Նա բեմ դուրս եկավ սպիտակ զգեստով և միանգամից բարձր նոտա վերցրեց: Աղջկան դեռևս մեջքով նստած Վալերի Մելաձեն անմիջապես վեր պարզեց բթամատերը ասելով. «Ուժե՜ղ է»: Նախագծի կին մարզիչները ևս չէին թաքցնում իրենց հիացմունքը. Պելագեան ակտիվորեն ձայնակցում էր, իսկ Սվետլանա Լոբոդան չհապաղեց և Մելաձեի հետ միաժամանակ շրջվեց դեպի կատարողը: Ինչպիսին էր փորձառու մարզիչների զարմանքը, երբ բեմում տեսան մի փխրուն հայուհու, որը հեշտությամբ կատարում էր Սթիվի Ուանդերի «Don`t You Worry `Bout a Thing» կատարման բարդագույն ջազային տարբերակը:

«Իմ անունը Էլեն Բադալյան է, ես 11 տարեկան եմ: Եվ ես Մոսկվայից եմ», – ներկայացավ աղջնակը: Դրանից հետո դահլիճը կրկին ուժգին ծափահարություններով ողջունեց Էլենին՝ համարյա նույնքան ուժգին, որքան «Don`t You Worry `Bout a Thing» («Մի՛ մտահոգվիր որևէ բանի մասին») կատարման «բարձր» եզրափակիչ նոտային ժամանակ: Թվում էր, թե աղջիկը իսկապես չէր հուզվում և չէր անհանգստանում որևէ բանի մասին: Այն մասին, թե արդյոք դա այդպես էր, և թե առհասարակ ինչպես է հայ տաղանդը հայտնվել «Ձայնը. երեխաներ» նախագծի բեմին, Dalma News-ի թղթակիցը զրուցել է Էլենի, ինչպես նաև իր մայրիկի՝ Մարինա Բադալյանի հետ:

Էլեն Բադալյան

Պարզվեց, որ աղջիկը մանկուց երազել է «Ձայնը» նախագծի «կարմիր բեմի» մասին: «Ձայնը. երեխաներ» նախագծի առաջին եթերաշրջանը համընկավ մանկապարտեզի ավարտական հանդեսի հետ: Լսելով Օլեգ Գազմանովի «Нарисовать мечту» երգը՝ փոքրիկ աղջնակն այնքան սիրեց այն, որ խնդրեց ձայնագրել երգը ֆլեշ կրիչի վրա և թույլ տալ երգել այն ավարտական հանդեսի ժամանակ: Էլենին համակրող երաժշտության ուսուցիչը բնավ դեմ չէր նրա խնդրանքին: Արդյունքում վոկալային դեբյուտը այնպիսի ուժեղ տպավորություն թողեց, որ հանդեսի բոլոր մեծահասակ մասնակիցներն արտասվելու չափ հուզվեցին: Իսկ մանկապարտեզի տնօրենն ասաց. «Վե՛րջ: Ուրեմն սպասում ենք ձեզ «Ձայնը» նախագծում»: Այդ օրվանից ի վեր, Էլենը և իր կրտսեր քույրը՝ Արինան, որն ի դեպ, ետնաբեմում արտասվում էր քրոջ հուզումնալից կատարման ժամանակ և հայտնվել էր տեսախցիկների ուշադրության կենտրոնում, բաց չէին թողնում նախագծի և ոչ մի թողարկում, համոզելով, որ Էլենը ևս պետք է մասնակցի: Բայց ծնողները դիմադրում էին. «Մենք պետք է համոզվեինք, որ մեր դուստրը հարյուր տոկոսով պատրաստ էր մասնակցությանը: Այն ժամանակ ամեն ինջ դեռ մի փոքր «հում» էր»:

Արինա և Էլեն Բադալյաններ

Այն, որ Էլենը երաժշտական տաղանդ ունի, պարզ դարձավ դեռ այն ժամանակ, երբ նա չորս տարեկան էր: Այն ժամանակ մանկապարտեզի երաժիշտն ասաց. «Նա բացարձակ լսողություն ունի: Երբ մեծանա, թող անպայման երգչախումբ գնա»: Ծնողները լսեցին այդ խորհուրդը: Սակայն հետո ծնվեց փոքր դուստրը, ամեն ինչ խառնվեց իրար, և աղջիկը ստիպված հրաժեշտ տվեց երգչախմբին: Այնուամենայնիվ, մայրը չթողեց աղջկան երաժշտական ուղղությամբ զարգացնելու գաղափարը: Եվ երեխային տվեց երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան:

«Բայց Էլենը շարունակում էր երազել երգելու մասին: Նա անընդհատ քթի տակ մի բան էր երգում: Նա անընդհատ ձեռքը մի երևակայական խոսափող էր վերցնում ու երգում էր, ձևացնելով, թե բեմում է»,- ասում է մայրը: «Ի վերջո մենք սկսեցինք փնտրել վոկալի լավ ուսուցիչ: Եվ բախտը մեզ ժպտաց. մենք հանդիպեցինք հիանալի ամուսնական զույգի՝ Ադելինա և Մանվել Գրիգորյաններին: Եվ սկսվեց ամենահետաքրքիրը»:

Գրեթե 6 տարի բեմում լինելով, ինչը երեխայի համար բավական երկարատև բեմական կարիերա է, Էլենը հաջողություններ է գրանցել ոչ միայն վոկալի, այլև դաշնամուրի կատարողական արվեստում: Նա մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել ճանաչման: Նա կատարել է Մոցարտի, Գրիգի, Ռախմանինովի, Կորովիցինի, Բորտկևիչի սիրված գործեր և միայն վերջին տարվա ընթացքում մասնակցել է մոտ 15 տարբեր համերգների: Միևնույն ժամանակ նա չի մոռացել իր սիրելի կատարողներին, ազատ ժամանակ ինքն իր համար երգելով Սթիվի Ուանդերի, Ռեյ Չարլզի, Ջեյմս Բրաունի, Էլլա Ֆիցջերալդի, Քրիստինա Ագիլերայի երգերը: «Այ եթե դուստրս նույն կերպ սիրեր դաշնամուրը, նա շատ ավելի մեծ նվաճումների կհասներ այդ ոլորտում: Բայց, ցավոք, երգեցողությունն ավելի շատ է նրա սրտով: Նա ամբողջ օրը ինչ-որ բան երգում է, հորինում»,- ասում է Մարինան:

Փաստորեն աղջիկն արդեն ունի մոտ 8-9 սեփական ստեղծագործություն, որոնցից մեկը նույնիսկ լիովին գործիքավորված է և պատրաստ է կատարման: Էլենը բազմակողմանի տաղանդավոր է. նա ոչ միայն երաժշտություն է գրում, այլև երգերի բառեր: Ինչպես ասում են՝ աստված շնորհ է տվել: Եվ զարմանալի չէ, որ ելույթից հետո Պելագեան բացականչեց. «Ինչպե՞ս է հնարավոր 11 տարեկանում այսպես երգել»: Եվ իրոք, պարզվում է, որ Էլենի ձայնային տիրույթը 2.5 օկտավա է: Համեմատության համար, ըստ որոշ աղբյուրների, բրիտանական ջազ երգչուհի Ադելի ձայնային տիրույթը 3 օկտավա է:

«Այստեղ ոչ միայն ձայնն է, այլև անչափ մեծ աշխատասիրություն»,- շարունակում է Պելագեան: «Օրը քանի՞ ժամ եք պարապում»,- հարցնում եմ մայրիկին: Եվ նա պատասխանում է. «Չեք հավատա, բայց շատերին թվում է, թե նա օր ու գիշեր երգում է: Իրականում, նա պարապում է ընդամենը շաբաթը մեկ դաս»: Իսկ այն հարցին, թե որտեղից է երեխայի մեջ այդքան երաժշտականություն, պարզվում է, որ փոքր ժամանակ թե՛ մայրը, և թե՛ հայրը երաժշտական հակում են ունեցել՝ երկուսն էլ երաժշտական դպրոց են ավարտել, սակայն բանը նախնական կրթությունից այն կողմ չի գնացել:

Ի դեպ, հայրը` Գուրգենը, և մայրը՝ Մարինան ծնունդով Երևանից են. նրանք այստեղ են հանդիպել և ամուսնացել: Սակայն արդեն 12 տարի է ինչ ապրում են Մոսկվայում: Հենց Ռուսաստանի մայրաքաղաքում են ծնվել Էլենն ու Արինան:

«Այնուամենայնիվ, մենք չենք կորցնում կապը պատմական հայրենիքի հետ: Մենք ամեն տարի այցելում ենք Երևան՝ առնվազն մեկ ամսով: Երեխաները շատ են սիրում այնտեղ. երկուսն էլ (շնորհիվ իմ ու հայրիկի ջանքերի, իհարկե) ազատ խոսում են հայերեն»,- ասում է Մարինան:

«Իսկ ո՞վ է ձեր հայրիկը. կարդալով Էլենի ելույթի տեսանյութի մեկնաբանությունները՝ տպավորություն ստեղծվեց, որ նա առնվազն օլիգարխ է»,- հարցրեցի ես: «Մեր հայրիկը մեր հովանավորն է, բայց ոչ օլիգարխ։ Ամուսինս հայտնի վարսահարդար է. արդեն 25 տարի է, ինչ աշխատում է այդ ոլորտում: Նա իհարկե, աջակցում է Էլենին իր բոլոր նախաձեռնություններում: Բայց ոչ այն կերպ, ինչպես մարդիկ են պատկերացնում: Պետք է չափազանց հարուստ երևակայություն ունենալ, որպեսզի կարծել, թե նա երեխային առաջ է տանում հնարավոր բոլոր մեթոդներով: Այնուամենայնիվ, տեսանյութն ունի բազմաթիվ այլ զավեշտալի մեկնաբանություններ. օրինակ՝ ինչ-որ մեկը գրում է, որ Էլենը «գոռում» է, մեկ ուրիշը ծաղրելով ասում է, թե նա «չի կարող մոսկվացի լինել»: Լավ է, որ Էլենը բնույթով սառնասիրտ է, և առանձնապես չի արձագանքում նման մեկնաբանություններին՝ պարզապես հետևելով իր սեփական ուղուն»,- մեկնաբանում է զրուցակիցը:

Գուցե նա մարտական ոգի է ձեռք բերել բռնցքամարտի դասերի ընթացքում. ելույթին կից նկարագրության մեջ երևում է, որ աղջիկն իսկապես հաճախում է այդ ուժային սպորտին: «Այո՛, դա այդպես է», – ասում է մայրը:

– «Մի անգամ նա իր հոր հետ նայում էր մրցումները և միանգամից համակվեց այդ մտքով: Իհարկե, ես կտրականապես դեմ էի. չէ՞ որ Էլենը դաշնակահար է և կարող է վնասել ձեռքերը: Բայց հայրը պնդեց, և ես ստիպված էի տեղի տալ: Այնպես որ շնորհակալ ենք հրաշալի մարզիչ Արտեմ Արտակովիչին: Մեր թույլիկ աղջիկը աստիճանաբար ձեռք է բերում սպորտային մարզավիճակ: Որը, կարծում եմ, հետագայում նրան շատ օգտակար կլինի»:

Իսկ մինչ այդ, ուրիշների հարձակումներից նրան օգնում են պաշտպանվել նրա երեք հավատարիմ դասընկերները: Ի դեպ, նրանք ակտիվ աջակցում էին նրան սպասասրահում և ոգևորում փոքր քրոջը: «Արինան բնույթով շատ զգացմունքային է: Նա արտասվում էր միայն այն պատճառով, որ չէր կարող հավատալ, որ մեր Էլենն այժմ կանգնած է հենց այն կարմիր բեմին, որի մասին նրանք այդքան երկար երազել են»,- ասում է մայրը: Նա հավելում է, որ մինչև վերջ համոզված չէր, որ իր երեխան այդքան բարձր մակարդակով կերգի. «Հասկանում եք, մեր շրջապատում շատ երաժիշտ բարեկամներ ու ընկերներ կան: Բայց երբ նրանք ասում են, որ մեր աղջիկը լավ է երգում, մեզ թվում է, թե մարդիկ պարզապես ցանկանում են հաճելի բան ասել մեզ: Բայց երբ Էլենի կողմը շրջվեցին նման մասնագետներ, ես վերջապես հանգիստ շունչ քաշեցի. նշանակում է, որ նա իսկապես տաղանդավոր է»:

Արինա և Էլեն

Այնուամենայնիվ, Մարինան կարծում է, որ աղջիկը կարող էր շատ ավելի լավ երգել: Սակայն, հաշվի առնելով, որ նրանք ստիպված էին ժամը 2-ից գալ ստուդիա, իսկ բեմ դուրս գալ թողեցին միայն 21. 30-ին, ապա կարելի է հասկանալ սկզբում առկա որոշակի անվստահությունը: «Նա պարզապես սպառվել էր: Ամբողջ օրը նա էկրանին հետևում էր, թե ինչպես էին երգում մյուս երեխաները: Նա տեսնում էր, թե ինչպես էին ամենաուժեղները հրճվանքով դուրս գալիս, և թե ինչպես էին լացելով ծնողներին մոտենում ավելի թույլ երեխաները: Դա հոգեբանորեն ճնշում էր: Նա անընդհատ հարցնում էր. «Մամա՛, ինչ ես կարծում, իմ կողմը կշրջվե՞ն»: Ի վերջո, ես պարզապես ուղարկեցի նրան հանդերձասենյակ՝ արգելելով նայել էկրանին: Սակայն ամեն ինչ ավելի քան լավ դասավորվեց: Այնպես որ, բոլոր երեխաների պես Էլենը նույնպես անհանգստանում էր: Սակայն ես սովորեցրել եմ նրան տոկուն լինել և ի ցույց չդնել սեփական զգացմունքները, ինքնավստահ կեցվածք ունենալ: Հենց դա էլ նա ցուցադրեց նախագծի եզրափակիչ փուլում»:

«Հավանաբար հենց դուք եք ընտրել 11-ամյա երեխայի համար այդ չափազանց հասուն կատարումը»,- հարցնում ենք մենք: «Ընդհակառակը,- պատմում է Մարինան: – Մենք խորհուրդ էինք տալիս Ռեյ Չարլզի «Hit The Road Jack» կատարումը: Բայց Էլենը համառեց, ասելով, որ կատարելու է միայն Սթիվի Ուանդեր: Արդյունքում նա ինքնուրույն բանակցեց խմբագիրների հետ, ինչպես նաև մոտավորապես տասը օրվա ընթացքում, առանց նույնիսկ տեքստի բառերը մինչև վերջ սովորելու, ինքնուրույն ձայնագրեց ձայնագրությունը և ուղարկեց կազմակերպիչներին: Մի խոսքով, արդեն դեկտեմբերի 15-ին մեզ եկավ դրական պատասխանը, և Էլենը հրճվանքով ասաց, որ դա հենց այն կատարումն է, որն իրեն թույլ կտա ցուցաբերել իր ձայնային ողջ տիրույթը: Այն ամենը, ինչ նա սովորել է այսքան տարիների ընթացքում»:

Էլեն Բադալյան

Այժմ Էլենը հաճույքով պատրաստվում է հաջորդ փուլին՝ «Մարտահրավերներ». ապագա շոուի բոլոր երեք մասնակիցները միասին երգելով ընկերացան: Եվ, նույնիսկ նախագծից դուրս մնալու դեպքում նրանք մտադիր են շարունակել ընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է նախագծից դուրս մնալու հավանականությանը, ապա այն գործնականում շատ բարձր է: Իսկ ի՞նչ է լինելու այդ դեպքում:

«Ոչ մի սարսափելի բան»,- խոսակցությանը միանում է Էլենը: Եվ շարունակում է. «Գիտեք, անկեղծ ասած, ինձ համար առեղծված էր, թե արդյոք մարզիչները կընտրե՞ն ինձ, թե՞ ոչ: Բայց ես անմնացորդ կատարեցի իմ գործը և գիտեի, որ իրականում կարևոր չէ՝ նրանք կշրջվե՞ն դեպի ինձ, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ ես պետք է նորմալ տպավորություն թողնեի: Որ հետո չասեին՝ այս ի՜նչ վատ էր երգում այս աղջիկը: Այնպես որ, նույնիսկ եթե ես չմնամ նախագծում, դա ինձ համար մեծ և կարևոր փորձ կլինի»:

Էլենի ընտրած մարզիչը՝ Սվետլանա Լոբոդան, շատ քնքուշ և ուշադիր է երեխաների նկատմամբ, ինչպես նաև աշխատասեր: Նրանք միասին քննարկում են ամեն ինչ, ընդհուպ կերպարը և զգեստները: Եվ, հավանաբար, նա անհամբեր սպասում է իր սանի հաղթանակին: Էլենին նույն բանն են մաղթում թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Դրա ապացույցն են Youtube-ում տեսահոլովակի տակ հրապարակված բազմաթիվ մեկնաբանությունները:

Ալի Մուրադովը գրում է. «Մեր առջև «Ձայնը. երեխաներ» նախագծի հաղթողն է»: Վահագն Վարդանյանն ասում է. «Բրա՛վո: Ֆանտաստիկ կատարում: Կրկին լսեցի մեծն Սթիվի Ուանդերի կատարմամբ այս երգը. նա հաստատ կհավաներ քո կատարումը: Ապրե՛ս: Այնքան հեշտությամբ երգեցիր, կարծես մանկական երգ երգեիր: Շնորհավորանքներս»:

«Փայլուն աղջնակ: Զի՜լ է: Ապրես: Հաղթանակ եմ մաղթում քեզ: Ես քեզ եմ երկրպագելու»,- գրում է Ելենա Անտոնենկոն: «Չեմ զարմանա, որ հաղթի: Շատ ուժեղ աղջիկ է»,- ասում է Էլդար Վախաբովը:

«Եթե ես հասնեմ եզրափակիչ, անչափ ուրախ կլինեմ: Դա շատ ուժեղ կլինի: Եվ գիտեք՝ ես ունեմ երազանք: Որ մի օր ինձ մոտենան և ասեն. «Կարելի է քեզ հետ նկարվել»,- ժպտալով ասում է փոքրիկ «աստղը»:

Դե ինչ, հաջողություն և հաղթանակ ենք մաղթում քեզ: Մենք հավատում ենք քո ուժերին:

 

Իրինա Գրիգորյան