Արդեն բավական երկար ժամանակ է, Իրաքյան Քրդստանի անկախության հարցը գտնվում է համաշխարհային նորությունների առաջին շարքերում: Կրակն ավելի թեժացրեց տվյալ ինքնավար հանրապետության իշխանությունների՝ Իրաքից առանձնանալու հանրաքվե անցկացնելու որոշումը, որը պետք է իրականանա սեպտեմբերի 25-ին: Իրաքյան Քրդստանի Հանրաքվեի ու ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովն արդեն ներկայացրել է տեղեկագրի օրինակը, որը կիրառվելու է հանրաքվեի ժամանակ: Դրանում մասնավորապես հետևյալ հարցն է գրված. «Դուք ցանկանո՞ւմ եք, որ Իրաքյան Քրդստանն ու Իրաքյան Քրդստանի տարածքում չգտնվող քրդական տարածքները դառնան անկախ հանրապետություն»:

Մի շարք փորձագետներ գտնում են, որ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է: Իրաքի Քրդստանի անկախացումը կարող է քաղաքական վերելք արթնացնել Սիրիայի, Թուրքիայի ու Իրանի քրդերի մոտ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու թուրքական պետության ղեկավար Ռեջեփ Էրդողանը արդեն ելույթ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ, նշելով, որ նման քայլը լուրջ հետևանքներ կարող է առաջացնել:

Dalma News-ն այդ թեմայով զրուցել է արևելագետ Կարեն Վերանյանի և թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի հետ՝ քննարկելով Իսրայելի ու Թուրքիայի դիրքորոշումները:

Կարեն Վերանյան. Քրդական շարժման ղեկավար օղակներում հրեական ծագում ունեցողները քիչ չեն:

«Եթե խոսենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի մասին, ապա հարկ է անմիջապես նշել Մերձավոր Արևելքում քրդական հարցում Իսրայելի հատուկ դերակատարության մասին: Գաղտնիք չէ, որ Իսրայելի պետության ստեղծումից հետո, երկրի ղեկավարությունը սկսել է երկխոսություններ իրականացնել Մերձավոր Արևելքի քրդական շարժման հետ: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հենց իսրայելյան կողմն է ֆինանսավորել ու շարունակում է ֆինանսավորել տարածաշրջանի քրդերին, և բացի դա Իսրայելը քրդական շարժումների ստեղծման ու կայացման հարցում հատուկ նշանակություն ունի: Նրանց ղեկավար օղակներում հրեական ծագում ունեցող քիչ առաջնորդներ չկան: Այս կոնտեքստում կարելի է ասել, որ իսրայելական պետությունն ուղղակի ազդեցություն ունի Իրաքյան Քրդստանի անկախության ձեռքբերման հարցում»,- նշեց Վերանյանը:

Թել-Ավիվի վերաբերմունքը Իրաքյան Քրդստանի անկախության նկատմամբ դրական է: Իսրայելական կողմը իր հնարավորությունների չափով աջակցելու է իրաքյան քրդերին՝ անկախ պետության ստեղծման հարցում: Վերանյանը գտնում է, որ անկախ հանրաքվեի արդյունքներից՝ անկախության ձեռքբերման մեկնարկն արդեն վաղուց տրված է, ու իսրայելական կողմը պատրաստ է իրաքյան քրդերին քաղաքական, ֆինանսական և այլ տարբեր ուղղություններով աջակցություն ցուցաբերել:

«Իհարկե եթե հանրաքվեն կայանա ու տա որոշակի արդյունքներ, կարծում եմ Իսրայելի համար դա ամենանախընտրելի սցենարը կլինի: Մյուս կողմից հարկ է նշել, որ եթե հանրաքվեի իրականացման կոնտեքստում Անկարան ու Թեհրանը սկսեն տեղայնացված ռազմական գործողություններ, Իսրայելն այդ հակամարտության մեջ անմիջական մասնակցություն չի ունենա՝ իրաքյան քրդերին այլ մեթոդով աջակցելով: Քրդական հարցը Մերձավոր Արևելքում Թել-Ավիվի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր ասպեկտներից մեկն է, ու տարածաշրջանում Իսրայելի դիրքերի ամրապնդման հարցում կարևոր դեր է կատարում, և Թել-Ավիվի համար դա առաջին հերթին Իրանի ու Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակ է, որոնք իրենց ազդեցություններն ընդլայնել են ինչպես սիրիական ճգնաժամի, այնպես էլ այլ կարևոր տարածքային խնդիրների հետ կապված»,- նշեց փորձագետը:

kurdistan

Վերանյանը գտնում է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն Իսրայելի համար էլ ավելի մեծ նշանակություն ունի, որպես իրանական գործոնի վրա ազդելու ռեսուրս ու հնարավորություն՝ ողջ տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ռազմա-քաղաքական գործընթացներին Թեհրանի ազդեցության մեծացման կողքին: Փորձագետի խոսքերով՝ հանրաքվեն Թել-Ավիվի համար կարևոր է Անկարայի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, ում հետ նրա հարաբերությունները լարված են ու հակասում են տնտեսական և ռազմա-քաղաքական բնույթի մի շարք հարցերում:

«Այժմ շատ հրատապ է Իսրայել-Կիպրոս- Հունաստան առանցքի կայացման հարցը: Պատահական չէ, որ մամուլում հաճախ է խոսվում այն մասին, որ այդ նոր՝ երեքկողմյա համագործակցության ձևաչափն ուղղված է հենց Թուրքիայի դեմ՝ նրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում թուլացնելու նպատակով: Այս կապում հանրաքվեն կարող է դիտվել նաև որպես ճնշման արդյունավետ լծակ՝ հենց Թուրքիայի ներքաղաքական, ռազմական տենդենցների վրա: Տվյալ խնդիրը հատկապես հրատապ է իր տարածքում ապրող քրդերի դեմ Թուրքիայի ռազմական առճակատման կողքին: Անկարան զգուշանում է, որ հանրաքվեն կդառնա նախադեպ ու կաշխատի դոմինոյի էֆեկտով՝ տալով Թուրքական հանրապետության փլուզման վերջին ազդակները»,- նշեց Վերանյանը:

Կարեն Հովհաննիսյան. Թուրքիան սարսափում է, որ դա Քրդստանի բոլոր տարածքների միավորման սկիզբն է լինելու:

«Թուրքիան Քրդստանի անկախության հանրաքվեն համարում է անօրինական ու չի ճանաչելու նրա արդյունքները: Սեպտեմբերի 23-ին թուրքական խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Սիրիայում ու Իրաքում թուրքական ռազմական ուժերի տեղակայման հարցը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ՝ իշխող «Արդարություն և զարգացում», իշխանամետ «Ազգային շարժում» և հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» խմբակցությունները, ելույթ ունենալով արտահերթ նիստում,  հաստատեցին, որ քվեարկելու են Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ուժերի տեղակայման հարցի օգտին: Իր հերթին քրդական «Ժողովրդա-դեմոկրատական» խմբակցությունը քննադատեց կառավարության առաջարկությունը: Ավելին, խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ տարածքը, որի վրա կառուցվում է Քրդստան պետությունը, պատկանում է ինչպես քրդերին, այնպես էլ արաբներին, հայերին, ասորիներին: Այդպիսով Թուրքիան սխալ է վարվում՝ փորձելով ագրեսիվորեն ազդել համազգային ուժերի վրա՝ գործելով ազգերի ինքնորոշման սկզբունքին դեմ»,- ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետը նշեց, որ Թուրքիան ռազմական ուժեր է ձգում ինչպես Իրաքի (Իրաքյան Քրդստանի), այնպես էլ Սիրիայի հետ ունեցած սահմանի երկայնքով:

«Վերջին 24 ժամի ընթացքում Անկարան արդեն երկու անգամ օդ է բարձրացրել իր օդային ռմբարկիչները՝ Իրաքյան Քրդստանի օդային տարածքում և ավիահարվածներ է իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ուղղությամբ: Դա խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հոգեբանորեն ազդել Քրդստանի ղեկավարության վրա՝ նրանց պատերազմի վտանգ ներշնչելով,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետը գտնում է, անկախության հանրաքվեից հետո Թուրքիան կփորձի ռազմական գործողություններ իրականացնել Քրդստանի տարածքում, արդարացնելով այն Իսլամական հանրապետության և Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարով (որն արգելված է ՌԴ-ում և այլ երկրներում):

«Բայց ես գտնում եմ, որ ռազմական գործողությունները լինելու են կարճ ու ոչ արդյունավետ: պարզապես դա արվելու է նրա համար, որպեսզի զգուշացվի հենց Թուրքիայի տարածքում ապրող քրդերին, ու ցույց տա աշխարհին, որ ինքն այնքան անկախ է, որ կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել տարածաշրջանում: Գոյություն ունի ևս մի տարբերակ, որը հիմա քննարկվում է Իրաքի կառավարության հետ՝ միասին զավթել Քիրկուկն ու այն հսկողության տակ առնել, ինչը շատ կարևոր կլիներ Իրաքի համար»,- գտնում է փորձագետը:

Հովհաննիսյանի խոսքերով՝ գրեթե ողջ Թուրքիան, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ ուժերը դեմ են Քրդստանի անկախության հանրաքվեին, և եթե Ւրաքի կենտրոնական կառավարությունը ընդամենը խնդրում է այն հետաձգել, ապա Թուրքիան պահանջում է չեղարկել այն ու մոռանալ նրա մասին ընդհանրապես:

«Թուրքիայում քուրդ քաղաքականները անհամբերությամբ սպասում են այդ հանրաքվեին, այն համարելով իր տեսակի մեջ յուրահատում ազգային զարթոնքի դրսևորում, չնայած նրան, որ Մասուդ Բարզանին բազմիցս ասել է, որ Քրդստանը միազգ պետություն չի հանդիսանում ու պատկանում է ինչպես քրդերին, այնպես էլ արաբներին, թուրքմեններին, ասորիներին և հայերին, այսինքն այդտեղ ապրող բոլոր ժողովուրդներին: Քուրդ քաղաքականները նույնիսկ ակնարկում են, որ դա չորս մասի բաժանված Քրդստանի բոլոր տարածքների համախմբման սկիզբն է: Հենց դրանից են վախենում Իրանը, Սիրիան ու նույնիսկ Թուրքիան»,- նշեց Հովհաննիսյանը:

Պատրաստեց Ծովինար Կոստանյանը