Բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 20-ին, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում ավարտվեց աշխարհահռչակ նկարիչ ու ծովանկարիչ, ծագումով հայ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը, որի բացումն արվել էր գրեթե 4 ամիս առաջ՝ հուլիսի 29-ին: Էքսպոզիցիան գերազանցեց այցելությունների բոլոր հնարավոր ռեկորդները, ցուցահանդեսը դիտեցին շուրջ 600 հազար մարդ, իսկ նման իրարանցումից անակնկալի եկած թանգարանի ադմինիստրացիան ստիպված եղավ երկարեցնել այցելության ժամերը:

15228104_698434540306486_879519924_nԿազմակերպիչների խոսքերով՝ փորձ է արվել նկարչի ստեղծագործական կենսագրությունը ներկայացնել առավել նշանակալի ու որակյալ գործերով: Կատարվել է մանրակրկիտ ընտրություն և Այվազովսկու ստեղծած 6000 կտավից (նկարչի խոսքերով) ընտրվել է ընդամենը 120-ը:

Ցուցահանդեսի շրջանակներում անց կացվեցին կոնֆերանսներ ու սիմպոզիումներ՝ մի շարք արվեստի գիտակների, մասնավորապես՝ Հովհաննես Այվազովսկու արվեստն ուսումնասիրող փորձագետների մասնակցությամբ: Ներկաների մեջ էր նաև Այվազովսկու կտավների հավաքածու ունեցող հայկական ծագմամբ ամերիկացի Անդրեաս Ռուբյանը: Մասնագետների գնահատանքով նրա հավաքածուն համարվում է ամենախոշորներից մեկը, որտեղ տեղ են գտել նկարչի մի շարք աշխարհահռչակ նկարներ: Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պարոն Ռուբյանը պատմեց վարպետի կեղծված կտավների, Այվազովսկու հանդեպ Թուրքիայի նախագահի «տարօրինակ» սիրո, արվեստի շուկայի գնագոյացման առանձնահատկությունների ու մի շարք այլ հետաքրքիր երևույթների մասին…

«Իմ սիրտը հայ է »…

Պատմեք մի փոքր Ձեր մասին: Դուք Այվազովսկու կտավների մի մեծ հավաքածու ունեք: Ե՞րբ եք սկսել հավաքել այն, ու առհասարակ, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ հենց Այվազովսկի…

Արվեստի ու մեծագույն նկարիչների կտավների հավաքման մթնոլորտում անցել է իմ ողջ մանկությունն ու երիտասարդությունը: Մայրս նույնպես նկարների հավաքածու ուներ: Երբ սկսեցի աշխատել Ուոլ-Սթրիթում, բարեբախտաբար, ստացվեց այնպես, որ կարողացա իրականացնել իմ «Ամերիկյան երազանքը»: Ես հիմնականում արվեստի վրա էի կենտրոնանում, ու դրանից ինձ զգում էի չափազանց երջանիկ: Իմ հավաքածուն Նապոլեոն Բոնապարտի՝ պատերազմների մասին պատմող կտավներից եմ սկսել: Այդ կտավներն ինչ-որ առումով ինձ հոգեհարազատ էին ու չափազանց գրավիչ էին թվում: Սրանից մոտ տասը տարի առաջ Մանհեթենյան տարածքում գտնվող մի մեծ թանգարան՝ Nassau County Museum-ը, որն ի դեպ անցյալում Frick Estate անունն ուներ, Նապոլեոնական պատերազմների կտավների ցուցահանդեսն էր անում: Այդ ցուցահանդեսի ժամանակ ես նրանց  փոխառությամբ 33 կտավ տրամադրեցի: Դրանից հետո Ամերիկյան երեք թանգարաններ՝ Forbs museum of Art-ը, Maitland Museum of Art-ը, և Pensacola museum of Art-ը սկսեցին հետաքրքրվել իմ կատարած գործով: Ամերիկյան այդ երեք խոշոր թանգարանները կազմակերպեցին Ամերիկայում եղած Նապոլեոնական լավագույն կտավների ցուցահանդեսները:  Ցուցահանդեսներից հետո եղան աճուրդներ, և հենց այդ աճուրդների ժամանակ ես մեծ թվով կտավներ գնեցի:

Իմ միտքը կենտրոնացած էր Նապոլեոնին նվիրված Բրիտանական կայսրության դարաշրջանի լավագույն նկարները գնելու վրա, որոնք մեծ զորավարի պատերազմների ու պայքարների մասին էին պատմում: Վաթերլոոյի ճակատամարտը պատմող մի շատ հռչակավոր նկար կա, այն թերևս Բրիտանական դարաշրջանի Նապոլեոնական պատերազմների ամենագլխավոր նկարն է: Երբ տեսա այն վաճառքում, հասկացա, որ պետք է գնել այն՝ ինչ գնով էլ լինի: Կարծես ենթագիտակցաբար զգում էի, որ նկարն այդ ճակատագրական առումով ինչ-որ կապ է ունեցել իմ հայրենիքի հետ…

Նապոլեոնական արվեստը դարձավ իմ մեծ նպատակի առանցքային կետերից մեկը: Իսկ 1983-84 թթ., երբ ես դեռ իմ 20-ականների ավարտն էի ապրում, մայրս գրականությունից ու տարբեր ամսագրերից Այվազովսկու նկարներ էր դուրս բերում: Մի անգամ, ահա, իմ հայ ընկերներից մեկը հարցրեց, թե ինչու եմ կենտրոնանում միայն Նապոլեոնական արվեստի վրա, չէ՞ որ կարող եմ նաև սեփական մեծ հավաքածուս ստեղծել: Սկսեցի հավաքել նաև Այվազովսկու գործերը:

Այվազովսկու քանի՞ կտավ ունեք: Ու հավաքածուն միայն Հովհաննես Այվազովսկու գործերի՞ց է բաղկացած, թե՞ դրանք մի մասն են միայն:

Մի մասն են: Առհասարակ մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե քանի՞ նկար ունեմ ես: Դա, իմ կարծիքով, ճիշտ տրվող հարց չէ, որովհետև դու կարող ես ունենալ միայն մեկ նկար, սակայն այնպիսինը, որը 50 միջին կարգի նկարի արժեք ունենա: Նկարների հավաքածու ստեղծելու մեջ կարևորը նկարի որակն է: Ի դեպ՝ երեկ ես հենց այդ մասին նաև խոսեցի Տրետյակովյան թանգարանում կայացած կոնֆերանսի ժամանակ:

Անցյալում՝ մոտ 25-30 տարի առաջ, ամեն բան այլ էր ու թերևս ավելի դյուրին էր: Այվազովսկի հավաքող ոչ հայ, ոչ ռուս անձանց մեջ հիմնականում չկային այնպիսի հարուստներ, որ կարողանային մրցակցություն ապահովել աճուրդներում, այնպես որ երբ ես այցելում էի Christie’s կամ Sotheby’s, կամ Լոնդոնյան, Նյու-Յորքյան ու ֆրանսիական աճուրդներ, որպես կանոն, միակ մարդն էի լինում, ով կարողանում էր գնել գլխավոր կտավները:

Ես գիտեմ, որ Այվազովսկու նկարների ցուցահանդեսն ընթանում է մեծ հաջողությամբ: Ի՞նչ տվեց Ձեզ այդ կոնֆերանսն ու ո՞ր թեմայի նվիրեցիք Ձեր ելույթը՝ համաժողովի շրջանակներում:

Հանդիպում-սիմպոզիումին հրավիրված էին ռուսական նշանավոր թանգարանների մասնագետներ ու ղեկավարներ, ինչպես նաև Այվազովսկու արվեստն ուսումնասիրող մասնագետներն ու նրա կոլեկցիոներները: Ես հիմնականում խոսեցի Այվազովսկու ստեղծագործական էվոլյուցիայի մասին, սկսած այն ժամանակներից, երբ նա դեռ պատանի էր ու զարգացնում էր արվեստի տարբեր ուղղություններ: Ես, անձամբ, ուսումնասիրել ու հետևել եմ, թե ինչպես է նա փոխել իր կտավների գեղարվեստականությունն ու ոճը:

Ընդհանրապես, երբ խոսք է գնում արվեստի մասին, շատ կարևոր է տարբերելը իրական կտավները՝ կեղծերից, սակայն պակաս կարևոր չէ նաև աշխատանքի խորությունը հասկանալը, այսինքն, թե խորության տեսակետից ինչ աշխատանք է ծավալել Այվազովսկին: Հենց սա է իմ վերն ասվածի պարզաբանումն այն մասին, որ դու կարող ես Այվազովսկու միայն մեկ հանճարեղ կտավ ունենալ, բայց այն գնահատվի 20 միջին որակի կտավի արժեքով: Հիմա ես խոսում եմ Այվազովսկու մասին, բայց սա ընդհանուր սկզբունք է և վերաբերվում է բոլոր նկարիչներին:

Մի՞թե այդքան շատ են կեղծում Այվազովսկու կտավները:

Շատ, չափազանց շատ…

Ես գիտեմ, որ ժամանակին Ռեմբրանտի նկարներն էին այդքան շատ կեղծում և դրանք նույնիսկ թանգարաններում էին առաջատար: Այվազովսկու պարագայում է՞լ է այդպես…

Դժբախտաբար այնքան շատ են Այվազովսկի կեղծողները, որ դա նույնիսկ ծիծաղելի է: Կեղծված աշխատանքներ կան, նայում ես ու զարմանում, մտածում ես՝ սա իրականությո՞ւն է, թե՞ կատակերգություն: Բայց կան և կեղծվածներ, որոնք հին աշխատանքներ են՝ արված իր կենդանության օրոք: Այվազովսկին դեմ չէր, հակառակը՝ քաջալերում ու ոգևորում էր իր աշխատանքները կեղծող աշակերտներին, և հետն էլ պահանջում, որ վերջում դնեն իր ստորագրությունը՝ Այվազովսկի: 1848 թվականին Մոսկվայում կայացած առաջին ցուցահանդեսի ժամանակ Հովհաննես Այվազովսկին դիտավորյալ երկարեցնում է իր ցուցահանդեսը, որպեսզի Մոսկվայի արվեստի հետևորդ-աշակերտները կարողանան իր նկարները արտատպել, ու ինքն էլ հենց ոգևորում էր նրանց: Սակայն արվեստից հասկացող մարդը մեկ երկու տարվա ընթացքում կարողանում է հասկանալ՝ կտավը կե՞ղծ է, թե՞ իրական:

Ես այս գործին իմ ողջ կյանքն եմ նվիրել`17-18 տարեկանից ի վեր: Նյու- Յորքում ես ապրում էի խենթերով, կամ այսպես ասած՝ «հիփփիներով» հայտնի Greenridge –ից մի փոքր վերև: Սակայն դա մոտ էր իմ համալսարանին ու ինձ այդտեղ բնակվելը հարմար էր: Ահա, մինչ ընկերներս իրենց ազատ ժամանակը խմելու, զվարճանալու վրա էին վատնում, ես արվեստի աճուրդներին էի մասնակցում: Բոլորն ինձ խենթ էին համարում՝ նույնիսկ այդ մասին ասում էին …

Ամեն բան ձեռք բերած փորձի, փորձառության հետ է կապված: Թանգարաններում էլ շատ կեղծված կտավներ կան: Այդ մասին չեմ ուզում խոսել, ավելի լավ է ոչինչ չասել, միայն թե երբեմն զարմանում ես՝ այնպես հստակ է կեղծված, որ նույնիսկ ապշում ես, թե ինչպե՞ս են կարողանում շփոթեցնել մարդկանց՝ կեղծելով աշխարհի լավագույն նկարիչների գործերը, չէ՞ որ այդ նկարիչներն այսչափ վատ նկարներ անել չէին կարող: Իհարկե ամեն նկարիչ իր ուժեղ ու թույլ կողմերն ունի: Եվ նկարչին ու նրա կատարած գործը միանշանակ գնահատելը բարդ է: Ջոն Սինգեր Սարջենթ անունով ամերիկացի հռչակավոր նկարիչ կա, ում նկարների գները տատանվում են 200 հազարից մինչև 20 մլն դոլլար: Խոսքս իրական նկարների  մասին է իհարկե, իսկ թե ինչո՞ւ է այդպես, դա էլ արդեն թեմատիկայի հարց է: Միևնույն նկարիչը երկու տարբեր թեմաներով տարբեր նկարներ կարող է անել, որոնցից մեկը կարող է արժենալ 20 մլն., մյուսը՝ 500 հազար դոլլար …

Իսկ ի՞նչ գնային սահմանների մեջ են տատանվում Այվազովսկու կտավները շուկայում: Գնի առավելագույն ու նվազագույն չափը կարո՞ղ եք ասել:

Հարցը բավական բարդ է, հետևաբար պետք է տամ բարդ պատասխան: Օրինակ վերցնենք աշխարհի հայտնի նկարիչներից մեկին՝ Ջեքսոն Փոլլոքին, ով աբստրակտ էքսպրեսիոնիզմ ոճի նկարիչ է, ինչպես և Կաթիլային կտավների մասնագետ /drip painting/, այսինքն՝ ինքն անձամբ է ձեռքով նկարների վրա վրձնի խաղեր անում: Ահա այդ երկու ուղղությունները բոլորովին տարբեր դպրոցներ են: Ի դեպ՝ Ջեքսոն Փոլլոքը Կաթիլային նկարչության հիմնադիրն է համարվում նաև: Փոլլոքի նկարների ամենաբարձր գինը, որ դիտվել է աճուրդներում, եղել է 30 մլն դոլլարը, չնայած, որ նրա ամենատաղանդավոր գործերը գնահատվում են  շուրջ 300 մլն. դոլլար, և դա այն պատճառով, որ հասկացող մարդիկ գիտեն, թե հանճարեղ կտավները ովքեր կցանկանան ձեռք բերել, ու ըստ դրա էլ՝ որոշում են գինը: Նույնը նաև այլ նկարիչների պարագայում է: Երբեմն ասում են, թե, ահա, Ջեքսոն Փոլլոքը աճուրդում վաճառվեց 30 մլն. դոլլարով, կարող է նաև վաճառվել ընդամենը մի քանի միլիոնով: Բայց մեկ անգամ՝ շուրջ տասը տարի առաջ, նրա կտավներից մեկը վաճառվեց մեքսիկացի մի մեծահարուստի՝ Սալիմ Էլուին՝ 145 մլն. դոլլարով, իսկ մեկ այլն էլ կարծեմ 300 մլն. դոլլար արժեցավ: Ամեն դեպքում շատ մեծ գումարներ էին, գրեթե տասն անգամ ավելի մեծ, քան աճուրդի գինն էր:

Նույնը նաև Այվազովսկուն է վերաբերվում, Այվազովսկու ամենաբարձր գինն աճուրդում կազմել է 6 մլն. դոլլար, սակայն հավանական է, որ գլուխգործոցներն ավելի թանկ վաճառվեն: Մի անգամ, օրինակ, մի կտավ վաճառվեց գրեթե 16 մլն. դոլլարով: Ֆրանսիական ցուցահանդեսներում, աճուրդներում Այվազովսկու գլուխգործոցները լավագույնների թվում են, չեմ ուզում թվեր նշել, բայց գները երբեմն առասպելական չափերի են հասնում:

15218597_698434556973151_460047837_n

Թեմատիկայից բացի գործի մեջ կարևոր է նաև ոճը: Այնպես որ դրան հստակ պատասխան չկա: Բայց հիմա, եթե ինչ-որ մեկն ուզենա Այվազովսկու գլուխգործոց գնել ու պատրաստ է մեծ գումարներ վճարել դրա դիմաց, հնարավոր է՝ չկարողանա: Ինչպես արդեն ասացի՝ ժամանակին Այվազովսկին ոչ միայն դեմ չէր, որ կեղծեն իր կտավները, այլ նաև մեծ հավանություն էր տալիս կեղծողներին: Դրանից ելնելով էլ՝ այժմ շուկայում իրական Այվազովսկի գրեթե չկա, 80-90 տոկոսը կամ վերականգնված աշխատանքներն են, կամ կեղծվածները, կամ էլ արդեն բավական վատ որակի նկարները: Նկարչի բոլոր նկարները շատ լրջորեն ռեստավրիացիայի էին ենթարկված հիմա, և իրական Այվազովսկի հավաքողները դրանք չեն համարում 100 %-անոց Այվազովսկի, որովհետև դրանց կեսն արդեն մեկ ուրիշ անձ է նկարել-նորոգել:

Այս կոնֆերանսը, ցուցահանդեսները և մնացածը, որ կայանում են,  ի՞նչ են պատմում շուկայի վիճակի մասին, արդյո՞ք կայուն է Այվազովսկու արվեստի հանդեպ աշխարհի հետաքրքրվածությունը:

Այվազովսկու կարևորությունը միշտ պետք է առաջնահերթ մնա: Սակայն միշտ եղել ու լինելու են արհեստական խնդիրներ, հատկապես հիմա, երբ առավել կարևոր է դարձել գործի՝ իրական կամ պատճեն լինելը տարբերելը: Եվ նման հարցերը հստակ լուծում են պահանջում, որովհետև Այվազովսկու գները միանգամից բարձրացան՝ 30 000-ից, 50 000-ից  հասնելով 10 մլն-ի: Ինտելեկտուալ տեսակետից մասնագետները չկարողացան ասել՝ սա իրակա՞ն է, թե՞ իրական չէ, որովհետև ուրիշ նկարիչների գործերի գները նույն ժամանակ ավելի տրամաբանական ձևով բարձրացան: Մենք Ամերիկայում ֆինանսական կոնտեքստում այսպիսի երևույթին տալիս ենք «blue chip» անունը՝ Կապույտ մետաղադրամ (ամենամեծ արժեք ունեցող խաղաքարը- հեղ.): Այվազովսկին այս դեպքում կապույտ մետաղադրամն էր…

Ռուսական կայսրության նախկին բոլոր շրջաններում, ետխորհրդային երկրներում Այվազովսկին այն ժամանակներից ի վեր եղել և մնում է լավագույն ծովանկարիչը, և նրա գործերի հանդեպ մեծ պահանջարկ կա: Նեղ մասնագիտական շրջանակներում նույնպե՞ս նման մեծամասշտաբ հետաքրքրություն կա, և արևմուտքում արդյո՞ք կա այդ պահանջարկը:

Լոնդոնում կա մի Մտավոր կենտրոն՝ «Thinktank», որի հիմնական ուղղությունն արվեստի տարբեր գործերն են, դրանց հետ կապված վերլուծությունները և այլն: Այն ի դեպ իրենից բավական նշանավոր անգլիական ընկերություն է ներկայացնում: Հայտնի բան է, որ անգլիացիները ռուսներին միշտ թշնամաբար են ընդունել: Եվ ահա, նույն անգլիացիները, մի անգամ առանձնացնելով ռոմանտիկ դարաշրջանի լավագույն տասը նկարիչներին ու նրանց գործերը, այդտեղ ընդգրկել էին նաև Այվազովսկու «9-րդ ալիքը»: Պատկերացրեք այսպիսի մի բան, երբ մենք ենք Հայաստանում նման մի «Thinktank» կազմակերպում ու ընդգրկում ենք ադրբեջանցի նկարչի գործը… Որքան լավը պետք է լինի այդ գործը, որ այն մեր շարքերում տեղ գտնի ու չասեն, թե հայերը խելագար են… Նույնիսկ անգլիացիները գտան, որ այդ կտավն արժանի է լավագույն նկարների շարքերում ընդգրկվելուն: Ընդ որում՝ անգլիական «Tninktank»-ում Այվազովսկի ներառելը բավական տարբեր է Ռուսաստանում կամ Հայաստանում դիտվող նմանատիպ երևույթից:

Հետաքրքիրն այն է, որ բոլորն ասում են, թե իբր ռուսներն են բարձր գնահատում Այվազովսկուն, ու ամենաշատը ռուսներն են գնում նրա գործերը: Իմ փորձը ցույց է տվել, որ թուրքերն ավելի բարձր են գնահատում: Նրանք հսկայական գումարներ են վճարում Այվազովսկու կտավների համար, ու դժբախտությունն այն է, որ հայերն են այստեղ պասիվություն ցուցաբերում: Թեկուզ երեկ՝ Տրետյակովյան թանգարանի մոտ, մարդիկ ժամերով դրսում, ձյան մեջ կանգնած սպասում էին՝ առնվազն 2-3 ժամ, որպեսզի կարողանան ներս մտնել: Եվ թուրքերը այստեղ մեծ գործեր արեցին ու միշտ էլ արել են, ինչը չի կարելի ասել հայերի մասին…

Հայերը, ի ցավ սրտի, Այվազովսկու կտավները հավաքելու հարցում նախանձախնդիր չեն… Ինձ հաճախ են հարցնում, թե իմ հավաքածուի մեջ Այվազովսկու քանի գործ ունեմ: Ընդհանուր թիվը 53 է, սակայն վերջերս Տրետյակովյան ամսագրում տեղ գտած մի հոդվածում կարդացի, որ Ռուսաստանից դուրս, Այվազովսկու ամենամեծ ու լրջագույն հավաքածուն Անդրեաս Ռուբյանի հավաքածուն է, և դա ոչ թե շնորհիվ իմ ունեցած թվաքանակի, այլ ունեցածս նկարների որակի: Ես գրեթե բոլոր լավագույն նկարներն ունեմ՝ օրինակ, կտավ՝ նրա «Եգիպտական» շարքից, որն օրիենտալիզմի լավագույն նկարներից մեկն է, կամ առաջին Արարատը, որ նա նկարել է՝ 1869 թվականին, նույնպես իմ հավաքածուի մեջ է, այսինքն հրաշքի պես մի բան է այն, որ 20-25 գլուխգործոց նկարներ միևնույն հավաքածուի մեջ են:

mirazh

Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի նման հետաքրքրասիրությունը: ՊատճառըԿոստանդնուպոլի՞սն է:

Ես անշուշտ հայ եմ, սակայն ապրում եմ Ամերիկայում ու բնականաբար ամերիկացու պես եմ մտածում: Ամերիկացիներն այսպիսի մի հատկանիշ ունեն՝ ինչ էլ որ անում են, ուզում են աշխարհում լավագույնը լինել: Մենք այս առումով հաճախ ենք Ամերիկայում ասում`«The devil is in the detail»՝ սատանան մանրամասների մեջ է:

Եթե դուք ուսումնասիրեք Էրդողանի լավագույն տասը հանդիպումները օտար երկրների ղեկավարների հետ (օրինակ՝ Մերկելի, Ջո Բայդենի, Հորդանանի թագավորի հետ և այլն), կամ երբ Էրդողանը մամլո ասուլիս է տալիս, բոլոր տեսարաններում, ետնամասում անպայման ներկա է Այվազովսկու կտավ: Զարմանալի բան է անշուշտ, սակայն կարող եք գնալ և ուսումնասիրել՝ Էրդողանը Մերկելի հետ, էրդողանը Գերմանիայի արտգործ նախարարի հետ և այլն: Հետաքրքիր է, որ լինելով մեր թշնամին, Էրդողանն աշխարհի առաջնորդների հետ հանդիպումներն անպայման Այվազովսկու կտավների ֆոնին է անցկացնում: Սա ի՞նչ յուրատեսակ հաղորդագրություն է… Հայերն ամեն դեպքում խելացի ազգ են, կարծում եմ, կարող են հասկանալ, թե բանն ինչումն է:

1417256143_459412218

Իմ մի շարք հին ընկերներ- կոլեկցիոներներ, տեսնելով դա, հարցնում են՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է այդպես: Այսինքն Էրդողանը գուցեև սրանով ասելիք ունի: Կա նույնիսկ ժողովի մեկ սրահ, որտեղ նա նստում է Այվազովսկու երկու կտավների ճիշտ արանքում: Սա արդեն դիտավորյալ ենթատեքստ ունի, ինչի՞ համար են թուրքերն այդ անում…

Մենք հայերս այդպիսին չենք, մենք սիրում ենք մի կողմ քաշվել ու հրաշքի սպասել: Մեր մեջ ամենատաղանդավորը տաղանդավոր է միայն ուրիշների հայացքով, ոչ թե մեր:

Այվազովսկու պես ուրիշ մեկը չկա, որ աշխարհի մասշտաբով նման ճանաչման հասած լինի, սակայն դա միայն օտարների աչքում… Բոլորը գիտեն, որ նա ճանաչված, նշանավոր հայ է, միայն մենք դրան կարևորություն չենք տալիս, մենք կորցնում ենք մեր արժեքներն ու ես չեմ հասկանում, թե ինչու…

Արդյո՞ք կազմակերպում եք մասնավոր ցուցահանդեսներ, և եթե այո, կա՞ նպատակ ցուցահանդեսը նաև Հայաստան բերել: Կուզենայի հարցիս պատասխանը լսել՝ ի պատասխան ձեր այն ասածի, որ հայերի մեջ Այվազովսկու հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ:

Ես, թեպետ, Ամերիկայում եմ մեծացել, հետևապես և հայերին բնորոշ շատ հատկանիշներ չունեմ, սակայն իմ սիրտը հայ է… Երբ Արցախյան հարց է բարձրանում, ես միշտ ներկա եմ, Արցախյան պատերազմի առաջին օրերից ես հայրենիքում եմ եղել, 1988-89 թթ. մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը…

Բայց հիմա նման մասնավոր ցուցահանդեսներ Հայաստանում կազմակերպելու ծրագրեր չկան, որովհետև դա իրականացնելը բավական բարդ է: Բացի նրանից, որ թանկ է և այլն, նաև կա տեղափոխման լուրջ խնդիր: ԱՄՆ-ից 53 նկար Հայաստան հասցնելը վտանգավոր կարող է լինել կտավների որակի համար:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի Ազգային պատկերասրահում գտնվող Այվազովսկու նկարների մասին, և ինչպե՞ս եք գնահատում Այվազովսկու այն գործերը, որոնք Հայաստանում են:

Մեծ մասը լուրջ վերանորոգման կարիք ունեն, և կարծես թե դրանք երկար ժամանակ են անխնամ մնացել: Այվազովսկու նկարի որակը կարող են պայմանավորել առնվազն 4-5 գործոն: Դրանցից ամենակարևորը նկարի վիճակն է: Լինում են դեպքեր, որ ռեստավրիացիայի կարիք ունեցող նկարը շատ քիչ արժեք է ունենում, իսկ ահա նա, որն արդեն ենթարկվել է, մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ է: Այս տեսակետից Այվազովսկու ամենալավ նկարը իմ լավ ընկեր Անդրանիկ Շահինյանը ժամանակին նվիրեց Գորբաչովին: Շահինյանն էլ ուներ Այվազովսկու կտավների մի մեծ հավաքածու, ու, դրանից բացի, նա արվեստի գիտակ էր ու իմ լավ ընկերը, ով ցավոք սրանից 11 տարի առաջ հեռացել է այս կյանքից: Ինչևէ, ես չափազանց երջանիկ եմ, որ ծանոթ եմ եղել նման մեկին:

Բարեբախտաբար Խորհրդային Միության փլուզումից հետո Գորբաչովը կտավն ուղարկեց Հայաստան: Չափով մեծ չէ, սակայն նկարի թե թեման, թե վիճակը, և թե կարևորությունը բավական բարձր է: Եվ դա իմ ամենասիրած նկարներից մեկն է…

Զրուցեց Հայկ Խալաթյանը