Հայաստանում ինչ-որ բան խաթարվել է, դա կարելի է նկատել անզեն անչքով: Ում, ինչ հարցնես` ի պատասխան միայն բողոքներ են հնչում: Փող չկա, աշխատանք չկա, կյանքը բարդ է, ամենուրեք անհուսալի վիճակ է… Ընդհանուր առմամբ այդպես էլ կա: Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են կրճատել իրենց ծախսերը և բավարարվել քչով քանի որ զգալի պակասել են մասնավոր փոխանցումները Ռուսաստանից, որտեղ աշխատում են հայազգի արտագնա աշխատանքների մեկնած մարդկանց մեծ մասը, բայց ներկայիս ճգնաժամը ուժեղ հարված է հասցրել նաև Ռուսաստանին: Նույն խնդիրներն են` համաշխարհային շուկայում ընկել են մետաղների գները, այն դեպքում, երբ պղինձը և մոլիբդենը երկրի գլխավոր արտահանվող նյութերն են: Կրճատվում է նաև ներքին պահանջարկը (անգամ հացն են սկսել քիչ թխել), աճում է գործազրկությունը… Մի խոսքով` քաղաքացիների բողոքները, անկասկած, անհիմն չեն:
Ծանր սոցիալտնտեսական խնդիրներից կարելի է երկար խոսել, բայց հարցը դրանով չի լուծվում: Տասնյակ երկրներ կան, որտեղ բնակչությունը շատ ավելի, անհամեմատելի ավելի վատ է ապրում, քան Հայաստանի քաղաքացիները, բայց չկա այդ երկրներում այսպիսի անելանելի հուսահատության հստակ զգացողություն: Հակառակը` հենց «երրորդ աշխարհի» պետություններն են առաջին տեղերն զբաղեցնում «երջանիկ մարդկանց» տարատեսակ վարկանշային աղյուսակներում: Այդ վարկանշային աղյուսակները, բնականաբար, վիճելի են, բայց երբեմն նաև մտածում ես` մի՞թե միայն տնտեսությամբ է պայմանավորված ներկայիս ծայրահեղ վատ տրամադրությունները:
Հայստանում երբեք չեն եղել հարուստ բնական պաշարներ,հետևաբար երկիրը երբեք չի գոյատևել դրանց հաշվին: «Ճչացող քարերի պետություն»` ինչպես ժամանակին նկարագրել է Մանդելշտամը: Հայտնի է` հայերը դարերով քարից հաց են քամել: Իսկ խորհրդային հայտնի բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը, նախորդ դարի 20-ականներին Հայաստան այցելելուց հետո գրել է`
«Перед азийской глубью,
Племен, объятых ленью,
Форпостом трудолюбия
Красуется Армения».
Աշխատասիրության ֆորփոստ` դա բավական ստույգ նկարագրություն է, և բնավ ոչ պոետական հայացք: Հենց դարերի միջից եկող անհոգնում աշխատանքն է հազարամյակներ շարունակ եղել այն հիմքը, որը ժողովրդին թույլ է տվել չընկճվել ոչ մի փորձության առաջ: Եվ եթե այնուամենայնիվ մարդիկ ստիպված են եղել հեռանալ հարազատ հողից, ապա նաև օտարության մեջ իրենց աշխատասիրության շնորհիվ, որը դարձել է հայերի ազգային բնութագրի մի մասը, հայերը կարողացել են ոչ միայն գոյատևել այլև ապրել ըստ արժանվույն և զարգանալ` վայելելով այլ ազգերի հարգանքը: Եվ բնավ զարմանալի չէ, որ հայտնի «պրոլետարիատի պոետ» Հակոբ Հակոբյանի հայտնի ստեղծագործությունը կոչվում է «Պատիվ և աշխատանք»: Հակոբյանին, իհարկե, խորհրդային գրաքննադատությունը այնպիսի բարձունքի պատվանդանի հասցրեց, որին նա իր գրական շնորհով գուցե արժանի էլ չէր: Սակայն պոետներին հատուկ է մտքի հանճարեղ փայլատակումներ: Մի քանի տողում նա արտահայտել է իր ազգային բնույթի ողջ էությունը, ընդգծելով, որ արդար աշխատանքը օգնում է մարդուն բարձր պահել գլուխը` կյանքի ճանապարհով անցնելիս` չանհանգստանալով իր ազնիվ անվան համար:
Եվ նույնիսկ բոլոր ժամանակների դասական, հանճարեղ Վարպետ Ավետիք Իսահակյանը շատ էր հարգում Հակոբ Հակոբյանին այդ բանաստեղծության համար: Իր հուշագրերում նա գրել է, որ այդ տողերը շատերը անգիր գիտեին և հաճախ կրկնում էին: Ավելին` Վարպետը կարող էր նստել Հակոբյանի հետ երևանյան գինետներից մեկում, ինչպիսիք ՆԷՊ-ի տարիներին հայկական մայրաքաղաքում անթիվ էին` ինչպես հիմա: Իսկ Վարպետը, ինչպես հայտնի է, ամեն մեկի հետ չէր խմում:
Իհարկե, մարդիկ առանձին-առանձին այդպիսի բաների մասին չեն մտածում, ավելի ճիշտ` երբեք չեն մտածում: Բայց աշխատանքի և պատվի ամուր կապը մտել է ժողովրդի արյան մեջ, դարձել է ազգային մենթալիտետի կարևորագույն բաղադրիչը:
Հիմա այլ է: Օրինակ, ինչպես ասում են, գանք հակառակ կողմից: Վերջերս շվեյցարական կառավարությունը հանրաքվե է նշանակել այն հարցի վերաբերյալ, թե ցանկանու՞մ են արդյոք ալպիական պետության բնակիչները ամսական ստանալ 2500 Եվրո: Ստանալ միայն այն բանի համար, որ բախտ են ունեցել ծնվել Մոնբլանի հովանու ներքո: Եվ բոլորովին կարևոր չէ կշարունակի աշխատել այդ մարդը, թե կթողնի բոլոր գործերը` իր միջին աշխատավարձը նա կստանա ծնունդից միչև մահ: Այդպիսի նախաձեռնությունը պետության վրա կնստի տարեկան 200 մլրդ. Եվրո: Այդ գումարի մեծ մասը կստանան հարկերից, մյուս մասը` սոցիալական ապահովագրության ֆոնդերից (միևնույն ժամանակ կրճատելով սոցիալական նպաստները և վճարումները, որոնք գրեթե պետք չեն գա այլևս): Բայց, որտեղի՞ց վերցնել հարկեր, եթե բոլոր քաղաքացիները պետք է ստանան ցմահ և բավական մեծ նպաստ և անգործ նստեն բազմոցին: Չէ որ Շվեյցարիայի, որը նույնպես զրկված է բնական ռեսուրսներից, անհաշիվ հարստությունը հենց այնպես չի ստեղծվել և շարունակում է աճել: Այն դարավոր քրտնաջան աշխտանքի և տեղացի բանկիրների և ֆինանսիստների մի քանի սերունդների բարձր պրոֆեսիոնալ վարպետության արդյունք է, ինչպես նաև հանրահայտ ժամացույցների, շոկոլադի, զենքի, աշխարհի լավագույն պանիրների և հայտնի լանսկնեխտ-վարձկանների շնորհիվ, որոնց հուսալիությունը դարձել է օրինակելի, պատահական չէ, որ նրանք մինչ օրս ծառայում են Հռոմի Պապի պահակազորում… Մի խոսքով` այն ամենի շնորհիվ, ինչով դեռ հնուց հայտնի է Եվրոպայի կենտրոնում գտնվող փոքրիկ պետությունը:
Իսկապե՞ս ստացվում է, որ արդեն հնարավոր է ապրել առանց այդ ամենի, իսկ փողը ինքնիրեն կթափվի երկնքից: Սակայն պարզվում է, որ Շվեյցարիայի կառավարությունը բնավ չի գժվել և շատ լավ գիտի, թե ինչ է անում: Նրանք ուզում են, որպեսզի քաղաքացիներն ապահովված լինեն ամենամսյա ստաբիլ մինիմալ եկամուտով, որը ոչնչից կախված չի լինի: Իսկ քաղաքացիները այնքան էլ կողմ չեն այդ գաղափարին: Քանի որ շվեյցարացիների միայն երկու տոկոսն են հայտնել, որ կթողնեն աշխատանքը, եթե կառավարության առաջարկը ընդունվի: Մյուս 98%-ը միտք ունեն շարունակել աշխատանքը: Եվ ոչ այն պատճառով, որ նպաստին գումարվող աշխատավարձը կբարձրացնի նրանց կյանքի որակը: Այդ մարդիկ չեն պատկերացնում իրենց անգործ, աշխատանքը նրանց համար կյանքի իմաստի կարևորագույն գործոններից է: Ավելին` հարցվածների մեծ մասը գտնում են, որ հանրաքվեի արդյունքում առաջարկը չի անցնի, քանի որ շվեյցարացիները սովոր չեն ձրի ապրել և չեն ցանկանում գումար ստանալ հենց այնպես:
Իսկ հիմա պատկերացնենք, որ նմանատիպ առաջարկով հանդես կգա հայկական կառավարությունը: Դե, իհարկե, 2500 Եվրոն մեր ունեցած համեստ միջոցների համար շատ մեծ թիվ է: Բայց, ասենք, 100-150 Եվրո` տեղի թոշակից մոտ երկու անգամ ավելի: Եթե նման հարց հնչեր 30 տարի առաջ, ապա պատասխանը նման կլիներ Շվեյցարիայում հնչած պատասխանին` փո՞ղ, լավ, տվեք, բայց միևնույնն է մենք կաշխատենք: Քանի որ հայ ազգը միշտ ցանկացել և սիրել է աշխատել, և միայն շատ քիչ մասն են ապրել ձրիակերության երազանքներով: Այսօր նման վստահություն, ցավոք, չենք կարող ունենալ: Մեծ թվով քաղաքացիներ վաղուց չեն աշխատում, որովհետև ինքնադրսևորման հնարավորությունները գնալով քչանում են: Եվ այդպես քիչ-քիչ հետ են վարժվում: Իսկ ամենակարևորն այն է, որ վերջին շրջանում կտրվել է աշխատանքի և սոցիալական կարգավիճակի միջև եղած բնական կապը` ներքին արժանապատվության և սեփական անձի նկատմամբ ունեցած հարգանքի զգացողությունը: Տարբեր տեսակի խաբեբաներ, գողեր, ավազակներ, աֆերիստներ բոլորի աչքի առաջ բարգավաճում են: Եվ միևնույն ժամանակ` իրենց հայացքներում պահելով իրենց վրա չարչարվողների հանդեպ ունեցած զզվանքը: Նման կերպարները, չնայած իրենց համեմատական լռակյացության, տարաձևել են հասարակությունը, գլխիվայր շրջել են դարավոր սովորույթները, պատկերացումները, ճիշտ և արժանապատիվ կյանքի մասին պատկերացումները: Իհարկե, բոլորին չէ որ հնարավոր է եղել տեղահան անել և երբեք էլ հնարավոր չի լինի, միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար աշխատանքը մնում է բնական պահանջ: Սակայն մեծամասնության փոխարեն ասելն արդեն դժվար է: Պատահական չէ, որ արժեզրկվել են հայրենասիրության և քաղաքացիականության գաղափարները, և շատերը ապրում եմ ինչ-որ կայանալիք ընտրությունների մասին երազելով` կարևոր չէ, թե ում են ընտրում, կարևորը, որ հնարավոր լինի վաճառել սեփական ձայնը նրան, ով ավելի բարձր գին կառաջարկի: Ի դեպ, այդ «ավելի բարձրը» 15-20 դոլարն է, ոչ թե օրինակ 5 դոլար, ինչպես գնահատվում էր ձայնը մի քանի տարի առաջ: Դե, ինչ ասած` թանկանում է «քաղաքացիության զգացողությունը»… Իսկ ինչում պետք է այլ կերպ լիներ, եթե քաղաքացիները տեսնում են, որ քաղաքական գործունեությունը վերածվել է ոչ բարդ, լավ վարձատրվող հեշտ աշխատանքի, որը ոչ մի կերպ կապ չունի ընտրողների իրական կյանքի և շահերի հետ:
Հավանաբար` պատմական չափանիշներով արագ և անսպասելի գոյացած ճեղքը լավի ու վատի ավանդական պատկերացումների և այն ամենի միջև, ինչը մեր վզին է փաթաթվում դրա փոխարեն, ստեղծում է հզոր հոգեբանական դիսկոմֆորտ Հայաստանի շատ բնակիչների մոտ: Առաջ է գալիս դասական կոգնիտիվ դիսոնանս (իմացական հակասություն), ինչպե՞ս են բացատրում այն մասնագետները` դա «նեգատիվ վիճակ է, որը առաջանում է այն դեպքում, երբ մարդը ստանում է երկու իրար հակասող գաղափարներ», որոնք ընթանում են արդեն գոյություն ունեցող համոզմունքներին հակառակ: Այդտեղից է գալիս մարդկանց միջի այդչափ նեգատիվ էմոցիաները, որոնք հաճախ անբացատրելի են թվում: Գիտնականները գտնում են, որ այդպիսի վիճակը հնարավոր է հաղթահարել, եթե փորձել «փոխել սեփական համոզմունքներրը»: Սակայն, ժամանակով ստուգված և իրենք իրենց արդարացրած համոզմունքները և բարոյական արժեքները, կյանքի իմաստի իսկական հասկացողությունը փոխել պետք չէ: Հակառակը` անհրաժեշտ է փոխել այն պատճառները, որոնք հանգեցրել են այս վիճակին: Եվ որքան արագ դա տեղի կունենա, այնքան` լավ:
Արսեն Ամալյան
Լուսանկարները` Lina Levine