Սև և անգամ մոխրագույն խոռոչների մասին
Ֆելիքս Ահարոնյանը կարող է անվերջ պատմել տիեզերքի և նրա գաղտնիքների մասին: Եվ զրուցակցին անկախ իրենից այնքան է հետաքրքրում, որ նա նույնպես սուզվում է աշխարհստեղծման` գաղտնիքներով լի ու անկանխատեսելի աշխարհը: Սովետանակ ամենահեղինակավոր բուհերից մեկի` ՄՖԻ-ի (Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)` հայտնի ֆիզտեխի շրջանավարտ, տարբեր ակադեմիաների անդամ, ԵրՖԻ-ում ֆիզիկոսների անկրկնելի թիմի ստեղծողն այսօր հանդիսանում է Հեյդելբերգում Մաքս Պլանկայի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտոուտի բարձր էներգիաների աստրաֆիզիկայի խմբի ղեկավար և Դուբլինի համալսարանի պրոֆեսոր:
Հնարավոր է արդյոք նման պատմություններից ավելի հետաքրքիր ինչ-որ բան գտնել` պարզվում է, օրինակ, որ բացի սև խոռոչներից, որոնց մասին բոլորն էլ գոնե մի թեթև լսել են, գոյություն ունեն նաև սպիտակներ և անգամ` մոխրագույններ: Ասենք` դրանք արդեն նեղ մասնագիտական տարածքներ են, իսկ զրույցի թեման էին ուլտրաբարձր էներգիաների մասնիկները: Դեռ 1930-ականներին հայտնի խորհրդային ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պավել Չերենկովը տիեզերքի խորքերում հայտնաբերեց երկնագույն լույսեր, որոնք առաջանում էին թափանցիկ միջավայրներում ուլտրաբարձր արագության տեղաշարժվող մասնիկներից:
Այս և շատ այլ մասնիկներ շատ բան կարող են պատմել գիտնականներին տիեզերքի կառուցվածքի և պատմության մասին, անուղղակիորեն օգնել բացահայտել վերջին տասնամյակների ամենամեծ գաղտնիքը` այսպես կոչված «մութ մատերիան», որի գոյության հարցում գիտնականները գրեթե չեն կասկածում. ենթադրվում է, որ դրանով է պայմանավորվում տարածության ընդլայնումը:
Բարձր էներգիաների մասնիկների գրանցումը, այսպիսով, կենսական անհրաժեշտություն է դարձել: Ծուղակը, սակայն, նրանում էր, որ մասնիկները չեն հասնում երկրի մակերեսին` դրանց ներքաշում է մթնոլորտը: Այդ պատճառով դրանք գրանցել էր պետք անմիջապես մթնոլորտի սահմանին և բավական երկար ժամանակ սարքավորումները վեր էին բարձրանում օդապարիկներով: Հարկ կա՞ արդյոք նշելու, որ օդապարիկները հաճախ ընկնում էին, թանկարժեք սարքավորումները ջարդվում էին և այդ մեթոդները զգալի օգուտ չբերեցին: Անգամ ուղեծրային արբանյակների ստեղծումը առաջընթաց չբերեց այս ուղղությամբ: Անհրաժեշտ էին նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ` սկզբունքորեն այլ:
Նամիբիա: XXI դար
Ապագայի համար ճանապարհ հարթեց H.E.S.S. – High Energy Stereoscopic Systems` բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգեր, նախագիծը: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում էր «չերենկովյան» աստղադիտակների համակարգը, որոնք կարող են առանձնացնել տիեզերական գամմա-ճառագայթները, օգնել մութ մատերիայի ուսումնասիրման գործում: Որոշվեց աստղադիտակները տեղակայել Նամիբիայի անապատային բարձրունքներում: Նախագծի ղեկավարներից մեկը դարձավ Ֆելիքս Ահարոնյանը:
Նախագծի իրականացման համար ընտրվեց հենց Աֆրիկյան տարածքը, որովհետև այստեղ է ամենաբարենպաստ դիրքը Ծիր Կաթինը ուսումնասիրելու համար, որտեղ կատարվում են շատ հետաքրքիր գործընթացներ: Բացի այդ` անապատի երկինքը գրեթե միշտ պարզ է, հնարավոր է ամիսներ շարունակ տեղումներ չլինեն:
H.E.S.S. աստղադիտակները այդպես են կոչվում մեխանիկորեն, իրականում` սովորական աստղադիտակի և H.E.S.S. սարքավորման միչև տարբերությունը շատ մեծ է: Դրանք սկզբունքորեն երկու տարբեր սարքեր են: Չխորանալով տեխնիկական դետալների մեջ` կասենք, որ H.E.S.S. սարքավորման կարևորագույն մաս են հանդիսանում հատուկ հայելիները, որոնք չափազանց զգայուն են լուսային հոսանքների փոփոխությունների նկատմամբ: Հետագայում ստացված ինֆորմացիան մշակվում է մաթեմատիկական մեթոդներով, որոնք թույլ են տալիս որոշել գամմա-ճառագայթման աղբյուրը և դրա էներգետիկ բնութագիրը:
Իսկ այդ հայելիներն ունեն յուրահատուկ պատմություն:
Նայիր Carl Zeiss-ին և արա ավելի լավ
Նամիբյան անապատի հայելիները պատրաստելու համար հայտարարվել էր տենդեր, որին մասնակցում էին Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հանրահայտ ընկերություններ: Հայաստանի համեստ հայտը, թվում էր, թե կանտեսվի, բայց Ֆելիքս Ահարոնյանը բուռն գործունեություն ծավալեց:
Ահարոնյանի հեղինակությունը արդեն հաջողության երաշխիք էր, այն որոշիչ դեր խաղաց և 1500 հայելիներ պատրաստվեցին հենց Հայաստանում: Ահարոնյանին հաջողվեց համոզել արտասահմանցի գործընկերներին և տեղի մասնագետներին և առաջին հերթին Գառնիի «Գալակտիկա» ընկերության գլխավոր տնօրեն Արա Միրզոյանին, որ պատվերի որակյալ կատարումը իրենց ուժերից վեր չէ: Անհրաժեշտ էր հարթության մշակման մաքսիմալ հստակություն և անթերի որակ, և Միրզոյանը սկսեց մասնագետներ հավաքել:
Եվ սկսվեց: Վ. Էլբակյանը ստեղծեց հատուկ սարք, որը չափում էր հայելիների արտացոլման գործոնը ամենայն ճշտությամբ, վարպետ Ա. Վարդանյանը այդ նպատակով պատրաստեց բոլորովին նոր տեսակի հղկման և ողորկման սարքեր, իսկ օպտիկայի պրոֆեսիոնալ մասնագետներ Լ.Սարգսյանը և Ռ.Գալյանը իրականացրեցին պատվերի իրագործումը ճիշտ ժամանակին:Ստանդարտներից դուրս և յուրահատուկ անհրաժեշտ լուծումներն ապահովեցին վակուումային համակարգի մասնագետ Ռ.Խոսրովյանը և ինժեներ-մեխանիկ Ա. Հովհաննիսյանը: Այս և մյուս մասնագետներն ամեն ինչ արեցին, որպեսզի նամիբյան երկնքին նայեն հայկական «աչքերը»:
Հրաշալի որակումները, որոնք հնչեցին աստղադիտակների համակարգի բացման արարողության ժամանակ, անչափ ոգևորիչ էին: Որովհետև հայ մասնագետների կատարած բարձր աշխատանքի գնահատականը այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Carl Zeiss-ն է և Մաքս Պլանկայի ինստիտուտի ղեկավարոթյունը, նշանակում է, որ երկրում գիտությունը դեռ ողջ է, կան մասնագետներ, ովքեր կարոտել են իսկական, հետաքրքիր աշխատանքը, որը նրանք իվիճակի են կատարել անթերի և ճիշտ ժամանակին: Ի դեպ` հայկական թիմը միակն էր, որ երբևէ չէր խախտել տրված ժամկետները` մյուս բոլոր գործընկերները մշտապես ուշացումներով են աշխատել:
Արա Միրզոյանը 1990-ականներին փորձեց հեռանալ գիտության աշխարհից, դիվանագիտական աշխատանքի անցավ Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում, այնուհետև «Կոկա-Կոլա Հայաստան» ընկերությունում` ղեկավար պաշտոններում: Բայցևայնպես` հիմնարար գիտությունից նա չկարողացավ բաժանվել` աստղաֆիզիկայից հնարավոր չէ հեռանալ` խոստովանում է Արա Միրզոյանը: Նրա ղեկավարած «Գալակտիկա» ընկերությունը վկայում է այն մասին, որ մեր երկիրն առանց գիտնականների չի մնացել:
Լսելով աստղերի մեղեդին
Խոսելով հայ ասղաֆիզիկոսների մասին` չի կարելի չհիշել այնպիսի յուրահատուկ անհատի, ինչպիսին Գարիկ Իսրայելյանն է: Նա 16 տարեկանից որոշել էր առհամարհել բուհը, որպեսզի խաղա թատրոնում և նվագի իր սիրելի կիթառի վրա, երբ պատահականությունը տաղանդավոր գիտնականի ծնունդ տվեց: Գարիկը դիտեց Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմը, և նրա ճակատագիրը կտրուկ շրջադարձ կատարեց և ապագա գիտնականն ընդունվեց համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նրա դասախոսն է եղել մեծն Վիկտոր Համբարձումյանը` հասկանալի է, որ նման ուսուցչի աշակերտը չէր կարող մեծ գիտնական չլինել:
Գարիկ Իսրայելյան` պրոֆեսոր, աստղաֆիզիկոս, գիտությունների դոկտոր, նա ղեկավարել է Կանարյան կղզիներում աստղաֆիզիկայի Ինստիտուտում Տիեզերքի քիմիական էվոլյուցիայի լաբորատորիան, այնտեղ էր գտնվում հանրահայտ Հյուսիսային աստղադիտարանը: Գարիկի գիտական հետաքրքրությունների մեջ է Տիեզերքի քիմիական էվոլյուցիան, սև խոռոչի խնդիրները, էքզոմոլորակները, ինչպես նաև աստղասեյսմոլոգիան և գելիոսեյսմոլոգիան: Վերջինը բացահայտումների կարիք ունի` Իսրայելյանը հետազոտում է ակուստիկ, ձայնային հոսանքները աստղերի միջավայրում:
2000 թ.-ին գիտնականները առանձնացրել են մեզ ամենամոտ գտնվող Ալֆա Ցենտավա աստղի ձայնային տատանումները, բնականաբար, մյուս աստղերը նույնպես «հնչում են» և յուրաքնաչյուրն ըստ իր հնչողության: Իսրայելյանը պատմում է, որ ակուստիկ հոսանքների բնութագիրները կարող են շատ բան պատմել աստղի կառուցվածքի, քիմիական պարունակության մասին, պատկերացում են տալիս ծավալի և մակերեսի մասին, անգամ հնարավոր է ճշտել աստղի տարիքը: Մի խոսքով` այսպես կարելի է բավականաչափ օգտակար ինֆորմացիա ստանալ Արևի մասին և այլ հեռավոր օբյեկտների վերաբերյալ: Գարիկ Իսրայելյանն ասում է, որ աստղերը հնչում են կիթառի նման:
Բեմում գտնվող զենքը պետք է կրակի` ըստ ժանրի կանոնների: Իսրայելյանի դեպքում նրա սիրելի կիթառը միշտ իրեն հասանելի էր գտնվում և վաղ թե ուշ պետք է նվագեր իր ակորդներով: Իսրայելյանը թարգմանել է աստղերի հնչողությունը ըստ մարդկային ականջի համար ընկալելի դիապազոնի, իսկ հետո այդ էկզոտիկ հիմքի վրա երաժշտություն է գրել: Որպեսզի մարդիկ լսեն այս երաժշտությունը և հասկանան, որ տիեզերքի մասին պատկերացումները, որպես համատարած անձայնության անապատ, չեն համապատասխանում իրականությանը:
Այս ամենի տրամաբանական ավարտը եղավ Կանարյան կղզիներում Իսրայելյանի կողմից կազմակերպված Starmus, «Աստղերի մեղեդին» ռոք փառատոնը: Վարը թվարկված մասնակիցների անունները ժանրի սիրահարների նախանձի առիթը կդառնան` Genesis և Պիտեր Գաբրիել, Դեվիդ Գիլմոր և Ժան-Միշել Ժառ և շատ ուրիշներ:
Փառատոնին մեծ ոգևորությամբ մասնակցեց նաև Բռայան Մեյը լեգենդար Queen խմբի հիմնադիրը` գիտության դոկտոր`աստղաֆիզիկայի բնագավառում: «Այդ երաժշտությունն իմ գլխում է, այն իմ ներսում է, երբ ես մտածում եմ աստղերի և տիեզերքի մասին», – ասել է Մեյը` ընդունելով հրավերը: Փառատոնին հաջորդել է գիտական «կլոր սեղանը», դե ինչպես կարելի է առանց նման միջոցառման, եթե հյուրերի թվում են նոբելյան մրցանակակիրներ, տեղացի գիտնականներ, տիեզերագնացներ, գիտության և մշակույթի աշխարհի վառ ներկայացուցիչներ: Այդ փառատոնը դարձավ 2011թ.-ի համաշխարհային ամենակարևոր իրադարձություններից մեկը:
Հ.Գ. Ֆելիքս Ահարոնյանը վստահ է, որ Հայաստանում գիտությունը, հատկապես աստղաֆիզիկան, դեռ հպարտության շատ առիթներ կընձեռի: Դրա համար երկիրն ունի բոլոր նախապայմանները` պայծառ, խելացի մտքեր, հրաշալի մասնագետներ, ովքեր ունակ են գրեթե ոչնչից ստանալ ամենաանհավանական նախագծին անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ: Պետք է միայն մի փոքր ուշադրություն գիտությամբ տարված այդ մարդկանց նկատմամբ, և ամեն ինչ բարձր մակարդակի վրա կլինի:
Ռուբեն Գյուլմիսարյն հատուկ Dalma News-ի համար