Երևանում անց է կացվում «Ղազախական կինոյի շաբաթ»: Սեպտեմբերի 18-22-ը Մոսկվա կինոթատրոնում հայ հանդիսատեսը տարբեր տարիների ղազախական կինոմատենագրության լավագույն նմուշներին ծանոթանալու հնարավորություն կունենա: Կցուցադրվեն այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Շալը», «Նվեր Ստալինին», «Իմ մանկության երկինքը», «Նոմադ» և «Տրանսսիբիրյան էքսպրեսը»:

Երևանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, բացելով «Ղազախական կինոյի շաբաթը», նշեց, որ միջոցառումն իրականացված է Ղազախստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյա տարելիցի շրջանակներում:

«Մշակութային նման միջոցառման իրականացումը դեսպանատան նախաձեռնությունն էր, քանի որ ինչպես ասում էր խորհրդային ժամանակների դասականներից մեկը, կինոն արվեստի ամենակարևոր օղակն է: Կինոյի շնորհիվ հաջողվում է գրավել հանդիսատեսի մի հսկա բանակ, նրանց, ովքեր գնահատում են լավ ձայնը, լավ տեսանյութը, լավ, դրամատիկ սյուժեները»,-լրագրողներին ասաց դեսպանը:

Посол Казахстана в Армении Тимур Уразаев
Посол Казахстана в Армении Тимур Уразаев

Տրամադրած կտավների համար նա «Ղազախֆիլմին» հայտնեց իր երախտագիտությունը:

«Ավելի քան տաս ֆիլմից մենք ընտրել ենք այնպիսիները, որոնք ճիշտ ենք գտել ցուցադրել Երևանում, որպեսզի գրավենք հանդիսականների տարբեր շերտերի, տարբեր տարիքային խմբերի: Դրա համար դրանք բազմաժանր կտավներ են»,- ընդգծեց Ուրազաևը, ավելացնելով, որ Ղազախստանում այսօր արտադրվում են բազմաթիվ ֆիլմեր, ինչպես կոմերցիոն, այնպես էլ հեղինակային բնույթի, և որոնցից շատերը դառնում են միջազգային կինոփառատոնների տարբեր մրցանակների ու պարգևների կրողներ:

Հիմա մենք ցուցադրում ենք «Շալ» ֆիլմը, որն ընդգրկում է ժամանակակից ղազախական, գուցե ինչ-որ տեղ շրջանային իրականությունը: Ֆիլմը նկարահանվել է ամերիկյան դասական Հեմինգուեյի ստեղծագործության մոտիվներով: Վաղը ցուցադրվելու է «Ղազախական տափաստանի դրաման», որը պատմում է ստալինյան ժամանակների բարդ տարիների, ռեպրեսիայի ու տարբեր ազգերի ներկայացուցիչների ծանր ճակատագրերի, Խորհրդային միության տարբեր անկյուններում ծվարած ժողովուրդների մասին: Հետո ցուցադրվելու է նախագահի՝ որպես պետական գործիչ անձի ձևավորման (Նազարբաևի), նրա երիտասարդ տարիների մասին պատմող կտավը: Մենք մեր ցանկի մեջ ենք ներառել նաև «Նոմադ» պատմական էպոսը (Իլյաս Եսենբերլինի «Քոչվորները» եռերգության հիման վրա), որը նկարահանված է Հոլիվուդում՝ նրա կաղապարներով ու հենց հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: Այս կերպ մենք փորձում ենք գտնել մեր տեղը՝ միջազգային կինոարտադրությունում: Շաբաթը կեզրափակի քաղաքական, լրտեսական դետեկտիվի ժանրում նկարահանված խորհրդային ժամանակների դասական ֆիլմը՝ ղազախական ծագում ունեցող խորհրդային հետախույզի մասին: Դա «Ատամանի վերջը» հայտնի ֆիլմի շարունակությունն է՝ «Տրանսսիբիրյան էքսպրեսը»,- պատմեց Ուրազաևը այն ֆիլմերի մասին, որոնք դիտելու է հայ հանդիսատեսը:

Դեսպանը նաև մեկնաբանեց Ղազախստանում նմանատիպ միջոցառման անցկացման հնարավորությունը՝ նշելով, որ դա հայկական կողմի ձեռքում է: «Ղազախստանն իր կողմից միշտ ողջունում է մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են փոխադարձ հասկացվածության հասնելուն, արվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցադրմանը, հանդիսատեսի մոտ լավ ու բարի զգացողությունների առաջացմանը»,- հայտնեց դեսպանը:

Dalma News-ը զրուցեց փառատոնի հատուկ հյուրի՝ «Շալ» ֆիլմի գլխավոր դերակատար Երբոլատ Թոգուզակովու հետ: Դերասանը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն նրա մասին բազմիցս կարդացել ու լսել է:

Դերասանը շատ լավ ծանոթ է հայ կինոմատենագրության հետ՝ շնորհիվ այն դերասանների ու ռեժիսորների, որոնց աշխատանքները ցուցադրվել են ողջ ԽՍՀՄ-ով մեկ: Թոգուզակովը առանձնահատուկ նշեց Ֆրունզիկ Մկրտչյանին:

«Եթե ես փակ աչքերով նրա մասին որևէ մեկին հարցնեմ, յուրաքանչյուր ղազախստանցի, ալմաաթեցի նրան կնկարագրի: Այդ մարդն իր հումորով, իր խաղով այնքան ուժգին է ընկղմվել մարդկանց հիշողություններում, որ շատերը նույնիսկ փորձում էին նրան կրկնօրինակել»,- ասաց Թոգուզակովը:

Исполнитель главной роли в фильме «Шал» Ерболат Тогузаков
Исполнитель главной роли в фильме «Шал» Ерболат Тогузаков

Ինչ վերաբերում է ղազախական կինոյի շաբաթի շրջանակներում ցուցադրվող «Շալ» ֆիլմի գլխավոր ուղերձին, ապա դերասանը նշեց հետևյալը. «ամեն ինչ պետք է լինի հարմոնիկ: Այնտեղ կա մի այնպիսի դրվագ, երբ ինչ-որ անձիք խառնվում են ու խախտում բնության ներդաշնակությունը հենց այն պահին, երբ գայլերին ցանկալի չէ ձեռք տալ, քանի որ նրանք սերունդ են տալիս: Այս աշխարհում ամեն ինչ ներդաշնակ է: Երկրորդ ուղերձը դա ընտանեկան, արյունակցական կապերի կարևորությունն է»:

Դատելով հանդիսատեսի ռեակցիայից՝ ֆիլմը իր առաջադրանքը կատարեց:

«Շալն» ինձ հուզեց մինչև հոգուս խորքը: Առաջին հայացքից հասարակ մի կտավ է, որն արտահայտում է սովորական ու ոչ մի բանով աչքի չընկնող ղազախական տափաստանային մի ընտանիքի կյանքը՝ իր կենցաղով, խնդիրներով, իսկ մյուս կողմից սուր էմոցիոնալ ու խորը ֆիլմ է, որն արտահայտում է մեր ժամանակներում գրեթե վերացած բնության ու մարդու միջև եղող փոխադարձ կապը, ժողովրդի ու նրա քոչվորական անցյալի անխախտելի կապը, սերունդների բարդ փոխհարաբերությունները, մարդու հոգևոր ուժն ու կյանքի հանդեպ ունեցած կամքը», – Dalma News-ի հետ իր տպավորություններով կիսվեց հանդիսատես Սիրանույշը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը