Բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ շարունակում են օգնել հայ զինծառայողներին և կամավորներին, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին: Օգնությունը գալիս է ինչպես բուն Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) համանախագահ Դավիթ Տոնոյանը մեկն է նրանցից, ովքեր պատերազմի առաջին օրերից թողեցին իրենց գործերը և սկսեցին հայ զինծառայողներին մատակարարել այն, ինչի կարիքը կար: Իսկ մեկ տարի առաջ Հայաստան տեղափոխված այդ կազմակերպության ներկայացուցիչը աշխատում էր տեղահանվածների հետ, որոնց պատերազմը այլ ելք չէր թողել, քան լքել Արցախը ու ուղևորվել Հայաստան… նրանցից շատերը այդպես էլ չվերադարձան Արցախ. նրանց քաղաքներն ու գյուղերը հանձնվել են Ադրբեջանին:

Դավիթ Տոնոյան

«Առաջին երկու շաբաթվա ընթացքում հիմնականում զբաղվում էինք տեղահանված անձանց օգնության հարցերով, միևնույն ժամանակ առաջնագծի համար օգնություն հավաքելով, որը Հայաստան էր ուղարկվում դիվանագիտական ​​խողովակներով: Որոշ ժամանակ անց անձամբ եկա Հայաստան, սկսեցինք միջոցներ հավաքել, որոնցով գնում էինք այն, ինչ անհրաժեշտ էր բանակի համար և սկսեցինք ակտիվորեն օգնել առաջնագծում գտնվող մեր տղաներին», – Dalma News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա՝ խոսքը բավականին մեծ ծավալի մարդասիրական օգնության մասին է. այս ընթացքում հավաքվել է շուրջ 200 հազար դոլար:

Մեր զրուցակիցը չի ցանկանում շատ խոսել այն մասին, թե մինչ օրս ինչ է արել և ինչ է շարունակում անել ՌՀՄ-ն, նրա ընկերներն ու բարերարները. բարեգործությունը լռություն է սիրում: Բայց ասում է, որ մարդիկ, իհարկե, պետք է իմանան, թե ում և ինչպես են օգնում.

«Մենք փորձում էինք ամեն տեղ հասցնել. ունենք մեր շտաբը Երևանում, որտեղ ընդունում էինք տեղահանվածների դիմումները: Օրինակ՝ այս պահին Երևանում վարձակալում ենք 30 բնակարան Արցախից տեղահանվածների համար, մեր բարերաների շնորհիվ շուրջ 4 հազար մարդ ստացել և շարունակում է ստանալ հումանիտար օգնություն. ամեն ամիս նրանց տրամադրում ենք անհրաժեշտ ամեն բան», – ասաց նա:

Դավիթը համաձայնեց, որ շատերը զարմանում են, երբ իմանում են, որ դեռ միջոցներ են հավաքում առաջնագծի համար: Հետաքրքրվում են՝ ինչո՞ւ, չէ՞ որ պատերազմն ավարտված է: Դավիթը նրանց բացատրում է, որ այսօր, հատկապես առաջնագծի որոշ հատվածներում, մեր տղաները ունեն այդ օգնության կարիքը ավելի շատ, քան պատերազմից առաջ կամ դրա ընթացքում: Բացի այդ, լեռներում և կիրճերում եղանակային պայմաններն այժմ շատ ծանր են, և տղաներին անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ամեն բանով՝ վրաններով, բաճկոններով, տաք հագուստով, ինչպես նաև գազի բալոններով, գեներատորներով և այն ամենով, ինչը կօգնի նրանց դիմանալ այդ դժվար պայմաններում: Նրանք պետք է հանգիստ խղճով ծառայեն՝ չշեղվելով առօրյա խնդիրներով:

Պատերազմի ելքը սպասելի՞ էր Դավիթի համար: «Այն ամբողջ ընթացքում, երբ Հայաստանում էի, անընդհատ մեկնում էի Արցախ, այցելում գրեթե բոլոր շրջանները: Ինձ համար պատերազմի նման ելքն անսպասելի էր, ինչպես բոլոր հայերի համար, քանի որ մենք, ինչպես պարզվեց, տասնամյակներ շարունակ ապրում էինք պատրանքներով, ապրում էինք տեղեկատվական վակուումում՝ չպատկերացնելով ողբերգության ողջ խորությունը, թալանի մասշտաբները: Սակայն մենք ամեն ինչ կորցրեցինք նոյեմբերի 9-ին, կապիտուլյացիայի ակտը ստորագրեց Հայաստանի վարչապետը, որը պետք է պատասխանատվություն կրի բոլոր կորուստների համար: Այո, մասամբ բոլորս ենք մեղավոր, քանի որ 30 տարի ինքներս մեզ հետ անկեղծ չենք եղել, բավարար չափով ջանքեր չենք գործադրել, սակայն հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է», – ընդգծեց նա:

Ինչպես վերջին տասը տարիներին, Դավիթ Տոնոյանն ու իր ընկերները շարունակելու են օգնել Հայաստանին: Ասում է, որ իրենք շարունակելու են աշխատել ավելի ակտիվ և արդյունավետ.

«Այսուհետ մեր գործունեությունը ավելի շատ ու ավելի խորապես կապված կլինի Հայաստանի հետ, քան նախկինում էր: Գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն կրի մեր հայրենիքի ապագայի համար», – եզրափակեց մեր զրուցակիցը` շտապելով առաջնագծի տղաների համար ևս մեկ բեռ հավաքել: Այն ներառում է անհրաժեշտ իրերի մի ամբողջ ցանկ՝ քնապարկեր, գիշերային տեսողության սարքեր, զրահաբաճկոններ, լապտերներ, դանակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլն:

Նշենք, որ Ռուսաստանի հայերի միություն կազմակերպության առաքելությունն է ձգտել ստեղծել հայկական համայնք, որը գնահատում է իր մշակույթը, հարգում է պատմությունը և ձգտում է արժանի ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում: Իսկ գլխավոր ցանկությունն է, որ աշխարհի բոլոր երկրներում սփյուռքը կապեր ունենա և լիարժեք մասնակցի բնակության երկրների հասարակական կյանքին, ունենա բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ:

Լիա Խոջոյան