Չնայած այն բանի, որ շատ փորձագետներ վերջերս խոսում են «նավթի դարի» ավարտի մասին` ևս մի կանադական ընկերություն որոշել Հայաստանում զբաղվել ածխաջրային հումքի որոնումներով:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքերով` կանադացիները գնել են իրլանդական Blackstairs Energy ընկերությունը, որն արդեն 10 տարի շարունակ Հայաստանում նավթ է փնտրում: Կանադացիներն արդեն կառավարությանն են ներկայացրել խոշոր ներդրումային ծրագիրը և ներկայումս քննարկվում են աշխատանքի ռեժիմը և ծավալները:

Իսկ Sputnik գործակալության այն հարցին, թե կոնկրետ, որ տարածաշրջանում պետք է իրականացվեն որոնողական աշխատանքներ, պաշտոնյան լակոնիկ պատասխան տվեց` «տարբեր»:

Հայաստանում նավթային հանքերի որոնումը տասնյակ տարիների պատմություն ունի: Երկրաբաններին լավատեսություն է հաղորդում այն, որ գրեթե բոլոր հարևան երկրները` Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, ածխաջրային հումքի պաշարներ ունեն, և որոշ մասնագետներ պնդում են, որ Հայաստանն այդ առումով չի կարող երկրագիտական բացառություն լինել: Օրինակ` Հայաստանի ինժեներական ինստիտուտի դոցենտ երկրի ընդերքի մասնագետ Ալբերտ Հարությունյանը հավատացնում է, որ հարուստները երկրում հարուստ նավթատար պաշարներ կան, թեև դրանք տեղակայված են շատ մեծ խորության վրա` 4-13կմ:

Այդպես է դա, թե չէ դեռևս բարդ է ասել, թեև հանրապետության ընդերքը սկսել են հետազոտել դեռևս 70 տարի առաջ: 60-ականներին բավական խորն են գնացել` 5կմ, որտեղ գտել են ինչպես նավթի առկայություն, այնպես էլ` գազի, սակայն ոչ արդյունաբերական քանակությամբ:

Հետխորհրդային շրջանում նավթի և գազի որոնման հավաստագրեր ստացան միանգամից մի քանի արտասահմանյան ընկերություններ: Օրինակ` 1998 թվականին ամերիկյան Hunt Exploration & Mining Company նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է հետազոտման համար ներդնել միչև 10 մլն դոլար: Դրանից հինգ տարի անց հետազոտական աշխատանքներին միացան նաև ռուս մասնագետները:

Տրանսպորտային և տնտեսական բլոկադայի մեջ գտնվող, սեփական էներգակիրներ չունեցող Հայաստանի համար սեփական նավթի և գազի հանքեր գտնելը  կարևոր իրադարձություն է: Սակայն ոչ բոլորն են նման հեռանկարը դրական համարում: Մասնավորապես «Հանուն մարդկության կայուն զարգացման ասոցացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ «եթե երկրում սկսվի նավթի կամ գազի արդյունաբերություն, դա կլինի վերջին կաթիլը»: Նրա խոսքերով` հանրապետության էկոլոգիան առանց այդ էլ ահռելի ծանրաբեռնվածության տակ է լեռնարդյունաբերական հանքերի աշխատանքի պատճառով:

«Ես հասկանում եմ, որ դա տնտեսության առումով շահավետ է, բայց, օրինակ, Կասպից ծովը մահվան եզրին է, և հիմա հետազոտում են ձկների վիճակը` ջրի որակից կախված»,- ասաց բնապահպանը:

Մասնագետների անհանգստությունը կարելի է հասկանալ: Հիշեցնենք, որ երբ 2015թ-ին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, իբր որոշ արտասահմանյան ընկերություններ կառավարության իրավունքն են ստացել, որպեսզի հետազոտություններ սկսեն բարձր լեռնային լճի` Սևանի ջրավազանի տարածքում, սա հասարակության բուռն դժգոհությունների ալիք բարձրացրեց: Քաղաքացիների մեծ մասը վստահ էին, որ Սևանը չի կարելի ռիսկի ենթարկել, անկախ նրանից, թե ինչպիսի տնտեսական շահույթ կարող է բերել դա:

Նշենք, որ մասսայական բողոքը համընկավ Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող բողոքի ցույցերի հետ: Եվ անգամ այն, որ հայտնաբերված վառելիքը կարող է հնարավորություն ստեղծել էլեկտրականության սակագնի իջեցմանը, հասարակությունը միևնույնն է չընդունեց այդ փաստը: Կառավարությունը ստիպված հայտարարեց, որ դրանք անհիմն լուրեր են և լարվածությունը քիչ-քիչ մարեց: Սակայն չի բացառվում, որ կառավարությունը այդ ծրագրերից վերջնական չի հրաժարվել: Անուղղակի կերպով այդ մասին է վկայում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի կողմից կոնկրետ պատասխանի բացակայությունը, այն մասին, թե որտեղ են անցնելու կանադական ընկերության հանքարդյունաբերական աշխատանքները: Ավելին` չի բացառվում, որ կանադացիները տեղյակ են Սևանի ջրավազանում իրականացված նախորդ հետազոտությունների արդյունքներից, ինչով և պայմանավորված է նրանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որը ուղեկցվում է ներդրումային մեծ ծրագրով: Եթե դա այդպես է, ապա բնապահպանական լայնամասշտապ բողոքի ակցիաները անխուսափելի կլինեն:

Արմեն Խանբաբյան` հատուկ Dalma News-ի համար: