Անցյալ տարի Ռուսաստանում քվեարկություն սկսվեց՝ «Մեծերի անուններ» ակցիայի շրջանակներում՝ Ռուսաստանի օդանավակայանները հայտնի մարդկանց անունով կոչելու համար: Ցուցակում ներառված էր մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկու անունը, և քչերն էին կասկածում, որ շուտով Սիմֆերոպոլի օդանավակայանը կվերանվանվի նրա անունով: Եվ այդպես էլ եղավ. Այվազովսկին դարձավ քվեարկության առաջատարը, և արդեն հունիսի 12-ին Սիմֆերոպոլի (Ղրիմի Հանրապետություն) օդանավակայանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, պաշտոնապես անվանվեց մեր հայտնի հայրենակցի անունով: Այսպիսով, այսուհետ Սիմֆերոպոլի օդանավակայանի ուղևորներին կտրվեն ինքնաթիռի տոմսեր՝ Այվազովսկու դիմանկարով և տոմսի հակառակ մասում՝ նրա կտավների պատկերներով:

Հայերը նախապես պատրաստվել էին այս իրադարձությանը և նոյեմբերին՝ ի աջակցություն այս գաղափարի, Սիմֆերոպոլի օդանավակայանում պարեցին, ինչպես հետագայում պարզվեց, հաղթական քոչարին: Մի քանի ամիս անց օդանավակայանի տերմինալում իրականացվեց պարային ֆլեշմոբ. Ղրիմի «Ծիրանի Կորիզ» ստեղծագործ հայերի միությունը առաջարկեց քոչարի պարել` աշխարհի ամենահայտնի հայերից մեկի պատվին: Ի դեպ, այս անգամ նախաձեռնությունը աջակցություն գտավ նաև Երևանում և կյանքի կոչվեց Հռիփսիմե Սարգսյանի շնորհիվ, ով սերտորեն համագործակցում է Ղրիմի՝ ծագով հայ ստեղծագործ մտավորականության հետ:

«Արդյունքում քոչարի պարեցին ինչպես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, այնպես էլ Սիմֆերոպոլում»,- պատմեց նա Dalma News-ին տված հարցազրույցում:

Երևանում տեղի ունեցած ֆլեշմոբին մասնակցեց 45 պրոֆեսիոնալ պարող՝ հայկական ազգային տարազներ հագած և հայկական ժողովրդական խորեոգրաֆիայի կենդանի լեգենդի Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Այս ամենը տեղի ունեցավ Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ՝ ի դեմս Տիգրան Մալխասյանի:

Մեր զրուցակից Հռիփսիմե Սարգսյանը Հայաստանում շատ հայտնի ասմունքող է: Ղրիմում նրա անմիջական մասնակցությամբ և «Ծիրանի Կորիզ»-ի հետ համատեղ մի շարք հաջողված նախագծեր են իրականացվել, և, նրա խոսքերով, համագործակցությունը զարգանում է, և մենք այս տանդեմի մասին դեռ բազմիցս կլսենք:

Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ այս իրադարձությունը «փոթորկեց» հայերի սրտերը, ինչպես Այվազովսկին անմահացրեց «Իններորդ ալիքը»:

«Այվազովսկին ոչ միայն աշխարհի լավագույն ծովանկարիչներից է, այլև մեծն հայ՝ իսկական Հայաստանի քաղաքացի, որը ծովի մեջ խորտակեց թուրք սուլթանի կողմից շնորհված հուշամեդալը: Այվազովսկին դրանով արձագանքեց Թուրքիայում հայերի դեմ կատարված անիրավ գործողություններին: Եվ սա վառ օրինակն է այն բանի, թե ինչ է նշանակում՝ լինել իսկական հայ և քաղաքացի»,- ընդգծում է Գինոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի իշխանություններին նման պատվի համար:

Գագիկ Գինոսյան

Միևնույն ժամանակ, Ղրիմի օդանավակայանին նոր անուն շնորհելու առթիվ միջոցառմանը Ավստրալիայից ժամանել էր նաև հայտնի ծովանկարչի կոռնուհի Ամանդա Ռոջերսը: Դիտելով «Արարատ» համույթի պրոֆեսիոնալ պարողների, ինչպես նաև օդանավակայանի ուղևորների կատարմամբ քոչարին, Ամանդան ասաց, որ չէր սպասում նման ընդունելություն և իր հայտնի նախնու հանդեպ նման սիրո դրսևորում:

«Շատ հուզիչ է, որ ղրիմցիները մինչ օրս պահպանում են իմ նախա-նախա-նախապապի հիշողությունը, որը ոչ միայն արտակարգ նկարիչ էր, այլ նաև օգնում էր իր քաղաքին. Նա անցկացրել էր ջրատար, երկաթուղի… Ես դա երբեք չեմ մոռանա», – ասում է Ավստրալիայից ժամանած Ամանդա Ռոջերսը:

Նշենք, որ նա նկարչի կոռնուհին է՝ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրա Լապսիի գծով: Չնայած նա ապրում է աշխարհի մյուս ծայրում, Ամանդան արդեն չորրորդ անգամ է գալիս Ղրիմ՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով Ֆեոդոսիայում, որտեղ ծնվել և թաղվել է իր նախնին: Այվազովսկու կոռնուհին խոստացավ, որ նորից կգա աշնանը, և այս անգամ իր ընտանիքի անդամներին էլ կբերի իր հետ: Միգուցե օրերից մի օր Ամանդա Ռոջերսը կարողանա այցելել մեծն Իվան Այվազովսկու պատմական հայրենիք:

Լինա Մակարյան