Հունվարի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցները այցելեցին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ու կենտրոնում բուժում ստացող երեխաներին ամանորյա նվերներ փոխանցեցին:

Ռուսաստանի դեսպանության կցորդ Դենիս Նազարովը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Երիտասարդության և միջտարածաշրջանային համագործակցության վարչության ղեկավար Սոսե Մարտիրոսյանը շնորհավորեցին կենտրոնի աշխատակիցներին, երեխաներին ու նրանց ծնողներին անցած տոների կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն և բարօրություն:

Dalma News–ի հետ զրույցում Սոսե Մարտիրոսյանը նշեց. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը մեծ ուշադրության են դարձնում բարեգործական ծրագրերին: Ռուսաստանի դեսպանության, ռուսական բիզնեսի ներկայացուցիչների աջակցությամբ, ինչպես նաև հայ ակտիվ երիտասարդության մասնակցությամբ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի «Делай добро» նախագծի շրջանակներում տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են տոնական միջոցառումներ մանկատների սաների, Հայաստանում գործող տարբեր հիմնադրամների խնամարկյալների, բազմազավակ ընտանիքների, ծանր սոցիալական դրության մեջ գտնվող ընտանիքների համար: Ձգտում ենք երեխաների կյանքը դարձնել ավելի հետաքրքիր և ուրախ»: 

Երեխաները ջերմորեն ընդունեցին հյուրերին: Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների միության ներկայացուցիչներ Դիանա Կարոյանը և Արթուր Հարությունյանը երեխաների համար բազմատեսակ խաղեր կազմակերպեցին և ամանորյա երգեր երգեցին: