Վերջին տարիներին ներգնա տուրիզմի զարգացումը դարձել է Հայաստանի տնտեսության առաջնային ուղղություններից մեկը: Տուրիզմը վաղուց է ապացուցել իր արդյունավետությունը` մտնելով տնտեսագիտության խոշոր ճյուղերի շարքը: Հայաստանի նման երկրների համար զբոսաշրջության նշանակությունը դժվար է գերագնահատել և կարծես` պետությունը մեծ ուշադրություն է հատկացնում այդ բնագավառին: Այսպես` Հայաստանում զբոսաշրջության զարգացման նախագծի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր տրանսպորտային խնդիրները վերացնելու, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի զարգացման համար և այլն: Յուրաքանչյուր տարի Հայաստանում բացվում են մի քանի տասնյակ ռեստորաններ, վերականգնվում են հին և կառուցվում են նոր հյուրանոցներ: Ինչպես նաև պատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, մասնավորապես` գիդ-էքսկուրսավարներ, թարգմանիչներ, չէ որ տեղի տուրիստական «ապրանքի» ինտելեկտուալ բաղադրիչը շատ բարձր է: Պետական նախաձեռնությանը զուգահեռ իրականացվում են աշխատանքներ նաև բազմաթիվ բարեգործական ֆոնդերի կողմից, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում թանգարանային համալիրների վերականգնման և ճանապարհաշինության գործում: Ամեն դեպքում` չնայած պետության կողմից արվող քայլերին, այս բնագավառը մշտական ուշադրության և կարգավորումների կարիք է զգում:
Վերջերս` զբոսաշրջության ռուս փորձագետները հաճախ են ելույթ ունենում կանխատեսումներով, որ 2016թ-ին Հայաստանը կլինի Կովկասի ամենահաճախելի երկրների շարքում: Նման ենթադրություններ արեցին OneTwoTrip պորտալի զարգացման բաժնի տնօրեն Արկադի Գինեսը և Ռուսաստանում Momondo զբոսաշրջային ծառայության ներկայացուցիչ Իրինա Րյաբովոլը: Նրանց կարծիքով` 2016թ.-ի ռուբլու ցածր փոխարժեքի պատճառով և Թուրքիայի և Եգիպտոսի չարտերային թռիչքների դադարեցումից հետո ռուսների մի մասը կսկսեն հանգստի նոր վայրեր փնտրել և նրանցից շատերը իրենց ընտրությունը Հայաստանի վրա կկանգնեցնեն:
Եթե զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան սկսել էր դեռևս այս իրադարձություններից շատ առաջ և վրացիների համար սա նորություն չէ, ապա Հայաստանի համար, չնայած` համապատասխան մարմինները արդեն սկսել են բյուջետային և հաճելի զբոսաշրջային ուղղությունների վարկանշային ցուցակում երկրի դիրքերը բարձրացնելու ակտիվ գործունեություն վարել, այնուամենայնիվ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը այսպես ասած` տնտեսական անակնկալ էր:
Չի կարելի չնշել, որ այդ գործընթացն այսօր չի սկսել, չէ որ Հայաստանը միշտ էլ մեծ պոտենցիալ է ունեցել օտարերկրա հյուրերի համար սիրված և հաճախ այցելվող վայր լինելու համար: Պատմական և մշակութային ժառանգությունը, Հայաստանի հարուստ բնությունը, արդեն ինքնին ձգող գործոն են հանդիսանում: Հենց այդ պատճառով հայ զբոսաշրջային գործակալները զբաղվում են տուրիստների համար հենց պատմամշակութային փաթեթների մշակմամբ: Դա հատկապես ակտուալ է այն արտասահմանցի քաղաքացիների համար, ովքեր Հայաստան առաջին անգամ են այցելում:
2009թ.-ին Հայաստանը ձեռք բերեց` հիմա վստահ կարելի է ասել` տուրիստական հաղթաթուղթ` «Տաթևի թևեր» ճոպանուղին, որն այս տարիների ընթացքում այցելել են մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկներ: Թեև Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի եկեղեցական համալիրը, Սևանը, Էջմիածինը շարունակում են իրենց դիրքերում մնալ:
Յոթ տարի առաջ Հայաստանում հիմնվեց գործակալություն, որը կենտրոնացած է «հոգևոր» զբոսաշրջության վրա` ուխտագնացություններ երկրի տաճարներով և սրբավայրերով: Arahet Travel գործակալության հիմնադիր Լիլիթ Սարգսյանը գտնում է, որ ավելի արդյունավետ է աշխատել մասավոր հատվածներում, քան անել ամեն ինչ և միանգամից: Հայաստանը չի կարող ծով, ծովափներ առաջարկել, նշանակում է` պետք է կենտրոնանալ այն ամենի զարգացման վրա, ինչ ունենք:
«Այն ժամանակ, երբ հիմնադրում էինք Arahet Travel գործակալությունը, ես արդեն բավական փորձ ունեի զբոսաշրջության բնագավառում, թեև շատերը անհավատությամբ էին մոտենում իմ գաղափարին` կանխատեսելով կոմերցիոն տապալում: Ասում էին, որ տուրերի նեղ կողմնորոշման մասին իմանալով` քչերը մեզ կդիմեն: Բայց այսօր մենք ակնհայտ դրական դինամիկա ենք նկատում այս ուղղվածության զարգացման մեջ: Տարեցտարի մեզ ավելի մեծ թվով մարդիկ են դիմում` տարբեր մայրցամաքներից: Մեր տուրերով հետաքրքրված են, հիմնականում, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ում հետաքրքիր է իրենց պատմական հայրենիքը նաև հոգևոր կողմից: Սակայն` վերջին իրադարձությունների պատտճառով մեր տուրերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ ռուս զբոսաշրջիկների շրջանում: 2016 թվականի սկզբից զգալիորեն ավելացել են զբոսաշրջիկների հայտերը Ռուսաստանից: Մոտ և միջին ապագայում մենք պատրաստվում ենք կենտրոնանալ այս սեգմենտի զարգացման և ինտելեկտուալ մասսայի ներգրավման վրա»,- ասում է Լիլիթ Սարգսյանը:
Բայցևայնպես երկիրը մինչ օրս չի օգտագործում իր ողջ զբոսաշրջային պոտենցիալը: Ինչպես գտնում են շատ փորձագետներ` գլխավոր խնդիրը նրանում է, որ մարդիկ արտասահմանում բավական ինֆորմացիա չունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ այն ծառայությունների մասին, որոնք կարող են առաջարկել տուրիստական գործակալությունները:
Դրանցից շատերը չունեն գրագետ, լավ մշակված օնլայն հարթակ, իսկ արդեն տեղում մարդիկ այնպիսի խնդիրների առաջ են կանգնում, ինչպիսիք են օտարալեզու քարտեզների բացակայությունը, տրանսպորտի աշխատանքի սխեմա, տեղեկատվություն թանգարանների մասին և այլն:
Best Travel գործակալության մենեջեր Նազելի Սարգսյանի խոսքերով`Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր խոչընդոտը կառավարության և Հայաստանի` այլ երկրներում պաշտոնական ներկայացուցիչների անտարբերությունն է:
«Մեր արտասահմանյան գործընկերները հաճախ պատմում են, որ շատերը տեսնելով Հայաստանի տեսարժան վայրերի նկարները, ցանկություն են հայտնում գալ Հայաստան, բայց տեղեկատվության բացակայությունը վախի և խուսափելու պատճառ է դառնում: Շատերն այդպես էլ չեն համարձակվում ճամփորդել անհայտ ուղղությամբ: Սակայն` գալով և ամեն ինչ իրենց աչքերով տեսնելով` հյուրերը միշտ զարմանում են, թե որքան հանգիստ և անվտանգ է Հայաստանը, որտեղ կարելի է հանգիստ դուրս գալ կեսգիշերյա զբոսանքի: Նրանց զարմացնում էՀայաստանում հանցագործությունների ցածր մակարդակը: Կարծում եմ`կարևոր է ակտիվորեն գովազդել մեր երկիրը, որպեսզի մարդիկ իմանան, թե ուր են գնում»,- գտնում է Նազելին:
Բայց այս խնդիրների լուծման համար աշխատանքեր այնուամենայնիվ տարվում են: Հոկտեմբերի վերջին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կառավարման ղեկավար Մեխակ Ապրեսյանը լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պետական ծրագրով տուրիզմի զարգացման համար այս տարի կհատկացվի 188 մլն. դրամ` այնքան, որքան 2015թ.-ին:
Ապրեսյանի խոսքերով` նախատեսվում է անցկացնել ակտիվ մարկետինգ 23 ուղղվածություններով: Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, արշավներ: Բացի դա օգնություն կհատկացվի տուրիստական տեղեկատվական կենտրոններին, հատկապես նրանց, որոնք կոչված են տեղեկություն հաղորդել անհատական զբոսաշրջիկներին:
Կարևոր է նաև նշել, որ 2016թ-ին Հայաստանում նախատեսվում են անցկացնել երկու ծրագրված խոշոր տուրիստական միջոցառումներ` ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպությունների մասնաճյուղային ներկայացուցիչների (UNWTO) տարեկան կոնֆերենսը և Եվրոպայի հյուրանոցային բիզնեսի և հասարակական սննդի EURHODIP ասոցացիայի կոնֆերենսը:
Ակտիվ աշխատանք է տարվում նաև հյուրանոցների բնագավառում: 2013-2015թթ-ին երկրում հիմնվել է ավելի քան 20 հյուրանոց, այդ թվում` հայտնի հյուրանոցների մի քնաի մասնաճյուղեր:
Զբոսաշրջիկներին Հայաստանը գրավում է նաև համեմատաբար ցածր գներով: Վիճակագրական տվյալների համաձայն` 2013թ.-ից սկսած մեկ այցի ժամանակ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 726,1$: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, արտասահմանցի հյուրերին հաճելիորեն զարմացնում են տրանսպորտի ցածր գները, հատկապես` տաքսիների:
Այս բոլոր գործոնների համադրությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը տարեցտարի կարող է ուժ հավաքել տուրիզմի բնագավառում:
Հայաստանի ազգային վիճակագրության տվյալների համաձայն` 2015թ-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 443.087 զբոսաշրջիկ, նրանցից 55.372-ը հաստատվել են հյուրանոցներում, ինչը ավել է նախորդ տարվա համեմատ 16.3%-ով, այն դեպքում, երբ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը պակասել է 0,2%-ով: Հյուրանոցներում հաստատվածների 35.9%-ը եկել են գործնական նպատակներով, 30.6%-ը` հանգստանալու, 32.8%-ը` այլ նպատակներով:
ԱՊՀ երկրներից 19.2% զբոսաշրջիկ, 15.6% ` ՌԴ-ic, 28.8%` ԵՄ-ից, 52%` այլ երկրներից (18.1%` ԱՄՆ, 8,2%` Իրան): Ի դեպ` հարևան Պարսկաստանից ժամանած հյուրերն Հայաստանն արդեն սովորել է, նրանց թիվն ավելանում է հատկապես իրանական օրացույցով տոների ժամանակ (ինչպիսիք են Նովրուզ Բայրամը) և հասնում է 18% ցուցանիշին, երբեմն ավելի: Նովրուզը տոնելու համար ամեն տարի Հայաստան են գալիս մեծ թվով իրանցիներ` անկախ տարիքից և սեռից:
Արդյունքում` կարելի է վստահ ասել, որ միջազգային հարթակում Հայաստանի հեղինակությունը և վարկանիշը բարձրացնելու ջանքերը իզուր չեն անցնում: Երկիրն զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը «Մրցունակություն տուրիզմի և ճանապարհորդության բնագավառում» (The Travel and Tourism Competitiveness Report) վարկանշային աղյուսակում` 2015թ-ի տվյալներով, որը հրատարակվել է Տնտեսագիտական համաշխարհային ֆորումի ժամանակ (World Economic Forum):
Միևնույն ժամանակ Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը` ըստ անվտանգության մակարդակի, 48-րդ` առողջապահության բնագավառում, 71-րդը` ըստա մարդկային ռեսուրսների որակի, 73-րդ տեղը`ըստ զբոսաշրջության սպասարկման ենթակառուցվածքի, 77-րդը`ըստ թույլատրելի գների (1$-477.72 դրամ): Թեև նման աղյուսակներում և ցուցակներում առաջին տեղը այնքան հեռու է, որքան լուսինը, բայցևայնպես կարելի է փաստել, որ այսպիսի փոքրիկ երկրի համար, ինչպիսին Հայաստանն է` ցուցանիշները բավական լավն են:
Հոդվածում օգտագործված են բլոգեր-ճանապարհորդ Իվան Դեմենտիեվսկու, բլոգեր ZHZHITEL-ի, լուսանկարիչ Էդգար Հարությունյանի, ինչպես նաև այլ բաց աղբյուրների լուսանկարներ: