ԼՂ չճանաչված հանրապետության հայկական բնակչության անվտանգությունն ապահովող Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումը դադարեցնելու և ռուս խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին համաձայնագրի ստորագրումից 12 օր անց ռուսական պատվիրակության ընդլայնված կազմը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ կեսօրյա, բայց հագեցած այցով մեկնեց նախ Երևան, ապա՝ Բաքու:

Լավրովը բարձրաձայնել է Երևան, այնուհետև Բաքու այցի հիմնական ուղերձը.

«Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը ճանաչել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը անվիճելի: Ռուսաստանը նշում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը, որոնք, սակայն, հաջողությամբ չեն պսակվում: Բացի այդ, Մոսկվան վճռականորեն մերժելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ աշխարհաքաղաքական խաղերի փորձերը»:

Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի՝ Լավրովին և Շոյգուին Երևանում ընդունեցին արտաքին գործերի և պաշտպանության նորանշանակ նախարարներ Արա Այվազյանը և Վաղարշակ Հարությունյանը: Փորձագետների կարծիքով, սա Փաշինյանի ռևերանսն է Մոսկվային, որը, կուլիսային խոսակցությունների համաձայն, հիացած չէր թավշյա հեղափոխության ալիքով եկած վարչապետի կադրային քաղաքականությամբ:

Է՞լ ինչի մասին է խոսել Լավրովը Երևանում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին: Եվ հենց այդ հարցերն են, ինչպես Լավրովը հայտարարեց Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որ ռուսական պատվիրակությունը եկել է քննարկելու հայկական կողմի հետ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կնքված պայմանագրի համաձայն.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այս բոլոր խնդիրները երեք առաջնորդների կողմից ստորագրված պայմանավորվածությունների հիման վրա: Դա առաջին հերթին վերաբերում է փախստականների վերադարձին, ներկայիս իրավիճակում առկա բոլոր հումանիտար հարցերի լուծմանը, որոնց հավատարիմ ենք մնում», – հայտարարեց Լավրովը:

ՌԴ նախարարը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ռուս խաղաղապահների դերի գնահատման համար՝ ոչ միայն անվտանգության ապահովման դերի՝ որպես իրենց մանդատի հիմնական բաղադրիչ, այլ նաև ամենօրյա օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք վերադառնում են և ունեն մարդասիրական օգնության կարիք: Իր հերթին նա նշեց, որ Ռուսաստանը ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղում փախստականներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար.

«Բացի խաղաղապահների դերակատարությունից՝ հումանիտար արձագանքի միջգերատեսչական կենտրոնը, որը ստեղծվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով և արդեն անցնում է աշխատանքի, նույնպես հատուկ կզբաղվի այս բոլոր խնդիրներով: Մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում դրանց ավելի ակտիվ կերպով ցույց տալ իրենց կարողությունները տարածաշրջանի բնակիչների համար և աջակցել ԿԽՄԿ միջազգային ջանքերին, որը նույնպես աշխատում է Լեռնային Ղարաբաղում», – ընդգծեց նա:

Շոյգուն նշեց Ռուսաստանի հիմնական խնդիրը

Երևանում ՌԴ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Շոյգուն նշեց Ռուսաստանի հիմնական խնդիրը, որը հնչեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինը` կանխել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում: Եվ նա շեշտեց, որ շատ աշխատանք կա հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու համար:

Իսկ արդեն հայ գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում նախարարը խոսեց փախստականների մասին, որոնք պատերազմից հետո շարունակում են վերադառնալ Արցախ: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ շուրջ 7 հազար փախստականներ արդեն վերադարձել են Արցախ ռուս խաղաղապահների աջակցությամբ, որոնք ապահովել են ավտոշարասյունների անվտանգությունը:

«Մենք ապահովել ենք ոչ միայն փախստականների բոլոր շարասյունների տեղաշարժը, այլև զբաղվում ենք Լեռնային Ղարաբաղում կենսապահովման օբյեկտների վերականգնմամբ», – շեշտեց Շոյգուն:

Սակայն Սերգեյ Շոյգուի հիմնական ուղերձը, թերևս, հորդորն էր Հայաստանի ռազմական գերատեսչության նոր ղեկավար Վաղարշակ Հարությունյանին` ապահովել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի խիստ վերահսկողություն

«Գլխավորը հրադադարի ռեժիմի խիստ պահպանումն է սադրանքները բացառելու համար: Խնդրում եմ խիստ վերահսկողություն կազմակերպել այս ուղղությամբ. մեր գերակայություններից մեկը համարում ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը: Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար», – շեշտեց նա:

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղին սպասում է Պալմիրայի և Հալեպի ճակատագիր

Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության գործում: Նախքան Երևանից Բաքու թռչելը, ՌԴ ԱԳՆ ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ նախորդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում մշակութային, քաղաքակրթական և կրոնական ժառանգության պահպանմանը առավել ակտիվորեն մասնակցելու անհրաժեշտության մասին:

«Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերեց Սիրիայում, առաջին հերթին՝ Հալեպում և Պալմիրայում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ բազմաթիվ դիմումներին: Եկեք ընդունենք, որ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր ընկերներն իրենց ոչ այնքան ակտիվ են դրսևորել», – ընդգծեց նա:

Ավելի վաղ ռուս մի շարք գործիչներ նույնպես դիմել էին այս կազմակերպությանը՝ Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու համար: Հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովի և Թեոդոր Կուրենտիսի, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովի, Ալեքսեյ Գերման կրտսերի, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովի, դերասաններ Անդրեյ Մերզլիկինի, Սվետլանա Նեմոլյաևայի, գրող Զախար Պրիլեպինի և այլոց կողմից ստորագրված ուղերձը ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ներառելու խնդրանք է պարունակում:

«Ցավոք, այս պատմական վայրերը մնում են վտանգի տակ, քանի որ դրանք կարող են ոչնչացվել նույնիսկ հրադադարից հետո: Մասնավորապես, դրանք կարող են հարձակումների ենթարկվել վանդալների կողմից: Մենք հույս ենք հայտնում, որ այս քայլը թույլ կտա պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է գործի դնի իր ողջ հեղինակությունը հուշարձանները փրկելու համար, քանի որ Ղարաբաղի մշակութային ժառանգությանը կարող է նույն ողբերգական ճակատագիրը սպասել, ինչ հնագույն Պալմիրային», – ասվում է ուղերձի մեջ:

Լեռնային Ղարաբաղը ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից կրակը և ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ստորագրված համատեղ հայտարարությունից հետո հակամարտության գոտում տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

Բացի այդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Արցախ է ուղարկել պահակախումբ, որն ուղեկցում է առաջին հումանիտար օգնությունը` շինանյութ սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար:

ՌԴ ԱԻՆ բեռնատարների առաջին շարասյունը արդեն 45 տոննա բեռ է բերել Ստեփանակերտ, չճանաչված հանրապետության մայրաքաղաքում կազմակերպվել է մարդասիրական օգնության բաշխման կետ: ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին առաջարկել է ստեղծել նաև աշխատանքային խումբ ադրբեջանական կողմից հրետակոծության արդյունքում ԼՂ բնակավայրերին պատճառված վնասի գնահատման համար: Արցախ կուղարկվեն նաև ռուս հոգեբաններ:

Նշենք, որ ավարտելով իր ուղևորությունը Հարավային Կովկասում՝ Սերգեյ Լավրովը արդեն Բաքվում հայտարարեց, որ շատ դրական է համարում բանակցությունների արդյունքները: Այդ արդյունքները թույլ կտան իրեն զեկուցել նախագահ Պուտինին, որ վերջինիս՝ Հայաստան և Ադրբեջան միջգերատեսչական պատվիրակության այց կատարելու հանձնարարականը կատարված է:

Լինա Մակարյան