չկան, իսկ ներքևում շատ հարմար հարթակ է վայրէջքի համար: Հրաշալի վայր է ակրոբատիկայի համար և սկսնակներին սովորեցնելու համար: Անվտանգ է այնքան, որքան դա հնարավոր է»,- ասաց նա:
Վոեվոդինի կարծիքով` այս փառատոնը նպաստում է Հայաստանում էքստրեմալ տուրիզմի տարածմանը` հատկապես հաշվի առնելով մեծ թվով արտասահամնացի մասնակիցների ներկայությունը:
Dalma News-ի թղթակցի հետ զրույցում BASE Fest-ի մասնակից սպորտսմենները միանման կարծիքներ հայտնեցին: «Այստեղ շատ գեղեցիկ և գունեղ է: Հազվադեպ է հաջողվում մասնակցել նման միջոցառումների, իսկ ինչ վերաբերվում է ճոպանուղուց արված թռիչքներին` դա յուրահատուկ հնարավորություն է»,- կիսվեց իր տպավորություններով Ռուսաստանից ժամանած «ցատկորդ» Ռոման Լագունովը:
Սանկտ Պետերբուրքից Օլեսյա Կալմիկովան իր հերթին նշեց, որ առաջին անգամ է եկել Հայաստան և երկար է պատրաստվել դրան: «Ես դեռ հունվար ամսից էի սպասում այս ուղևորությանը»,- ասաց նա:
BASE Fest-ի անցկացման նպատակն էր ներկայացնել Հայաստանը, որպես ակտիվ հանգստի հետաքրքիր զբոսաշրջային գոտի: Արտասահմանցի մասնակիցների և փառատոնի հյուրերի արձագանքից դատելով` մտահղացումը հաջողվել է իրագործել: Այն, որ փառատոնը անցավ հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկի` Տաթևի վանքի տարածքում, ցույց է տալիս, որ Հայաստանը բացի գեղեցիկ բնությունը և հնագույն պատմական հուշարձանները կարող է առաջարկել տուրիստական փաթեթներ` ցանկացած ճաշակի համար:
Պատրաստեց Հայկ Խալաթյանը
Լուսանկարները տրամադրեց Դիանա Օսիպյանը