Ո՞րն է հայկական ակումբների անհաջողությունների պատճառը եվրոպական գավաթներում: Ի՞նչ սպասել Հայաստանի հավաքականից նոր գլխավոր մարզիչով: Արդյո՞ք հավաքականը կոնֆլիկտ ունի Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչու՞ հայ երիտասարդ ֆուտբոլիստները հաջողության չեն հասնում Եվրոպայում: Dalma News-ի այս և այլ հարցերին պատասխանել է ԲԿՄԱ (Հայաստան) գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Ի՞նչ կարծիք ունեք վերջին հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականի խաղի մասին:

Ելնելով երկու խաղերի տրամաբանությունից՝ կարծում եմ, որ մենք, ի դեմս Խոակին Կապարոսի, Հայաստան ենք հրավիրել շատ փորձառու մասնագետի: Քանի որ երկու խաղերն էլ ցույց տվեցին, որ ներմուծվում է մարտավարական համբերություն, և նկատելի է խաղային ոճի փոփոխություն: Նկատի ունեմ, որ նա ուղղահայաց՝ ավելի ագրեսիվ ֆուտբոլի կողմնակից է:

Ինձ ուրախացրեց այն, որ նա, առանց երկրորդ հապաղելու, հնարավորություններ տվեց երիտասարդներին՝ ի դեմս Վահան Բիչախչյանի: Սա ցույց է տալիս, որ Կապարոսը սերնդափոխություն է իրականացնում և ազգային հավաքականը դնելու է ամուր հիմքերի վրա: Ինչ վերաբերում է թիմի ավագի բացակայությանը, ոչ միայն Հենրիխի, այլ նաև Գևորգ Ղազարյանի, Սարգիս Ադամյանի միանալով՝ հաջորդ խաղերին ավելի լավ արդյունքների կհասնենք: Հուսով ենք, որ պարոն Կապարոսը իր հսկայական փորձը կփոխանցի Հայաստանին, դեռ երկար կմնա, և նրանից հետո լավ թիմ կձևավորվի:

Երկրպագուների և լրատվամիջոցների շրջանում մեծ ռեզոնանս առաջացրեց ազգային հավաքականի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերին ներկա գտնվելուց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հրաժարվելը: Արդյո՞ք կա որևէ խնդիր Մխիթարյանի հետ:

Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա: Պարզապես որպես հետաքրքրասեր ազգ, մենք ինտրիգ ենք փնտրում. չգիտեմ, թե ինչու: Իմ խոսքերի վառ վկայությունը, կարծում եմ, հոկտեմբեր ամսվա ուսումնավարժական հավաքը կլինի: Հենրիխ Մխիթարյանը կմիանա հավաքականին և կխաղա այնպես, ինչպես խաղում է: Որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Մարզչի հետ Հենրիխի զրույցը զուտ ֆուտբոլային էր: Նա մարզչին խնդրեց իրեն չկանչել, և վերջինս նրան ընդառաջ գնաց:

Շատ երկրներում շարունակվում են լեգեոներների հպատակագրման շուրջ վեճերը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է գնա այս ճանապարհով:

Խնդիրն այն է, որ երկար ժամանակ ֆուտբոլիստների հետ կապված վակուում կար: Հայ ֆուտբոլիստները երկար ժամանակ խաղալու հնարավորություն չունեին՝ չէին զարգանում, չէին սովորում, չէին կարողանում ինքնարտահայտվել. ոմանք՝ իրենց մեղքով, ոմանք՝ արտաքին պատճառներով:

Կարծում եմ, որ լեգեոներների հպատակագրումը միջանկյալ լուծում է. կլուծի խնդիրները, քանի դեռ տեղի չի ունեցել հայ ֆուտբոլիստների աճ ու առաջխաղացում. որոշակի ժամանակահատվածի համար կփակվեն որոշ խնդիրներ, իսկ հետո կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի:

Դուք նշեցիք ազգային հավաքականում սերնդափոխության մասին: Երիտասարդներից ո՞ւմ կառանձնացնեիք: Ո՞վ կարող է ապագայում դրսևորել իրեն Եվրոպայում:

Քանի որ Հայաստանում լեգեոներների սահմանափակում չի եղել, փաստորեն, հայ ֆուտբոլիստները զրկված են եղել իրենց թիմերում խաղալու հնարավորությունից: Սա չի բխում ազգային շահերից: Իհարկե, թիմերը կարող են վկայակոչել իրենց գործունեությունը, բայց այդ ակումբները, փաստորեն, ոչ մի արդյունքի չեն հասնում եվրոպական ասպարեզում: Դրա վառ օրինակն են այս տարվա «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները (ակումբի խաղը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում – խմբ.): Նրանք խաղում էին առանց հայերի: Բայց կրկին՝ ոչ մի արդյունք: Ուզում եմ ասել, որ աստիճանաբար հանդես կգան այն ֆուտբոլիստները, որոնք ընդգրկվելու են ազգային հավաքականում: Անուններ չեմ տա: Գիտեմ և կռահում եմ, թե դա ով կարող է լինել, բայց ամեն բան կախված է հանգամանքներից: Առաջին հանգամանքներից մեկը խաղալու և ինքնադրսևորվելու հնարավորությունն է:

Դուք հիշատակեցիք հայկական ակումբների անհաջող խաղը եվրոպական գավաթներում: Այս առումով հստակ չէ հայկական ակումբների բիզնես մոդելը. առաջնահերթությունը տրվում է ոչ թե հայ ֆուտբոլիստներին, այլ լեգեոներներին, որոնք արդյունք չեն ապահովում: Ո՞րը կարող է լինել այս խնդրի լուծումը:

Որոշումը կախված է նաև ֆեդերացիայից, որն այն ընդունել է՝ ինը հայերի պարտադիր առկայություն հայտում և երկուսինը՝ խաղադաշտում: Հուսով եմ, որ այս ցուցանիշը կաճի, քանի որ, ըստ էության, ստացվում է, որ ակումբները չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց շահերը:

Եթե վճարում եք լեգեոներներին, իսկ նրանք արդյունք չեն ապահովում եվրոպական ասպարեզում, իսկ փաստն այն է, որ ոչ մի հայկական թիմ չի անցել խմբային փուլ՝ ոչ Եվրոպայի լիգայում, ոչ Չեմպիոնների լիգայում, նշանակում է, որ սխալ մոտեցում է ընտրված՝ ի վնաս ազգային շահերի:

Եթե անգամ հանդիսանում եք սեփական նպատակներով անկախ թիմ, անկախ կառույց, պետք է գործեք ազգային շահերից ելնելով: Այնպես որ, կարծում եմ՝ ակումբներում ֆուտբոլային բիզնես-գործունեության հետ կապված լուրջ խնդիրներ կան, սակայն ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի:

Հայաստանում կա՞ն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզիչներ:

Բացասական պատասխանը անտակտ կլիներ: Նման մարզիչներ կան, սակայն խնդիրն ավելի խորն է: Մարզիչները կրթության կարիք ունեն: Ես ինքս սովորում եմ: Մեկ անգամ ասացի, որ ունենալով մարզչական 13 տարվա փորձ, վերջին վեց ամիսների ընթացքում փոխել եմ աշխատանքիս մեթոդիկան: Ոչ այն պատճառով, որ այն սխալ էր, պարզապես ժամանակակից ֆուտբոլը առաջ է շարժվում, և միտումները արագ են փոխվում: Եթե չհետևես մեթոդական միտումներին, հետ կմնաս:

Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա նրանք կան ու կլինեն: Հուսով ենք, որ պարոն Մելենդեսը (ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը – խմբ.) լավ կրթություն կտա հայ մարզիչներին: Շատ բան եմ սովորել նրանից և կիրառում եմ այդ գիտելիքները: Առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կրթական մեթոդների ճիշտ կիրառումը մեզ կտա մարզիչների լավ սերունդ:

Ինչպե՞ս եք գնահատում ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբ ստեղծելու գաղափարը, որում ընդգրկվեցին զորակոչային տարիքի ֆուտբոլիստներ:

ԲԿՄԱ ստեղծման գաղափարը պատկանում էր պարոն Մելիքբեկյանին (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ – խմբ.): Այն ստեղծվեց շատ կարճ ժամանակահատվածում, ինչը դժվարություններ ստեղծեց ինձ համար՝ որպես մարզչի: Ընդամենը մեկ շաբաթում անհրաժեշտ էր թիմ հավաքել և անմիջապես մասնակցել առաջնությանը:

Սակայն, ի դեմս մեր տնօրեն պարոն Աղբալյանի, համատեղ ջանքերով կարողացանք ինտենսիվ աշխատել և թիմ կազմել: Ինչ վերաբերում է թիմի հետագա գործունեությանը, ապա այն կախված է ձեռք բերված արդյունքներից, օրինակ՝ կստանա՞ արդյոք ակումբը բարձրագույն լիգայի ուղեգիր, թե ոչ… Չգիտեմ, թե ինչ իրավաբանական խնդիրներ կարող են առաջանալ, որոնց պետք է լուծում տրվի, սակայն շատ լավ կլինի, եթե թիմը խաղա բարձրագույն լիգայում այն իմաստով, որ ֆուտբոլիստները ընտելանան արագությանը և մնացած ամեն ինչին, և ապահովվեն հերթափոխ կադրեր U-21-ի համար: Այդ կադրերի՝ բարձրագույն լիգայում խաղալու դեպքում արդյունքները, իհարկե, կտուժեն (նկատի ունեմ հանդիպումների հաշիվը), սակայն ֆուտբոլիստի աճի և զարգացման առումով միանշանակ կարձանագրվի նշանակալի արդյունք, որը կարտացոլվի U-21 խաղերում:

Ինչո՞ւ մեր երիտասարդ ֆուտբոլիստները չեն ձգտում լուրջ մասնագիտական աճի:

Կան մի քանի գործոններ: Օրինակ` տասնյոթ-տասնութ տարեկան ֆուտբոլիստը կարող է սխալներ թույլ տալ, շեղվել իր գործունեությունից, սխալներ թույլ տալ առօրյա կյանքում: Սակայն մարզիչները պետք է շատ ուշադիր լինեն այս հարցերի նկատմամբ: Այո, կան կարգապահական ավանդական խնդիրներ: Այս պայմաններում մարզիչները պետք է օրինակ ծառայեն իրենց կարգապահությամբ, հարգանքով և աշխատանքով:

Այսինքն, եթե ֆուտբոլիստը սխալվում է, մարզիչը պետք է պահանջկոտ լինի: Երբեմն նրանք հոգնում են պահանջելուց և հրաժարվում են ֆուտբոլիստներից, իսկ վերջիններս չեն տեսնում ճիշտ ճանապարհը: Նրանց պետք է սովորեցնել լրջորեն մտածել ֆուտբոլի մասին: Հուսով եմ, որ մեր թիմում նման խնդիր չկա:

Հայկական ակումբային ֆուտբոլում տարօրինակ ինտրիգներ ու մշտական սկանդալներ են տեղի ունենում… Ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը:

Ակումբային ֆուտբոլում կա բավականին լուրջ խնդիր: Զրույցի սկզբում նշեցինք, որ կան խնդիրներ: Ակումբները չունեն մշակված նախագծեր, ռազմավարական և ընթացիկ ծրագրեր: Այսինքն՝ ակումբներում ոչինչ համակարգված չէ: Դրանք չունեն փուլային ծրագրեր: Սա լրջագույն խնդիր է, քանի որ ակումբների սեփականատերերը չգիտեն, թե ինչպես, ինչ կարգով և ինչ ճանապարհով է զարգանում իրական մասնագիտական գործունեությունը ֆուտբոլում: Մարզիչները, տեխնիկական, մարզական տնօրենները և այլոք շատ արագ են փոխվում: Այս իմաստով ակումբները որպես կառույց չեն ձևավորվել: Հաղթանակը կլինի այն թիմերինը, որոնք առաջինը կորդեգրեն եվրոպական ակումբային մոտեցումները: Հայաստանը բավական հեռու է այդ տեսակետից:

Վերադառնալով սկանդալներին ու հավաքականին՝ «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը անցած տարվա վերջին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրեց Ալեքսանդր Գրիգորյանին: Ձեր կարծիքով ճի՞շտ էր, որ ֆեդերացիան նրա փոխարեն նշանակեց Կապարոսին:

Արդեն նշել եմ, որ ակումբների սեփականատերերի մեծ մասը գաղափար չունի՝ ինչպես զարգացնել ֆուտբոլային գործունեությունը… Այո, անխոս, ճիշտ որոշում է կայացվել: Փառք Աստծո, որ նման որոշում է կայացվել: Խոակին Կապարոսը և պարոն Գրիգորյանը «անհամեմատելի» են, նրանց տարբերությունը ահռելի է: Առնվազն այն տեսանկյունից, որ Կապարոսը մարզել է եվրոպական առաջատար թիմերի, և այդ թիմերը արդյունքների են հասել: Ավելին, Կապարոսի մարզած թիմերի ֆուտբոլիստները մեծ առաջընթաց են գրանցել: Այո, հավաքականը տարբերվում է ակումբներից, սակայն ես ավելի քան համոզված եմ, որ Խոակին Կապարոսից շատ բան ունենք սովորելու, և նա, որպես մարզիչ, մեծ հետք կթողնի հայկական ֆուտբոլում: Ես դրանում համոզված եմ:

Հայկ Խալաթյան