Illustration: Jam News

 «Ծխախոտով բռնված քաղաքացին կաշառք է առաջարկել, որպեսզի իրեն դատեն գոնե բռնաբարության հոդվածով», – ահա այսպես են կատակում սոցցանցերի հայկական տիրույթում նոր օրինագծի շուրջ, որը մշակել է առողջապահության նախարարությունը, որի համաձայն առաջարկվում է հսկայական տուգնաքներ սահմանել չթույլատրելի վայրերում ծխելու համար:

Օրենքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: Մասնավորապես, ամենափոքր տուգանքը` 50 հազար դրամ է, որը նախատեսվում է սահմանել մեքենայում ծխելու համար, և ամենաբարձրը` 800 հազար դրամ՝ ծխախոտ ներկրելու համար այն դեպքում, երբ գերազանցված է նիկոտինի պարունակության թույլատրելի սահմանը: Ծխախոտի գովազդի համար նախատեսված է տուգանք 700 հազար դրամի չափով: Ծխելը վերելակներում, գրասենյակներում և հասարակական սննդի կետերում կբերի իր հետ 250 հազար դրամի չափով տուգանք: 3 ամսվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանքը կկազմի 500 հազար դրամ:

Այս նախագծով արգելք է սահմանվում բժշկական և կրթական հաստատություններում ծխախոտային արտադրանքի իրացման վրա, այդ թվում՝ ԲՈՒՀ-երում, թատերական-համերգային համալիրներում, թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում, ժամանցային կենտրոններում, մարզադահլիճներում և մարզադաշտերում:

Նաև անհնարին կդառնա ծխախոտային ապրանքատեսակների կամ դրանց փոխարինողների իրացումը ինքնասպասարկման առևտրային կետերում՝ ավտոմատ, մեխանիկական կամ էլեկտրոնային սարքավորումների միջոցով:

Photo credit: Photolur Agency

Ծխախոտային արտադրանքի վաճառքի համար հատով (բացված տուփից) առաջարկվում է սահմանել տուգանք 300 հազար դրամի չափով, դպրոցական և նախադպրոցական հաստատություններում և դրանցից 100 մետր շառավիղ հեռավորության վրա` 500 հազար դրամ տուգանք:

Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, նախաձեռնության նպատակն է կանխել ծխախոտային ապրանքների և դրանց փոխարինողների օգտագործումը, աջակցել դրանց օգտագործմանը վերջ դնելուն, ինչպես նաև պաշտպանել բնակչությունը երկրորդային ծխի վնասակար ազդեցությունից:

Ծխախոտի դեմ պայքարում իրականացվող քաղաքականության հիմնական գծի մեջ նշվում են այն միջոցները, որոնք ուղղված են ծխախոտի վնասակար ազդեցության և հետևանքների վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ միայն այսպիսի կտրուկ միջոցներով, խփելով ծխողների գրպանին, կարելի է պայքարել երկրում այս վնասակար սովորության դեմ, որտեղ օրական սպառվում է 800 հազար տուփ ծխախոտ: Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների, 16 տարեկանից բարձր տղամարդկանց գրեթե կեսը երկրում մշտապես ծխում են: Ընդ որում՝ գրեթե բոլորն ընդունում են, որ տուգանքների չափը երկրում առկա սոցիալ-տնտեսական պայմաններում անհավանական են և անհամաչափ: Հատկանշական է նաև այն, որ նախատեսված չէ այնպիսի պատժամիջոցի կիրառում, ինչպիսին է «նախնական զգուշացումը»:

«Ինչո՞ւ չի կարելի միանգամից արգելել ծխախոտի արտադրությունը և ներկրումը երկրում: Այսինքն՝ մենք թույլ ենք տալիս արտադրել ապրանքը, և արգելում ենք այն օգտագործել», «Այս երկրում կամ ընդհանրապես ոչինչ չեն անում, կամ գնում են զառանցանքային քայլերի: Ինչպե՞ս կարելի է 300 հազար դրամ տուգանել՝ հատով ծխախոտ վաճառելու համար: Ի՞նչ տարբերություն, թե ինչպես է վաճառվում ծխախոտը», «Երթուղիների և ավտոբուսների վարորդները, միևնույնն է, ծխում են անկախ նրանից, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մեջ փակցված է պաստառն այն մասին, որ ծխելը արգելվում է: Եվ դա ոչ ոքի չի զարմացնում: Իսկ եթե որևէ մեկը նկատողություն է անում, ապա վարորդները կարող են այնպես կոպտել, որ էլ չես համբերում մինչև կանգառ, որպեսզի իջնես», «Այն դեպքում, երբ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, ինչպե՞ս բնակիչները կարող են վճարել տուգանք 500 հազար դրամ: Պարզ է, որ ամեն ինչ կվերջանա կաշառքով: «Օրինապահի» գրպանը կդնեն 10 հազար դրամ, և հարցը կլուծվի: Նրանց համար գումար վաստակելու նոր միջոց է» – գրում են սոցցանցերի օգտատերեը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, մեկնաբանելով չթույլատրված վայրերում ծխելու համար բարձր տուգանքների սահմանումը, նշել է.

«Եթե մենք նվազեցնենք այդ տուգանքները, դա կհամարեն բյուջեն լրացնելու միջոց: Եթե տուգանքները բարձր են, դրանք դառնում են արգելքի ձևեր, իսկ եթե դրանք ցածր են, ապա դառնում են առևտրի միջոց` մի քիչ փող վճարել ծխելու հնարավորության համար: Մենք փորձում ենք գնալ ծխելը արմատախիլ անելու ճանապարհով»:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան

Ինքը` նախարարը, պարծենում է նրանով, որ երկար տարիների ընթացքում մոլի ծխող է եղել և կարողացել է թողնել: «Հայերը ծխող ազգ են, իսկ ծխելը անհաջողակի նշան է», – կարծում է Ալթունյանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ առողջապահության նախարարությունը հրաժարվի այդչափ բարձր տուգանքներից, նախարարության ղեկավարը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կդառնա օրինագիծը Հայաստանի խորհրդարանում քննարկելուց հետո:

Հասարակական առողջապահության մասնագետ Արսեն Թորոսյանը Dalma News-ի հետ զրույցի ժամանակ պատմեց, թե ինչու է հակածխախոտային օրինագծի ընդունմանը կողմ հանդես գալիս:

– Ծխելու արգելքը որոշակի վայրերում անհրաժեշտ է երկու պատճառներով. առաջինը՝ կսահմանափակի երկրորդական ծխի ազդեցությունը այն մարդկանց վրա, ովքեր չեն ծխում և չեն ցանկանում, որպեսզի իրենց օրգանիզմը ենթարկվի այդ ծխի ազդեցությանը, երկրորդ՝ ծխողների մոտ ծխախոտի օրական քանակը կկրճատվի: Սա ապացուցված է քաղաքակիրթ երկրների բազմամյա փորձով, որոնք արդեն կիրառում են այդպիսի սահմանափակումներ: Մեր հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, այս հարցում արդեն մեզնից առաջ են ընկել: Պետք է հասկանալ, որ այս օրինագիծը չի արգելում ծխելը, սակայն սահմանափակում է այն վայրերը, որտեղ կարելի է դրանով զբաղվել: Ոչ ոք ոչ մեկի չի արգելում ծխել, թեպետ բոլորն էլ գիտեն այդ սովորության վատ հետևանքների մասին: Ոչ ոք չի ոտնահարում ծխողների իրավունքները, այդ մեղադրանքները անհիմն են: Դու կարող ես ծխել այնտեղ, որտեղ դրանով վնաս չես հասցնի այլ մարդկանց, այդպիսի վայրեր շատ են: Նման կարգեր ընդունված են բազմաթիվ երկրներում, և մեր հայրենակիցները, գտնվելով այդ երկրներում, հանգիստ հետևում են օրենքին: Ինձ զարմացնում է, որ մարդիկ այդքան ցավոտ են ընկալում այս արգելքը:

Արսեն Թորոսյան

– Մարդկանց հիմնական դժգոհությունը տուգանքների չափերի հետ է կապված: Ըստ ձեզ, որքանո՞վ է հիմնավորված նման բարձր տուգանքների սահմանումը այն երկրում, որը գտնվում է նման սոցիալ-տնտեսական վիճակում:

– Ինձ, որպես հասարակական առողջապահության մասնագետի, հետաքրքրում է այն, որպեսզի մարդիկ չծխեն: Թե ինչպիսի միջոցներ կկիրառվեն դրա համար, ինձ համար երկրորդային բնույթ է կրում: Գոյություն ունի նման պրակտիկա, երբ տուգանքը չի արգելում զբաղվել որևէ բանով, այլ թույլ է տալիս անել այն որոշակի վճարի դիմաց: Եթե լինեն նման տուգանքներ, օրինակ 5000-10 000 դրամի չափով, ապա, ըստ իս, դրանք ավելի լավ է ընդանրապես չսահմանել: Այդպեսով, դու ոչ թե արգելք ես սահմանում, այլ հնարավորություն ես տալիս ծխել այդ գումարի դիմաց: Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ խախտման արդյունքում ստացված վնասը պետք է լինի այնքան զգալի, որպեսզի մարդը պարզապես չծխի: Այս օրինագիծը ուղղված չէ տարբեր միջոցներով բյուջեի լրացմանը, ինչպես պնդում են ոմանք: Այո, հնարավոր է, որ տուգանքը պետք է լինի ոչ թե 250 հազար դրամ, այլ 100 հազար, բայց այն պետք է բարձր լինի:

– Այսօր գործում է օրենք, որն արգելում է ծխել որոշակի վայրերում ավելի ցածր տուգանքներով, սակայն այն չի գործում: Օրինակ, հասարակական տրանսպորտի վարորդներին արգելվում է ծխել ղեկին, սակայն այս օրենքը խախտողներին ոչ ոք չի տուգանում՝ նույնիսկ հաստատված փոքր գումարներով: Ի՞նչ երաշխիք կա, որ օրենքը կգործի նոր տեսքով:

– Այո, այստեղ կա խնդիր: Նման օրենքների կիրառությունը միշտ ուղեկցվում է որոշակի դժվարությունների հետ, սակայն երբ գոյություն ունեն կանոններ, կարելի է աշխատել դրանց իրացման ուղղությամբ, իսկ եթե օրենք չկա, ինչի՞ վրա աշխատել: Այո, այսօր ծխելը հասարակական տրանսպորտում նախատեսում է տուգանք 20 հազար դրամի չափով, սակայն խախտողներից ոչ ոք չի տուգանվում: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս անգամ օրենքը կգործի, սակայն չի կարելի այդ պատճառով հրաժարվել դրանից: Մենք չենք կարող մնալ երկիր-դրախտ ծխողների համար, մենք պետք է դառնանք առողջ հանրապետություն:

– Ինչպիսի՞ գործիքակազմ պետք է կիրառել, որպեսզի օրենքը սկսի գործել:

– Ըստ օրենքի նախագծի, իրավսու մարմիններն են ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, տրանսպորտի նախարարությունը, առողջապահության նախարարությունը: Ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի օրենքի խախտումների վերահսկողությամբ տրանսպորտային միջոցներում: Ըստ իս, բարերում, ռեստորաններում տուգանքների կիրառման իրավունքը պետք է ստանձնեն ոստիկանությունը և առողջապահության նախարարությունը: Չեմ կարող ասել, թե ստույգ ինչպիսի մեխանիզմներ պետք է գործադրվեն, սակայն կարելի է կազմակերպել յուրօրինակ ռեյդեր, պարզապես մեկ օր որոշել ստուգումներով այցելել տարբեր փաբեր, գրասենյակներ: Եթե մեկ անգամ տուգանեն խախտողներին, հաջորդ անգամ նրանք ավելի զգոն կլինեն: Բացի այդ, կարծում եմ՝ պետք է ավելի ակտիվ տեղեկատվական արշավ կազմակերպել: Առողջապահության նախարարությունը ներկայացրել է օրինագիծը, սակայն ոչ մի կերպ չի զբաղվում դրա քարոզչությամբ: Դրանով պետք է զբաղվեն փաստաթղթի հեղինակները, նրանք պետք է բացատրեն օրենքը, պատասխանեն քաղաքացիների հարցերին:

– Բազմաթիվ երկրներում ծխելու դեմ պայքարի համար բարձրացնում եմ ծխախոտի գինը: Միգուցե ճիշտ կլիներ նաև Հայաստանո՞ւմ սկսել դրանից:

– Դա ծխելու դեմ պայքարի առավել գործուն մեթոդներից մեկն է, սակայն Հայաստանում մոտ ապագայում նման միջոցների կիրառություն չի նախատեսվում: Ես նման մեթոդի կողմնակից եմ: Այսինքն, երբ ծխախոտն արժի 500 դրամ, և մենք բարձրացնում ենք դրա գինը, հասցնելով մինչև 2000 դրամի, ապա մեծ տարբերություն կլինի, թե որքան մարդ կգնի այդ ծխախոտը: Հատկապես, դա վերաբերում է նրանց, ովքեր դեռ նոր են սկսել ծխել, դեռհասներին, ովքեր չունեն այդպիսի եկամուտներ, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ մեկ տուփ ծխախոտ գնել նման գումարով:

– Օրենքի դեմ որպես հակափաստարկ՝ բերվում է նաև այն հանգամանքը, որ ծխածոտային արտադրանք արտադրողները և ներկրողները այսօրվա դրությամբ հանդիսանում են խոշոր հարկատուներ Հայաստանի համար: Սահմանափակումների ներդրման հետ մեկտեղ կպակասեն նրանց վաճառքների ծավալները, հետևաբար, երկրի բյուջե կմտնեն քիչ գումարներ:

– Դա ինձ համար ոչ թե հակափաստարկ է, այլ խնդրի աղավաղում: Մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք ունենալ առողջ հասարակությո՞ւն, թե՞ մեծ բյուջե: Եթե մեզ պետք չեն առողջ քաղաքացիներ, ապա պետք չէ արգելել ծխելը նույն դպրոցներում, մանկապարտեզներում, բժշկական հաստատություններում: Մեր խնդիրն է ապահովել մաքուր օդ և առողջ հասարակություն: Կտուժի՞ դրանից երկրի բյուջեն, թե՝ ոչ, այլ հարց է: Պետությունը պետք է լուծի իր եկամուտների խնդիրը այլ մեխանիզմներով:

Երևանում Yankee փաբի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը աբսուրդային է համարում մի շարք առաջարկվող սահմանափակումներ, իսկ տուգանքների չափսերը՝ աղետային:

«Այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են ռեստորանները, դեռ կարելի է ստիպել սեփականատերերին բացել սրահներ ծխողների և չծխողների համար, սակայն այնպիսի վայրում, ինչպիսին է փաբը, որտեղ ընդունված է ծխել, ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է արգելք դնել և ինչպե՞ս պետք է այն վերահսկվի: Որտե՞ղ հնարավոր կլինի ծխել որպեսզի մոտակայքում չլինեն ո՛չ կանգառներ, ո՛չ դպրոցներ, ո՛չ մանկապարտեզներ: Օրենքի հեղինակները առաջարկում են ծխել փաբից դուրս, փողոցներում, սակայն որքանո՞վ հաճելի կլինի ձեզ համար տեսնել գարեջրատնից փողոց դուրս եկած արբած և ծխող տղամարդկանց: Ենթադրենք, եկան մի քանի երիտասարդ, խմեցին և ցանկացան ծխել, ըստ ձեզ, ինչպե՞ս կազմակերպության տերը կամ մատուցողը պետք է վերահսկեն տվյալ իրավիճակը: Որպեսզի տուգանքներ մուծենք, մենք ստիպված ենք լինելու առավոտից մինչև գիշեր կոնֆլիկտներ և վեճեր հարթել: Եթե կինը մի փոքր ավելի պակաս տոլերանտ գտնվի, նա կարող է արգելել ծխել նաև սեփական պատշգամբում: Սահմանափակումներն անհրաժեշտ են, սակայն չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ, դրանք պետք է լինեն խելամիտ և ցանկություն չառաջացնեն ևս մեկ անգամ ծխելու», – նշեց նա:

Ըստ Սուքիասյանի, օրինագծի ընդունումը լուրջ վնաս կհասցնի փաբերի բիզնեսին, որն առանց այդ էլ ծանր ժամանակներ է ապրում. «Սա փոքր բիզնես է, մի այդպիսի հաստատություն կերակրում է մի քանի ընտանիքներ: Նրանցից շատերը ունեն փոքրիկ տարածքներ, որտեղ հնարավոր չէ նույնիսկ սրահներ առանձնացնել ծխողների և չծխողների համար: Ի՞նչ եք այժմ առաջարկում, փակե՞լ նման հաստատությունները»:

Խոսելով այն մասին, թե հակածխախոտային օրենքը կգործի՞ այս անգամ` Սուքիասյանը նկատեց, որ Հայաստանում, որպես կանոն, հետևում են այն օրինագծերի իրականացմանը, որոնք իշխանությունների համար ունեն քաղաքական նշանակություն: «Եթե այս օրենքը չունենա քաղաքական նշանակություն, ապա դրա հանդեպ անփույթ վերաբերմունք կդրսևորվի: Բայց այստեղ առկա է կարևորագույն ֆինանսական-տնտեսական բաղադրիչը, ներգրավված են ներմուծողներ, ծխախոտային ապրանքների արտադրողներ, բյուջետային եկամուտներ և այլն», – նշեց նա:

Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներին, 2016 թվականին երկիր է ներմուծվել մոտ 3 մլրդ ծխախոտ, սիգարներ, որոնց մաքսային արժողությունը կազմել է մոտ 40,5 մլն դոլար: Արտահանումը կազմել է 20,9 մլրդ ծխախոտ` 209 մլն դոլար արժողությամբ: Նույն թվականին հանրապետությունում արտադրվել է 23,7 մլրդ ծխախոտ` 137,2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ (286 մլն դոլար):

Սակայն գոյություն ունի նաև այլ վիճակագրություն. ըստ առողջապահության նախարարության հաշվարկների, առաջիկա 40 տարիների ընթացքում, հնարավոր կլինի կանխարգելել 18 700 մարդու մահ, որոնց հիվանդությունն առաջացել է ծխելու հետևանքով:

 

Պատրաստեց Լուսիե Դավթյանը