Լրացավ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվան 40-րդ օրը: Եվ արդեն իսկ թատերական աշխարհում շշուկները էլ ավելի աղմկոտ են դառնում և բոլորին հուզում է մեկ հարց՝ ո՞վ կփոխարինի Ալեքսանդր Սամսոնիչին, որը շուրջ կես դար ղեկավարել է, ինչպես ինքն էր ասում՝ «հայկական ակցենտով ռուսական թատրոնը»:

Առաջին հայացքից թվում է, թե որևէ ինտրիգ չկա այստեղ և բնական ընթացակարգով կլինի նա, որը կլինի և երկրի ղեկավարության, և թատրոնի դերասանների համար ընդունելի մեկը: Բայց, արի ու տես, որ այս անգամ ամեն ինչ այդքան հեշտ չէ, և վերին ու ստորին օղակներում պետք է որոշվի՝ կարևորել Ալեքսանդր Սամսոնիչի ժառանգությունը, թե՞ գործի շարունակումը:

Ալեքսանդր Գրիգորյանը իր դստեր` Նորա Գրիգորյանի հետ
Ալեքսանդր Գրիգորյանը իր դստեր` Նորա Գրիգորյանի հետ

Խնդիրն այն է, որ Ա. Գրիգորյանի մահվանից հետո՝ իր հարցազրույցներում ու անգամ բեմից նրա դուստրը՝ նույն թատրոնի դերասանուհի և բեմադրիչ Նորա Գրիգորյանը, հայտարարում է, թե հոր վերջին կամքն էր իրեն փոխարինող տեսնել դստերը: Իրականում սա Ա. Գրիգորյանի վերջին կամքն է, թե դստեր ցանկությունը, թերևս մի ընտանիքի խոհանոցի մասին է, որին չենք անդրադառնա, սակայն փաստենք, որ ինչ-որ տեղ նաև բնական է, հայրը իրեն փոխարինող պետք է տեսներ իր դստերը, թեկուզ, որ նա չունի մեծ փորձ ու վաստակ:

Բայց այստեղ կարևոր հարց է բարձրացնում ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը, որը չնայած օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում է ապրում, բայց անկեղծորեն փաստում է. «Թատրոնի կոլեկտիվը պետք է ընտրի իր առաջնորդին, որին հավատում է, վստահում է և որի հետ տեսնում է իր ապագան: Հարգում եմ Ալեքսանր Սամսոնիչի հիշատակը և նրա գործունեթյունը, բայց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի կարող լինել ժառանգական»:

Դերասանուհի Իրինա Հարությունյանը
Դերասանուհի Իրինա Հարությունյանը

Ի դեպ, եթե Ն. Գրիգորյանի դեպքում հորը փոխարինելու հավակնությունը ինչ-որ տեղ տրամաբանական է, ապա առավել ֆանտաստիկ ժանրից է այն, որ, ըստ տարածված ասեկոսեների, այդ պաշտոնին տիրանալու մեծ «ախորժակ» ունի  անգամ ռուսական թատրոնի «դասալիքներից» դերասանուհի Իրինա Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա ժամանակին լքեց թատրոնը՝ սկանդալների ներքո, և ողողեց լրատվական դաշտը Ալեքսանդր Գրիգորյանի մասին մեղադրական հոդվածներով: Մինչդեռ Ա. Գրիգորյանի մահից հետո՝ կրկին շտապեց մամուլին իր մասին հիշեցնել և ասել, թե մի բան էլ ինքն է ներել Սամսոնիչին:

Եվ մինչ կանայք՝ մեկը հոր տեղը ուրիշին չտալու մղումով, մյուսը՝ իր հաղթական վերադարձը ապահովելու հույսով է տարված՝ կուլիսներում շրջանառվել են ավելի լուրջ թատերական գործիչների անուններ, որոնց թվում են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը եւ նույնիսկ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, սակայն նրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ տարբեր թատրոններում ունեն իրենց պաշտոնն ու դիրքը:

Լուրջ հավակնորդների շարքում են նաեւ թատրոնի ներկայիս տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը եւ ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը և Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները
Ալեքսանդր Գրիգորյանը և Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները

Առաջինի դեպքում կարող է տպավորություն լինել, թե նա արդեն իսկ թատրոնում պաշտոն է զբաղեցնում, ինչպե՞ս պետք է զբաղվի գեղարվեստական աշխատանքով: Բայց, վերջին շրջանում թատրոններում տեղի ունեցող հաստիքային փոփոխություններն այլ բան են վկայում: Բավական է նշել, որ այսօր, ըստ էության, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և տնօրենը, և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան կրտսերն է: Նույնպիսի ուղիով է ընթանում նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, որտեղ բոլոր պաշտոններին հավակնում է Վիգեն Չալդրանյանը:

Ալեքսանդր Գրիգորյան և Հակոբ Ղազանչյան
Ալեքսանդր Գրիգորյան և Հակոբ Ղազանչյան

Այդուհանդերձ, պակաս հավանական չէ, որ ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը կլինի Ալեքսանդր Գրիգորյանի մտերիմներից ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը վերջերս ազատվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ նոր աշխատանքի անցնելու մասին արդեն մի քանի ամիս է ոչ մի լուր չկա: Իսկ թե արդյոք անցնցում կլինի այս որոշումը, ցույց կտա ժամանակը, որն իրեն այլևս սպասեցնել չի տա ու 2018 թվականը ռուսական թատրոնը կդիմավորի նոր ղեկավարով:

Ինչևէ, ո՞վ կլինի թատրոնի ղեկավարը, համենայնդեպս, հանդիսատեսի համար առաջնային չէ, կարևորն այն է, որ լեգենդար Ալեքսանդր Գրիգորյանի գործին ոչ թե տեր կանգնող ժառանգներ լինեն, այլև շարունակող:

 

Պատրաստել է Հայկ Սամսոնյանը