Դեկտեմբերի 2-ին «Պոկլոննայա գորա»-ի Հաղթանակի թանգարանի պատերի ներսում տեղի ունեցավ Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, Ռուսական կայսերական բանակի սպա, Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն զորավար Իվան Բաղրամյանին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան վերջինիս ծննդյան 125-ամյակի կապակցությամբ։

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրության ունի՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով և ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակվեց մասնակցել պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ Բաղրամյանը կարողացավ հզոր դիմադրություն կազմակերպել ու ճնշել հակառակորդին։

Նացիստական զավթիչների դեմ մարտերում նրա կողմից իրականացված բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում, իսկ «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա կրկնօրինակման առարկա։ Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած և հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն նրա ռազմական արվեստի գագաթնակետն է համարվում Կարիբյան ճգնաժամի ժամանակ Կուբա միջուկային հրթիռներ տեղափոխելու «Անադիր» գաղտնի գործողությունը։ Անցել է ավելի քան կես դար, սակայն ամերիկացիները դեռ չգիտեն, թե ինչպես էին հրթիռները հայտնվել իրենց ափերի մոտ։

Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչև Քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Կամալովը հանդես եկավ ողջույնի խոսքով. «Այսօր Իվան Քրիստափորի Բաղրամյանի մասին ֆիլմի պրեմիերան է, նրա, ով իր գեներալների, սպաների ու զինվորների հետ միասին կարողացավ մեծ հաղթանակի հասնել Հայրենական մեծ պատերազմում»:

Ֆիլմի պրեմիերային ներկա էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով իր խոսքում նշեց. «Դա Խորհրդային Միության հզոր մարշալների համաստեղություն էր, ովքեր հաղթանակ տարան, դա համաշխարհային հաղթանակ էր, և աշխարհը գնահատում է մեր մարշալներին»։

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆիլմի գաղափարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը նշեց, որ մտադիր է ֆիլմաշար նկարահանել բոլոր հինգ մեծանուն մարշալների մասին, որոնց հայ ժողովուրդը նվիրել է Խորհրդային Միությանը: Նա հետաքրքիր է համարել այն, որ բոլոր հինգ մարշալները ծնունդով Ղարաբաղից են: Այս ֆիլմերում շատ գաղափարներ են դրված, դրանք ոչ միայն կենսագրականներ են, այլև փորձ՝ բացահայտելու և պատկերավոր կերպով ներկայացնելու մարշալների անձերը:

Լրագրող Աբաս Ջուման իր խորին երախտագիտությունն է հայտնել կատարված աշխատանքի համար և նշել.

«Այն, թե ինչպես է մեկ պատմության մեջ հավաքվել փորձագիտական ​​կարծիք, դերասանական խաղ, փաստաթղթեր, տարեգրություն, կարելի է գլուխգործոց համարել», իսկ Բաղրամյանի թոռնուհին՝ Կարինա Նաջարովան, հույս հայտնեց, որ իր պապի կյանքի ու ծառայության պատմությունը լավ օրինակ կծառայի երիտասարդ սերնդի համար:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանում ՀՀ դեսպան և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Արթուր Սողոմոնյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով՝ պատմական ժառանգության պահպանման և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար։

Միջոցառմանը ներկա էին նաև հաղթակի հրամանատարներ Կոնևի, Բուդյոնիի զավակներն ու թոռները, Խորհրդային Միության հերոսներ, Ռուսաստանի հերոսներ, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորականներ, լրագրողներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ և մարշալ Բաղրամյանի ընտանիքի ընկերները։

Ֆիլմը նկարահանվել է «Partner Film» կինոընկերության կողմից՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։