Նիժնի Նովգորոդի քաղաքապետարանի «Նայի՜ր Նիժնիի ուղղությամբ» նախագծի շրջանակներում Երևանի Սախարովի անվան թիվ 69 դպրոցի աշակերտները դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանի և ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նատալյա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Նիժնի Նովգորոդ։ Այս նշանակալի իրադարձությունը տեղի է ունեցել հայկական և ռուսական դպրոցների երկու տարվա վիրտուալ շփումից հետո, և այս ընթացքում կողմերը ոչ միայն ծանոթացել են միմյանց հետ, այլ նաև կիսվել իրենց երկրների մշակույթով և պատմությամբ։

Ինչպես Dalma News-ի հետ զրույցում նշել է Մարիաննա Մելյանը, իրենց ճամփորդության քաղաքը պատահական չի ընտրվել, Հայաստանում Ռուսական տունն է աջակցել նախագծի իրականացմանը։ «Երկու տարի առաջ, երբ նշվում էր աշխարհահռչակ ակադեմիկոսի հարյուրամյակը և մեր ուսումնական հաստատության 75-ամյակը, մտածեցինք ռուս գործընկերների հետ համագործակցության մասին։ Ի՞նչը մեզ գրավեց Նիժնի Նովգորոդում: Նախ, այստեղ է գտնվում ակադեմիկոս Սախարովի տուն-թանգարանը», – պատմում է զրուցակիցը։ – Մյուս կողմից, մենք ընդհանուր եզրեր գտանք։ Մեզ շատ դուր եկան նրանց ուսումնական ծրագրերը։ Ի հայտ եկան ընդհանուր նախագծեր ու գաղափարներ, որոնք, վստահ եմ, համատեղ ջանքերով կիրականացնենք, մանավանդ որ ռուսերենով դասընթացներ ունենք։ Բացի այդ, Նիժնի Նովգորոդի դպրոցն իր կազմով բազմազգ է, այսինքն՝ նման է մերին։ Այս ամենը, իհարկե, մերձեցնում է։

Նիժնի Նովգորոդի թիվ 134 դպրոցի տնօրեն Անաստասիա Պողոսյանն իր հերթին ներկա հանդիպումն անվանեց իսկապես պատմական իրադարձություն, քանի որ այստեղ տեսնում է միջմշակութային երկխոսության զարգացման հնարավորություն երկու վաղուց շատ մոտ երկրների միջև։

«Մեր դպրոցը նման է փոքրիկ Ռուսաստանի: Այստեղ սովորում են տարբեր ազգությունների երեխաներ՝ ռուսներ, հայեր, թաթարներ, թուրքեր, չինացիներ։ Նկատենք, որ նրանք բոլորը շփվում և ընկերություն են անում։ Մեզ մոտ հրաշալի մթնոլորտ է տիրում»։

Ռուսական քաղաք ժամանելու գրեթե առաջին րոպեներից հայ դպրոցականներն ու ուսուցիչները դարձան տեղական հեռուստատեսային լուրերի հերոսներ, իսկ տեղական մամուլը լի էր պերճախոս վերնագրերով. «Հայաստանի պատվիրակությունը ազգային խոհանոցի վարպետության դաս անցկացրեց», ««Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը նպաստում է Նիժնի Նովգորոդի ազգամիջյան և միջկրոնական կապերի ամրապնդմանը: Իսկ «Հայ դպրոցականները ներկայացրել են իրենց ժողովրդի մշակույթը» հոդվածում ասվում էր, որ «դպրոցականները Նիժնի Նովգորոդում փայլուն են ներկայացել իրենց ազգային պարերով ու երգերով, յուրահատուկ կոլորիտով ու վառ տարազներով»։

Ընդունող կողմը ևս հետ չմնաց՝ հյուրերին ընդունեցին ռուսական հյուրընկալության օրենքներով՝ ավանդական աղ ու հաց, ռուսական պարեր, խաղեր, կարմրավուն կարկանդակներ։ Երևանցի դպրոցականները խոստովանել են, որ կարծես հայտնվել էին Հին Ռուսայում՝ որոշ ժամանակ դառնալով ռուսական ժողովրդական հեքիաթների հերոսները, իսկ լեզվական պատնեշի բացակայությունը հնարավորություն տվեց ջնջել հաղորդակցության դժվարությունները։ Չէ՞ որ հայ դպրոցականները գերազանց տիրապետում են ռուսերենին՝ շնորհիվ, ինչպես ասում են, իրենց սիրելի ուսուցչուհի Նատալյա Իվանովնա Գրիգորյանի, ով նույնպես ուղեկցում էր աշակերտներին ճամփորդության ժամանակ։ Նրա կարծիքով՝ երեխաները քննությունը «գերազանց» հանձնեցին: Եվ ոչ միայն ռուսերեն լեզվի մասով: Հյուրերի համար նախատեսված ռուսների ծրագիրը ներառում էր մշակութային, ուսուցողական, ճանաչողական, սպորտային միջոցառումներ, որոնց թվում էին այցելություններ Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարան, Կաշիրինի տուն, որտեղ 1872-1876 թվականներին ապրել է ապագա հայտնի գրող Մաքսիմ Գորկին, գիտությունների զարմանահրաշ «Քվարկներ» թանգարան, որտեղ զբաղվում են հետաքրքրաշարժ ֆիզիկայով և ժամանակակից թվային կապի տեխնոլոգիաներով։ Երևանյան դպրոցի տարեգրության նոր էջ բացեց ակադեմիկոս Անդրեյ Սախարովի տուն-թանգարանը, որտեղ աշակերտները ծանոթացան հայտնի գիտնականի կյանքին վերաբերող նյութերին, տեսան բնակարանը, որտեղ գիտնականը յոթ երկար տարիներ է անցկացրել աքսորում:

Ի դեպ, երևանցիները դարձան համանուն ուսումնական հաստատությունը ներկայացնող առաջին և առայժմ միակ այցելուները։ Նրանք թանգարանի աշխատակիցներին պատմեցին մեծ գիտնականի և իրավապաշտպանի ծննդյան տոնը «Սախարովյան ընթերցումներով» նշելու ավանդույթի մասին։ Բացի այդ, երկու տարի առաջ՝ 2021 թվականին, երևանյան դպրոցում առաջին դասարանցիներին երիտասարդ «սախարովցու» կարգավիճակ տալու ավանդույթ հայտնվեց։ Շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակիցներին ճանաչողական շրջայցի համար՝ Մարիաննա Մելյանը գրառում թողեց հյուրերի գրքում.

«Հայաստանում հիշում և մեծարում են 20-րդ դարի մեծ հումանիստին, մարդուն, ով առաջինն է կանգնել Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանության համար։ Հայաստանում բոլորից շուտ են գիտակցել Սախարովի դերը»։

Երևանի պատվիրակությունը հատկապես հիացած էր Նիժնի Նովգորոդի պատմական վայրեր և սուրբ մեծ նահատակ Պանտելեյմոն բժշկողի եկեղեցի կատարած շրջայցերով։ Քահանա Ալեքսիյը Երևանից ժամանած հյուրերին հրավիրեց թեյախմության, որտեղ կարդացին Տերունական աղոթքը ռուսերեն և հայերեն լեզուներով։ Ավելի ուշ երեխաներին թույլ տվեցին բարձրանալ զանգակատուն և ղողանջել զանգերը, ինչը, ի դեպ, նրանց մոտ գրեթե իսկական ժամհարների պես ստացվեց։

Ուղևորության ավարտին տեղի ունեցավ հանդիպում Նիժնի Նովգորոդի հայ համայնքի և «Գեղարդ» երիտասարդական հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ոչ պակաս տպավորիչ էր այցելությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և ծանոթությունը Հայր Սեբեոսի հետ։

«Եվս մեկ ուշագրավ հիշողություն դարձավ այցը «Ժելեզնոդորոժնիկ» մշակույթի կենտրոն, որտեղ ուսանել է քաղաքում հայտնի «Նաիրի» ազգային համույթը։ Միասին պարեցին «Քոչարի»-ն և հայկական ժողովրդական «Փափուռի» կոլեկտիվ պարը, որը համարվում է չարը խափանող պար», – Dalma News-ի համար պատմել է Նատալյա Գրիգորյանը։ –  Մեր դպրոցի սաները ցուցադրեցին նաև մեր հնագույն «Էջմիածին» պարը, որին միացան բոլոր ներկաները։ «Շուրջպարի» պես շրջանի մեջ միավորվելով՝ նրանք կարծես թե միասնություն էին խորհրդանշում՝ անկախ հեռավորությունից։

«Մեզ շատ դուր եկավ Նիժնի Նովգորոդն իր ակրկնելի գեղեցկությամբ։ Հատկապես հիասքանչ է հին Կրեմլը։ Սակայն ամենակարևորն այն էր, որ հասկացանք՝ իսկական ընկերներ ունենք այս գեղեցիկ քաղաքում»,- ճամփորդությունն ամփոփեց երևանյան դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ Նիժնի Նովգորոդում ապրում են շատ ջերմ ու հյուրընկալ մարդիկ, իսկ ընտանիքները, որոնք հյուրընկալել են իրենց մեկ շաբաթ, դարձել են երկրորդ տան պես: Այժմ ռուսներին անհամբեր սպասում են Հայաստանում.

Ինչպես «Գորկու քաղաքը դիմավորում է ընկերներին» առաջին միջազգային դպրոցական ֆորումի ժամանակ նշել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը, նման փոխադարձ այցերը հնարավորություն են տալիս փոխանակվել փորձով:

«Առավել ևս, որ Հայաստանը ռազմավարական առումով և պատմականորեն մոտ է մեզ, – ընդգծել է նա։ – Մեր քաղաքապետարանը մեծ նշանակություն է տալիս քույր քաղաքների հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, որոնք նպաստում են մշակութային, տնտեսական, սոցիալական և հասարակական կապերի զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է կրթության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր, ըստ որի՝ Մերձվոլգյան դաշնային շրջանի մայրաքաղաքի թիվ 134 դպրոցը ոչ միայն կշարունակի, այլև կընդլայնի համագործակցությունը Երևանի թիվ 69 դպրոցի հետ։

Տուն վերադառնալուն պես Երևանում Ռուսական տանը Ա.Դ. Սախարովի անվան թիվ 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանը գործընկերների հետ կիսվել է Նիժնի Նովգորոդի թիվ 134 դպրոցի հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու փորձով՝ միաժամանակ նշելով, որ Ռուսական տունն է աջակցել նախագծի իրականացմանը՝ յուրօրինակ կապող օղակ դառնալով հայկական և ռուսական դպրոցների միջև։

Նատելլա Օհանյան

Լուսանկարները՝ Երևանի Սախարովի անվան թիվ 69 դպրոցի ֆեյսբուքյան էջից