Նա որպես կանոն մշտապես մուգ հագուստներ է կրում, և կտավների 90 % էլ  մուգ սև ետնամաս ունեն: Սակայն, 1000 անգամ կսխալվի նա, ով  այդ ամենի հիման վրա ենթադրություններ կանի նկարչի հոգեկան ճգնաժամի մասին: Մոկո Խաչատրյանը իրական կյանքում և գեղանկարչության մեջ բոլոր հնարավոր էմոցիաների հավաքածուն է: Թեկուզ եթե այդ հավաքածուն սկսվում է ողբերգությունից, միևնույն է՝ այն շարունակվում է կյանքի անսպառ ուրախություններով ու դեպի պայծառ  լույսը ձգտումով…

13263952_1082373321801752_8297511303640112205_n

Լուսավորության պակասը լույսի ավելցուկի ժամանակ

Երբ Մոկո Խաչատրյանը բաց արեց Երևանի կենտրոնում գտնվող իր արվեստանոցի ոչ մեծ պատուհանը, անսպառ արևը մտավ  ու իր ջերմությամբ լցրեց արվեստանոցը: Կտավները կարծես կենդանացան, նույնիսկ Մոկոն փոխվեց, ոչ թե դեպի լավը կամ հակառակը, այլ նրանք պարզապես բոլորովին այլ դարձան: Որպեսզի կարողանայի սեփական ընկալման ուղղությունս ճիշտ հարթության վրա դնել, գիտակցությանս մեջ հանդիպման առաջին իսկ վայրկյաններից ծնված կարծրատիպերի  «հաղթահարման» բավական մեծ աշխատանք պահանջվեց:

Կնոջ համար նկարիչ լինելը հեշտ բան չէ: Մշտապես պետք է ներխուժել տղամարդկային գերիշխանության, ինքնասիրահարվածության, երբեմն նույնիսկ նախանձի՝ ոլորտ: Դժվար է մշտապես, ամեն օր կոտրել արվեստի մեջ  «երկրորդական» նշանակություն ունեցող կնոջ կարծրատիպային կերպարը: Իսկ Մոկոյի դեպքում ավելի բարդ է,  քանի որ նրա դեմքին մեկ այլ մեծ պատասխանատվություն էլ է առկա՝ դա իր հոր՝ Ռուդոլֆ Խաչատրյանի կերպարն է:

Այսպես, Մոկոն խոստովանում է՝ հարկավոր էր ընտրություն կատարել՝ կամ լինել հոր ոճի շարունակողը, կամ ստեղծել սեփական անկրկնելի ոճը: Առաջինը բնականաբար անընդունելի էր, որովհետև ինչ-որ մեկին նմանակելը պատիվ չի բերում, եթե նույնիսկ այդ ինչ-որ մեկը սեփական հայրդ է: Իսկ ահա սեփական ոճը ինքն իրեն ծնվեց՝ առանց նույնիսկ Մոկոյին հարցնելու: Պարզապես մի գեղեցիկ օր Մոկոն հասկացավ, որ իր մեջ ձևավորվել է հենց այս աբստրակցիան, և կտավներն էլ սկսեցին ստացվել՝ դառնալով սովորական առօրյա կյանքի բնական շարունակությունը:

Մոկոն բողոքում է, որ սխալ ընտրություն է կատարել արվեստանոցի հարցում, պատուհանները դեպի շենքի ետնամաս են նայում և լուսավորությունը պակաս է: Նա ուղղակի որպես իր արվեստանոցի ու կտավների լիիրավ տեր, չի էլ նկատում, որ այդ կտավներից յուրաքանչյուրն էլ բավական է արվեստանոցի խավարը ցրելու համար, իսկ եթե այդ կտավները թվով մոտավորապես երեք տասնյակ են, ապա այդպիսի հզոր լուսավորությունը աչքերի համար նույնիսկ ցավոտ է:

Վերացականության ազնվությունը

Մոկո Խաչատրյանն իր կտավներին անուններ չի տալիս. «Աբստրակտ գեղանկարչությունը ազնվություն է պահանջում, այստեղ խաբել չես կարող»,- ասում է նա: Իսկ անունը, ինպիսին էլ որ այն լինի, միևնույն է՝ դնում է շրջանակներ, սահմանափակելով միաժամանակ նաև նկարչի ազատությունը: Ինչո՞ւ պետք է քեզ նեղություն տաս՝ համապատասխան ինչ-որ անուն որոնելու-գտնելու համար, իսկ դիտողն էլ պետք է անպայման այդ անվանը համապատասխան ինչ-որ բան փորձի գտնել կտավում, միայն այն պատճառով, որ կտավը հենց այդպես է կոչվել: Փոխարենը, սիրելի հանդիսատես, ահա քեզ կտավ առանց անունի, նայիր, մտածիր, հորինիր քեզ համար, ինքդ ստեղծիր անուններ… Եվ այն մարդը, ով իր մեջ ստեղծագործական ուղի կանցնի, պարզապես լուռ ձեռք կբերի այդ կտավը, կամ էլ այն նրան կնվիրեն:

Աբստրակցիան վտանգավոր բան է, – ինքն իրեն խորհում է Մոկոն: Եվ այն նկարչի մոտ միանագամից չի հայտնվել, այլ տարիների ընթացքում աստիճանաբար հասունացել է, իմաստ ձեռք բերել և ահա վերջապես  դարձել իր ստեղծագործական կերպարի այցեքարտը:

Այստեղ նկարիչը մերկացնումէ իր հոգին՝ ամբողջովին իրեն ազատելով ամեն ինչից, դրա համար էլ երևակայական բոլոր իրավիճակներն էլ դառնում են իրական ու հնարավոր: Սակայն այստեղ էլ զգուշավորություն է հարկավոր, նկարիչը պետք է հիշի, որ ամեն մի աբստրակցիա  բացհայտում է գեղանկարչի հոգու էությունը, իսկ նրա մտահորիզոնը դառնում է այդ կտավը տեսած մարդկանց մեջ քննարկման առարկա:

Սակայն Մոկոյի կտավներն իրոք ազնիվ են: Այն բանից հետո, երբ նա մեկ ամբողջ տասնամյակ իր ձեռքը վրձին չէր վերցրել, երևի թե այլ կերպ լինել չէր էլ կարող: Մենք իհարկե անվերադարձ կորցրել ենք այն, ինչը կարող էր ստեղծվել այդ տարիների ընթացքում, բայց փոխարենը աշխարհին հիմա իր ասելիքն է ասում բոլորովին այլ, նոր նկարիչ:

Մեկ ուղղությամբ ճանապարհը

«Գեղանկարչության գիտելիքների համար Թերլեմեզյանի անվան ուսումնարանը ինձ լրիվ բավական էր, կարելի էր նաև ինստիտուտ չընդունվել»,- ասում է Մոկոն: Բայց նա այնուամենայնիվ ընդունվեց գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Դեռ ավարտելուն երկու տարի էլ կար, երբ Փարիզում կայացավ Մոկոյի կտավների ցուցահանդեսը, միայն թե այն ընդհանուր, ընկերական ցուցահանդես էր:

Կես տարվա բացակայությունը անհետևանք չմնաց: Հարգելի մանկավարժները ապագա նկարչուհուն ասում են, որ ինքը ուսումնական տարին նորից պիտի անցնի: Եվ առհասարակ, արվեստի պրոֆեսորները հայտարարեցին, որ եթե ինքը փարիզյան ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն ունի, ինչի՞ն է հարկավոր իրենց տված դիպլոմը:

Կարելի էր իհարկե հայրիկին խնդրել միջամտել: Բայց Մոկոն այդպիսի բան չարեց: Նա հեռացավ՝ դուռը փակելով հենց դիպլոմի երեսին: Ռուդոլֆ Խաչատրյանը այն ժամանակ ասաց, որ ինքը չափազանց կզարմանար, եթե դուստրն այլ կերպ վարվեր: Եվ Մոկոյին ոչինչ անել չէր մնում, քան առաջ գնալ:

Հոր մահից հետո, որն ուղեկցվեց տարիների ստեղծագործական լռությամբ, 10 տարի անց Մոկոն կարծես միանգամից պայթեց: Նա մի փոքր զարմացած նայում է սեփական նկարներին ու ասում, որ 8-10 տարվա ընթացքում այդքան նկար ստեղծելը մեկ մարդու համար նույնիսկ ֆիզիկապես անհնար է: Կտավները ծնվում էին երևակայության մեջ ու իրենք իրենց նկարվում, դառնալով ոչ թե ինչ-որ անձի մտահաղացում, այլ ուղղակի կյանքի շարունակություն՝ զգացմունքների ու կերպարի բնականոն հետևանք:

Մոկոն խոստովանում է, որ աբստրակցիան հենց իր կյանքի ոճն է: Կյանքն իրականում էլ այդպես վերացական է, և իրենից ուրիշ մեկ այլ բան չի ներկայացնում, քան մի մեծ իլյուզիա: Կտավին էլ ստացվում է այն, ինչ ուզում է տեսնել և տեսնում է  նկարիչը, ոչ ավել, ոչ պակաս: Ընդ որում նկարներում ուղղումներ կամ հետագա լրացումներ չեն լինում, որովհետև այն ակնթարթը, որի ընթացքում ստեղծվեց նկարը, հետո երբեք չի կրկնվելու, հետևաբար ինչ-որ լրացում անելն ուղղակի անհնար է, և չի էլ կարելի:

Մթությունից ճառագող լույսը

Այդ երկու դոմինանտները՝ սևն ու սպիտակը… և այս անբռնազբոս, հակասություններով լի լույսը, որն առկայծում է ինչ-որ հեռու մթությունից: Ու հանկարծ  կարմիրը, դեղինը, կանաչը հայտնվում են անհասկանալի մի կետից, նրանց այստեղ չէին սպասում, բայց նրանք ահա եկել ու գրավել են այն տեղը, որն անխոս ու անկասկած իրենցն է…

Դրանք հավանաբար հայտվում են ինչ-որ ուրիշ, անդրկողմյան  հարթություններից, այնպիսի տպավորություն է, որ Մոկո Խաչատրյանը ինքը ձուլվում է իր ամեն մի կտավի հետ, լուծվում այնտեղ՝ ամեն անգամ վերածնվելով, որպեսզի մի նոր կտավ արարի… Երանի թե լիներ սահման չունեցող մի կտավ, որի վրա հնարավոր կլիներ անվերջ նկարել՝ չամաչելով այն բանից, որ այդ ամենը պետք է սահմանափակվի կտավի շրջանակներում: Այ դա իսկապես կլիներ իրական ազատություն…

13235399_1082379498467801_1538822613064377462_o

Ռուդոլֆ Խաչատրյանն այնքան իմաստուն էր, որ նրան գեղանկարչություն չսովորեցրեց:

Ոչ իհարկե,- ընդդիմանում է Մոկոն, նրա օգնությունն ու ազդեցությունը դստեր ստեղծագործական կյանքում իհարկե անգնահատելի է, բայց դրանք ընդամենը զրույցներ էին, երկար կամ կարճ, բուռն կամ խաղաղ քննարկումներ: Թե ինչի մասին, մենք իմանալ չենք կարող, որովհետև դա այն հարթությունն է, որտեղ մուտք ունեին միայն երկուսը՝ հայր ու դուստր: Եվ ինչ-որ մի պահի հասկանում ես, որ մթությունից ժայթքող այդ  կախարդական լույսը հենց Ռուդոլֆի լույսն է, որը հզոր հոսքով գալիս է ինչ-որ անգոյությունից, բայց ոչ երբեք դատարկությունից, ոչ երբեք մոռացումից… Դա հենց գենետիկան է, որ կա…

Պարադոքսներ, որոնք ունեն շարունակություն

Այս կտավներում կերպարների բացակայությունը ստիպում է քեզ ինքդ դրանք որոնել ու գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ դա քեզ հաջողվում է միայն մի դեպքում, եթե պատրաստ ես ու ցանկություն ունես երևակայական աչքով նայել նրանց: Մոկոյի կտավներում ինչ-որ տեղ թաքնված է սադրանք, և դա գտնելու պահին դիտողը սկսում է  ամաչել այն բանից, որ մուտք է գործում ուրիշի անձնական տարածք, ուրիշի արվեստ,  ուրիշի կյանք, դեպի ուրիշի զգացմունքերը…

Հետո անմիջապես գալիս է հասարակ մի ճշմարտության  ըմբռնումը՝ հենց սա էլ այն անսահման ազատությունն է, որին Մոկոն հասնում է  ոչ միայն իր, այլ նաև նրանց, ովքեր նայում են իր նկարներին: Որպեսզի դու՝ դիտորդ, այստեղ քեզ օտար չզգաս, այլ հակառակը՝ սեփական երևակայության օվկինոսում ազատ լողալ կարողանաս: Եվ հենց այստեղ էլ ահա աբստրակցիան ձևեր է ընդունում՝ հրաշալի, փոփոխվող գուցե այդ պահին անհավանական, բայց այնուամենայնիվ ձևեր, մտքեր ու իմաստ:

13254512_1082372848468466_6907775990061202135_n

Մեկ այլ բան է, եթե ասենք, որ հաջորդ օրը նույն կտավին նայելիս մարդը մեկ այլ զգացողություն  կունենա, կտեսնի ուրիշ կերպարներ և կսկսի իր տեսածը մեկնաբանել այլ կերպ: Սակայն այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, յուրաքանչյուր վաղվա օր ոչ մի կերպ նման չէ այսօրվա ներկային, այլապես այն վաղը չէր կոչվի…

Մոկո Խաչատրյանի պարադոքսալ գեղարվեստն ու ներկապնակի գույները, որի միջոցով նա կարողանում է ստեղծել անհնարինը, ոչ այլ ինչ է, քան մի հիանալի գիրք, որն ունի սկիզբ, բայց ոչ երբեք ավարտ, կարող ես միայն շարունակել գրել այն, իսկ ավարտին հասցնել չես կարող: Եվ առհասարակ անհնարին բան է էմոցիաների վերջաբանը հաստատելը, որովհետև դրանք մշտապես նոր են, բուռն ու անիմանալի, որոնք  իրենց գոյության շարունակությունն են պահանջում  կտավին: Չնայած այս կամ այն կտավի գոյությունը պայմանավորված չէ միայն էմոցիաներով լի կյանքով, հակառակ երևույթն էլ է ներկա՝ այսօրվա կտավն իր ետևից առաջացնում է բազում զգացմունքներ ու մտքեր, որոնք պայմանավորում են վաղվա օրը…

Այս ամենից հետո դուրս ես գալիս Երևանի մայիսյան արևով ջերմացած իրականություն, մի պահ կանգ ես առնում ու զարմանում՝ այս որտեղի՞ց, ինչ անհայտ ճանապարհներով այս անսպառ լույսն այցելեց աշխարհ, այդ ինչպե՞ս այն դուրս եկավ կիսախավար արվեստանոցի՝ մինչև առաստաղ ձգվող կտավների միջից, որտեղ սևը ինքնիշխան է… Ի դեպ՝ առողջ բանականությունը երկար սպասեցնել չի տալիս, Մոկո Խաչատրյանը թույլ է տալիս, որ այդտեղից դուրս գալիս դու լույսը քեզ հետ միասին տանես, ահա այն՝ լույսի անհունությունը, որքան կարող ես վերցրու հետդ, տար…

Ռուբեն Գյուլմիսարյն