Որքան մոտենում են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այնքան շատ է երկրում կատարվողը աբսուրդի թատրոն հիշեցնում: Իոնեսկոն և Հարմսը չէին կարող պատկերացնել, առավել ևս ենթադրել, որ նման բան իրականում հնարավոր է:

25 քաղաքական ուժեր (26-ն էին մինչև մեկի ինքնաբացարկը), որոնք իրենց ներկայացնում են որպես իշխանության հավակնորդ լինել-չլինել խնդրի առջև կանգնած մի երկրում (պետական մի շարք ​​ինստիտուտների բացակայության կամ դրանց կաթվածահար լինելու պայմաններում), արդեն շատ բանի մասին է խոսում: Եվ, որ ամենակարևորն է, խոսում է այն մասին, որ այս 25 ուժերը առնվազն երկու տասնյակ շարունակ պարզապես չեն գիտակցել, թե որքան լուրջ է ամեն բան: Խորհրդարանական ​​ հավանական խմբակցությունների թիվը միայն արդեն ծաղրանկարի է նմանեցնում ամբողջ գործընթացը, մինչդեռ երկիրը ծայրահեղ վիճակում է:

Որոշների պահվածքը ևս ավելի շատ կրկես է հիշեցնում, քան պետական ​​գործընթաց, սակայն սրանք մանրուքներ են, որոնց չեմ ցանկանում հատուկ ուշադրություն դարձնել: Մարդիկ, ովքեր լրջորեն մտահոգված են պետության ճակատագրով, պետք է առաջին հերթին մտահոգվեն, օրինակ, արտաքին գործերի նախարարության լիակատար բացակայությամբ, առանց որի պետության գործունեթյունն ինքնին աներևակայելի է:

Եվ այսպես, առանց ԱԳՆ գոյատևել հաջողացնող երկրի խորհրդարանում հայտնվելու համար ռեկորդային թվով քաղաքական ուժեր են գրանցվել: Չենք ներկայացնի դրանց ցուցակը. նախ՝ այն երկար է, և երկրորդ՝ դրանց անվանումների մեծ մասը քիչ բան է ասում նույնիսկ հայ ընտրողին:

Եթե ​​հավատանք ոչ այնքան հարցումներին (որոնք հաճախ կողմնակալ են), որքան փորձագիտական ​​եզրակացությանը և սեփական տպավորություններին, ապա թեկնածուների մեծ շարքից իսկապես անցնելու հնարվորություն ունեն երկուսը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և ներկայիս կառավարությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիրը»: Ամենայն հավանականությամբ, նրանց կավելանան «Պատիվ ունեմ» դաշինքը (Սերժ Սարգսյան և Արթուր Վանեցյան) և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»:

Տեսականորեն անհնար է, իհարկե, բացառել հինգերորդ ուժը (և նույնիսկ վեցերորդը), սակայն դրանք, եթե անգամ անցնեն խորհրդարան, ապա աննշան ձայներով միայն:

Եվ սա, ըստ էության, կարող է երկրորդ փուլի հավանականություն առաջացնել, քանի որ կառավարություն կազմելու համար կուսակցությունները և դաշինքները կբախվեն կոալիցիաներ ստեղծելու անհրաժեշտությանը, ինչը պետք է անել 6 օրվա ընթացքում: Չի բացառվում, որ որևէ մեկը կարող է խոչընդոտել նախարարների կաբինետի ձևավորումը՝ որոշակի այլ նախասիրություններից դրդված:

Չնայած, ծանոթ լինելով ներքաղաքական ուժերին, արդարացիորեն կարելի է ենթադրել, որ դրանք փորձելու են գործը չհասցնել երկրորդ փուլին. քչերն են ցանկանում ռիսկի ենթարկել ձեռք բերածը: Մեր քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ մանդատներն իրենց համար ավելի թանկ են, քան սկզբունքները, և օբյեկտիվ հիմքեր չկան կարծելու, որ այս անգամը ամեն բան այլ կերպ կլինի:

Այնուամենայնիվ, իրավիճակի ցանկացած քննարկման ժամանակ պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ շատ ընտրողներ չեն հավատում քաղաքական որևէ ուժի, իսկ ոմանք նույնիսկ չեն ցանկանում լսել ընտրությունների մասին: Շատ բան կարող է կախված լինել նրանից, թե քանի նման քաղաքացիներ կան, և քաղաքական ուժերի հպարտ ղեկավարները, որոնք լիովին վստահ են, որ իրենք անցնելու են խորհրդարան նույնիսկ առանց որևէ կոալիցիայի, ինչ-որ կերպ անսպասելիորեն կարող են հայտնաբերել, որ աղետի մեջ են կամ շրջապատված են ահռելի խնդիրներով:

Ընդհանուր առմամբ, իհարկե, նախընտրական քարոզարշավը ընթանում է Հայաստանի համար դասական սցենարով: Մեր երկրում, ցանկացած ընտրության դեպքում և ցանկացած ժամանակ, հազվադեպ է պատահում, որ քաղաքական ուժը քիչ թե շատ մանրամասն և լավ հիմնավորված ծրագիր ներկայացնի, թե իշխանության գալու դեպքում տվյալ ուժը ի՞նչ է պատրաստվում անել, ինչպե՞ս է մտադիր կյանքի կոչել իր ծրագիրը և ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Փոխարենը, կուսակցությունները սովորաբար սահմանափակվում են մի շարք լակոնիկ, կարգախոսի նմանվող կոչերով՝ ամբողջ ուժով «հարձակվելով» մյուս մրցակիցների վրա և ներկայացնելով վերջիններիս որպես «վատը», իսկ իրենց՝ «լավը»: 

Ներկայիս քարոզարշավը սրա վառ արտացոլումն է, հատկապես գործող իշխանության կատարմամբ: Տպավորությունն այնպիսին է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կառուցել է իր նախընտրական հռետորաբանությունը՝ բացառապես սեփական սխալների և անհաջողությունների համար մեղավորներ փնտրելու ու գտնելու վրա: Եվ ոչ միայն սեփական սխալների համար՝ օգտագործվում է այն ամենը, ինչը կարող է նսեմացնել մրցակիցներին, ընդհուպ մինչև Քենեդու սպանության մեջ մեղադրանքներին նմանվող մեղադրանքներ:

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ իշխող ուժի հակառակորդները մեղանչում են նույն կերպ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսը» ամենաերկարը դիմացավ՝ բոլորին կոչ արեց թողնել իրենց տարաձայնությունները և հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ, սակայն շաբաթվա վերջին չդիմացավ և «չարիք» անվանեց ընտրությունների երկու հիմնական մրցակիցներին (Փաշինյանին և Քոչարյանին):

Չկան կշռված և իրատեսական ծրագրեր, այլ կան խոստումներ, որոնք հիմնված չեն ապացույցների բազայի վրա, կան հայտարարություններ, սակայն չկա տրամաբանական գործողությունների մանրամասն նկարագրություն: Իհարկե, ընտրողների զգալի մասը ի վիճակի չէ գնահատել այս կամ այն ​​թեզի խիստ գիտական, տնտեսական կամ ֆինանսական հիմնավորումը, մյուս մասը պարզապես չի էլ ձգտում հասկանալ, թե ինչ են իրեն խոստանում:

Սակայն, այնուամենայնիվ, կան ողջամիտ ընտրողներ, որոնք ցանկանում են հասկանալ, թե իրականում ինչ է ընկած որևէ ժամանակահատվածում այս կամ այն ​​բանն անելու ամպագոռգոռ խոստումների հետևում:

Ցանկանում եմ իսկապես ազնիվ խոսքեր լսել, գործողությունների իրատեսական ծրագիր, մանրամասն, առարկայական մասնագիտական ​​զրույց, և ոչ թե մրցակիցներին ուղղված ատելության ալիքներ, և ամենը այս աննախանձելի ֆոնի վրա պարզապես ավելի լավը երևալու համար…

Ռուբեն Գյուլմիսարյան