Հայաստանում վերջապես կայացան խորհրդարանական ընտրությունները: Ինչպես և սպասվում էր՝ զգալի առավելությամբ հաղթանակ տարավ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ հավաքելով ձայների գրեթե 50 %-ը: Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի ցուցանիշները, կարելի է ենթադրել, որ ձայների նման քանակը ՀՀԿ-ին 6-րդ գումարման Ազգային ժողովում կարող է տալ մանդատների 50 %-ից ավելին:

Թերևս հարկ կլինի նշել այն, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն խաղաց երկերեսանի Յանուսի իր դերը՝ մի կողմից հաղթանակ պետք է ապահովեին հասարակությանն անհաճո օլիգարխներն ու տեղացի իշխանները, մյուս կողմից էլ անձնական բարձր ռեյտինգ ունեցող Կարեն Կարապետյանը՝ նախընտրական ցուցակի առաջին տասնյակի պատկառելի հանրապետականների հետ, որոնց վարչապետն անձամբ առաջնորդել չկարողացավ՝ մասնագիտական ոչ բավարար որակավորման պատճառով: Առաջինը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր, ով, ի տարբերություն իր համակուսակցականների, այս ընթացքում կարողացավ զերծ մնալ ամեն տեսակ սկանդալից:

Ընդ որում, Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների շնորհիվ ՀՀԿ-ն իրեն ապահովեց իրավիճակը վերահսկելու հնարավորությամբ մի մեխանիզմի օգնությամբ, որը թույլ կտա պահպանել մեծամասնությունը խորհրդարանում՝ նույնիսկ մեծամասնական ընտրակարգի վերացման պայմաններում:

Երկրորդ տեղում հայտնվեց «Ծառուկյան» բլոկը՝ 27,32% ձայնով: Ընտրություններին ունեցած իր հաջողության համար բլոկը պարտական է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական կարողություններին ու բարեգործի նրա համբավին, ինչպես նաև նրա թևերի տակ պատսպարված տարբեր տարածաշրջանների ազդեցիկ մարդկանց: Այդ գործոնների շնորհիվ էր, որ բլոկը դարձավ ընտրակաշառք բաժանելու հարցում ՀՀԿ-ի հետ մրցակցող միակ քաղաքական ուժը:

Այն ուներ նաև իր կառավարչական ռեսուրսները, ինչի մասին է վկայում այն, որ Կոտայքի մարզում, որը, ի դեպ, համարվում է լիդեր Գագիկ Ծառուկյանի «սեփական կալվածքը», բլոկը ՀՀԿ-ի հանդեպ տարավ հաղթանակ:

ՀՀԿ-ի դասալիքներն էլ իրենցն արեցին: Նրանց շնորհիվ բլոկը կարողացավ ՀՀԿ-ից առաջ անցնել Արտաշատում, որի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանն է (վերջերս ՀՀԿ-ի շարքերը լքած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին):

Երրորդ տեղը՝ իր 7,77 % ձայներով զբաղեցրեց «Ելք» բլոկը, որը ստեղծել էին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնց լիդերներն են նոր սերնդի ընդդիմադիր առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Հայաստանի քաղաքական իրականության մասին, որտեղ բոլորն իրար ճանաչում են, ու այս կամ այն կերպ միմյանց կապված են, ավելի հստակ խոսում է այն փաստը, որ գործող իշխանություններին խիստ քննադատաբար մոտեցող Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմենը, զբաղեցնում է Պաշտպանության նախարարի (ՀՀԿ ցուցակի առաջին համարի հետ համատեղությամբ) խորհրդականի պաշտոնը:

Ապագա խորհրդարան մուտք գործեց նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ «Դաշնակցությունը»: Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկի օգտին, որի պատմության արմատները գտնվում են 19-րդ դարի վերջերում, քվեարկել էր ընտրողների 6,57%–ը: Կուսակցությանը բավական օգուտ տվեց Հայաստանի բոլոր մարզերում գործող կուսակցական զարգացած կազմակերպությունը: Ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունն էլ իր հերթին օգնեց լուծելու իմիջի հետ կապված խնդիրները, որոնք առաջացել էին իշխանությունների հետ կոալիցիայի պատճառով:

Ուշագրավ է նաև ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ընտրական արդյունքների վերլուծությունը: Դա առաջինը վերաբերում է հայկական քաղաքականության վետերաններին: Ներկայիս ընտրությունները փաստացի դարձան քաղաքական թաղում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գաղափաների համար: Երկար տարիներ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի առաջնորդ համարվող «ՀԱԿ- Կոնգրես» բլոկը մեծ դժվարությամբ կարողացավ հավաքել ձայների 1,65 %-ը ընդամենը:

Այս ընտրություններին Տեր-Պետրոսյանին չօգնեցին նույնիսկ Ղարաբաղյան թեմայի, ինչպես նաև մարդու՝ խաղաղ ապրելու բնական ցանկության մասին արված շահարկումները: Հայ հասարակությունը փաստացի տվեց հստակ պատասխան այն հարցին, արդյո՞ք ինքը պատրաստ է Ղարաբաղյան հարցում միակողմանի  զիջումների, թե ոչ: Հայաստանի բնակիչների պատասխանը հստակ ՈՉ-ն էր:

Առհասարակ տարօրինակ է այն հանգամանքը, որ Ղարաբաղյան շարժման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի  միավորման լոզունգների ալիքի տակ իշխանության եկած մարդը հետագա իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում  փորձեց «ազատվել» Ղարաբաղից:

Այս ընտրությունները քաղաքական ընդհատակ մղեցին նաև մեկ այլ ընդդիմադիր գործչի՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով 2013 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել էր ձայների գրեթե 40 %-ը (այլ ազդեցիկ ոչ իշխանական գործիչների ընտրություններին չմասնակցելու շնորհիվ): 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցությանն անընդհատ ծվատում էին ներքին կոնֆլիկտները, կուսակցությունը լքում էին նրա հայտնի անդամներ, այն անհասկանալի միություններ էր կազմում ու հետո վերացնում դրանք (ինչպես իր ժամանակին «Ազատ Դեմոկրատների» հետ արեց): Արդյունքում Հովհաննիսյանը ընտրություններին մասնակցեց նորահայտ ընդդիմադիր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ միասին: Սակայն հասարակությունը նման դաշինքն ու քաղաքական «ամնեզիան» չընդունեց, ինչի արդյունք դարձավ ձայների 2,07 %-ը ընդամենը:

Ավելի ողբերգական պատկեր ստեղծեց «Ժառանգության» նախկին գործընկեր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը չհավաքեց ձայների նույնիսկ 1 %-ը: Ինչպես երևում է, Եվրոպական միությունից դուրս գալու գաղափարը հայ հասարակությանն այդքան էլ չգայթակղեց: Եվ պատահական չէ, որ Եվրազեսին Հայաստանի միությունից մշտապես դժգոհ մեկ այլ արևմտամետ ուժ՝ «Ելք» բլոկը, այս ընթացքում առհասարակ զերծ մնաց միությունից դուրս գալու անհրաժեշտության մասին արվող հայտարարություններից:

«Ազատ դեմոկրատների» համար սա թերևս կրկնակի վիրավորանք է, որովհետև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան իրենք՝ 0,75 %` «Ազատ դեմոկրատների» 0,94 %-ի հանդեպ:

Ի դեպ, անհաջողությունը թակեց ոչ միայն արմատական ընդդիմադիրների, այլ նաև ՀՀԿ-ի հետ տարբեր կոալիցիաներ կազմած գործընկերների դռները՝ հանձինս «Օրինաց երկրի»: Նույնիսկ նոր՝ «Հայկական վերածնունդ» անունով  կուսակցության վերաբրենդավորումը չօգնեց, այն հավաքեց ընդամենը ձայների 3,71 %-ը: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ, ինչպես «Դաշնակցության» դեպքում, այնպես էլ այստեղ կուսակցության համար գործում էր ողջ Հայաստանի տարածքով քաղաքական մի զարգացած ցանց, որի շնորհիվ ընտրական մրցավազքից դուրս մնացածների շարքում նա արդյունքում ամենալավ ցուցանիշներն ունեցավ:

Ուշագրավ է այն, որ խորհրդարան մուտք գործած չորս քաղաքական ուժերից երեքը կամ իշխանական են, կամ նրա հետ շատ սերտ կապերով կապված են, որի հիմնարար ապացույց է այն, որ Գագիկ Ծառուկյանն իր բիզնեսի ոլորտում չունի խնդիրներ: Գումարային՝ նրանք ստացան երկրի ձայների 83%-ը, և սա երկրի բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակային պայմաններում, որտեղ հասարակությունը մշտապես արտահայտում է իր դժգոհությունը՝ խնդիրները լուծելուն անկարողունակ իշխանության հանդեպ:

Հասարակությունը փոփոխություններ է պահանջում, ու դրանով է թերևս պայմանավորված ՀՀԿ-ական շարքերի «կոսմետիկ վերանորոգումն» ու նոր դեմքերի ասպարեզ բերումը: Սակայն առանց իշխանության որակական լուրջ, իրական փոփոխությունների, առանց որի երկրի առջև ծառացած խնդիրները լուծում չեն ստանալու, այդ «վերանորոգումը» երկրին բավական վտանգավոր զարգացում է սպառնում: Փոքրամասնության ընդդիմադիր տրամադրվածությունը գնալով ավելի կհակվի այն մտքին, որ օրինական ճանապարհով երկրում իշխանափոխություն չի լինի, և նորից կսկսեն ուժային ակցիաները: Ինչպես եղավ օրինակ անցյալ տարվա հուլիս ամսին՝ «Սասնա ծռեր»-ի կողմից Հայաստանի Ոստիկանության պարեկային ծառայության գնդի զավթման դեպքում:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը