Հունաստա՞ն, Իսպա՞նիա, թե՞ անմոռանալի Իտալիա: Իսկ գո՞ւցե մեկ շաբաթ փարավոնների և եգիպտական բուրգերի երկրում: Թե՞ հեքիաթային Դուբայ, որտեղ հրաշալի հանգստի հետ մեկտեղ կարելի է շոփինգով զբաղվել: Դրսում հունիսն է, ինչը նշանակում է, որ բոլորիս համակել է արձակուրդային տրամադրությունը, և մեր հիմնական մտահոգությունն այն է, թե ուր մեկնել այս ամառ:

Փորձառու ճանապարհորդները գիտեն, որ սահնակները պատրաստում են ամռանը, իսկ հանգստին պետք է նախապատրաստվել դեռևս ձմեռվանից: Այս խորհուրդը հատկապես կարևոր է այն պատճառով, որ օգնում է զգալիորեն խնայել, քանի որ ամռանը արտասահմանյան հանգստավայրերի գները ծայրաստիճան թանկանում են: Բայց արդյո՞ք դա այդպես է: Արդյո՞ք ավելի էժան կլինի դեպի Կիպրոս կամ Պորտոֆինո ուղեգիր գնել փետրվարին, թե՞ դա պարզապես մարքեթինգային քայլ է:

Dalma News-ի հետ զրույցում «Chilli Travel Club» տուրիստական ընկերության հիմնադիր և տնօրեն Նանե Սարգսյանը խոսել է այս զբոսաշրջային սեզոնում հայ զբոսաշրջիկների նախասիրությունների մասին:

– Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը այս ամառ:

– Այս հարցին կա հստակ պատասխան՝ մեր հայրենակիցներն ամենից շատ նախընտրում են բոլոր առումներով շոգ և անկրկնելի Իսպանիան, որն անցյալ տարի ընդունված զբոսաշրջիկների թվով զբաղեցրել է երկրորդ տեղը: Առավել ևս, որ Իսպանիայում նրանք կարող են հիանալիորեն համատեղել էքսկուրսիաներն ու լողափային հանգիստը:

– Անցյալ տարի ամենից պահանջարկված էին Հունաստանի լողափերը. արդյո՞ք փոխվել են նախասիրությունները:

– Եթե նկատի ունեք եվրոպական հանգստավայրերը, որոնք չափազանց պահանջարկված են ամառվաը ընթացքում, ապա նախորդ տարի հիմնական ուղղություններն էին Հունաստանը, Իսպանիան և Իտալիան: Այս տարի ավելի քիչ հետաքրքրություն կա Իտալիայի նկատմամբ, ինչն, իմ կարծիքով, պայմանավորված է զբոսաշրջային քաղաքների հետ ուղիղ չվերթների բացակայությամբ, ինչպես նաև Իսպանիայի, և մասնավորապես՝ Կատալոնիայի փափուկ ոսկեգույն ավազով մաքուր լողափերի նկատմամբ պահանջարկի աճով: Ցավոք, ոչ բոլորը հնարավորություն ունեն այցելելու այս երկիր, և այս դեպքում այլընտրանք են Հունաստանի ջերմ և գեղեցիկ հանգստավայրերը՝ իրենց բարձրակարգ հյուրանոցներով:

Նանե Սարգսյան

– Ասում են, որ այս տարի ուղեգրերը բավականին թանկ են, և եթե նախկինում հնարավոր էր գնել դրանք նախօրոք՝ բանավականին մեծ գնային տարբերությամբ, ապա այս տարի սեզոնից մի քանի ամիս առաջ գներն արդեն իսկ բարձր էին:

– Գիտեք, ես համաձայն չեմ այս պնդման հետ, քանի որ կարող եմ վստահությամբ պնդել, որ չնայած իմ կողմից նշված ուղղությունների պահանջարկվածությանը, մենք կարողացանք կազմակերպել մեր զբոսաշրջիկների հանգիստը նախնական ամրագրման պայմաններով` հնարավորություն տալով նրանց խնայել մոտ 30%: Օրինակ, մարտ-ապրիլ ամիսներին Իսպանիայի արևի տակ իրենց տեղն ամրագրողները կարող էին 8-օրյա ամառային ուղեգիր ձեռք բերել՝ մեկ անձի համար վճարելով 650 եվրո. մայիսին ամրագրողները մեկ անձի համար վճարել են 850-1000 եվրո, իսկ այ օգոստոսյան արձակուրդը հունիսի երկրորդ կեսին և հուլիսին պլանավորողները ստիպված կլինեն զբոսաշրջային փաթեթները գնել՝ մեկ անձի համար վճարելով 1000 եվրո և ավել: Բայց նրանց համար մենք շատ հետաքրքիր գնային առաջարկներ ունենք սեպտեմբերի սկզբի համար: Իսկ դա Միջերկրական ծովում հանգստանալու լավագույն ժամանակահատվածներից մեկն է:

-Նանե՛, մի այսպիսի հարց՝ շա՞տ են արդյոք զբոսաշրջային շրջանի ընթացքում վիզայի ստացման մերժումները:

– Գիտեք, ես սուբյեկտիվ եմ համարում եվրոպական երկրների կողմից վիզաների տրամադրման հարցը: Մենք զբոսաշրջիկներ ունեինք, որոնք նախկինում ունեին մերժումներ, բայց այս տարի ստացան, բայց ես լսել եմ գործընկերներիցս, որ այս տարի շատ են մերժել միայնակ մարդկանց և երեխաների հետ ճամփորդող կանանց:

-Իսկ ի՞նչ կասեք Եգիպտոսի մասին: Չնայած ամռանն այնտեղ շատ շոգ է, այնուամենայնիվ, շատերը նախընտրում են հանգստանալ փարավոնների երկրում:

– Հայաստանի բնակիչներին, ովքեր ամռանը ստիպված են աշխատել +45 ջերմաստիճանի ժամանակ, հանգստի համար այդքան էլ չի խանգարում եգիպտական շոգը (ծիծաղում է): Այո՛, և այդ նպատակով ստեղծվել են բոլոր հնարավորությունները՝ ամենօրյա ուղիղ չվերթներ դեպի Կարմիր ծովի լավագույն հանգստավայրեր, ինչպես նաև պայմանագրեր լավագույն հյուրանոցների հետ, որոնց որակը մենք անձամբ ստուգում ենք ամեն տարի: Ուղղակի խորհուրդ կտամ այս ուղղությունը նախընտրողներին ուշադիր ընտրել հյուրանոցները և տուրիստական գործակալությունները՝ հետևելով ոչ թե «ավելի էժան», այլև «ավելի ապահով և ավելի լավ» սկզբունքին, որպեսզի հանգիստն իսկապես հաճույք պատճառի: Գների մասին խոսելիս չեմ կարող չնշել այն խնդիրները, որոնք վերջին ամիսներին մշտապես բարձրաձայնվել են իմ գործընկերների կողմից: Դա եգիպտական տուրիստական փաթեթների դեմփինգն է, որի մասին արդեն ահազանգում են բոլորը: Նպատակը պարզ է, բայց դրանով իսկ տուժում է ողջ հայկական զբոսաշրջության շուկան, և եթե երկար ժամանակ այն փչացնել, ապա, հավանաբար, այլևս ոչ ոքի և ոչինչ չենք կարողանա վաճառել:

– Իսկ ի՞նչ է այդ մասին կարծում Զբոսաշրջության պետական կոմիտեն:

– Ավելի լավ է կոմիտեի ներկայացուցիչներին հարցնել, թե ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ:

 

Լինա Մակարյան